ԶԱՎԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Զավեն Ավետիսյան
ՀԳՄ վարչությունը
շնորհավորում է գրականագետ
ԶԱՎԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ
ծննդյան 85-ամյակի առթիվ

«Գրական թերթը» միանում է շնորհավորանքին
ԳՐԱԿԱՆԱԳԵՏԸ
Կարծես ծնվել է գրականագետի շապիկով և նախապես կրել իր կոչումը, որ պիտի դառնար ճակատագիր: Իմ խոսքը Զավեն Ավետիսյանի մասին է՝ հայտնի անուն և հիրավի տաղանդավոր գործիչ գրականագիտության էլիտայում: Հետազոտական իր տեսադաշտում ամբողջ հայ գրականությունն է և դրույթների լուծմունքը ժամանակները միացնող հանգույցներում: Դա գիտության այն աստիճանն է, ուր գործում է պատմության ու տեսության բարձր համադրությունը: Այս համադրության մեջ են դիտելի «Թումանյանի ստեղծագործական լաբորատորիան», «Մարդը Ե դարի գրականության մեջ», «Հայ պատմավեպի պոետիկան», «Նորագույն գրականության զարգացման միտումները», «Հնի և նորի զուգահեռներում», «Գրական ստեղծագործության հոգեբանություն» և տասնյակից ավելի տեքստաբանական, մանկավարժական ու մեթոդաբանական բնույթի ուսումնասիրություններ:
Զավեն Ավետիսյանը ակադեմիական ոճի գրականագետ է: Նրա որոնող միտքը ներսույզ է երևույթից դեպի էություն, դեպի իրերի բնույթի ճանաչումը: Դրա վկայությունն է վերջերս լույս տեսած «Ե դարի պատմագրության տիպաբանությունը» աշխատությունը, ուր հետազոտողի մտքի թարմությունը ապացույց է, թե գիտությունը տարիք չի ճանաչում, ու տակավին հաճույք է պատճառում անհայտ հավասարումների լուծմունքը:
Սերգեյ ՍԱՐԻՆՅԱՆ
( «ԳԹ», 2013 թ.)

ԱՊՐԻ՛Ր ԿՅԱՆՔԴ ՀԱՃՈՒՅՔՈՎ

Նա կարողանում է գրական ստեղծագործության մեջ կարդալ տեքստը: Նա կարողանում է կարդալ ենթատեքստը: Նա կարողանում է կարդալ համատեքստը: Նա կարողանում է կարդալ ուրի՛շ մի տեքստ: Նա կարողանում է կարդալ ո՛չ տեքստը: Եվ նրա կարդացած տեքստում ոչինչ չի մնում չընթերցված: Իսկ գեղարվեստական տեքստի վերլուծությունը նրա մասնագիտությունն է` դժվարին ու երջանիկ, երկար տարիներ ձգվող: Եվ նրա համար տեքստում ոչինչ չի ավարտվում. ինչպես չի ավարտվում ոչինչ Հեմինգուեյի «Ինչ-որ բան ավարտվեց» պատմվածքում:
Զավեն Ավետիսյանի` փայլուն գրականագետի, գրականության պատմաբանի, գրականության տեսաբանի, գրաքննադատի ու անսովոր մարդու ութսունհինգամյակը հաճելի, բայց և փոքր-ինչ թախծոտ անսպասելիություն է:
Իսկ նա այսօր էլ, անդրադառնալով գեղարվեստական ստեղծագործությանը, թվում է՝ ոչ միայն զգում, այլև ապրում է այն իր խորիմաստ, նուրբ ու անպաճույճ վերլուծությամբ:
Նրա մենագրություններն ու հոդվածները գիտական խորաթափանցության ու երևակայության շնորհի երևույթներ են: Իսկ Զավեն Ավետիսյան անհատը` ոչ բարձր լսելի բարձրություն և համեստ հմայք, անսահման, անպարկեշտության աստիճանի հասնող ազնվություն և անկեղծություն, ու ոչինչ՝ կեղծ-սարքովի: Ինչ անում է գիտության մեջ, կյանքում, իր շրջապատում Զավեն Ավետիսյանը, պայմանավորված է նրա անհատականությամբ, որը զարմանալիորեն անհատական է:
Ի դեպ (և ոչ ի դեպ), նա նախկին զինվորական օդաչու է և գիտե` ինչ է կյանքը և ինչ է երկինքը: Նա եղել է վերևում ու գուցե այնտեղ է բացահայտել նվիրվածությունը մարդկանց ու գործի հանդեպ:
Բարձր կոչումները` բանասիրական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր, ստացել է այն ամենի համար, ինչ արել ու շարունակում է անել կյանքում: Նրա կողքին համակվում ես անասելի խաղաղությամբ ու հաճելի հարմարավետությամբ: Ու նրա կողքին գտնվողներիս համար շատ կարևոր է, որ ապրում ենք նույն ժամանակային տարածքում: Չէ՞ որ Զավենը նաև հրաշալի ընկեր է: Նրա հետ կարող ես կիսել և՛ լավ օրդ, և՛ դժվարին պահերդ, քանի որ նրան ի վերո՛ւստ է շնորհված անշիջանելի հուսալիությունը:
Ի՞նչ ցանկանամ իմ հավատարիմ ընկերոջն ու գործընկերոջը. գուցե միայն մեկ մաղթանք` ապրի՛ր կյանքդ հաճույքով:

Արամ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ՆԱՐԵԿԱՑՈՒ
ՄԱՏՅԱՆԻ ՄԱՍԻՆ
Զավեն ԱՎԵՏԻՍՅԱՆ

* Մատյանի անհաղթահարելիության կանխակալ զգացումն ինձ միշտ խանգարել է որևէ միտք ասել խորքային անսովոր հարստություն ունեցող այս բացառիկ ստեղծագործության մասին, բայց ամեն անգամ վերընթերցելիս եկել եմ այն համոզման, որ անհաղթահարելիության գաղտնիքը ոչ այնքան անսովորության, որքան անսպառելիության մեջ է: Դա է պատճառը, որ Մատյանի ցանկացած ընթերցում նեղացնում է վերջինիս համապարփակ սահմանները, միևնույն ժամանակ հարստացնում ընթերցողին:

* Հազար տարի է Մատյանը մարդկանց ընկալման դաշտում ապրել է երկու կյանքով` կրոնական և գեղարվեստական, որոնք պայմանավորված են հեղինակի գիտակցության շերտերի հակադրամիասնությամբ. «Երկու զգացում միևնույն սրտում»:
Կրոնական ապրումը կարող է վերաճել նրբագեղ բանաստեղծության, եթե այդ ապրումի կրողը գերզգայուն մտածող է, ինչը նրան հնարավորություն է տալիս տեսնել ոչ միայն այս հակամետ երևույթների սահմանները, այլև միավորել դրանք:

* Աշխարհի բոլոր մեծերի հանճարը երկրային սկիզբ ունի, Նարեկացունը` երկնային, թեև նա չի շրջանցում քրիստոնեական տիեզերքի երկու հարկերի կապը. «Երկրից դեպի երկինք առաքում եմ քեզ», «Տեր, պահապան մշտապես` վեր բարձրանալու, իջնելու երկրին»: Այս ուղղահայաց կապի ըմբռնումը քրիստոնեական հավատի հիմքերի հիմքն է. մարդը վերև է նայում կողմնորոշվելու, Աստված ներքև` կողմնորոշելու:

* Մատյանը, չափազանց տարածված լինելով, մինչև այսօր ապրել է իր «մասնավոր» կյանքով, հայտնվել ինտելեկտուալ շրջափակման մեջ, քանզի դուրս էր եկել իր ժամանակների ժամանակից: Միջնադարում Նարեկացուն շրջապատող միջավայրը պատրաստ չէր հասկանալու այդ ստեղծագործության բուն էությունը, որովհետև նրանում նոր տեսք էին ստացել Աստված, կրոն, մարդ, եկեղեցի, կյանք, մահ, բարոյականություն արժեքները, դրա համար էլ այն հայտնվել էր կրոնական ինստիտուտների ընդդիմության ոլորտում: Հիշենք մեզ հասած ավանդապատումները:

* Ի տարբերություն Մատյանի միջնադարյան լուծմունքների, ժամանակակիցներիս մեկնություններում իսպառ բացակայում է Սուրբ Երրորդության խորհուրդը (երկու ծայրահեղություն), որ Նարեկացու մտածողության շարժիչ և կարգավորիչ ուժն է. «Անսպառորեն մնում է համայն ամեն ինչի մեջ, ամբողջության ամեն մի մասում` էությամբ երկնում, իսկությամբ երկրում»: Միջնադարյան մեկնության մեջ երկնայինն է, նոր ժամանակներում` երկրայինը: Մինչդեռ Նարեկացին միասնության էր բերել այս ծայրաբևեռները:

* Մատյանում Սուրբ Երրորդության պերսոնաժները տարածաժամանակային այլ սահմանների մեջ են` անժամանակյա, անպարագիծ: Նարեկացին սրանցից առանձնացնում է աստվածամարդ Որդուն` մտցնելով նրան մարդու ժամանակի մեջ, որպեսզի նրա հետ խոսի, հայտնի իր ցավերը: Հայրը և Սուրբ Հոգին մնում են իբրև «Սկզբնահայաց անհայտ ու գաղտնի, բայց դու չես մոռացված երբեք և ամբողջ հոգեշահ մեր ընթացքի մեջ առաջնորդվում ենք միայն քեզանով»: Հայրը մեզ հայտնում է իրեն Որդու միջոցով. «Եվ քեզ Սուրբ Հոգով` բարձրյալ Հորդ հետ»:

* Մատյանը բազմաձայն ստեղծագործություն է: Նրանում հեղինակային «ես»-ը միանշանակ չէ: Մատյանում մի քանի և տարադիրք «ես»-եր կան, որ բաց տեքստով դժվար է նկատել, ուստի՝ քնարական հերոս փնտրելը անիմաստ է: Ուսումնասիրողներից շատերը թյուրիմացաբար այս ստեղծագործության յուրահատուկ ժանրը շփոթում են պոեմի հետ` օգտագործելով «Մատյան ողբերգության» պոեմ» ձևակերպումը:

* Մատյանը բնույթով շատ ավելի ապաշխարանքային է, քան աղոթքային: Աղոթքը հոգեվիճակի պասիվ դրսևորում է, ապաշխարանքը` ակտիվ, մարտնչող: Այստեղ է, որ Մատյանը դուրս է գալիս միստիկական գրականության անձուկից` հաստատելով իր բացառիկությունը:

* Մարդու` վերուստ սահմանված բարոյական արժեքների խաթարման ողբերգական վերապրումն է ընկած Մատյանի բովանդակության հիմքում: Ողբերգական վիճակի գիտակցումը բարձր մարդուն միշտ մղում է երևույթի պատճառահետևանքային կապի բացահայտմանը, ուստի և չարի դեմ ընդվզելու որոշմանն ու իրագործմանը:

* Ո՞րն է Նարեկացու երկրային հոգսն ու ցավը, երևի սա. «Գնում ենք անդարձ ու չենք սթափվում», ավելին. «Ստորները բերկրում են զվարթ, մահ տարածողների շտեմարանը լցված է բերքով»: Նարեկացին դարերի խորքից հայտնվել է մեր կողքին:

* Մատյանում չքոտիներին (լվեր, որդեր, թրթուրներ) ուղղված այլաբանական խոր ենթատեքստ ունեցող մի դրվագ կա, որ հիշեցնում է Շեքսպիրի «Համլետում» ասված այս տողերը. «Թրթուրն ամենուր է` անհաս, ամենազոր, և բողբոջների մեջ քաղցկեղի նման ուտում է ամեն ինչ, ամեն շնչավոր ու անշունչ մարմին»: Որ ըստ Նարեկացու. «Անցել է մարդկային ամեն ճար ու հնարանք»: Աշխարհի ճշմարիտ մեծերը բոլոր ժամանակներում պայքարել են այս «ամենազոր» ոչնչությունների դեմ, քանզի յուրաքանչյուր ճշմարիտ մարդու կյանքի յուրաքանչյուր ակնթարթի մեջ զգացվում է սրանց ավերիչ ներկայությունը` անցյալի ու գալիքի մեջ ձգվող այդ կործանարար կամուրջը:

* Մատյանը հավերժական ստեղծագործություն է, այն ավարտ չունի, քանզի չի ավարտվում մարդուն հավերժորեն ուղեկցող ողբերգությունը:

ԲԱՆԱՍՏԵՂԾԱԿԱՆ ՀՈԳՈՎ ԳԻՏՆԱԿԱՆԸ

Զավեն Ավետիսյան գրականագետին, տեսաբան-վերլուծաբանին, ով ավելի քան կես դար պեղումներ է կատարում մեր գրական անսպառ անդաստանում՝ Խորենացուց մինչև Թումանյան, Չարենցից մինչև արդի երիտասարդներ, շատերն են ճանաչում: Բայց, թերևս, քչերը գիտեն, որ գիտնականը նրա մեջ ծնունդ է առել դեռ մանկուց՝ հոգու բանաստեղծական էությունից, ավելի որոշակի՝ «ջինջ ու անսահման կապույտ երկնքի» կարոտից: Այդ կարոտն է, որ մի օր նրան մղել է բարձրանալու իր ծննդավայր Խաշթառակ գյուղի դիմացի բլրի գագաթը՝ երկնքի «զարմանահրաշ կապույտը շոշափելու» երազանքով: Բայց որքան մոտեցել, այնքան հրաշքը հեռացել է նրանից, բազմելով «հեռավոր սարերի ուսերին»: Եվ… «այդ պահին,- ասում է,- ես հասկացա, որ հորիզոնի հետևից վազելն անիմաստ է: Սա իմ առաջին գիտական հայտնագործությունն էր»: Ու թեև անհասանելի, բայց երկնքի կարոտն էլ հենց նրան տարել է… ռազմաօդային ուժերի ուսումնարան: Հեռավոր Չեռնիգովի այդ հաստատությունը կյանքի իրական փորձությունների դասեր է տալիս ռոմանտիկ պատանուն՝ թռիչքի հրճվալից զգացողությունից մինչև աղետյալ ընկերների կորուստ, նշանավոր հեղինակությունների՝ Լևոն Օրբելու, Արտեմ Միկոյանի, հետագայում հայտնի տիեզերագնաց Գերման Տիտովի և այլոց հետ հանդիպումներից մինչև թռիչքի պահին հրաշքով մահից փրկվելու իրական տագնապ, ինչն էլ պատճառ է դառնում վերջնականապես կապերը խզելու ռազմական օդաչուի «բանաստեղծական» կարիերայի հետ և զորացրվելով՝ նվիրվելու գիտությանը:
Թերևս դա նախասահմանված ճակատագիր էր Զավեն Ավետիսյանի համար, իսկ ինչ վերաբերում է հայ գրականագիտությանը՝ բարեբախտություն, քանզի, հակառակ դեպքում, չէինք ունենա մեր բազմադարյա հարուստ գրականության պատմության ու տեսության հարցերին նվիրված մեկ տասնյակից ավելի նրա հետազոտությունները, նրա գործուն մասնակցությամբ հրատարակված հայ պոեզիայի հայերեն և օտարալեզու անթոլոգիաները, Հովհ. Թումանյանի, Դ. Դեմիրճյանի, Հովհ. Շիրազի երկերի բարեխիղճ կազմված ու ծանոթագրված հատորները, ավելի քան մեկուկես տասնամյակի ընթացքում նրա հեղինակած բուհական ու դպրոցական ձեռնարկներն ու դասագրքերը… Իսկ որպեսզի պարզ լինի, թե ո՞րն է այդ ամենի մեջ գրականագետ-հետազոտողի իր չափանիշը, հարցազրույցներից մեկում նշել է. «Տեսությունն ու գեղագիտությունը, նաև փիլիսոփայությունը այնպես պիտի ներծծված լինեն գեղարվեստական տեքստի մեջ, որ չերևան, բայց խորքից նպաստեն գրական խոսքի մակարդակի բարձրացմանը, գեղեցիկի հայտնաբերմանը, կյանքի բարդ ու հակասական երևույթների մեջ կողմնորոշվելուն և ընդհանրացմանը»:
Կարծում եմ, ավելացնելու բան չկա այս դավանանքին: Թերևս, շնորհավորելով Զավեն Ավետիսյանին հոբելյանի առթիվ, մաղթենք նրան դեռ երկար տարիներ շարունակելու իր դժվարին առաքելությունը՝ նույն ոգով ու եռանդով:

Պետրոս ԴԵՄԻՐՃՅԱՆ

ՀԱՅ
ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ
ՀԵՏԱԶՈՏՈՂԸ

Զավեն Ավետիսյանը հավասարապես գրականության թե՛ տեսաբան է և թե՛ պատմաբան: Որպես գրականության տեսաբան՝ սիրում է գրաբարով կրկնել Արիստոտելի նշանավոր այն խոսքերը, թե չկա գիտություն առանց տեսության:
Պատահական չէ, որ Էդուարդ Ջրբաշյանի «Գրականության տեսությունից» հետո առաջինը նա համարձակվեց գրել գրականության տեսության նոր ձեռնարկ, որով դասական գրականագիտության հասկացությունները կամրջեց նոր տեսություններին:
Գրականության պատմաբանի ու տեսաբանի վերլուծությունների ոսկե համաձուլվածքն է 5-րդ դարի հայ պատմագրությանը նվիրված «Մարդը Ե դարի հայ պատմագրության մեջ» (1995 թ.) և «Ե դարի հայ պատմագրության տիպաբանությունը» (2013 թ.) աշխատանքները, ուր Ոսկեդարյա հայ պատմագրության ընթացքը ներկայացվում է ժանրային նրբին դիտարկմամբ:
Գրականության պատմաբանին ու տեսաբանին «Թումանյանի ստեղծագործական լաբորատորիան» (1981թ.) ուսումնասիրությամբ գումարվեց նաև բնագրագետը: Թումանյանի ստեղծագործությունների բնագրային տարբերակները այստեղ դիտարկված են 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի հայ գրականության պատմության տեսանկյունից և բնագրային տարբերությունների համեմատությունը հանգել է ոչ թե նկարագրության, այլ տեսական ընդհանրացումների: Այս մեկնակետով է գրված նաև նրա «Տեքստաբանություն» (2008 թ.) բուհական ձեռնարկը:
«Հայ պատմավեպի պոետիկան» (1986 թ.) աշխատությունը այսօր ևս իր գիտական կարևորությունը պահում է, որի ամբողջ մի բաժինը նվիրված է պոետիկայի սահմանումներին:
Այս գիրքը ուղեցույց է եղել նաև ինձ համար՝ Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում Րաֆֆուն նվիրված դիպլոմային աշխատանքս գրելիս, որի ընդդիմախոսն է եղել Զավեն Ավետիսյանը: Առաջարկելով աշխատանքս գնահատել գերազանց, գնահատականները հայտնելուց հետո մի քանի դիտարկումներ կատարեց, որոնք օգտագործեցի թեկնածուական ատենախոսությունս գրելիս:
Նա եղել է և կա մասնագիտական այն խորհրդում, ուր պաշտպանել եմ թեկնածուական և դոկտորական ատենախոսություններս: Երկու դեպքում էլ կարևոր դիտարկումներ է կատարել կողմ քվեարկելուց հետո: Իր օրինակով եմ զգացել, թե ինչ է նշանակում տեսաբանի հայացքը, եթե անգամ այդ հեղինակի կամ գրական տվյալ ժամանակահատվածի նեղ մասնագետը չէ նման դիտարկումներ կատարողը:
Զավեն Ավետիսյանը երկար տասնամյակներ իր կենսակերպով մարմնավորում է դասախոսի և գիտնականի կերպարները:
Որքան էլ, սակայն, զարմանալի է, իր հասուն կյանքը նա սկսել է ռազմական բարձրագույն ուսումնարանից՝ որպես փորձարկող օդաչու: Այս մասին գրել է իր հուշերի գրքում, որը նրա կենսագրությունից աստիճանաբար վերածվում է Գրականության ինստիտուտի տարեգրությանը:
Նրա բարձրահայաց հայացքում իրապես ինչ-որ օդաչուական բան կա, և երբ որևէ հարցի հետ համաձայն չի լինում, այդ խիստ հայացքով և զինվորական ուղիղ ու ձիգ քայլվածքով գալիս է իր անհամաձայնությունը հայտնելու, իսկ այն, ինչ ընդունելի է իր համար՝ արտահայտում է հրամանատարական մեղմ ժպիտով:
Այս տարի լրանում է Գրականության ինստիտուտի
75-ամյակը: 85-ամյա Զավեն Ավետիսյանի կյանքի ավելի քան կես դարը համընթաց է Գրականության ինստիտուտին: Մաղթելով նրան քաջառողջություն և արգասաբեր գիտական գործունեություն, ցանկանանք, որ երկար-երկար տարիներ իրեն բնորոշ կեցվածքով մտնի տնօրենի սենյակը (անկախ, թե ով կլինի այնտեղ) և իր մտածումները հայտնի մեր երկրի, գրականության և Գրականության ինստիտուտի մասին:
Վարդան ԴԵՎՐԻԿՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.