Ռոլանդ ՇԱՌՈՅԱՆ

ԵՍ ՈՒ ԴՈՒ
Դու ասում ես՝ հեծիր ձին և վարգիր տափաստաններով:
Ես ասում եմ՝ նժույգս սուրում է մեր լեռների վրայով:
Դու ասում ես՝ բռնիր երեխաների ձեռքից և
ուղեկցիր նրանց դպրոց ու պարտեզ:
Ես ասում եմ՝ մեր երեխաները դեռ քնած են
Բիթլիսի մանկանց գերեզմանոցում:
Դու ասում ես՝ անտեղի մի՛ կրակիր գորշ գայլերի վրա:
Ես ասում եմ՝ միայնակ գայլ եմ դարձել:
Դու ասում ես՝ երգիր, պարիր, քեֆ արա, տնաշեն:
Ես ասում եմ՝ վախից, կարիքից, որդեկորույս մորից
արձաններ ես տաշել:
Դու ասում ես՝ կյանքի ընթացքն ուզում ե՞ս փոխել,
այս կյանքը գետ է, նետվիր մեջն ու թե չմեռար,
դու էլ կսկսես մարմանդ հոսել:
Ասում եմ՝ երանի քեզ, ամբարտավան շան որդի,
չի լինի՞ մինչև գետ դառնալս էությանդ
միջի գայլուկները հնձես:
Դու ասում ես՝ ձեր գերեզմաններին խատուտիկներն
ու քամիները, արևն ու այծերը, կարկուտն ու անձրևը
և անգամ մահիկն է այցելում:
Ես ասում եմ՝ բայց մեր սրտերը, մեր աչքերի լույսը,
մեր ականջների միջի ճիչը, մեր լեզու-հայրենիքը
հողի մեջ է ապրում:
Ձյուն գա քո գլխին-գայլ, հող, ասուն-անասուն…
Ես ու դու հողածին ենք` հողի մեջ հող,
բայց հողի վրա գայլ ենք դառնում:

ԻՆՔՍ ԻՆՁ ՀԵՏ ՄԻՏԻՆԳ ԱՆԵԼԻՍ
«Չգիտեմ, այս տխուր աշխարհում, որն է լավը,
որը՝ վատ»,- ասաց Վահան Տերյանը
հյուսիսյան լուսաբացին:
Մեր ճամփաներին արևելքից արևմուտք,
թափված է հարդ ու կացին:
Հարդագողերը նախորդ դարում սեփականաշնորհել են
բանտը-սպիտակ շորեր են հագել
ղեկավարն ու ծաղրածուն.
ծուղրուղու, կանչում են` կեցցե մեր թեկնածուն:
Սև շորեր են հագել գրողն ու սատանան,
փողոցում ցույց է անում տռզած փորով քահանան:
Սևսաթ փարաջան ներկել է ճերմակ-
սպիտակ ագռավ կա գլխին` որպես վեղար:
Դիմակահանդես են անում յոթը հրեշտակ
և Երուսաղեմից եկած կավճեպատ մի ավանակ:
– Իմ գույնը հեքիաթն է, վե՛ րջ,
հռչակում եմ ինձ մեր տան թեկնածու,
«թեև ածու փոքր ենք և զորությամբ տկար»,
բայց միտինգ եմ անում թոռնիկներիս համար:
Թումանյան եմ կարդում թոնրի մեջ կախված`
գլխիկոր, լռելյայն` մինչև լուսաբաց,
որպեսզի հավիտյանս և հավիտենից,
և բոլոր հավիտյաններից էլ այն կողմ
մարդը չվերանա աշխարհի երեսից:

ՀԱՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ոչինչ,- ասում եմ,- մի՛ տխրիր, սիրունս,
վերևն Աստված կա` անտեր չենք մնա,
քամի է. պիտի փչի հեռանա,
ոչինչ,- ասում եմ,- հերն էլ անիծած,
ներքևում մարդն է` անժամանդրոս,
վերևն Աստված կա` անտեր չենք մնա:
Զուռնա, դու փչիր կարմիր մեղեդի,
սև ամպերը ներկիր ծիրանի գույնով,
Հիսուս Քրիստոս, այդ ո՞վ է երգում
մութ ամպերի միջից` կախված կոկորդով:
Ո՞ր սատանան է ինձ կախել ամպից
և աչքով անում կայծակի լույսով:
Ախ, Սինամ հավք, կախաղանին հարմարված,
երբ տեսա քեզ, ամպերից վար ճախրելիս-
ես տիեզերքում, մահը հողին`
ի՞նչ անաստված հանդիպում:
Բայց դու, դու, դու, օձի քեղի թփերի մեջ
պարուրված, ես տեսա քեզ` ադամորդու
աչքերով չռած ջրածին մերկություն,
բնածին մարմին, աստվածային սեր,
փշատի ծաղիկ, և՛ նշենու թաց կորիզ
կոտրելուց առաջ, և՛ ծիրանի թաց կորիզ
ջարդելուց հետո, և՛ նռան կարմիր կորիզ
երեք հարյուր վաթսունհինգ հատիկ
ոտելուց հետո- համակերպվեցի կյանքի հետ-
հանուն և՛ հոր, և՛ որդու, և՛ այն չծնված երեխաների,
որոնք պատմության դասագրքերից գաղափար
կկազմեն պատերազմի մասին:

ԱՆՎԵՐԱԴԱՐՁ
Այն օրը, երբ հնչերանգով արխայիկ,-
հող էիր` հող դարձիր,- կավետի քահանան-
Ես արդեն ժամ առաջ այնտեղ կլինեմ,
և ինձ կդիմավորի վերէրգրային մանանան-
որպես բեռնաձի մարդ մի անլկամ, որ
եկել է խառնվելու հողին` պապական:
Ու երբ սավառնելով հոգիս կիջնի ցած-
Տարոնի սուրաչք արծիվն ուղեկից`
Աստված իմ, երբեք չեմ տեսել նման բան-
Տարոնո արծիվ և աչքերը թաց:
Եվ նրա պահապան հայացքի ներքո
իմ հպարտ հոգին ու մի սառը սիրտ
կիջնի վար` Բիթլիս-մանկան գերեզմանոց:
Եվ ես կխրվեմ հողիս մեջ դանդաղ՝
որպես ջրտուքի գիշերվա ծարավ ջուր:
– Հող էիր` հող դարձիր,- շշուկով կասի ինձ
սասունցի ծաղկած ծիրանենու մի ճյուղ:

ԺԱՄԱՆԱԿԻ ԸՆԹԵՐՑՈՒՄԸ
Հարյուր բառի ականջ հավեսով ոլորեցի
մինչև կիրակմուտի ժամի զանգերը:
Չկարողացա հաղթել այս իրականությունը
և մեկ բառ ստեղծել բնավ չգրված:
Մտքերս քարշ տվեցի հեղձուկի միջով,
ջորու ճամփեքով` ոլորաններով վայրի,
ու հեռացա տնից առանց անեծքի
հայրենասիրության էգ լաբիրինթոսով:
Ես հայտնվեցի մի պանդոկում դժնի,
ուր շունն ու կատուն սեղան էին գցել,
ինչպես ռսի գերի երկու գերմանացի,
փառահեղ կենացներ հակադարձելով:
Իսկ կողքի սեղանին տասներկու տեղանոց,
գարեջրի ակաղձուն գավաթներ էին շարված,
և փալաբեղ մի մարդ ձիու փոխարեն
ծեր քուրսին հեծած շարժվում էր առաջ-
նա նման էր շատ անզորք զորավարի:
Եվ թանգարան հանձնած սրբազան թուրը,
որ պարտությունն էր ոգեղեն կռվի,
երևակայությամբ նա վեր հանելով,
հպարտ ծառսեց հին աթոռակից`
«Շունն ու կատուն» արտասանելով
կողպեց Մհերի դուռն իր ներսի,
որ բացել էր մարդկանց, և՛ տիեզերքի
և՛ Աստծո առաջ ապաշխարելով:

ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԵՐԻ ՑՈՒՅՑ
Ընկերներիս կորցնում եմ ամեն օր` մութուլույսին,
Ես տաք գլխով քնած ուրվագծերի մեջ,
Անգամ ճրագալույցի գիշերն ինձ չներեց`
Ամեն այսօր, թերևս, իմ հերթն է երևի:
Մի վայրագ ծառ ունեմ Աշնակում` ծիրանի-
Ընկերությունից հեռու` գիշեր թե ցերեկ-
Չնմանվե՞մ նրան ու կերպափոխվեմ`
Ես էլ մարդ դառնամ` փշատերև:
Մի հոգի էլ կա` ամպերից վերև, ասում է,-
Աստված չլինի՞ քեզնից երես է թեքել:
Ասում եմ, քեֆդ քոք պահի, ա՛յ հեր,
Մայրս ավելի ճիշտը գիտի, թեև
Հասած տանձի նման չեմ ընկնի դեռև:
Մորս հիշողությունն իջավ երկնքից ներքև,
Ասաց՝ Երեցի կարմիր ավետարանով եմ երդվել-
Տղաս սիրուն խաղում է, գնդակի պես թեթև-
Գլխի մեջ ծնված խաս բառերի հետ:
Եվ երբ երկնելու համար բաներ է փնտրում,
Իր ասածով կորցրած հիշողությունս անմեռ-
Նա մարդ չէ, իմ հոգին, չէ՜, մարդ չէ այնուհետև:

ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅԱՆ ԵՎ 
ԶԻՆՎՈՐԻ ՄԱՀԸ
Մեր երեխաները ծնվում են դեռևս հեքիաթի նման,
իսկ մեծերը սգո տնից թաղման թափոր են ղեկավարում,
և խուլ ու համր գետերը մրջյունների լեզվով են խոսում
օգնության հասած զինվորների հետ, քամին` լեռների,
գորտը` ջրերի, չղջիկն` աստղերի,
քարանձավը՝ սարդերի, վարդն՝ իր փշերի,
հրացանը` կաքավների, հասկը` թռչունների,
արծիվը` երկնքի, քամին կրկին լեռների,
հողը ընդմիշտ անձրևի…
իսկ մարդը-նրա ներսում ապրող անագե զինվորիկը`
նա հարազատ արյունով է հեղում
հարազատ հողի կուրծքը,
խրամատը դարձնում հերոսական դրամա,
փոխում արյան խումբը և առանց պատանքի ննջում,
ուր վայրի փշատենին է բուրում մելամաղձոտ գորանի,
թեպետ նրա կապույտ արյունը փշատերեն
բնավ չի հասկանում,
և նույն մահով են մեռնում
բանաստեղծությունն ու զինվորը:

ԿԵՐՊԱՐԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ
Նա` այդ հիմարը, ով հերոսների մեջ է ձևանում հիմար:
Նա` այդ թշվառը, ով հարուստների մեջ է
ձևանում թշվառական:
Նա` այդ խաղամոլը, ով ողբերգակ է իսկական-
ծաղրածու է խաղում և հարբեցող պատվական:
Նա` այդ խորոզը- ծուղրուղու է կանչում
աքաղաղի կերպար ցուցադրելու համար:
Նա` այդ գլխիկոր հայը, ով դահիճ է իրենից կերտում,
թեպետ երեխու խղճից է ծեփված:
Նա` այդ անասունը, ով ձգտում է վերացնել
ներսի և դրսի անհավասար ներկան-
ներսի օձի և դրսի կարիճի եղբայրություն է քարոզում:
Նա` ով ձուկ է, բայց անհավատ է և արյունռուշտ:
Նա` ով քամի է, բայց սարերում չի փչում, ում համար
ձին մուրազ չէ, ինքը բեռ է:
Նա` ով սողում է երեխայի առաջ-հաճույքի գերագույն
մակարդակ. նա նա չէ, այլ թափառական դերասան,
Նա` այդ մարդը, ով մարդ է խաղում յուրովսանն:
Բայց նա` այդ մարդը-անսանձ սիրտ ունի,
ազատ ոգի, և նրա միտքն է կանաչ:
Նա մի ճեփ-ճերմակ գառնուկ է հեքիաթային ու
նաև մատաղացու և էշի նահատակ:
Սակայն Աստված ծնված օրից պատգամեց այդ
մարդուն-գտիր այն մարդ արարածին և
զոհաբերվիր նրան:
Նա` այդ մաքրամաքուր էակը, ով գայլուկ է,
բայց մռնչում է առյուծի նման-
և հարազատ արյունով իր գտած երկրորդ կեսի
ճակատին խաչ նկարում:
Սակայն նա` մշտաներկա այդ նա-ն,
նա` այդ նա աշխարհը բաժանեց աստվածների
և հավատացյալների, երկրի և երկնքի միջև-
նա` այդ մարդակերպ շուն տաճիկը`
և՛ ոչ մի անգամ, և՛ ոչ միայն Հալեպում…
Նա` այդ մարդը, ով ընդունակ է
կերպարանափոխության:

ՄԱԿԱԳՐՈԻԹՅՈԻՆ՝
ԱԶԱՏԱԶՐԿՎԱԾ ԲԼՐԻ ՎՐԱ
Արծվի հայացքը խուզարկու
Առյուծի խիղճը ահեղ
Արջի ուժն անպաշտպան
Մեղվի թռիչքն անմեղ
Քամին թեթև շնկշնկան
Զինվորն ազատ և անկախ
Աստվածածին Հայաստան
Ի զորու եմ պահել քեզ
Խնկելի իմ հայրենիք
Սիրտս մարմնիցս դուրս է ապրում
Թարթառ գետում հոգիս լողում
Կակաչների դաշտերն Արցախի
Ոտքերս են ականազերծել
Ապրիլյան լուսաբացին
Հավատարիմ շան պես ծառայել եմ
Ուղտափշերին քսվելով դեմքս բզկտել
Եվ մի անուժ սեր մղել է հերոսության
Թեպետ մի քիչ ուժ ունեմ ամբարած
Եվ ոչինչ որ գնում եմ դեպի մահ
Պատրաստ եմ հալվել հանուն քեզ
Որպես քո հին թլոր տղա
Բայց նոր լեռնածին գառնարած
Գիտեմ դու զավակներիդ շատ ես սիրում
Ուզում ես նրանք դառնան
Մարդ հավասարազոր
Քո կառուցած բոլոր ամրոցներից ուժեղ:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.