Գագիկ ԽԱՉԱՏՐՅԱՆ

(Ապրած-անցած 65 տարիներիս)

ԱՌԱՎՈՏ
Առավոտ ծեգին մի արտույտ թառեց
իմ բաց պատուհանի հին շրջանակին:
Ուշացած բա՞խտն էր ինձ այցի եկել,
թե՞ ավետիսն էր բերել նա օրվա…
Նայեց ներս, նայեց ուղիղ աչքերիս,
թռչնաբար ինչ-որ շշնջաց մեղմիկ,
գլուխն օրորեց, պոչը թափ տվեց
ու ինչպես եկել, այդպես հեռացավ`
տանելով իր հետ սիրտս հալածված…

ԲԱՌԸ
Ասես հոգի` մարմնից զրկուն,
հույզը թռավ, անսանձ թևեց,
ճոճվեց կախաղանին տողի,
անմեղեդի մի երգի մեջ չքվեց:

Իջավ, ընկավ, ընկավ, իջավ,
գիծուտողի արանքներում ծնկեց:
Նստեց անդեմ, պառկեց անշունչ,
ահից, մտքի դավից մեռավ բառը:

ԱՂԵՏ ԵՎ ՃԱԿԱՏԱԳԻՐ
Տերն էր խռովել, թե նզովել էին
նախնիներն անսեր` հողդ լքելով…
Քո ճահիճներում գյուղն այն խեղդեցիր,
Գվատեմա՛լա…
Ննջեցյալներդ դագաղանավակ`
ցիրցան շարքերով սգո թափորի,
հողի ընդերքից ելան, նավեցին
պղտոր ջրերում ջրհեղեղների,
Օ՜, Կարոլինա:
Ի՞նչ էիր խնայել, աշխարհին, մարդուն,
ի՞նչ էիր պահ տվել ամենքից թաքուն,
որ պիտի զրկեին, որ պիտի զարկեին,
քո որդիներին, մարմինդ` հողդ,
անխնա, անբավ խոցեին, ավերեին,
ոգի քարակոփ, երկիր`
Արմենի՛ա:

ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆ
Որքան արևոտ էիր,
որքան լուսավոր էիր,
որքան գեղեցիկ էիր,
որքան ցանկալի էիր երեկ:

Որքան մթամած ես,
որքան ամպամած ես,
որքան փոթորկուն ես,
որքան ձյունառատ ես այսօր:

Որքան մոռացկոտ եմ,
որքան անարդար եմ,
որքան անիրավ եմ,
որքան անողոք եմ սիրել…

ԹՈՒՂԹ
Անապակ ու մաքուր
սպիտակ թուղթ,
դեմքդ պարզիր
և ցուցանիր հոգուս,
մտքիս մի ճանապարհ`
լաբիրինթում տառզարդարի:
Գործիքներով հոգուս անտես
ինձ հարալեզ կարգիր:
Քո հարթության վրա`
հանց աղավնին ճերմակ,
թևատարած տրվիր դու ինձ:
Գայթակղիր, ինձ բարկացրու:
Թեկուզ նահատակը լինես գրիս,
դարձիր ցավ ու խոհիս թիրախ:
Պարզիր դեմքդ իմ հույզերի առաջ,
որ շեղագիր դաջեմ ու կոթողեմ,
երգն ու տաղը հոգիս լցված…

* * *
Օրն այս անցավ ճիշտ նախորդի նման:
Հնազանդ էր: Ինչ գրված էր վերուստ,
ժամը ժամին գլուխ բերեց հերթով:
Կրկնապատկեց ունեցածը վաշխառուի,
չխնայեց նա գրոշներ մուրացկանին,
ծիսակարգով պսակ դրեց ջահել հարսին:
Ծոցվոր մորը մի ժիր մանուկ լուսաբերեց:
Մոլորվածի ոտքերն ընկած` ելք որոնեց,
հպարտների քիթն աղաղեց, զրկեց հացից:
Հանգուցյալին հոգածությամբ ճանապարհեց`
Հուզաթաթախ ծաղիկ-արցունք նա շաղ տվեց,
Իսկ ապրողին իր հոգնության մութով պատեց…

ՀԱՐԵՎԱՆՆԵՐ
Սահմանակից «հարևանս» կրակում է դարձյալ:
Հազար ափսոս, պատկից հարևանս մեռավ երեկ:
Նա իր որդիներին ճանապարհ էր դրել սահման,
որ իրենց բազկի ուժով սաստեն թշնամուն անարգ:

Սահմանակից «հարևանս» անիծում է տունս, ցեղս:
Պատկից հարևանս ապրում է դեռ
մարդկանց սրտերի մեջ:
Տուն կդառնան` նենգ թշնամուն
սաստող տղերքը քաջ,
անզորության ցավից կտարածվի
ոռնոցն «հարևանիս»…

* * *
Խարույկներ են չորսդին`
առատ ու ջերմ:
Զվարճանք է այնտեղ`
խնդում ու սեր…
Ես մի դատարկ տուփ
ու մի լուցկու հատիկ ունեմ,
բայց չեմ ուզում կրակ վառել:
Վախենում եմ իսպառ զրկվել
ջերմանալու հույսից:

ՀՐԱՇԱՓԱՌԸ
Ու կշրշան ձայներն անօգ ու անկար,
լռության մեջ և ժխորում առօրյա,
ու չեն զատվի դրանք բնավ միմյանցից
մինչ պոետը զուգս ու զարդեր չբաշխի:

Մինչ պոետը զուգս ու զարդեր չբաշխի`
նրանց կոչման, ցայտումի ու արարման,
որ արդյունքն են պատկերների դյութական
կամ ցնծություն մի գեղանի հայտնության:

Ավազանում և երեսին փոքրիկ գուռերի,
միրաժներում երփնանկար ծաղկանց մեջ,
գարուններն այն, որ բերեցին երգ ու սեր,
պիտի անցնեն` ծաղկաթերթեր շուրթերին:

ԺԱՄԱՆԱԿԸ
Աննյութ է նա ու անշոշափ,
անստվեր է, անգույն, անգութ,
բայց կեցած է մեր սրտերում`
թե՛ իր համը, թե՛ բույրն անանց:

Խնկաբույր է, աղի արցունք ու ցող,
երբ հանում է վերջին ճամփա մարդուն:
Այն գալիս է, անցնում եղանակի նման
և հայտնվում բարձերի տակ մանկանց:

ԾԱՌԸ, ՎԱՐԴՆ ՈՒ ԱԳՌԱՎԸ
Ծառն այս թևաթափ հոգնել է ասես
քամու շարունակվող դարպասումներից:
Նա հանել է իր զգեստներն հիրիկ,
նետել ոտքի տակ, տարածել չորսդին:

Եվ երփնատարած զգեստների տակ
թուփն է շնչահեղձ կորած վարդերի:
Մեկը խոնարհվել տերևաքողին,
մաքրում է դեմքը շիկնած վարդերի:

Ծառը պարզել է մարմինն ամենքին,
լուռ սպասում է ձմռան քնքշանքին:
Մինչդեռ ագռավը թառել գիրգ ճյուղին,
թափահարվում է, ծանակում նրան:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.