ՆՈՐ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ԱՐՁԱԿՈՒՄ / Նորայր ՂԱԶԱՐՅԱՆ

Մանկապատանեկան արձակը, ինչպես ողջ գրականությունը, չի կարող հեռու գտնվել կյանքի և նրա արտացոլման համակարգի նոր իրողություններից: Նոր իրողություններին համաչափ արձագանքելու տեսանկյունից առանձնանում է Էդվարդ Միլիտոնյանի մանկապատանեկան արձակը: Այն և՛ ընդգրկած նյութով, և՛ պատմելաձևով ամբողջովին արդիական է: Իսկ գրական ստեղծագործության մրցունակության առաջին պայմանը արդիականության հատկանիշն է: Հագեցածություն ժամանակի ինֆորմացիայով, խոսքարվեստի ամենալայն տեղաշարժեր, գրականության ճանաչողական դերի նոր չափանիշներով վերագնահատումներ՝ սրանք արդիականության առաջնահերթ բնորոշիչներն են:
Այս ամենը վերաբերում է «Շաքարավազ արքայազնը», «Հնարամիտ բադի ճամփորդությունը», «Ճանապարհորդ գժերը», «Երազանք ասպետի արշավանքը», «Արեգ տղայի և Չիպո կրիայի տարօրինակ պատմությունը», «Վահագն Վիշապաքաղի արկածները» գրքերին, «Չի լինում, չի լինում», «Թարսինե արքայադուստրը» ժողովածուներին և այն վեպերին, որոնց մասին կխոսենք:
Էդ. Միլիտոնյանի մանկապատանեկան արձակի հերոսները մեր ժամանակի քաղաքակրթական միջավայրում են՝ զերծ հնացած սովորույթներից, չարդարացված պարզեցումներից, բարոյադաստիարակչական ավելորդ խնդրառություններից, որոնք այսօր էլ հրամցվում են մանկագրությանը: Գրողը մանկապատանեկան ստեղծագործություններում առաջնորդվում է քաղաքակրթական, մշակութաբանական գործոնների թիրախավորմամբ, ժանրի նորացման պահանջով: Նորացումն իր հերթին բերում է կառուցվածքի վերակազմություններ, արդի լեզվական միջոցների օգտագործում և բառապաշարի հարստացում:
Երկից երկ ստեղծվում է ժամանակի պահանջներին համապատասխան գրական համակարգ՝ ներքին հղկվածությամբ, երևակայականի ու ռեալի, ֆանտաստիկի և առօրեականի, հումորի և սատիրայի համադրությամբ: Երևակայական մանրամասնը, ինչպես իրական դիպվածը, դյուրին ձուլվում է պատումի ներքին ռիթմին:
Գրական տարբեր երկերը, թեև իրարից անկախ, ունեն միասնացող շերտեր:
Արդիական ստեղծագործություն բնորոշումը հատկապես կարող է վերաբերել «Քթաշխարհի հերոս Արարը» վեպին (2018 թ.): Այս ստեղծագործությունը զերծ է ժողովրդական հեքիաթի տարրերից, սակայն առկա են ֆանտաստիկայի, առասպելի դրսևորումներ: «Քթաշխարհի հերոս Արարը» վեպը, առանց կոմպոզիցիոն շրջանակի (Արարը գյուղում, թռիչք Քթաշխարհ, վերադարձ հարազատ գյուղ), կառուցված է հաջորդապատկեր սկզբունքով (մուլտիպլիկացիա): Ըստ այդմ՝ վեպը կարող ենք անվանել վեպ-մուլտիպլիկացիա:
Հեղինակի երևակայությունը մեզ առաջնորդում է ֆանտաստիկի աշխարհը, իրար հաջորդող տեսարաններում ներկայացնում ուրվագծված հերոսներին: Նրանք միայն քթեր են (ամբողջի տրոհումը մասի՝ բնորոշ է մուլտիպլիկացիային): Ընթերցողին հետաքրքրում է հենց սա՝ մուլտիպլիկացիոն «ռեալիզմը» (մուլտիպլիկատորների համար պատրաստի նյութ է): Երևակայությունն ու պայմանականությունը նրան կանգնեցնում են հնարամտությունների, այլընտրանքային կողմնորոշումների առջև: Անչափ հետաքրքիր է հետևել գրոտեսկային դեպքերին, ծաղրանկար հերոսների արարքներին: Վեպի ամբողջ ներքին տարածքը ենթարկվել է հումորի և գրոտեսկի օրենքներին: Հումորն ու գրոտեսկը պատանի ընթերցողին թույլ են տալիս խորապես տարբերակել ու գնահատել իրականն ու երևակայականը, լուրջն ու ծիծաղելին, տրամաբանականն ու ալոգիկը:
Էդ. Միլիտոնյանը մանկապատանեկան գրականության ճանաչողական դերը նպատակամղում է պարզունակից վեր՝ անսովորին ու բարդին, ֆանտաստիկայի մեջ կյանքի կրկնանդրադարձին: Գրականության անդրադարձը կյանքին խորանում է իրականության և ֆանտաստիկայի ձևաչափերի համադրությամբ: Ծաղրանկար հերոսները երևում են հումորիկ և սատիրիկ վարքի ելևէջներով:
«Քթաշխարհի հերոս Արարը» վեպում առկա են գրոտեսկի բոլոր բաղադրիչները՝ ֆանտաստիկա, ծիծաղ, չափազանցություն, հրաշագործություն: Այս տարրերի հարաբերությունների բարդ պրիզման պատանիների ինքնաճանաչողության ասպարեզում շատ բան է պայմանավորում: Նրանք ֆանտաստիկ հերոսների իրականից բոլորովին հեռու գործողությունների և արարքների մեջ որոնում են որոշակի տրամաբանական մակարդակներ և ադապտացիաներ: Ենթագիտակցական ինքնաճանաչողությունը նոր շերտեր է ընդգրկում ֆանտաստիկ անդրադարձում: Ֆանտաստիկայում կյանքի իմիտացիան նաև պարզապես հետաքրքիր է:
«Քթաշխարհի հերոս Արարը» վեպում հումորն առանձնահատուկ է: Այն արտահայտում է ջերմ վերաբերմունք կյանքին, հավասարակշռում է տրամադրությունը, նպաստում բարության ու ներման մթնոլորտի ձևավորմանը: Արտաքնապես դյուրին ծիծաղը ներքնապես լուրջ է, նախազգուշացնող, բայց ոչ ցավ պատճառող: Հումոր է ծնվում անգամ երկու բառի համադրմամբ, ինչպես, ասենք՝ «Մեր երկրի շամանդաղը դաղեց աչքերս»: Հումորի պարագայում ծիծաղելին թախծալի է: Դա առավել բնորոշ է վեպի «Ո՞վ էր նվագի հեղինակը» գլխին: Հումորը նաև ուրիշի թերությունների և սովորույթների հանդեպ ներողամտության ձևավորման նպատակ ունի: Սև հումորը բնորոշ է Քթաշխարհի երևելիներին՝ «տիեզերքի տեր Կնճիթին, Վսեմաշունչին, Ռունգին, պատերի մեջ թաքնված անվտանգության աշխատակից-քթերին: Նրանց ուղիղ գնահատական չի տրվում, սակայն իշխող պահվածքով արդեն սարկաստիկ վիճակում են:
Մանկապատանեկան վեպում ներկայացված է քնարականը՝ կապված Վսեմաշունչի ֆլեյտա նվագող դստեր հետ: Նա նվագում է իր բնական քթով՝ գերազանցելով գործիքին: Նրա նվագը Արարին հրաշք է թվում: Վեպում հանդիպում ենք թե՛ չափազանցությունների և թե՛ առարկայի հատկանիշների փոքրացման (լիտոտա), որի օրինակը քիթն է որպես երաժշտական գործիք՝ ֆլեյտա: Վեպում առկա են խոսքի պարոդիկ ոճավորումներ: Կնճիթ Վսեմաշունչ թագավորի խոսքը, տիպիկ իր նմաններին, ամբարտավան, ինքնագոհ, բարձրաոճ խոսք է:
Պալատի բարքերն ու ոճերը երգիծվում են «Կատուն և ուրվականը» վեպում (այստեղ շատ բան ակնարկում է մեր ժամանակի «պալատն» ու նրա բարքերը):
Արդեն խոսել ենք «Քթաշխարհի հերոս Արարը» վեպի ֆանտաստիկայով հարուստ պատումի մասին: Գիտենք, որ ֆանտաստիկայի արմատները ժողովրդի միֆական գիտակցության մեջ են՝ արտահայտված կախարդական հեքիաթներում և հերոսական էպոսում: Էդ. Միլիտոնյանը մանկապատանեկան արձակում օգտագործում է առասպելական սյուժեներ: «Քթաշխարհի հերոս Արարը» վեպում առկա են առասպելական տարրեր, իսկ «Վահագն Վիշապաքաղի արկածները» վեպի նյութը հնագույն միֆական պատումն է: Առասպելի խորհրդանշանային աշխարհը ներդաշնակում է վեպերի ֆանտաստիկ պատումային համակարգին: Առասպելը մատուցում է ժողովրդի կոլեկտիվ ենթագիտակցության մեջ ապաստանած դեպքեր և իրադարձություններ: Գրողն օգտագործում է առասպելը, որն իր սիմվոլիկայով ժողովրդի «կենսագրության» համառոտագրումն է:
Պատանի ընթերցողին ծանոթացնել առասպելին՝ նշանակում է նրա մեջ արթնացնել սեպագիրը, նախամաշտոցյան հրապաշտամունք մշակույթը: «Վահագն Վիշապաքաղի արկածները» վեպի հիմքում հայոց վիշապասպան աստծո առասպելն է: Նա հայոց ուժի խորհրդանիշն է:
«Վահագն Վիշապաքաղի արկածները» և «Հայոց արևակենտրոն կնիքը» (այստեղ ևս առասպելի անդրադարձեր կան) վեպերը նպատակամղված են պատանի ընթերցողի հայրենասիրական դաստիարակությանը՝ հայրենաճանաչության, առասպելաճանաչության հիմքով:
Էդ. Միլիտոնյանը «Վահագն Վիշապաքաղի արկածները» վեպի հերոսին նաև ապամիֆականացնում է, միֆազերծում, որպեսզի հանդես բերի մարդկային կերպարով: Միֆազերծումը, սակայն, չի նշանակում ապահերոսացում: Նորժամանակյա միջոցներով առասպելը վերապատմելու նպատակը լիովին իրագործվում է:
«Հայոց արևակենտրոն կնիքը» (2008) վեպ-էսսեում հեղինակը նպատակադրում է բացահայտել հայոց պատմության և մշակույթի խորհրդանշանները: Խորհրդանշանների մեջ, ըստ հեղինակի, գերադաս է արևակենտրոն կնիքը՝ հավերժի, ուժի, հաղթական ոգու դրոշմը: Այս վեպում ևս վկայվում են առասպելի նշխարներ, որոնք մնացել են Աստծո ժամանակներից:
Առասպելի հետ մեկտեղ պատանի ընթերցողները տեղեկացվում են Հայաստանի հնագույն կոթողների՝ քարե աստղադիտարանների մասին («Վահագն Վիշապաքաղի արկածները», «Քթաշխարհի հերոս Արարը»):
Էսսեին բնորոշ է գրողի սուբյեկտիվ վերաբերմունքը, որը հնարավորություն է տալիս «մկրատել», վերաձևել պատմությունը, հայեցակետը նախադասել դեպքերից և իրադարձություններից: Այս վեպը ազգի պատմության և մշակույթի՝ պատանիներին հասցեագրված բաց դասագիրք է: Նրանում վարպետորեն իրացվում է ընթերցողին էթնիկական հատկանիշով ինքնաճանաչողության մղելու խնդիրը:
Մեր ժամանակի մանկապատանեկան արձակի նշանակալի էջեր են Էդ. Միլիտոնյանի պատմվածքներն ու պիեսները, հեքիաթ-վիպակները («Արքայադուստր Թարսինեն» ժողովածու, 2009 թ.): «Քթերի մրցույթ» պատմվածքն, անշուշտ, հիմք է հանդիսացել «Քթաշխարհի հերոս Արարը» վեպի համար:
«Արքայադուստր Թարսինեն» հեքիաթ-վիպակը կերպարակերտման նոր հնարքներով է հարուստ: Թեև հերոսուհին կամակոր գծերով է ներկայանում, սակայն իրականում նա ինքնավստահ է, ինքնուրույն, դեմ է ընդունված կեղծ սովորույթներին: Թարսինեն գործում է անկախ: Ընթերցողը համոզվում է, որ Թարս-ինեն իրականում Շիտակ-ինե է: Հեքիաթում իրականի տարրերը գերակշռում են: Հեքիաթայինը պայմանական դերակատարություն ունի. գերիշխողը պատմվածքի տարրերն են: Էդ. Միլիտոնյանը չի խուսափում ժանրերի փոխանցումներից՝ ձգտելով ասելիքի հնարավորությունների ընդլայնման, ստերեոտիպերի հաղթահարման, պատումի նորակազմության, որոնցով և աչքի է ընկնում նրա մանկապատանեկան արձակը:
«Արքայադուստր Թարսինեն» ժողովածուում զետեղվել է երկու պիես: Պիեսի ժանրը հեղինակին հնարավորություն է ընձեռել իրականության անդրադարձը ավելի խտացնել, ասելիքը բազմադարձել, թիրախը դիպուկ նշանառել:
Էդվարդ Միլիտոնյանի մանկապատանեկան արձակը, երկարամյա ընթացքով, ինքնուրույն դպրոցի դեմք է ստանում:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.