Սամվել ԿՈՍՅԱՆ

***
Գիշերվա պատկերի
շուրջ է գլխացավը՝
համազգեստը չես տարբերակի,
գուցե ոստիկան է,
զինվորական կամ…
Սեղմում է քունքերդ՝
փորձելով խոստովանություններ
քամել,
բայց ո՞վ կարող է հանձնվել
ինքնակամ…

Մի՞ թե
տիեզերքում
ուրիշ մեկը չկա,
երկուսով ենք՝
ես ու իմ գլխացավը,
ու գիշերը,
որ հայտնվել է որպես վկա,
անկարող է տարբերակել՝
ինչն է վատ ու ինչն է լավը…

Եվ մի՞ թե
տիեզերքի տերը՝
համազգեստը չես տարբերակի,
գուցե ոստիկան է, զինվորական կամ…
Միայն նա է,
Միայն ինքն է,
Միայն ու միայն գլխացավը…

***
Համառելն անիմաստ է,
հաջողությունը չի ուզում
ու չի կարողանալու
դիմավորել քեզ,
եթե բառերը չեն հնազանդվելու,
և նրանց անհնազանդությունը
պարտադրելու և ստիպելու է
որ ինքնասպան լինես…

Կա՛մ հաղթելու ենք,
կա՛մ նկուղ – շնաձուկը
շարունակելու է հալածել մեզ…

***
Մահն էլ երգ է,
միշտ քո մեջ, միայն քեզ լսելի,
որ աննկատ
վերածվում է պատից կախ նկարի:

***
Փնտրում է այն, ինչը որ չգիտի ինչ է,
Ինչը այստեղ է, թե ամենուր,
Չգիտի փնտրածը կգտնվի, թե չէ,
Ինչ խաղ է այսքան մութ ու իզուր…

***
Ոչինչ տեղում չէ,
Ով և ում գերին է,
Բոլորին են կանչել,
Մեղքը բոլորինն է…

Իբր, երբ լռել ենք,
Մեղքը բողբոջել է,
Աղբը բարձրացել,
Ու լույսն իջել է:

Տխուր ու դառն է.
Ամենն այս ու սին,
Մեղքի վտառն է
Հոշոտել հույսին:
Իբր ելք չկա,
Անհույս է ու մութ,
Իբր կորել է
Խղճմտանք ու գութ:

Իբր ու իբր,
Խաղեր են բութ,
Երբ դեմդ փակ են
Դուռ ու լուսամուտ…

***
Վրայիցս հանում եմ ծերությունը,
Հոգնել եմ… փորձում եմ
ապրելու պատուհանները բացել,
որ փակվել ու չեն բացվում,
նահանջի փոշին է ապակիները ծածկել՝
թաքցնելով ինչը մնացել է դրսում,
ինչը չեմ հասցրել ապրել,
ժամանակի սրընթաց հարահոսում…

Ինչ-որ մեկը փորձում է
նահանջի փոշին մաքրել,
ինչ-որ մեկը, ինչ-որ անհաս
ու խավարի միջով
Տիրոջ մատն եմ տեսնում…
չհասկանալով ինչու է
Տերը մատ թափ տալիս վրաս…

***
Ագռավները շատ են շատացել,
Շատացել-բազմացել են էլի,
Ուրեմն զինվորներ են զոհվել,
Կռիվը մնում է շարունակելի…

Ագռավները՝ մահվան ստվերներ,
Սև ու կոպիտ ասֆալտի պես,
որպես անանուն շիրմաքարեր,
իջնում, ուզում են ծածկել մեզ:

Տեր Աստված, քշիր նրանց հեռու,
Քշիր նրանց,
Քշիր նրանց,
Քշիր նրանց:
Ասֆալտի տակ հույս ու երազ մեռնում,
Ու մահվան դուռը մնում է բաց…

Քշիր նրանց,
Քշիր նրանց,
Որ մահվան դուռը դու էլ տեսնես:
Տեր Աստված,
Քշիր նրանց,
Քշիր նրանց,
Եթե դեռ սիրում ես մեզ…

***
Ե՞րբ թափանցիկ դարձան քո աչքերը,
ե՞րբ նրանց միջով երևացին
հեռացումի իմ ոտնահետքերը՝
չհաջողված դաջվածքների պես,
հին ու նոր հուշերիդ մաշկի վրա…

Եթե հեռացել եմ, ապա ո՞ւր.
չկամ տանը, փողոցում կամ
միտինգավորների ստվերների տակ,
ավտոբուսներն առանց ինձ են
Ավան-Առինջ գնում,
ամառը վերջանում է,
իսկ գարունը ոնց որ չի էլ եկել…
Չկամ սիրահարների այգում,
«Առագաստ» սրճարանում,
բանավեճերում, շնորհանդեսներում,
ի՞նչ է եղել,
որ թռչունները
առավոտյան դադարել են երգել,
որ սահմանին
կրակոցներն ավելացել,
շարունակում են մահվան
արտը հերկել,
անհասկանալի է՝
ինչու են դահլիճները դատարկ,
երբ հնարավոր է լինեն մարդիկ,
որ ուզում են երգել,
հրապարակները՝
փուչիկների պես ուռած,
որ ամեն պահի կարող են պայթել,
ավերակների տակ թողնելով
անթիվ բառեր չասված…
Չփակես աչքերդ,
չփակես աչքերդ,
հնարավոր է մոլորվել,
մնացել եմ դեռ քո ներսում,
չփակես աչքերդ,
որովհետև արցունքներիդ հետ
ինքս էլ քեզանից դուրս եմ հոսում…

***
Հոգսերի մեջ հնարավոր է լինի՝
Մոռանաս ու ներսիդ դուռը
թողնես բաց,
Ներս կմտնեն հազար
չարք ու հարամի,
Հազար անշունչ,
հազար գիժ ու հարբած…

Բայց քո ներսն այդքանին
տեղ չի անի,
Քշել նրանց՝ հեշտ գործերից չէ բնավ,
Կներխուժեն՝ որպես մութ ցունամի,
Ու չես զգա՝ ինչպես ներսդ
ավեր դարձավ:

Միակ ելքը՝ լքել, հեռու
փախչել քեզնից,
Չիմանալով ուր ու չիմանալով ինչպես,
Որ հոգսերդ կպչուն չգտնեն
քեզ նորից,
Որ հոգսերից զզված նորից
քեզ չպարտվես…

***
Կյանքը դատարկ ավելի,
Ու տաղտուկը դեմառդեմ,
Ինչ-որ բանի ես էլի
Ո՛չ կողմ եմ ու ո՛չ էլ դեմ:

Մի՞ թե այսպես լինում է,
Իսկը անդեմ խելագար,
Խելքս գալիս-գնում է,
Մե՛րթ կարճ է ու մե՛րթ երկար:

Կյանքի նոր ձև է ասես,
Սիրտս բաց է մեղքի դեմ,
Ով էլ հիմա մտնի ներս,
Կողմ չեմ լինի կամ ընդդեմ:

Ճիշտ որ անդեմ խելագար,
Նոր օրերի ուրվական,
Շունչ առնելու ոչ մի ճար,
Դատավորներ գուցե գան:

Արդյոք պիտի դատե՞ն ինձ,
Որ ո՛չ կողմ եմ, ո՛չ ընդդեմ,
Սակայն ինչո՞ւ միայն ինձ,
Հենց դա է, որ չգիտեմ…

***
Ինձ հոգսը եղավ անբաժան ընկեր
Ու ոչ մի պահի չթողեց մենակ,
Թե քաղցած էի, ասում էր՝ ինձ կեր…
Ես եմ քո կյանքի սնունդը միակ:

Ու հավատացի, որ իմը նա է,
Իմ սերն, իմ կյանքն ու փրկությունը,
Որ հոգսը նույնքան մանանա է,
Որքան որ Տիրոջ անտես անունը:

Գուցե մի ուրիշ կյանք կա՝ չգիտեմ,
Մի ուրիշ աշխարհ, ուրիշ տիեզերք,
Բայց իմը նա է, ու հարմարվել եմ,
Այլ կերպ չի լինի այլևս երբեք…

***
Բախտը կատաղել, մտքերիս միջի
Ամուլ օրերի աղբը հավաքում,
Աղբը շատ-շատ է ու բնավ քիչ չի,
Բերում է հույսի շեմին կուտակում:

Պատի՞ժ է արդյոք, նահանջի նշան,
Ալեբախումներ չկանխատեսված,
Երբ քո շարժումը թեկուզ աննշան,
Ելնում է քո դեմ գեշ երախը բաց:

Տոկուն եմ սակայն,
մնում եմ կանգնած՝
Հենվելով ուրախ հուշերիս պատին,
Գոռում եմ՝ բախտ,
քո հերն էլ անիծած,
Ես հավատում եմ ապրելու դատին:

***
Քայլը հեղափոխական միջավայր,
Փոխել է տրամաբանությունը օրերի,
Ինչու է ամեն ինչ գլխիվայր,
Անորոշ, անկատար ու թերի…

Գուցե նրանից է, որ, տես,
Ջահերը վառվում են դրսում,
Ու լույսը չի նայում մեզնից ներս,
Ուր մութը դավ է ու ցասում:

Քայլը հեղափոխական միջավայր,
Ցատկ է անդունդի վրայով,
Կմնա՞ ամեն ինչ գլխիվայր,
Կիմացվի՞ ով ինչ է, ինչն է ով…

***
Լույսը նահանջել, մտքերը սառել,
Գարնան անուրջի հունը ցամաք է,
Մեկն հաջողել է երազն իր վառել,
Իմը մոխիրն է, իմն ուրիշ կյանք է…

Թռչունի թևը թռիչք չի բերում,
Մայրամուտն ինչքան անկրակ է,
Իմ տեղը ո՞րն է երկրի ծիրում,
Ամեն ինչ ցավոտ, ամեն ինչ փակ է:

Մնում է երազն անել իրական,
Խփել ապրելուս վերջին վրանը,
Հայհոյողներ շատ կլինեն հաստատ,
Կգժվեմ, սակայն, թե մնամ տանը:

Երազն այլ աշխարհ, այլ հանգրվան է,
Հայհոյանքները մնում են անհաս,
Եվ քո խոհերում հաստատը այն է,
Որ մահը վերջ չէ, այլ մի նոր երազ:

***
Տուն ու քաղաք թաքնվել են
Արևմուտի թիկնոցի տակ,
Թե ինչու եմ փողոց ելել,
Առանց թիկնոց, առանց գլխարկ:

Ինչ եմ փնտրում, ինչ եմ կորցրել,
Գուցե հոգի մի կարեկից,
Հոգսը ձեռքը սրտիս տարել,
Քչփորում է ներս ու դրսից:

Ու թափվում է անձրևը տաք,
Ալիք դառնում աչքերիս մեջ,
Առանց թիկնոց, առանց գլխարկ,
Ո՞րն է սկիզբը, և ի՞նչն է վերջ:

Հանելուկ է, չես իմանա,
Ու չի օգնի ոչ մի դրկից,
Ու մթի մեջ գժված ահա,
Որոնում եմ հիմա էլ ինձ:

***
Ձմեռվանից մինչ գալիքը
Մնացել է կիսատ մի քայլ,
Ներսս հազար մտքով լիքը,
Ուր է լույսը, հույզը շռայլ:

Ձյունն իջնում է, իր տակ առնում
Հուշեր ու հետք, ու անցյալը,
Շփոթվել եմ, չեմ հասկանում՝
Իմ ինչի՞ն է կիսատ քայլը:

Տեղ կհասնե՞մ, թե՞ կմնամ
Փլատակի տակ ներկայի,
Գուցե նորից անցյալ գնամ
Ու չպիտի ներկա գայի:

ԿԱԶԻՆՈ
Երկու խաղաթուղթ՝ դամա ու վալետ,
Դաման կարմիր է, վալետը՝ ղառ,
Սրանք վաղուց են կողքիս ու ինձ հետ,
Վալետը գիժ է, դաման էլ համառ:

Խաղասեղանին իմ ապագան է.
Ուրիշ բան չկար խաղալու համար,
Հույսս երբեմն կարմիր դաման է,
Երբեմն էլ՝ ղառի վալետը խելառ:

Դաման ինձ սեր է, վալետը՝ եղբայր,
Դավաճանեցին սակայն երկուսն էլ,
Նրանց վարքի մեջ դարի մեղքը կար,
Խաղագումար է երբեմն հույսն էլ:

Պարտվեցի անխիղճ օրը ցերեկով,
Կորցրեցի ինձ և իմ ապագան,
Որ ուրիշից էի վերցրել վարկով,
Ու հիմա տեղը կյանքս պիտի տամ:

***
Մի՛ գնա այնտեղ, ուր քեզ չեն սպասում,
Անհաջողակ մի՛ եղիր ակամա,
Սա քեզ քանիցս քաշվածն է ասում,
Ով դատարկության գերին է հիմա…

Քո լույսը գտիր, քո շրջապատը,
Ուր շշուկն անգամ քեզ կհասկանա,
Ուր քեզ չի ճնշի անկումի պատը,
Ուր քո ձգտումը թռիչք կդառնա:

Մի՛ գնա այնտեղ, այնտեղ մի՛ գնա,
Օտարների մեջ միշտ ուշացած ես,
Քեզ սուտը կտան որպես մանանա,
Կարոտի շապիկ կհագցնեն քեզ:

Եվ մնաս բարով, թռիչք ու վերելք,
Ուսերդ կապրեն բեռն օտարումի,
Դեմդ կփակվի ամեն դուռ ու ելք,
Կտապալի գիժ քամին անկումի:

Սա քեզ քանիցս քաշվածն է ասում,
Ով դատարկության պահակն է հիմա,
Մի՛ գնա այնտեղ, ուր քեզ չեն սպասում,
Անհաջողակ մի՛ դարձիր ակամա…

***
Սերն ինչ է՝ քամի
Անտեսանելի,
Սակայն զգում ես
Բոլոր նյարդերով,
Քամին քամի է,
Գալիս է, անցնում՝
Ուսերիդ վրա
Մոխրագորշագույն
Փոշի թողնելով…
Հետո փչում է
Մի ուրիշ քամի,
Ավելի ուժեղ,
Ինչպես ցունամի,
Հոգիդ մարմնիդ մեջ
Սարդոստայնն ընկած
Տանջահար մժեղ,
Որին երբ ասես,
Որին ով ասես
Ուզի՝ կսպանի…
Սերն ինչ է՝ քամի
Անտեսանելի,
Սակայն զգում ես,
Գալիս-անցնում է,
Ու նորից, էլի,
Թեկուզ շոգ ամառ,
Սակայն մրսում ես…

***
Սուրճ և ծխախոտ, անկողին հուշերի,
դրսում իջնում է ձյունը՝
սպիտակ ու նուրբ,
սպիտակ ու նուրբ, ինչպես քո անունը,
ինչպես աստառը թռչնի թևերի,
ինչպես իմ առաջին խոստավանությունը,
որ քեզ կորցնելիս
ես ինձ չեմ ների…

Դրսում իջնում է ձյունը
հուշերի վրա ու բառերի՝
ծածկելով ոտնահետքերը կորստի,
ձյունն իջնում է,
ինչպես լեթարգիական քունը,
երբ երազի հրեշտակը
քեզ հարսանեկան շորով
ինձ մոտ կբերի…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.