ՍԵՐԺ ԱՌԱՔԵԼՅԱՆ

ՀԳՄ վարչությունը
շնորհավորում է բանաստեղծ
ՍԵՐԺ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ
ծննդյան 70-ամյակի առթիվ

«Գրական թերթը» միանում է շնորհավորանքին
ՀՈՒՇԸ
Պահիր հուշը թանկ,
Այնտեղ օրերիդ լույսն է թրթռում՝
Անթեղված սրտիդ բաբախյուններով:
Դու այդ լույսերի կայծկլտումներից
Խարույկներ վառիր,
Եթե ինչ-որ տեղ նվաղեն ցրտից
Երակները քո:
Պահիր հուշը թանկ.-
Նրա խորքերում
Ձայներն են ապրում կորած օրերիդ,
Հիշատակներիդ
բույրերն են ապրում:
Դու վերապրումի թրթռումներով
Զգույշ ընկղմվիր խորքերը նրանց
Ու դեմքը շոյիր քո ջինջ մանկության՝
Արցունքիդ լույսով:
Պահիր հուշը թանկ,
Ինչպես պահում են լուսանկարը
Կորցրած զավակի՜…

ԱՐԵԳԱԿ
Քո շքեղ արարվող լույսերից
Հալվում են լուռ՝ աստղերը ցրիվ.-
Ծնվում ես դու նորից, և ահա
Սուզվում եմ ես աշխարհն իմ լրիվ:

Սուզվում եմ ես աշխարհն այդ զուլալ,
Սահում եմ կամարով իմ լուսե.
Ես այդպես հունցվում եմ կապույտով,
Ձուլվում եմ շողերիդ փիրուզե:

Ես այդպես հունցվում եմ կապույտով,
Ներծծվում երակը բարության,
Ես քեզ հետ նեկտարվում դաշտերում,
Բացում եմ գաղտնիքը հարության:

Շոյում եմ նշխարը քո շողուն,
Որ ազնիվ ապրել է մեզ հուշում.
Ի՜նչ զորեղ հոգի է քեզ տրված,
Աշխարհի ցավերն ես դու բուժում:

Ծնվում ես, և երկիրն այս չքնաղ
Մանկության գույներով է բուրում,
Եվ նորից քո կապույտ կամարով
Լույսի ալ նժույգներն են սուրում:

ՋՐՎԵԺ
Ջրվե՛ժ,
Կրակներիդ բոցին խառնիր
Դու ինձ,
Քարափներից կախված
Ծիածանի լույսին.-
Ես ուզում եմ այրվել
Քարերի մեջ զմրուխտ,
Քարերի մեջ բացվել՝
Որպես ծաղիկ հույսի:
Ես ուզում եմ օծվել
Խշշոցիդ կապույտով,
Ես ուզում եմ հյուսվել
Քո արծաթե լարին,
Մկրտվել աստղերիդ
Մաքուր ցողերի մեջ,
Որպես կանաչ կարոտ
Քամվել շուրթից քարի:
Քամվել ու կաթկթել նորից
Քարերին մերկ.-
Թող քարերը լցվեն
Կյանքով աշխարհային:
Մամուռներին ցողվել
Աղբյուրներով բուրող,
Հետո թող ինձ ըմպի
Օրը աշնանային:

ՁՅՈՒՆ
Դու վերի՜ն շնորհ,
Իջիր մեղմորեն
Ու թափիր այդպես
Աստղերդ մաքուր
Իմ բաց ափերին.-
Ուզում եմ խմել
Հեռու անհայտի ոլորտից եկող
Շշուկը լույսի
Ու համը զգալ,
Համը երկնքի:
Ձեռքերս հողոտ,
Հողոտ ոտքերս թող երկինք շնչեն,
Ու թող վերստին տառապեն նրանք
Կապույտի ցավով:
Թափիր աստղերդ իմ բաց ափերին,
Ես իմ տաք շնչով կշոյեմ նրանց՝
Որպես տքնանքով որոնած ծաղկի
Թերթերը ճերմակ:
Ես նրանց կապույտ բռնկումների
Շողին կխառնեմ
Իմ երազների կանաչը զմրուխտ,
Կդառնամ այդպես
Հող ու երկնքի առնչությունը
Լեռներում այրվող:
Դու՝ ծարա՜վ վերին,
Մաղիր լույսը քո,
Հրաշքդ փռիր դու շռայլորեն.-
Ճամփեքն ուզում են քեզանով ծաղկել,
Քարերն ուզում են գույներդ հագնել
Ու դառնալ փխրուն:
Իսկ իմ ափե՜րը…
Ես ափերն իմ բաց
Կտանեմ այսպես լեռների միջով,
Կտանեմ, խառնեմ աշխարհի խղճին
Մաքրությունդ մեծ:

ԿՄՆԱՄ
Կմնամ այստեղ,
Այս ոսկե հովտում,
Կմնամ, մինչև
Արշալույսը գա.-
Ուզում եմ նրա
Կրակով օծվել,
Ուզում եմ, որ նա
Դեմքի՜ս զրնգա:

Կմնամ այստեղ՝
Իմ մանկության հետ,
Երկինքը թող իր
Քնքշանքը թափի,
Ճերմակ բոցերով
Նժույգն իմ աշխետ
Թող լազուրների
Անհունը չափի:

Ոչ ոք չի խառնի
Երազն իմ ծաղկած,
Ոչ ոք չի դավի
Իմ կարոտներին.-
Կմնամ այսպես՝
Խոտերին պառկած,
Ես՝ մաքուր խիղճը
Առավոտների:

Ես կփաթաթվեմ
Թավիշով խոտի՝
Իմ կրծքին սեղմած
Ծաղիկը հույսի:
Ես ծունկի իջած
Կխմեմ լռին
Կապույտ աչքերը
Ջինջ արշալույսի:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.