ՉԱՐԵՆՑԸ՝ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿՈՒՄ ԽՄԲԱԳՐՎԱԾ

Դեկտեմբերի 5-ին Եղիշե Չարենցի տուն-թանգարանում տեղի ունեցավ հանդիպում ՀԳՄ նախագահ, բանաստեղծ Էդվարդ Միլիտոնյանի հետ:
Հանդիպման առիթը «Գրական թերթում» տպագրված «Չարենցի վերջին աշունը» բանաստեղծական շարքն էր:
Գրականագետ Նորայր Ղազարյանը փաստեց, որ Էդ. Միլիտոնյանը բազմաթիվ ժողովածուներում պարբերաբար անդրադարձել է Չարենցին, նրա կերպարին: «Ֆիզիկական մահի տանջալի զգացողությունը, որ կա Չարենցի մեջ, կա նաև այս շարքում, բայց որոշակի գաղտնի, հանդարտ հայացքի տակ սքողված, որովհետև Միլիտոնյանը վերցնում է մտքի գերագույն կշիռը և ոչ թե զգացմունքների խառնարանային այդ ելևէջումները: Այստեղ 37-ականների տառապանքների, բամբասանքների, մատնությունների մահագրերից դուրս պրծած Չարենցն է՝ արդեն տիեզերական ժամանակում խմբագրված»,- ասաց Ն. Ղազարյանը:
Ըստ բանաստեղծ Հակոբ Հարությունի՝ «Չարենցի վերջին աշունը» այսօրվա համար գրված շարք է, որով Էդ. Միլիտոնյանը զրուցում է Չարենցի հետ: Ընդգծելով, որ յուրաքանչյուր բանաստեղծությունից հետո գրված մեկնաբանությունները սյուժեին նոր երանգ են տալիս, Հ. Հարությունը նկատեց, որ ամեն մի բանաստեղծություն մեկնաբանությամբ դառնում է մանրապատում:
«Այս նույնականացումը ամբողջացնում է բանաստեղծին տարբեր ժամանակների մեջ»,- ասաց Շ. Մկրտչյանը՝ վստահեցնելով, որ Չարենցին, Չարենցի մթնոլորտին և ժամանակին նվիրված Միլիտոնյանի այս շարքը երկու զուգահեռ ժամանակների հարաբերություն է:
Շնորհակալական խոսքով ելույթ ունեցավ Էդվարդ Միլիտոնյանը: Հանդիպման ընթացքում Վ. Զատիկյանի և Ե. Չարենցի անվան դպրոցների աշակերտներն ընթերցեցին Էդվարդ Միլիտոնյանի բանաստեղծություններից: Հանդիպումը վարում էր Չարենցի թոռնուհին՝ Գոհար Չարենցը:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.