Հայերի երկրորդ Արարատը / Ֆելիքս ԲԱԽՉԻՆՅԱՆ

 

 

Ես թռչում եմ Հալեպ:

Մտքումս խճճվում են հայոց ճակատագրի գեղեցիկ ու ողբերգական դրվագները:

Առաջին համաշխարհայինի ժամանակ Հալեպը գտնվում էր Թուրքիայի տիրապետության տակ և միակ կենտրոնն էր, որ կապում էր Օսմանյան կայսրությունը Միջագետքին, Պաղեստինին և Ասորիքին, այդ պատճառով պատերազմի հետքերն այստեղ շատ տեսանելի էին: Այն զինվորական մեծ բանակատեղի էր, ուր տեղավորվել էին թուրքական, գերմանական և ավստրիական բանակները: Նրանք գրավել էին քաղաքի բոլոր եկեղեցիները, դպրոցները, անգամ բնակարանները: Այնպես որ, երբ 1915 թվականին Արևմտյան Հայաստանից մազապուրծ հայերը հասան Հալեպ, այստեղ անասելի ծանր դրություն էր՝ սով, համաճարակ: Դրան ավելացավ այն, որ 1918 թվականին Հալեպի վրա սկսեցին սավառնել անգլիական ռազմական սավառնակները: Քեմալ փաշան՝ Աթաթուրքը, շատ էր հավանել Հալեպը և շատ ջանքեր թափեց՝ պահելու արևելյան այս գեղեցկուհին: Սակայն չկարողացավ: Թուրք պաշտոնյաները լքեցին քաղաքը, և այն մատնվեց անիշխանության ու թալանի՝ մինչև անգլիացիների գրավումը:

Անկախության նվաճումից հետո Սիրիան և նրա մարգարիտը՝ Հալեպը, սկսեցին ծաղկել: Այստեղ գաղթած հայությունը տեսավ Հալեպի անկախ ու ծաղկուն ժամանակները, շենացրեց այն երկիրը, որը դարձել էր նրա երկրորդ հայրենիքը, նրա փրկության ու հույսի ափը: Հայկականության հետքերը Հալեպում շատ են:

Սիրիայի կառավարությունը և գթասիրտ արաբ ժողովուրդը Հայոց ահեղ 1915-ին տաք երկրի մարդկային տաք գրկի մեջ ընդունեց, տանիք ու ապաստան տվեց անտուն ու անհայրենիք որբուկներին: Պաշտոնական վիճակագրության տվյալներով՝ 1915 թվականի ապրիլ-հոկտեմբեր ամիսներին կես միլիոնից ավելի հայ է հատել Սիրիայի սահմանը. նրանցից մոտ 300.000 հայ իր փրկության փարոսը գտել է Հալեպում:

Հալեպը հայ ժողովրդի համար ավելին է, քան քաղաքը:

Հալեպը հայերի երկրորդ Արարատն է: Արարատից սկիզբ առան ջրհեղեղից փրկված Նոյի ժառանգները, իսկ Հալեպից՝ Եղեռնի գեհենից մազապուրծ Սփյուռքի սերունդները:

Այսօր էլ Սիրիայի կառավարությունը ջերմ ու սրտաբաց է հայ ժողովրդի զավակների, նրանց հայրենիքի ու պետության հանդեպ: Այդ վերաբերմունքը խորապես փոխադարձ է:

Սիրիայի և Հայաստանի հարաբերությունների մեջ սիրիահայ գաղութը միշտ կարևորում է երկուստեք փոխշահավետ համագործակցությունը, երկու երկրների միջև պետական մակարդակներով առողջ հարաբերությունների հաստատումը: Չէ՞ որ տարածաշրջանային ընդհանուր շահերից զատ, այս երկու ժողովուրդներն իրար հետ կապված են պատմական ճակատագրով, մշակույթով, նրանք երկուսն էլ սնվում են Արևելքի մշակույթի անսպառ ավազանից: Անցյալում այս երկու երկրների միջով հոսող գետերն էլ նույնն էին, լեռնաշղթաներն էլ: Աստվածաշնչյան ժամանակներից նրանք համերաշխ ապրել են կողք կողքի, երբ ծովից ծով Հայաստանի բարձրիկ լեռնաշխարհի՝ Տավրոսի ձյունաճերմակ գագաթից սկիզբ էր առնում մեր ճակատագրի գետը՝ Եփրատը, և հոսելով գնում ու կենդանություն պարգևում Սիրիայի՝ անապատային տապից տոչորված դաշտերին:

Սիրիայի և Հայաստանի միջև պետական մակարդակով հարաբերությունների սկիզբը դրվեց տխուր առիթով՝ 1988-ի երկրաշարժի օրերին:

Սիրիայի հայ գաղութն առաջիններից մեկն էր, որ արձագանքեց աղետից տուժած հայրենակիցներին օգնելու գործին: Երկու օր դպրոցներն ու խանութները փակ մնացին: Ժողովուրդը սգում էր: Կազմեցին օգնություն ցուցաբերելու գործերը կազմակերպող հանձնախմբեր, կոմիտեներ: «Ամէն ոք իր օգնութիւնը կ’առաջարկէր,- «Վերածնված Հայաստան» ամսագրում գրում է Դամասկոսի հայ համայնքի ներկայացուցիչ Սարգիս Քեշիշյանը:- Շնորհիւ Սուրիոյ նախագահ Հաֆէզ Ալ-Ասադի անսակարկ պատրաստակամութեան, մեր ձեռնարկումներն արագ ընթացք ունեցան»:

Ավերածություններից ու կորուստներից բացի, 1988-ի երկրաշարժը հայ ժողովրդի մի նոր ու ինքնատիպ արտագաղթի պատճառ դարձավ, ինչպես լինում է առհասարակ բոլոր աղետների ժամանակ: Աղետի գոտու մեծ թվով բնակիչներ, այս անգամ արդեն՝ երկրաշարժ վերապրած մարդիկ, թողեցին իրենց ծննդավայրը և մեկնեցին տարբեր վայրեր: Տնավեր ու բնավեր հայերի նոր քարավաններ եկան Սիրիա՝ ամեն ինչ կորցրած և հուսահատ, ինչ-որ բանով՝ նման, ինչ-որ բանով՝ տարբեր հեռավոր 1915-ից: Սիրիահայությունը մեծ սրտացավությամբ ու սիրով իրեն նվիրեց երկրաշարժից տուժած հայաստանցիներին օգնություն ցուցաբերելու գործին:

1988-ի երկրաշարժից հետո Հայաստանին սպառնում էր մի ուրիշ, երկրաշարժից ոչ պակաս աղետ՝ Արցախյան պատերազմը և այդ պատերազմի ծանր հետևանքները. քայքայված տնտեսություն, արտագաղթ, շրջափակում, վառելիքի ճգնաժամ, էներգետիկ աղետ, ամեն ինչ միանգամից: Այն ժամանակ դա չէին խոստովանում, բայց երկիրը կանգնած էր սովի վտանգի առաջ: Մի իրավիճակ, որից Հայաստանը մենակ դուրս գալ չէր կարող: Նման իրավիճակում ինչպե՞ս, ի՞նչ սրտով կարող էր Սփյուռքը հանգիստ լինել:

1992 թվականն ամենածանրն էր Հայաստանի և հայ ժողովրդի պատմության մեջ: Արցախյան պատերազմի ամենաթեժ օրերն էին, երբ մեր բանակն ամեն օր նորանոր վիրավորներ ու զոհեր էր տալիս: Մահվան վտանգը նորից սեղմել էր մեր հավաքական ուժի բռունցքը: Այդ բռունցքն իր աստեղային ժամն էր ապրում, գործում պատերազմի տրամաբանությունից դուրս գտնվող սխրանքներ:

Սխրանքը՝ սխրանք, բայց անգամ ամենաքաջ զինվորին կերակրել է պետք, ռազմաճակատին հաց ու զենք է պետք, որը պիտի ապահովի նաև թիկունքի անվտանգությունը:

Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կանգնած էր լուրջ խնդրի առաջ: 1992 թ. հուլիսի 16-ին պատերազմի մեջ գտնվող Հայաստանում մնացել էր մեկ շաբաթվա հացահատիկ: Ի՞նչ անել: Սպասելու կամ հրաշքի հավատալու ժամանակ չկար: Լևոն Տեր-Պետրոսյանի հայրական ընտանիքը 1946-ին գաղթել էր Հալեպից, և նա որոշեց երկրի համար օրհասական այդ պահին հայացքն ուղղել դեպի պապերի փրկության ափ՝ Հալեպ: Արտաքին գործերի նախարարության աշխատակից Պողոս Սարաջյանի միջոցով, ով Հալեպում Հայաստանի առաջին հյուպատոսն էր, նախագահը նամակ ուղարկեց Սիրիայի Հանրապետության այն ժամանակվա նախագահ, այժմ արդեն հանգուցյալ Հաֆեզ Ալ-Ասադին՝ այժմյան նախագահ Բաշար Ալ-Ասադի հորը, և խնդրեց Հայաստանին օգնություն ցուցաբերել:

Սիրիայի կառավարությունը որոշում կայացրեց ընդառաջ գնալ Հայաստանի նախագահի խնդրանքին և օգնել դժվար վիճակում հայտնված հայ ժողովրդին: Վեց հազար տոննա ցորեն տրամադրվեց Հայաստանին:

Սիրիայի այժմյան նախագահը՝ Բաշար Ալ-Ասադը, նույնպես հայ ժողովրդի ջերմ բարեկամն է: Իր հոր օրինակն ուղեցույց է նրա համար, թե ինչպես պետք է լինեն իսկական բարեկամները, եթե անգամ նրանք տարբեր կրոնների են պատկանում: Հայրը մահմեդական երկրների ղեկավարներից առաջինն էր, ով այցելեց Եղեռնի զոհերի հուշահամալիր, ծաղկեպսակ դրեց անմեղ նահատակների հիշատակին, իսկ որդին իր բազմազբաղ առօրյայի մեջ 2009 թվականին ժամանակ գտավ կնոջ՝ Ասմայի հետ այցելելու Հալեպի հայ համայնքի որբերին, նյութական ու բարոյական աջակցություն ցուցաբերելու նրանց՝ Թագուհի և Վարդինե Մկրտչյաններին, Վիքի, Սերենա, Մարիա, Մարինա և Մայք Թաշճյաններին, Հայկ, Ջորջ և Հարութ Թովմասյաններին, Անի Թոփալյանին, Մարլեն, Սրբուհի և Հովիկ Ստեփանյաններին, Ժոզեֆ և Գաբրիել Պետրոսյաններին, Հովիկ և Մանո Տաղլյաններին, Անի, Ծիլա, Խաչիկ և Դանիել Առաքելյաններին, Վարդի, Փաթիլ և Բալիկ Կիրակոսյաններին, Սիլվա և Հարութ Քեհեյաններին, Սինթիա և Դալար Հավանճյաններին:

Դա ճիշտ այն օրն էր, երբ ՀՀ նախկին արտգործնախարար, ծնունդով հալեպցի Վարդան Օսկանյանի և նրա կնոջ հրավերով ես առաջին անգամ այցելել էի Հալեպ: Ինձ վրա մեծ տպավորություն թողեց Սիրիայի նախագահի և առաջին տիկնոջ այցը հատկապես այն պատճառով, որ տասնամյակներ շարունակ չկարողացա մեր հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին համոզել այցելելու Գյումրիի Ֆրիտյոֆ Նանսենի անվան մանկատուն:

Հաջորդ առավոտյան վաղ Օսկանյանի դասընկեր Արուշ Եսայանի ուղեկցությամբ մեկնեցինք Դեր-Զոր: Այս հինավուրց երկիրն ամեն հայի համար սուրբ ու թանկ է հենց թեկուզ նրանով, որ նրա սրտի մեջ է Հայոց ամենամեծ Գերեզմանոցը՝ Դեր-Զորը: Ճանապարհին թերթում եմ Վահագն Դավթյանի «Կապույտ գիրք»-ը: Գրքից խղճի հոտ է գալիս…

Աշխարհում՝ անթիվ գերեզմանոցներ,

Անթիվ շիրիմներ՝ հողագունդն ի վար…

Եվ սակայն շիրիմն իմ ժողովրդի

Ամենամեծն է

Աշխարհում արար…

…Նորից մեկնում եմ Սիրիա: Մեկնում եմ շուրջ տասը տարի անց: Մեկնում եմ՝ քաջ գիտակցելով, որ այլևս չեմ կարող այցելել Դեր-Զոր: Այնտեղ պատերազմը տակավին չի ավարտվել: Ու դարձյալ թուրքի մատը խառն է: Եղեռնից մեկ դար անց էլ թուրքը հանգիստ չի տալիս մեր սուրբ նահատակներին: Պայթեցվել է նաև նրանց հիշատակին Մեծի Տանն Կիլիկիո երջանկահիշատակ կաթողիկոս Գարեգին Առաջինի տնօրինությամբ Դեր-Զորում կառուցված Սրբոց Նահատակաց եկեղեցին:

Ընկերներս խորհուրդ չեն տալիս մեկնել Սիրիա. վտանգավոր է: Հայաստանում Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպանատան աշխատակիցները ժխտական պատասխան են տալիս մուտքի արտոնագիր ստանալու կապակցությամբ: Բայց նրանք չեն որոշողները: Ցանկանում եմ հանդիպել դեսպանին: Նրա բարեհամբույր օգնականը՝ Ալինն ինձ ուղեկցում է Ն.Գ. պարոն Մոհամմեդ Հաջ Իբրահիմի մոտ: Դեսպանը ոչ չի ասում: Ընդհակառակը, ողջունում է իմ մտադրությունը՝ այցելելու հայրենակիցներիս և նույնիսկ կարգադրում է վիզա անվճար տրամադրել: Հետո ինձ բացատրում են, որ ճանապարհորդությունս բավականին դժվար է լինելու: Ինքնաթիռը թռչում է ոչ թե Հալեպ, այլ՝ մայրաքաղաք Դամասկոս, իսկ այնտեղից Հալեպ հասնելու համար 5-6 ժամ է հարկավոր: Ես ոչ մի դժվարություն չզգացի: Ինքնաթիռում ուղեկիցներս Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Սարգսյանի կինն ու որդին էին: Անուշի և Էդվարդի հետ անչափ հաճելի էր ճամփորդելը: Դամասկոսի օդանավակայանում մեզ դիմավորեց Արմեն Սարգսյանը՝ իր վարորդի հետ: Իսկ հետո մեզ միացավ նաև Սիրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Գևորգյանը, ում ուղեկցությամբ էլ էքսկուրսիա կազմակերպվեց անհամար լույսերով ողողված գիշերային Դամասկոսում: Հայկական եկեղեցու հրապարակը 2015-ի պատերազմի այդ թեժ օրերին անվանվել է Հայոց եղեռնի նահատակների հրապարակ: Նույնիսկ այդ օրերին Սիրիայի կառավարությունը չի մոռացել բարեկամ հայ ժողովրդին:

Հաջորդ օրը՝ առավոտյան նախաճաշից հետո, մեկնեցինք Հալեպ: Դամասկոս-Հալեպ ճանապարհին պարզ երևում են դեռևս չավարտված պատերազմի հետքերը՝ ավերված գյուղեր, այրված մեքենաներ, հրասայլեր: Եվ ամենուր՝ զինվորներ, զինվորներ, զինվորներ… Նրանք ստուգում են փաստաթղթերը և հետո միայն բարի ճանապարհ մաղթում: Այդպես վեց ժամ: Այո՛, վեց ժամ դժվար է, իհարկե, շա՜տ դժվար է, բայց ոչ ինձ համար: Պարզվեց, որ մեր երկրի հյուպատոսը չափազանց հետաքրքիր անձնավորություն է՝ համեստ, քչախոս, գրագետ, տիրապետում է մի քանի լեզուների: Բայց սրանք չէ, որ զարմացրին ու հիացրին ինձ, այլ հայ գրականությանը նրա քաջատեղյակությունը (հյուպատոսի դիմանկարը կներկայացնեմ առանձին):

Կեսօրին արդեն Հալեպում էինք: Եվ հենց այդ օրվանից սկսվեց միջոցառումների շարքը: Առաջին օրը ՀԲԸՄ դահլիճում նշվում էր Երևանի հիմնադրման 2800-ամյակը: Զեկուցում, ելույթներ, գեղարվեստական մաս՝ երգչախումբ, կամերային համույթ, ասմունք, Երևանին նվիրված փաստավավերագրական ֆիլմի ցուցադրում: Իսկ վերջում Հայաստանում և Սփյուռքում տպագրված գրքերի ցուցահանդես:

Հաջորդ երեկոյան Հալեպի Կրթասիրաց մշակութային միության դահլիճում՝ հովանավորությամբ Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Սարգսյանի, տեղի ունեցավ սիրիահայերին նվիրված իմ եռագրության՝ «Հալեպ՝ փրկության ափ», «DռjՈ vu. Հալեպ սիրո և մահվան հովիտ» և «Մի գիշեր Աթաթուրքի սենյակում» գրքերի շնորհանդեսը: Միջոցառման սկզբին հնչեցին Սիրիայի և Հայաստանի օրհներգերը, որից հետո ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Սիրիայի պատերազմի զոհերի հիշատակը:

Բացման խոսքով հանդես եկավ Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Սարգսյանը: Ցուցադրվեց «Մի գիշեր Աթաթուրքի սենյակում» վեպիս սցենարով նկարահանված «Մի գիշեր Բարոն հյուրանոցում» ֆիլմը (ռեժիսոր՝ Էդուարդ Տեր-Սահակյան):

Զեկուցումով հանդես եկավ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Հալեպի մասնաճյուղի վարիչ-քարտուղար Թամար Խաբայանը: Որից հետո բեմ բարձրացան Հալեպում գործող երեք ավանդական եկեղեցիների (Հայ առաքելական, Հայ կաթողիկե և Հայ ավետարանական) հոգևոր հայրերը, Սիրիայի Հանրապետության Խորհրդարանի հայ պատգամավոր Ժիրայր Ռեիսյանը, ՀԲԸՄ Սուրիո Շրջանակային հանձնաժողովի ատենապետ Ներսես Ներսոյանը, ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Սարգսյանը և գրքերի հեղինակը, ովքեր կատարեցին գրքերի շնորհանդեսի արարողությունը:

Ձեռնարկի ավարտին շնորհակալական խոսքս հայտնեցի սիրիահայ հայրենակիցներիս և գրքեր նվիրեցի Հալեպում գործող հոգևոր, կրթական, մշակութային ու հայրենակցական կազմակերպությունների ներկայացուցիչներին:

Առավոտյան վաղ հալեպցի իմ լավ բարեկամ Հակոբ Սահակյանի և նրա որդու հետ շրջում ենք Հալեպի ավերված թաղամասերով: Հակոբը պատմում է պատերազմյան ծանր օրերի մասին: Պատերազմի թողած հետքերը ես նկատում եմ հանդիպածս յուրաքանչյուր մարդու դեմքին: Կարծես 2009-ին հանդիպածս հալեպահայերը չեն: Նրանց դեմքերին չեմ տեսնում ուրախ ժպիտը, չեմ լսում նրանց կատակները. ինձ չտխրեցնելու համար փորձում են ուրախ ձևանալ, սակայն չի ստացվում: Դա երկարատև պատերազմի հետևանքն է՝ կիսաքաղց, առանց հոսանքի ու վառելիքի անցկացրած օրերի դրոշմը: Ու նրանց հայացքներից թախիծը չի անցնի, քանի որ պատերազմը տակավին չի ավարտվել, իսկ ապագայի հանդեպ ակնկալիքներն անորոշ են: Ինձ համար ծանր է այս ամենը, բայց ես չեմ կարող հուսադրել նրանց. չունեմ դրա իրավունքը: Իրենք ավելի լավ են կանխատեսում իրենց ապագան, չեն փորձում սին հույսեր փայփայել: Հարյուրավոր զոհեր՝ թե՛ զինծառայողներից և թե՛ խաղաղ բնակիչներից, հազարավոր փախստականներ, որոնք ցիրուցան եղան աշխարհի տարբեր երկրներում՝ Ավստրալիայից մինչև Ամերիկա: Ծնողները մնացին Սիրիայում կամ եկան Հայաստան, իսկ զավակները մեկնեցին տարբեր երկրներ՝ իրենց բախտը որոնելու: Եվ շուրջ հարյուր տարի անց պատմության անիվը դարձյալ շրջվեց մեր դեմ:

Ինչ խոսք, Սիրիան հայերի հայրենիքը չէ, և հայը կարող է այնտեղից էլ շարունակել իր բախտ որոնելու դեգերումները: Հայը միշտ էլ շարժման մեջ է եղել, միշտ էլ փնտրել է իր տեղն ու տունն այս աշխարհում՝ երբեմն պարզապես մոռանալով, որ այստեղ՝ Հայաստան կոչվող այս փոքրիկ հողակտորի վրա է իր և՛ տեղը, և՛ տունը:

Բայց այսպես, այս ճանապարհով նորից տեղահան անել մի հին ժողովրդի, դա կրկին նման է ցեղասպանության և կրկին պիտի ծանրանա մարդկության խղճի վրա, որն իր բեռը դեռ չի թոթափել, դեռ չի քավել Հայոց մեծ եղեռնի հանդեպ իր հարյուրամյա անտարբերության մեղքը:

Սիրիահայությունն ընտրել էր ապրելու իր ազնիվ կերպը. ապրել՝ պայքարելով ոչ թե ապրելու համար, այլ ապրելն իմաստավորելու: Այդպես էր բաբախում սիրիահայ գաղութի սիրտը՝ մատը միշտ Հայրենիքի զարկերակի ռիթմին… Բայց այսօր, երբ նրա խնդիրը ապրելն է, այդ օրհասական իրավիճակում Հայրենիքի մատը պիտի լինի նրա զարկերակին:

Ժամանակն է համախմբել պետության, հայ ժողովրդի, նրա մտավորականների ուժերը՝ Սիրիայում մնացած փոքրաթիվ համայնքին պետական աջակցություն ցուցաբերելու համար…

 

Երևան-Դամասկոս-Հալեպ-Երևան

2018 թ. դեկտեմբեր

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.