ՆՈՐՕՐՅԱ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՄԵԾ ԻՄԱՍՏՈՒՆԻ ՀԵՏ

Դեկտեմբերի 4-ին ՀԳՄ Կլոր սրահում ՀԳՄ թարգմանական բաժանմունքի նախաձեռնությամբ տեղի ունեցավ պարսիկ մեծ բանաստեղծ Օմար Խայամի՝ բանաստեղծ, թարգմանիչ Լևոն Բլբուլյանի թարգմանությամբ (տողացիները՝ Էմմա Բեգիջանյանի) տպագրված «Քառյակներ» գրքի շնորհանդեսը:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, տեղեկացնելով, որ աշխարհահռչակ Խայամի քառյակները ընթերցողի սեղանին են դրվել նոր թարգմանությամբ, առավել ամբողջական ու հրատարակչական պատշաճ մակարդակով, նշեց. «Այն առնչությունները, խաչաձևումները, որ հատուկ են գրականությանը, դարեր շարունակ իրականացվել ու իրականացվում են նաև Խայամի մասնակցությամբ՝ կեցութան բազմակողմանի դիտարկումներով, մասնավորի ու ընդհանուրի բաղդատումներով»:
Գրականագետ Պետրոս Դեմիրճյանը, անդրադառնալով նորընծա ժողովածուին՝ գրքի առավելությունը համարեց այն, որ Լ. Բլբուլյանն իր թարգմանություններն ընդգրկել է վեց առանձին բաժիններում, ինչը օգնում է գիրքը ճիշտ ընկալելուն:
Գրականագետ Ազատ Եղիազարյանի կարծիքով՝ եթե թարգմանված բանաստեղծությունը հայերեն լավ է հնչում, հեշտ է ընթերցվում, ուրեմն այն արդեն հաջողված է, եթե անգամ բնագրի հետ մանրամասն համեմատելիս որոշ շեղումներ հայտնաբերվեն: Եվ ուրախալի է, որ Խայամի նոր թարգմանություններն հենց այդպիսին են:
Բանաստեղծ, հրապարակախոս Ռուզան Ասատրյանը առանձին տողերի, որոշ քառյակների մեջբերումներով հավաստեց, թե որքան այժմեական և ուսանելի են Խայամի շատ քառյակներ:
Բանաստեղծ, թարգմանիչ Հակոբ Մովսեսը իր խոսքում նշեց. «Խայամի բանաստեղծություններն առաջին հերթին իմաստակիր են, և եթե թարգմանիչը գեղագիտական, գեղարվեստական խաղերով գլխավորը որսալ չկարողանա, ոչինչ չի ստացվի: Ես ինձ իրավունք եմ տալիս ասելու, որ Լևոնի թարգմանությունները շատ դիպուկ են, հստակ ու ճշգրիտ»:
«Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր, գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանի հավաստմամբ՝ թարգմանությունը կատարվել է բնագրի որակյալ տողացիներից, իսկ Լևոն Բլբուլյանն այն բանաստեղծներից է, որ խորապես տիրապետում է դասական տաղաչափության «հմայքներին, քմայքներին», բոլոր կանոններին ու նաև անձամբ քառյակներ գրելու փորձ ունի:
«Իմ կարծիքով, հատկապես պոեզիայի թարգմանիչը «քանդում է» հեղինակին, նրա տվյալ ստեղծագործությունը ու այն իր միջով անցկացնելով՝ նորովի վերադարձնում է ընթերցողին»,- ասաց Անուշ Վարդանյանն ու հավելեց, որ հանձին Լևոն Բլբուլյանի՝ Խայամը գտել է իր արժանավոր թարգմանչին:
Ելույթ ունեցան նաև թարգմանիչ Էմմա Բեգիջանյանը, բանաստեղծ, թարգմանիչ Շանթ Մկրտչյանը, ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան մշակույթի կենտրոնի խորհրդական Սեյեգ Մոհամմադ Ռեզա Հեյդարին, գրականագետ Սաթենիկ Ավետիսյանը:
Շնորհակալական խոսքով ելույթ ունեցավ Լևոն Բլբուլյանը: Օմար Խայամի քառյակներից ներկայացրեց Գայանե Սամվելյանը:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.