ՎԱՐԱՆԴ

«Մելանգրի մոդէլներ» շարքից
ԱՐՑՈՒՆՔ ՍԻՐՈՅ…
Կանաչ աչերով դուստր էր հարուստի,
Իսկ ես չքաւոր նկարիչ էի,
Աչերի գոյնը շող էր զմրուխտի,
Ու առիթ եղաւ, որ վրձնէի՝
Դէմքը, վարսերը,
բաց վիզը նրա,
Որ լոյս արձակեց ձեռներիս վրայ…

6 պահից յետոյ, պահին 7-րդ,
Ասացի՝ գործը պատրաստ է, օրիորդ,
Կարող էք վերցնել
Ու գնալ արդէն,
Միթէ որ ուզէք պորտրէ մի տարբեր:

…Չուզեց հեռանալ, ու կէս ժամ յետոյ,
Արդէն արցունք կար թարթիչի ներքոյ.
Շշնջաց՝ սէրս դուք էք, նկարիչ…

Ստիպւած շշնջացի՝
Սէր ունեմ ուրիշ…:
………………………………………
………………………………………
Յանկարծ փլւեցին կոպերը հարուստ,
Աչերը դարձան
Ճերմակ ու դատարկ,
Ուսիս կաթեցին փշրանքներ զմրուխտ,
Ես հարստացայ արտասուքով թա՜նկ:

ՄԻ ՆՈՐ ԱՂՋԻԿ Է ՔԱՅԼՈՒՄ
Իտալական քաղաքում
Արդ մի աղջիկ է քայլում.
Նրա խոնաւ սեւ աչքում
Միջերկրականն է փայլում…

Նրա շողուն հասակում
Հին մի երգ է նորոգւում,
Որ սրտեր է կրակում՝
Ջահելութեան պուրակում:

Նրա հերքին երգն այդ
Ասես խունկ է ջերմ վանքում,
Որպէս սկիհ ու գաւաթ
Գինեգոյն է՝ շրթունքում…

Չէ՞ որ սէրն է ամէն բան,
Նոյնիսկ… աղօթքն է կեանքում.
Գիշերային պողոտան
Ցոլցլում է՝ կօշիկում:

Իսկ վարսերից դէպի մայթ
Արծաթ ցօղն է կաթկթում,
Ասես երազն իմ բարդ
Բիւրեղանում է՝ զարթնում:

Գալիքների պաստառին
Նկարւում է երգս՝ պարզ,
Որին խլեց քսան տարին,
Վերադարձրեց իբր նոր հա՜րս…

…Ու բացե՛ց մի առեղծուած,
Աստղն անցնում է, բայց փայլում,
Երբ Հռոմի մայթին թաց
Այդ նոր աղջիկն է քայլում…

ՍԿԻԶԲ ԵՒ ԱՒԱՐՏ
…Ամէն անգամ նկար տալուդ
Կամ էլ նամակ՝
Մի երկտող –
Դնում էի ուսապարկս,
Իսկ դա գցում աջ ուսիս.
Յուզումներիս բեռը շա՜տ էր,
Իսկ ձախ կողմում սիրտս մի բուռ,
Չէր դիմանում աւելեալին՝
Ուրախ լինէր թէ տխուր…

Ամէն անգամ ծաղիկ տալիս
Կամ թէկուզ մանր մատանի,
Խնդրում էի՝ պահես ձախին,
Որ քո սրտի՜ն
Մօտ լինի…
……………………………………
……………………………………
…Այդպէս, ինչ որ տւեցիր դու,
Եկաւ գնաց՝ աջ ուսիս.
Ինձնից ամէն փոքր ընծայում
Իջաւ սրտիդ, սիրելի՜ս:

***
Մենք խաղացինք մեր դերն ուղի՜ղ -.
Սէրը՝ միւռոն ու գինի՜,
Բայց չստացւեց վերջում ոչինչ,
Զի կեանքն էլ
Յաճախ անխիղճ,
Խաղում բախտի
Ի՛ր օրէնքներն ունի…

ԿԱՐՄՐԱԲՈՐԲՈՔ ԿՐԱԿՆԵՐ
…Հիմի արդէն դու դարձել ես
Լոկ մի երա՜զ հեռաւոր,
Լոկ վառելով
Աւերեցիր այգիները անուրջի,
Մրգերը, որ նռներ էին,
Զուտ արնագոյն հիւթերով,
Բուրումնաւոր, քիչ թունաւոր, իբր ալ
վարդերը փնջի…

Հիմա արդէն միանում ենք՝
Հրդեհը, ես, շունչը քո,
Վայրկեան չկայ տատանւելու,
Հիացում է, արբեցում.
Չկայ նոյնիսկ պահը, որում
Իջնում է մո՜ւթ երեկոյ.
Երակները բորբ իրիկւայ
Քամւում են մուգ մի բոցում:

Աչք թարթեցի՞, ո՛չ, մնացի՜
Աչքս գամւած հալոցքին-
Նուռ լանջերիդ,
Հուր այտերիդ,
Աչքիդ: Սուր
Նայւածքին քո, որ կայծւելով
Փոխարկւում էր շւաքի,
Որով միշտ էլ անհնար էր
մօտենալ քո
Կրծքին հո՛ւր…
Յաւերժի մէջ
Ի՜նչ դժւար է գտնել մի քիչ ժամանակ՝
Երազելու այն ամէնը, որ եղել է…
Ո՛չ, ո՛չ… կա՜յ՝
Միացում, յոյս, մերժում, երդում
կամ հրաժեշտ
խստիւ թա՜նկ.
Իրականում այս բոլորը թէ՛ յաւէտ է,
թէ՛ վայրկեան:
………………………………………….
………………………………………….
Կի՛ն, դու ես, որ գոյն դրեցիր
այս անուրջին
Կոչւող՝ կեա՜նք…

ԿՐԿԻՆ ԵԿԱՐ
(Ռոմանս-երգ)
Կրկին եկար, որ մեր կեանքը
Ուրի՜շ, ուրի՜շ գոյն ունենայ՝
Գարունքանայ, գեղեցկանայ.
Խինդ, ցնծութիւն… յաւերժանա՜յ…
Ծաղիկները նոր թարմանան,
Ճրագները դառնան վառման:

Կրկին եկար՝ չհեռանա՛ս,
Երդումը մեր չմոռանա՛ս.
Յիշիր, երբ դեռ ջահէլ էինք,
Իբրեւ աստղով լեցուն երկինք՝ ծորում էին
Երազները՝ փաթի՜լ-փաթի՜լ,
շշուկները՝ կաթի՜լ-կաթի՜լ…

Եկար կրկին՝ իբրեւ ոգի,
Որ հագել է լուսէ մարմին,
Սակայն մէգը քո աչքերի
Նուրբ անձրեւ է
Մութ գիշերի
Երազանքի լուրթ մայթերին,
Ուր մոլոր է թափառ հոգիս,
Իբր աքսորի ճամբին՝ գերի…

Կրկին եկար՝ յաւերժանանք,
Երջանկութեան արժանանանք,
Կեանքի գոյնը է՛լ հասկանանք,
Չհեռանա՜նք… չհեռանա՜նք…
՝
ՏԱՂ ՏՂԱՅԱԿԱՆ
Մտել եմ մի Վենետիկեան ստրադա,
Պատշգամբներ են՝ իտալական վերանդա,
Եզրերից կախ՝ վարդ-լելակներ, ակացիա,
Իսկ դու ո՞ւր ես, երազային Ամանդա:
Մազս էլ սեւ չի, սակայն սիրտս դեռ ջահել,
Քեզ է փնտրել նաւակներում տարինե՜ր,
Ե՛կ, գտնւի՛ր, քայլենք այս նեղ մայթն ի վեր,
«Բար» մի մտնենք, լսենք երգեր՝ էստրադա…
Գաւաթ ձեռքիս երգ եմ ասել քեզ համար,
Քո վարսերին, քո հասակին խիստ յարմար,
Ե՛կ, կը գտնենք մի հեշտ լեզու, բառ առ բառ՝
Աչքի՛ լեզուն, որ ինքըն է պոէզիա՜…
…Արի մտնենք նկարչական ստուդիա,
Դէմքդ անեմ հազա՜ր պորտրէ, կոլեկցիա –
Մե՛րթ ծիծաղկոտ, մե՛րթ թախծալից էլեգիա՜,
Դու ինձ կը տաս արարելո՛ւ էներգիա –
Անակնկալ ունեմ նաեւ՝ այլ իդէա,
Թո՛ղ որ հիմա այլ բաներ են կարգ, մոդա.
Բոհեմիա կայ, կայ եւ Գիթար, Լիրիկա,
Է՜, նայի՛ր, տես՝ LUNA, LUNA, լուսընկա՜յ…
……………………………………………
……………………………………………
Անուրջիս մէջ մտել եմ մի ստրադա,
Դո՛ւ ո՞ւր ես, իմ երազային Ամանդա.
Յայտնւիր այս պատշգամբին՝ վերանդա,
Վարում ե՛ս եմ, գինով պոէտ՝ Վարանդա…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.