ՆՈՆԱ ՊՈՂՈՍՅԱՆԸ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԵՎ ՍԻՐՈ ՄԱՍԻՆ / Աելիտա ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆ

Հայ գրականությունը իր դարավոր պատմության մեջ հարուստ է բանաստեղծուհիների անուններով: Դեռ որքան անուններ մենք չգիտենք կին բանահյուսներից… Այսօր գրում են շատերը, ինչպես Ավետարանն է ասում. «Բազում են կանչվածները, բայց սակավ են ընտրյալները»:1 Նոնա Պողոսյանը ընտրվել է, որովհետև նրա անցած ուղին բոլորովին նման չէ ուրիշների անցած ճանապարհին: Նա զինվորական կոչում ունի, այն էլ բավականին բարձր, ՀՀ զինված ուժերի փոխգնդապետ է ու մասնագիտությամբ էլ՝ կիբեռնետիկ: Սակայն նրա մասնագիտական աճը տեղափոխվել է ուրիշ բնագավառներ. Մոսկվայում հմտացել է ռուսերենի ու գերմաներենի մեջ, հանգամանք, որը կարևոր է՝ ապահովելու գրողի աշխարհայացքի լայնացումը ուրիշ լեզուներով՝ այլ մշակույթներին մոտիկից ծանոթանալու համար: Նրա գրական լուրջ դրսևորումները լիովին կապվում են Հայաստանի նորանկախ հանրապետության և Արցախյան ազատամարտի ու ղարաբաղյան պրոբլեմի հետ, վերջինս որպես դամոկլյան սուր կախվել է հայ ժողովրդի գլխին՝ խանգարելով անկախ հանրապետության բնականոն առաջընթացը: Բանաստեղծուհին հրատարակել է 6 ժողովածու՝ «Ձյունե աղոթք» (1992), «Միջօրեի ոտնաձայներ» (2006), «Անսրբագիր ներկայություն» (2010), «Ապրելու կանխավարկած» (2014), «Ժամկետանց լռություն», «Պատերազմական տարածքներ» (2017): Վերջին երկու ժողովածուները լույս են տեսել մեկ գրքի մեջ, և հավանաբար ճաշակավոր գրականագետ Արմեն Ավանեսյանի խորհրդով, որը և ժողովածուների խմբագիրն է ու իր սեղմ խոսքում նկատում է. «Բանաստեղծությունն այն տարածքն է, որն անսահման ազատության հնարավորություններ է ընձեռում: Նոնա Պողոսյանի «Ժամկետանց լռություն» և «Պատերազմական տարածքներ» ժողովածուները ամփոփված են մեկ գրքում՝ սիամական երկվորյակների նման, և գրքի ընթերցանությունը դարձնում են անընդհատ պտույտ»:
Նոնա Պողոսյանը կին է, նաև զինվոր: Արդյոք Եղիշեի «Վասն Վարդանայ և հայոց պատերազմին» դյուցազներգության վերջերգ դարձած փափկասուն հայ տիկնանց ազգանվեր ոգին է նրա հոգեկան աշխարհում, թե հայ ֆիդայիների կողքին կանգնած Սոսե մայրիկի,- սա որոշակի որակ է նրա պոեզիայում: Նրա քնարերգությունը ներկայացնում է հայ կնոջ մարտական ոգին, երբ խնդիրը կապված է հայրենի հողի պաշտպանության հետ:
Իմ խորին համոզմամբ, եթե որևէ ազգի կանայք անձնվեր են հայրենիքի շահերի խնդրում, ապա այդ ազգն ունի հարատևելու երաշխիքներ: Երեխային՝ տղա թե աղջիկ, հիմնականում դաստիարակում է մայրը, իսկ եթե մայրը հայրենասեր է, ապա անհնար է, որ որդին ու դուստրը հայրենասեր չլինեն: Նոնա Պողոսյանի պոեզիան հայրենասեր կնոջ պոեզիա է:
Ես չգիտեմ, թե՞ ո՞վ է այն բանահյուսը, կի՞ն է, թե տղամարդ, և ո՞ր դարում է այս սքանչելի երգը ստեղծվել: Ակնհայտ է, որ՝ մեր ազգի քրիստոնեական ժամանակներում: Ժողովրդական սիրերգում պատկերավոր ու համակող ներկայացվում է սիրո վաղանցիկության պատճառած խոր վիշտը.
Ես սարեն կու գայի,//Դուն դուռը բացիր,//Ձեռըդ ծոցդ տարար,//Ա˜խ արիր, լացիր://Ես մի պինդ պաղ էի,//Դու մըրմուռ լացիր,//Քո հրեղեն արցունքով//Ինձի հալեցրիր://Ես մի չոր ծառ էի,//Դու գարնան արև,//Քո սիրով ծաղկեցավ//Իմ ճյուղն ու տերև://Թե ինձ չէիր առնի,//Ինչո՛ւ սիրեցիր.//Մի բուռ կըրակ եղար, //Սիրտըս էրեցիր:2
Նոնա Պողոսյանի սիրո քնարում էլ տեսնում ենք կիսատ մնացած սիրո պատմություններ, որոնք նման են «կիսատ թողած բանաստեղծության»:
Նոնան ունի բանաստեղծական գյուտեր, ինչպես, օրինակ՝ ծաղկող աղջիկը.
…Դու ինձ կփակես//Պաղ մի օր աշնան՝//Խոստովանելով,//Որ այս աշխարհում//Իմ մեջ ես թերթել//Ծաղկող աղջկան:3
Սիրո կորստի ցավն այնքան խորն է, որ այն մշտապես ուղեկցում է մարդուն.
Ցավս մի կաղ, անտեր շուն//Փռվել է իմ դռան դեմ,//Ես նրանից հարազատ//Ուրիշ մեկին չգիտեմ (էջ 19):
Մարդն ունի անհամար թանկ գաղտնիքներ և վախենում է դրանք հայտնել ուրիշներին, սակայն բանաստեղծուհին իր սիրո սրբազան գաղտնիքները դատարկում է մարդկանց առաջ՝ յուրօրինակ ձևով նրանց հարստացնելու համար: Նրա կարծիքով, որքան էլ դժվար լինեն մարդու համար կյանքի հարվածները, նա մարդկանց պարտավոր է լույսը տալ, ոչ թե մութն ու խավարը.
Ես ամեն առավոտ//Խղճին եմ նետում//Մթան շորերն իմ…//…Որ մարդիկ ինձ հիշեն//Զգեստով լույսի… (էջ 27):
Տարվա եղանակներից ձմեռը դարձել է բանաստեղծուհու հույզերի արտահայտման հարմար միջոց:
Քուչակյան հայրեններից մեկում կա այն ճշմարիտ միտքը, թե իսկական սերը մարդուն ջերմացնում է և՛ հոգեպես, և՛ ֆիզիկապես: Երբ սերը հեռանում է մարդուց, ապա կարող է ձմռան քուրք հագնել, նստել այրվող թոնրի կողքին, սակայն մրսել: Այսօրինակ մտքեր կան նաև Նոնա Պողոսյանի բանաստեղծություններում՝ բնականաբար յուրօրինակ պատկերներով:
Կյանքում շատ հաճախ մարդը չի կարողանում խոստովանել նրան, ում իսկապես սիրել է: Սա էլ կյանքի գեղեցիկ առեղծվածներից մեկն է, որ գեղեցիկ բանաստեղծական մարմնավորում է ստացել Նոնայի գրչի տակ.
Ձեր հետգրության մեջ մի օր, ես գիտեմ,//Դուք կավելացնեք ուշացած մի բառ,//Ու բոլորից թաքուն, աննկատ մի տեղ//Կխոստովանեք,//Որ սիրել եք ինձ, որ շա˜տ եք սիրել… (էջ 43):
Հայտնի է, որ տղամարդկանց մի տեսակ կա, որ երբեմն թվացյալ սիրառատ է ու սեր է խոստովանում շատ աղջիկների՝ իրականում ոչ մեկին էլ չսիրելով: Այս երևույթը Նոնայի բանաստեղծական աշխարհում տարբեր ձևով է դրսևորվել: Բանաստեղծուհին խնդրում է, որ այնքան աղջիկների երկնքից աստղեր ցած բերողը իրեն նման խոստումներ չտա.
Իմ երկնքից առաջ//Քանիսի՜ց էիր// աստղեր ցած բերել…//Աղաչում եմ քեզ// Իմ երկնքին մոտ//Էլ չդեգերես… (էջ 103):
Հրաշալի բանաստեղծություն է տատիկին նվիրվածը: Բոլոր սիրառատ տատիկներն անսահման սիրում են իրենց թոռներին ու ծոռներին, ու երբ նրանք գնում են անդրաշխարհ, թոռնիկների սրտում մնում է տատիկների անանց կարոտը.
Ձմեռ, եկել ես դեմքով իմ տատի,//Փաթիլամորմոք, տխուր, ալեհեր…//…Ու ես կանգնել եմ ափին կարոտի (էջ 114):
«Ժամկետանց լռություն» ժողովածուում տեղ է գտել «Դեկտեմբերի 7» սրտակեղեք բանաստեղծությունը՝ ի հիշատակ Սպիտակի ավերիչ երկրաշարժի:
Նոնա Պողոսյանը գիտի, եթե անգամ հավատացյալ ես և քրիստոնեական կրոնի պատվիրանները չես խախտել, միևնույն է՝ քեզ համար քաղցրը իրական կյանքն է և ոչ թե խոստացված անդրաշխարհային դրախտը.
Իմ լայն բացված թևերը//Դրախտի դռան դեմ//Վարանեցին մի պահ…//Իմ թևերի վրա//Դեռ փետուրներ կային,//Որոնք չէին շոյել//Երկնքի կուրծքը թաց… (էջ 129):
Անսահման սիրելով իրական կյանքը, հայրենիքը, բնականաբար, բանաստեղծուհին ատում է պատերազմը, որն ինքը տեսել է մոտիկից:
Պատերազմի դատապարտմանն ու Արցախի խնդրին է նվիրված «Պատերազմապատ տարածքներ» ժողովածուն:
Նա գրել է Արցախի՝ ապրիլյան 4 օր տևած պաշտպանական պատերազմի մասին «Քառօրյա կանչ» փոքրիկ պոեմը: Դա յուրօրինակ ցավի ճիչ է, երիտասարդ տղաների հիշատակի սրբացում, ջահել մարտիկներ, որոնք կանգնեցին Ավարայրի հերոսամարտի նահատակների կողքին ու հավերժորեն ապրելու են հայ ժողովրդի պատմական հիշողության մեջ:
Այս ժողովածուի բոլոր բանաստեղծություններում Նոնա Պողոսյանը սպարտացի մոր նման շարունակ փառաբանում է գիտակցված մահը: Գիտակցված մահվան գաղափարը գալիս է շատ վաղ ժամանակներից: Դրա մասին խոսել է դեռ Հերմես Եռամեծը: Միջնադարյան հայ մատենագրության մեջ նրանից են նույն միտքը քաղել և՛ Եղիշեն, և՛ Գրիգոր Նարեկացին: Եղիշեն գրում է. «Ինչպես որ հնում մեկն ասել է՝ չհասկացված մահը մահ է, հասկացված մահը՝ անմահություն»:4
Գրիգոր Նարեկացին, ձայնակցելով նախորդներին, ասում է.
Ինչպես այլազգի մի իմաստասեր//Մահն համարում է մեծագույն չարիք,//Եթե իսկապես իմաստավորված, գիտակցված չէ այն,//Ես էլ իմ խոսքով նույնն եմ հաստատում:5
Ռազմական փորձագետի նման, Ն. Պողոսյանը նկարագրում է Արցախի օրինական տերերի տագնապները, բացատրում՝ ինչ ողբերգություններով է լի հարաբերական անդորրը, որից անգամ կսարսափեր հարաբերականության տեսության հիմնադիր Էյնշտեյնը: Պայթունավտանգ է նաև չեզոք գոտի կոչվածը: Արցախյան պատերազմն այրել է աղավնիների՝ խաղաղության խորհրդանիշերի փետուրները.
Արկերն են թերթում հիշողությունս.//Ես մոռացել եմ երանությունը աղավնիների…//Խանձված փետուրներ են լցվել իմ բույնը.//Ես՝ որդոց որդի շալակած տանում եմ//Շյուղերը բախտիս:6
Զինվորների ապրումները, նրանց հարազատների տագնապները, մահվան վտանգը, ազերի թշնամու խարդավանքները, արցախահայության և հանուր հայության խիզախ ոգին տարբեր բովանդակային դրսևորումներով հասնում է ընթերցողին:
Ի՞նչ է պատերազմի դաշտում խրամատը.
Խրամատներում երջանկությունը// Հայրենիքի գույնն ունի,//Կարոտը՝ սպասող մոր, // Սպասումը՝ սիրած աղջիկ… (էջ 53):
Հրաշալի բանաստեղծություն է «Երկիր Նաիրին»: Սա Ե. Չարենցի և Վ. Տերյանի երկիր Նաիրին է, որի տառապանքը բանաստեղծուհին ձևակերպում է իրատեսորեն դաժան.
Երբ երազանքը դարձավ աներկիր (էջ 61):
Նոնա Պողոսյանը իր ստեղծագործական ծաղկուն շրջանում է և ասելիք ունի: Սպասենք նրա բանաստեղծական նոր դրսևորումներին պարբերական մամուլում և առանձին գրքերով:

————
1. Մատթեոս Ի, 16:
2. «Հազար ու մի խաղ», Ժողովրդական երգարան, խմբագրեցին՝ Կոմիտաս և Մ.Աբեղյան, Երևան, 1969, էջ 33:
3. Ն.Պողոսյան, Ժամկետանց լռություն, Երևան, 2017, էջ 17: Այսուհետև այս գրքից մեջբերման էջերը կնշվեն վերևում (Ա.Դ.):
4. Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին, Թարգմանությունը և ծանոթագրությունները Ե.Տեր-Մինասյանի, Երևան, 1989, էջ 29:
5. Գրիգոր Նարեկացի, Մատյան ողբերգության, Տաղեր, Թարգմանությունը՝ Վազգեն Գևորգյանի, Երևան, 1989, էջ 330:
6. Նոնա Պողոսյան, Պատերազմապատ տարածքներ, Երևան, 2017, էջ 41: Այսուհետև այս ժողովածուից մեջբերված էջերը կդրվեն վերևում (Ա.Դ.):

Մեկ մեկնաբանություն

  1. Pingback: Ինքնակրթության օրագիր 01.02.2019 | Մայրամուտից առաջ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.