ՔՈՒՉԱԿԻ ԻՐԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ / Հենրիկ ԲԱԽՉԻՆՅԱՆ

«Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա». չարենցյան այս հանրահայտ տողում Քուչակ անվան տակ պիտի հասկանալ հայ միջնադարյան բանաստեղծության լուսապսակներից մեկը հանդիսացող հայրենները: Անզուգական այդ ստեղծագործությունները, Մանուկ Աբեղյանի ճշգրիտ բնութագրմամբ, ծագումնաբանորեն ժողովրդա-գուսանական երգեր են: Քնարերգական հարուստ այդ ժառանգությունը դարերի ընթացքում ստեղծել են անվանապես անհայտ բազմաթիվ ժողովրդական երգիչ-գուսաններ: Ընդ որում, 13-րդ դարից սկսած, մեր որոշ բանաստեղծներ (Հովհաննես Երզնկացի, Ֆրիկ և այլք) ժողովրդա-գուսանական հայրենների ոգով ու ոճով գրել են անհատական, հեղինակային գրական հայրեններ…
Չարենցը «Ես իմ անուշ»-ը գրել է 1920-ին. դրանից մեկ տասնամյակ հետո միայն պիտի լույս տեսներ Մ. Աբեղյանի «Հին գուսանական ժողովրդական երգեր» ուսումնասիրությունը, որտեղ հիմնովին պիտի մերժվեր հայրենների Նահապետ Քուչակին վերագրելու վարկածը: Այդ վերագրումը կատարվել էր 1882-ին Արիստակես Տևկանցի կողմից և տասնամյակների ընթացքում վերածվել էր այնպիսի ամուր կարծրատիպի, որ Արշակ Չոպանյանի նման ներհուն ուսումնասիրողն անգամ վիճարկել է Աբեղյանի տեսությունը, հետագայում, այնուամենայնիվ, հրաժարվելով հայրենները Քուչակին վերագրելու իր նախկին կարծիքից:
Աբեղյանի տեսությունն առավել հիմնավորել են որոշ մասնագետներ, հատկապես՝ Ասատուր Մնացականյանն իր ուսումնասիրություններով և «Հայրեններ» (1995) կոթողային հատորով: Հիշատակելի են նաև «Հայկական սովետական հանրագիտարանում» տպագրված «Հայրեններ» և «Նահապետ Քուչակ» հոդվածները (հեղինակներ՝ Ռ. Աթայան, Ս. Հարությունյան): Աբեղյանի և մյուսների աներկբա հիմնավորումներից հետո միանգամայն արդարացի է հնչում Պարույր Սևակի այն խոսքը, թե «Հայրենները Քուչակին վերագրելն արդյունք էր թյուրիմացության, իսկ այժմ և այսուհետ՝ առնվազն անիմացության»: Այդուհանդերձ, այդուհետ ևս երբեմն շարունակվեց և շարունակվում է այդ «անիմացությունը»…
Ոչ ոք չի հերքել և չի կարող հերքել Քուչակի՝ իբրև իրական-պատմական անձի և երգաստեղծ հեղինակի եղելության փաստը: Առկա տվյալների հիման վրա բավական քննվել և լուսաբանվել են նրա կյանքն ու ստեղծագործությունը, ինչը ևս ինքնին հաստատում է, որ նա չի եղել հայրենների հեղինակը:
Քուչակագիտության ասպարեզում վերջին կարևոր աշխատանքը հայրենների մեջ մասնագիտացած գրականագետ Վանո Եղիազարյանի աշխատասիրությամբ հրատարակված «Նահապետ Քուչակ. Աշուղական երգեր» հատորյակն է, որտեղ հավաքված են Քուչակի անունով հայտնի բոլոր հայերեն և թուրքերեն չափածո գործերը՝ կազմողի ընդարձակ առաջաբանով ու ծանոթագրություններով: Այս համահավաք հրատարակության մեջ ամփոփված նյութերի հիման վրա դարձյալ անդրադառնանք Քուչակին՝ քննելով նրա իրական ստեղծագործությունը:
Քուչակը ճանաչված է եղել Գյոչեկ, Քյուչար, Չիչակ, Վանլի Քուչակ, Նահապետ Քուչակ, Նահապետ վարպետ, Ղուլ Քուչակ, աշըղ Քուչակ անվանումներով:
Հայտնի է Քուչակի տապանագիրը, ըստ որի՝ նա վախճանվել է 1592-ին: Եվ քանի որ ինքը իր մի երգում վկայել է, թե լրացել է իր հարյուր տարին («Լցեր եմ հարիւր տարին. այլ չի գայ մտքիկս ի վերայ»), ուստիև հավաստի է, որ ծնվել է 15-րդ դարի վերջերին: Նույն երգում նշել է նաև իր ծննդավայրը («Ես Քուչաքս եմ Վանեցի, ի գեղէն Խառակոնիսայ»): Հայերեն այլ երգերում ևս հիշատակել է իր ծննդավայրը. «Աշըղ Քօչա՜կ դու Վանեցի», «Ես աշըղ Քուչակս, որ կասեն ի Վան», «Ինձի աշըղ Քուչակ կասեն, ի գեղն Խառակոնիսէն»: Հայերեն մի երգում և թուրքերեն մի շարք երգերում էլ իրեն կոչել է Վանլի (Վանլը)-Վանեցի, իսկ մի թուրքերեն երգում ասել է. «Աշուղ Չիչակի վաթա՜ն, փառավորվես դու, չքնաղ Վա՜ն»:
Հայտնի է նաև, որ Քուչակը թաղված է իր ծննդավայր Խառակոնիս գյուղի Սուրբ Թեոդորոս եկեղեցու շիրմատանը: Նրա ծոռը (նույնպես Քուչակ անունով) 1637 թվականին ստացել է մի Ավետարան և այն նվիրել է այդ եկեղեցուն: Ստեփանոս Ջուղայեցի Նաղաշն այդ ձեռագրում գրել է մի հիշատակարան, որտեղ խնդրել է հիշել ծոռ Քուչակի «մեծ պապն՝ Նահապետ վարպետն, որ մականուն աշըղ Քուչակ ասի»: Տեսանք, որ Քուչակն ինքը ևս իրեն աշըղ-աշուղ է կոչել:
Դատելով աշուղ Քուչակի երգերից, նա ստացել է համեստ կրթություն. որոշ չափով տիրապետել է գրաբարին և հաղորդակցվել Սուրբ Գրքին: Յուրացրել է նաև պարսկերեն և թուրքերեն լեզուները: Իր ապրած ժամանակաշրջանում ու տարածաշրջանում նա չափազանց սիրված ու մեծարված է եղել ժողովրդի կողմից: Նրա շուրջ ստեղծվել են ավանդություններ, որոնց մեջ պատմվել է նաև նրա երգ-երաժշտության հրաշագործ հատկությունների մասին:
Քուչակի անվամբ պահպանվել են երկու տասնյակից ավելի երգեր: Դրանց մի մասը հայերեն է, մյուս մասը՝ թուրքերեն:
16-րդ դարում մեր իրականության մեջ սկսել էր լայնորեն ծավալվել գուսանականին փոխարինող աշուղական երգը, և այս ժամանակաշրջանում արդեն անվանապես հայտնի են որոշ գուսան-աշուղներ, որոնք ստեղծագործել են թե՛ մայրենի լեզվով և թե՛ թուրքերեն, որն աշուղության հիմնական լեզուն էր: Անհրաժեշտ է նշել, որ նրանք իրենց հայերեն երգերով հանդիսանում էին տաղասաց-գուսաններ, այն է՝ հայ բանավոր ու գրավոր բանաստեղծական ավանդույթների կրող ու արծարծող երգիչներ, իսկ թուրքերեն երգերով աշուղներ էին: Այդպես և Քուչակն իր հայերեն ժառանգությամբ գուսան-տաղասաց է, մինչդեռ թուրքերեն երգերով՝ աշուղ:
Նախ անդրադառնանք Քուչակի հայերեն ժառանգությանը: Այստեղ հատկապես նշանակալից է պարզեցված գրաբարով հորինված «Գովասանութիւն Աստուածածնին» ստեղծագործությունը, որ յուրովի բանակապում է հայկական այբուբենը և հայ մարիամերգության ուշմիջնադարյան նմուշներից է: Ահա առաջին տունը.
Աղբի՜ւր կենդանի, Բըղխո՜ւմ զանազան, //մեղա՜յ Քեզ, մեղա՜յ, Կո՜յս անապական,//Գըլո՜ւխ կուսանաց, դասուցըն Պարծա՜նք,//մեղա՜յ Քեզ, մեղա՜յ, Կո՜յս անապա- կան:
Հատկանշական է, որ այս գործի խորագրում հեղինակը հիշատակված է իբրև գուսան («գօսանէ Քօչակ Վանեցոյ»), մինչդեռ նա ինքը իրեն նույն այդ գործում կոչում է աշուղ (աշըղ).
Տուէ՛ք զողորմին ’ւ ասէ՛ք «Հա՜յր, մեղան»//աշըղ Քուչակին հոգոյն միաբան…
Գուսան-տաղասաց Քուչակը մեկ այլ «Գովասանութիւն» է գրել՝ նվիրված Հովհաննես Մկրտչին: Այն հորինել է ծերության հասակում («ժամ ծերութեան մի՛ նեղանար, երբ լսելոցդ տկարացար»): Երգի յոթ տող գրել է պարսկերեն («աճամու լեզու»): Այս գործում ևս հեղինակը միջնադարյան հայ ներբողագրության ավանդույթներով է ներկայացրել սուրբ Հովհաննեսի կյանքն ու կատարել նրա գովասանքը: Ինչպես մեր միջնադարյան գուսանները, այնպես էլ նրանց հետևորդ հայ աշուղները՝ հավատարիմ մնալով հայ ազգային-քրիստոնեական ավանդույթին, իրենց շնորհք և իմաստություն պարգևող սուրբն են համարել Հովհաննես Մկրտիչ-սուրբ Կարապետին, որը փոխարինել է հայկական դիցարանի արվեստների ու դպրության աստված Տիրին: Իր տաղում Քուչակը ևս ասել է. «Աշըղ Քօչա՜կ դու Վանեցի, սուրբ Յովաննու իմաստնացար»:
Հատկանշելի է նաև հետևյալը: Մկրտելով Հիսուսին՝ Հովհաննես Մկրտիչը սրբագործել է կնունքի, ժողովրդական լեզվով քավորության խորհուրդը, և այս կապակցությամբ Քուչակն ասել է.
Սուրբ աւազանս զքաւորութիւն ի մէջ դրիր ու տէր կոչեցար.//ով մեղանչէ սուրբ աւազնին, նա Սաթայէլ է, Բելիար…//Ով որ պահէ զքաւորութիւն սուրբ ու մաքուր, իստակ, արդար,//անքուն որդանցն է հեռացեր, ամէն բանէ չի վախենար,//ով չի պահէ զքաւորութիւն, հետ Քրիստոսի եղեր հակառ…
Այնուհետև տաղասացը վկայել է, որ ինքը մի գովասանական երգ է ձոնել քավորությանը՝ կնքահորը և սանամայրին. «գովար զկնքհէր եւ զսանամէրն, յուսով յերկուսն ապաւինար»: Եվ իսկապես, նրա անունով, բանավոր աղբյուրներից գրի է առնվել սանամոր և քավորի գովքը (երկու տարբերակ): Սանամայրը և քավորը Տիրոջ կողմից օրհնված են համարվում, քանի որ առաջինը կրում է Աստվածածնի, իսկ երկրորդը՝ Հովհաննես Մկրտիչ-սուրբ Կարապետի խորհուրդը. «սանամէր՝ Մայր Աստուածածին», «քաւոր ելաւ սուրբ Կարապետ»: Ահա մի հատված այդ գովասանական տաղից.
Քաւորութիւն պաղ աղբիւր է,//մեռոնն անմահական ջուր է.//սանմէր քաւորի ոտ համբուրէ.//մաքուր սանամէր ու քաւոր://Քաւորութիւն շատ անչափ է,//չ’ըլնի թըշնամին ձեզ խաբէ,//կանանչ մեռոնըն կը թափէ//խային սանամէրն ու քաւոր://Քաւորութիւն ծանըր բեռ ա.//մեռոնն առանց կըրակ կ’եռայ,//սանմէր որ կայ քաղցըր մէր ա.//օրհնեց սանամէրն ու քաւոր:
Քուչակի այս երգը ժամանակի գուսանական բանաստեղծության բնորոշ օրինակ է: Այդպիսին են նաև նրան վերագրված և հայրենների որոշ ազդեցությամբ գրված վեց սիրային քառյակները: Դրանք ևս գրառված են բանավոր աղբյուրից և, ըստ երևույթին, որոշ չափով տաղաչափորեն աղարտված են: Ահա քառյակներից մեկը.
Երէկ գիշեր ի յերազ//տեսայ զիմ եարն անուշիկ,//որ եկեր, կըրծքիս ընկեր՝// պագնէր զիմ թուխ երեսիկ.//գըլխիկս վերցի ի բարձէն,//որ պագնեմ զիւր կաթ թըշիկ.//եղո՜ւկ, զիմ լալա եար//հաւքու նըման թռաւ ի յերդիկ:
Մեր որոշ գուսան-տաղասացների նման, Քուչակը ամբողջական կամ մասնակի մշակման է ենթարկել ժողովրդի մեջ տարածված որոշ ավանդազրույցներ՝ նպատակ ունենալով թարմացնելով վերապատմել դրանք: Դեռևս 13-րդ դարում Ֆրիկը բանաստեղծորեն մշակել է եղբայրասպանի մասին («Վասն եղբայրասպանին») ավանդազրույցը: Խրատական խոր լիցք ունեցող այդ զրույցը Քուչակը հարկ է համարել նորովի մշակել և հրամցնել իր ժամանակակցին: Նրա մշակումը խորագրված է «Աշըղ Քոչակ Վանեցի, առակ լաւ եւ պիտանի», իսկ վերջում ասված է. «Այս քանի բանս յիւրմէն ասեր աշըղ Քոչակն գիւնեհքար»: Որքան էլ Քուչակի մշակումը գեղարվեստական կատարման առումով զիջում է նրանից շատ ավելի տաղանդավոր Ֆրիկի մշակմանը, սակայն այն ևս շարադրված է հետաքրքիր պատումով և, անշուշտ, հաճո է եղել ժամանակի լսարանին:
Քուչակն, իր կատարած որոշ հավելումներով, երգել-տարածել է նաև 15-րդ դարում ստեղծված գուսանական այն երգը, որի հիմքում ընկած է բյուզանդական գահի ժառանգորդուհի Զոյա Պալեոլոգի և մոսկովյան մեծ իշխան Իվան III-ի ամուսնությունը՝ տեղի ունեցած 1472-ին: Նկատի ունենալով Քուչակի կատարած հավելումները, տաղի նրա տարածած տարբերակը, որոշ վերապահությամբ, կարող ենք բանաստեղծական մշակում համարել: Ահա թե ինչ է հավելել նա.
Եկաւ, ոսկի թախթ կապեց,//ու նըստան երկուսն ի վերայ.//շարեց զեաղութն ու զըմրութ՝//զՊատաշխան քարերն ի վերայ,//ծըխեց զտաշխն ու զկինամոն՝// զկընտրուկ ու զհալուէն ի վերայ,//եբեր զէն նըռան գինին//ու իդիր ալմաստ փիալայ,//երեսն էր պըտրի լուսին,//լուս կու տէր՝ ալմասն ի վերայ:
Այս գունագեղ հատվածը, Ա. Մնացականյանի բնորոշմամբ, «ոչ այլ ինչ է, քան միջնադարյան մի հարսանեկան գովք՝ հորինված հայրենների կուլտուրայի օգտագործմամբ»: Իր այս մշակման վերջում է, որ Քուչակը նշելով իր անունն ու ծննդավայր Խառակոնիսը, վկայել է նաև իր հարյուրամյա տարիքի մասին: Գրի է առնվել նաև քուչակյան մշակման մեկ այլ տարբերակ, որը նա, ըստ երևույթին, երգել-կատարել է ավելի վաղ: Այստեղ ևս կան հավելումներ, ինչպես.
Աժէ ինչ որ տաք, եղբա՜րք.//կօզալին իսկի գին չըկայ.//այն կօզալն, որ ըզքեզ սիրէ,//զհոգի՛դ տուր՝ զաչերդ ի վերայ:
Այս տարբերակի մի հավելման վերջում Քուչակը վկայել է. «Այս մէկ քանի խօսն իրմէն ասաց աշըխ Քօչէկն, որ կ’ասեն ի Վանայ»:
Մեր որոշ գուսան-տաղասացների նման, Քուչակը երգելով տարածել է նաև ժողովրդա-գուսանական հայրեններ: Նա է կատարել «Այս ծովական գիշերս ի բուն» սկսվածքով և բազում «հոգւոյ եւ սիրոյ» հայրեններ ընդգրկող փունջը, որ քաղված է հայրենների տարբեր շարքերից:
Քուչակի թուրքերեն երգերն արդեն զուտ աշուղական ստեղծագործություններ են՝ հորինված աշուղական տարբեր երգատեսակներով ու ձայնեղանակներով: Դրանցից մեկի խորագրում նշված է՝ վարսաղ. մի երգատեսակ, որը շատ հաճախ են կիրառել աշուղները: Մեկ այլ երգ կազմված է աշուղական բայաթի-խաղիկներից, որոնք խորագրում համարված են մանիներ: Հատկանշական է, որ այդ բայաթի-մանիներում աշուղը կիրառել է թեջնիսային-բառախաղային հանգեր:
Քուչակյան թուրքերեն երգերն ունեն տարբեր թեմատիկ-բովանդակային ընդգրկում (խոհախրատական, սիրային և այլն): Այդ երգերը ևս հիմնականում հասցեագրված են հայ (քրիստոնյա) լսարանին: Այդ է ապացուցում քրիստոնեական սրբությունների նրա գովերգը.
Հավատքն Մովսեսի ի՜նչ գեղեցիկ է…//Հոբի պես եղի՛ր դու համբերատար.//Նոյի տապանը ի՜նչ գեղեցիկ է…//Հակոբ ծերունուն ոսկեբեռ ճամբել.//Հովսեփը բանտում ի՜նչ գեղեցիկ է…//Հայր Աբրահամին հյուր, (առատ) սեղան,//Իսահակի զոհը ի՜նչ գեղեցիկ է…//Ավետարանը ի՜նչ գեղեցիկ է…
Աստվածաշնչյան Հոբ նահապետն ասել է. «Մերկ իսկ եկի ես յորովայնէ մօր իմոյ եւ մերկանդամ դարձայց անդրէն»: Այս խոսքը Ներսես Շնորհալին իր «Յիսուս Որդի» երկում այսպես է ձևակերպել. «Զի մերկ ելաք յորովայնէ եւ մերկ դնիմք ի տապանին»: Քուչակն էլ մի թուրքերեն երգում դիմելով մարդու որդուն՝ ասել է. «Մերկ ես եկել, վերջում մերկ (էլ) կմեկնես»:
Քուչակյան թուրքերեն երգերը նախատեսված են եղել երգելու աշուղական մեջլիս-հավաքույթներին, մասամբ՝ բաս-մրցավեճերի ժամանակ: Այդ են ապացուցում հետևյալ և համանման դիմումները՝ ուղղված մրցակցին.
Ինչպիսի՞ քաղաք է՝ քառսուն պահակ կա,//քառսունի հոգսերին մեկն է ենթակա.//թանաքաման, քառսուն ծայր, մի փախչող մոլլա,//ինչպիսի՞ մոլլա է՝ քառսուն ոտք ունի://Խոսքի մի՛տքը հասկացիր,//սրա ձի՛րքը հասկացիր.//երկու կաթսա (ու) չորս խուփ.//արի մի՛տքը հասկացիր:
Այստեղ հիշենք, որ մի ավանդության մեջ ներկայացված են հրապարակային մրցավեճի ժամանակ Քուչակի փայլուն հաղթանակը մի թուրք աշուղի նկատմամբ, այլև վերջինիս ուղղված նրա թուրքերեն սրամիտ չափածո պատասխանները:
Աշուղներն, ըստ հաստատված կարգի, ունեցել են իրենց վարպետները: Իր վարպետն է ունեցել նաև աշուղ Քուչակը և մի երգի մեջ հիշել նրան. «ասաց խորիմաստ վարպետս»: Ինքը՝ Քուչակը ևս եղել է վարպետ-աշուղ, ուստիև, ինչպես տեսանք, կոչվել է նաև Նահապետ վարպետ:
Այսպիսով, ուրեմն, Քուչակն իր հայերեն ժառանգությամբ ժամանակի գուսան-տաղասացներից մեկն է, իսկ թուրքերեն երգերով հանդիսանում է 16-րդ դարի մեզ հայտնի ամենանշանավոր աշուղը: Այս իրողությունը պիտի վերջապես ընդունվի մեր գիտական ու գրական շրջանակներում, որպեսզի կրկին լույս աշխարհ չգան ժողովրդա-գուսանական հայրենների նորանոր ժողովածուներ՝ Նահապետ Քուչակի անունով:

Մեկ մեկնաբանություն

  1. Pingback: Ինքնակրթության օրագիր | Մայրամուտից առաջ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.