«ՉԱՐԵՆՑԻ ՎԵՐՋԻՆ ԱՇՈՒՆԸ» շարք / Էդվարդ Միլիտոնյան

«ՉԱՐԵՆՑԻ ՎԵՐՋԻՆ ԱՇՈՒՆԸ» շարք
Սոցցանցային մեկնաբանությունների նմանակություններ՝ մեջբերած 30-ական թվականների մատնագրերից, բանաստեղծի մասին կարծիքներից և ասված-չասված խոսքերից
Էդվարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ

ԱՇՆԱՆ ՄԻՍՏԵՐԻԱ
Որպես անկյուն քշված գազան՝
Դու նայեցիր աչքերով սուր,
Շուրջը նեխող քրջի բազար,
Վերից՝ կռինչ ահասարսուռ:

Դու հիշեցիր սենյակդ, ուր
Վերից հայող Հիսուս ջահել՝
Երկնած հնում վրձնով մաքուր,
Դա Վինչիի ոգով ահեղ:

Իսկ ներքևում՝ կիսադեմ սաստ
Զորավարի Դանթե անվամբ,
Որ գնդեր է քշել վստահ՝
Դժոխք, դրախտ և քավարան:

Տուփի մեջ մութ շախմատային
Ֆիգուրներ են՝ խառն ու խշտիկ,
Եվ սև արքան ժպիտով սին
Ասես լինի գյոռնափշտիկ:

Ցուցք է ու խաղ: Կոլիզեում՝
Նոր ստրուկներ գլադիատոր,
Արյան ծարավ մահ են տենչում
Պոռնիկ ու ծեր և սենատոր:

Բութ քրքիջով մատները բութ
Ներքև պահած՝ վճիռ համայն,
Ցնծությունն այս արյունառուշտ
Միստերիա է գեհենական:

Այս ցուցքի մեջ պայքարե՞լ քաջ,
Ապրել բառի համա՞ր, օ՜, ո՛չ,
Ձեզ տրված իմ երգի դիմաց
Ինձ տվեք թույն հացի հետ չոր:

Թե՞ մահ է, թե՞ սպանություն,
Տոն է լինել ինքնասպան,
Անկյուն քշված քեզ ես խայթում՝
Որպես Կարիճ ասպետական:

Ներել նրանց, ով քեզ դավեց,
Ում բերանում տաղն, իբրև միս,
Խժռեցին ու ընկան սոված
Նույն դահիճի նույն տապարից:

Հայոց հողն է քեզ տեր հիմի,
Գերեզման բառ չի սիրում նա,
Ինչպես գարնան փշատենի
Դու ծաղկում ես մշտահմա:
Մեկնաբանություն` 0

ԲՈՐԲ
Բորբի տեսակներով մի կյանք՝
Էլ զարմանք, էլ զրկանք…
Ոգեշնչված-բորբ:
Հեղափոխական-բորբ,
Երազներ-բորբ,
Նոր կյանք-բորբ,
Ատելություն-բորբ,
Բանտ-բորբ:
Կյանքն, իբրև սամում
Բորբում էր կրակը,
Վառելով քո ջանը
Դժոխքի բոցերում:
Բորբում էր կրակը,
Մինչև մոխրանա:
Բորբ, բորբ, հետմահու՝ բորբ:
Ագնի, Արեգ, զառ, ար:
Կրակի ծնունդ, կրակի զոհ:
Փառք քեզ, բա՛ռ:
Մեկնաբանություն
Քյաբաբչի Մխո.- Համա թե բորբեցիր, սուտ հեղափոխական:
ԲԱՆԱՍՏԵՂԾՆ ՈՒ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ
Լինում են պաշտոնյաներ,
Որ ատում են բանաստեղծին
Չկարդալով:
Լինում է, որ սիրում են
Կարդալով, բայց լռում են:
Բանաստեղծը երբեմն նրանց
Բարձրացնում է, հաճախ՝
Ցածրացնում, բայց մշտապես
Չի տեսնում:
Ա՜խ, ո՞ւմ տեսնի՝ գեղեցիկ
Սեռի՞ն, տեսարաննե՞ր, վերջապես՝
Աստծո՞ւն, թե՞ նրանց:
Մեկնաբանություն
Գ. Աբով.- Չարենցը պետք է ցույց տա, որ ինքը գիտակցել է իր սխալները, ավելի ճիշտ՝ հանցանքները:
Սև Մկո.- Ճիշտ է բռնելը, թող փտի բանտում:

ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԲԱՆԱՍՏԵՂԾԸ
Լինում է պետություն, որ բանաստեղծին
Սպանում է մարմնապես,
Բանաստեղծն այդ պետությանը՝
Հոգեպես: Նաև բժշկում հեքիմորեն՝
Դեղաբույսերով, դեղախոսքերով:

Զարմանալի բան է կյանքը.
Պետությունը զենքեր ունի,
Վախենում է սակայն բառից,
Նույնիսկ նրա լռությունից,
Ու փլվում է հենց այդ վախից:
Մեկնաբանություն
Հր. Քոչար.- Չարենցը մի քար է՝ ընկած խորհրդային պոեզիայի ճանապարհին:

ԲԱՆԱՍՏԵՂԾՆ ՈՒ ԸՆԹԵՐՑՈՂԸ
Ընթերցողը սպանում է բանաստեղծին
Չընթերցելով:
Բանաստեղծը ընթերցողին
Պսակում է միայն սիրով
Միակողմանի:
Միակողմանի երթևեկության նման,
Դա էլ մտնում է
Հաճախ փակուղի:

Հետո ընթերցողը «Օ՜» է ճչում,
Իբր կարդաց ու պաշտեց:
Դա հո բանաստեղծի սպանության
Ձև է:

Բայց դե, բոլորին է հայտնի՝
Անմահ է բանաստեղծությունը
Ի հեճուկս չընթերցողի
Եվ պոետի:
Մեկնաբանություն
Վահրամ Փափազ.- Հին դարերում նման մարդկանց մարգարե էին անվանում:
Ռեժիսոր Մուկուչ.- Քեզ էլ՝ հրեշտակ, այ փինաչի: Կույս չթողիր թատրոնում:

ԱՍՏՂԸ
Ինչ հեշտ է, նաիրյան երկիր հոգեթով,
Քո հողին դառնալ բռնակալ ջեբկիր,
Եվ անգամ շնորհալի տղոց ձեռքով
Մամռակալ գրել մահու մատնագիր:

Օ՜, Հուդաներն են շշերի նման ձիգ
Հոսքագծերին գազով ջրերի,
Լցվում են թույնով, բարկությամբ մաղձի
Հանդեպ հոր, որդվո, ընկերոջ և իր:
Եվ հանց Հուդան, ոմանք էլ՝ ինքնասպան,
Վախի սնկերն են պատել կեղևը
Մեր ցուրտ ընթացքի: Եվ միշտ
անապաստան
Ձգտում է լույս տալ մեռած աստղը:
Մեկնաբանություն
Զապել Եսայան.- Թերևս մեզանից ոմանց անունները անցնեն գալիք սերունդներին միայն այն պատճառով, որ Չարենցի արժեքով մեկի հանդեպ եղել են արդար կամ անարդար:
Բանվոր Պողոս.- Դու էիր պակաս մեզ դաս տաս, արևմուտքի շպիոն, դու էլ կբռնես նրա ճամփեն…
ԼՈՄԿԱ
Ջարդուխուրդ մարմին,
Հիշոց ջղաձիգ,
Կտա լոկ մորֆին
Մի պահ մոռացիկ:

Զառանցանքն էլ չի
Փրկում քեզ քեզնից,
Ցավ է հիշել ճիշտ՝
Ո՞վ ես, որտեղի՞ց:
Երազ-իրական՝
Չարքի զույգ ականջ,
Իրար ի՜նչ նման՝
Մի գեշ մղձավանջ:
Պրկվում է, զարկվում
Մարմինը պատին,
Թող թափվի արյուն,
Հոգին թող պայթի:
Ո՞վ կհորինի
Շեշտակի մի մահ,
Կամ մի քիչ մորֆին՝
Ցնդելու համար:
Երազանք մնաց՝
Մեռնել մարդու պես,
Ու թաղվել հոգնած
Սերմնացան որպես:
Մեկնաբանություն
Հեքիմ Ասո.- Սրան ես էլ չեմ կարա բուժի, անհույս ա:

ԿՐԱԿՈՑ ԳԵՂԵՑԻԿ ԱՐԱՐԱԾԻ…
Դու կրակեցիր
Արհամարհված,
Ախր, շատ վերից
Նա նայեց վրադ:
Եվ ընկար բանտ:

Մի մարդ ինձ ասաց՝
Աղջիկն այն, որի
Չքնաղ հետույքին
Կրակեցիր դու,
Տարիներ հետո
Կինն այդ պառաված
(Ա՜խ, ա՜խ, տարիներ)
Անգին հյուրերի
Համար, ոնց նվեր
Բացում էր սպին
Նստուկի վրա,
Ցուցանում հպարտ
Եվ հառաչում էր
Տխուր ու զվարթ:

Ահա այսպիսի
Ոճիր ու պատիժ,
Նաև սրտալի
Կատակ ու թախիծ:
Մեկնաբանություն
Հրձիգ Արշամ.- Ցնդած պառավին տեղն էր, խեղճին բռնեցին սրա՞ համար:
Հաբեթ.- Ամոթ քեզ, Արշամ, ես էլ գիտեի ջենտլմեն ես, արա:
Հրձիգ Արշամ.- Ջենտլմենը դու ես, կապիտալիստ շուն:

ԲԱՆԱՍՏԵՂԾՆ ՈՒ ՊՈԵԶԻԱՆ
Պոեզիան
Մի սրաքար է,
Որին դիպչում է
Հոգին բանաստեղծի,
Կայծեր է
Արձակում:
Ուշ հանգչողները
Կոչվում են
Բանաստեղծություն:
Մեկնաբանություն
Ն. Զարյան.- 1936 թ. հակահեղափոխական Խանջյանի ինքնասպանությունից անմիջապես հետո ես գրեցի մի քանի հոդված, որոնցում մերկացրեցի Չարենցի, Բակունցի, Ալազանի, Մահարու, Արմենի և մյուս հակահեղափոխականների նացիոնալիզմը, տրոցկիզմը, հակաժողովրդականությունը, ստեղծագործությունների կեղծությունը:
Կարմիր Վարդուշ.- Ապրես, բայց անունները քիչ ես գրել:
ԲԱՆԱՍՏԵՂԾԻ ՃԵՄԱՐԱՆ
Բանաստեղծն է քայլում հաճախ,
Շատ է լինում ոտքի վրա:
Հանկարծ մի բան միտքն է բռնում
Եվ հոգին է բռնում նրա:

Ստիպում է գրել, թե չէ
Կփախչի շուտ, ոնց որ եկավ,
Ի՞նչ պատիժ է, ո՞վ կասի ինձ:
Կամ խաղ է ու զվարթ արկած:
Մեկնաբանություն` 0

ԱՇՆԱՆ ԱՂՈԹՔ
Անցնող ամեն օր՝
Մի հատիկ թզբեհի,
Քաշում ես դու չոր
Մատներով ամեհի:

Զգալով հստակ,
Որ վերջ է ամեն պահ,
Դա լինի կատակ
Թե ողբերգ մի պաղ:

Խեր, շառ, Աստված:
Օրերն են չխկչխկում,
«Շառ»-ով ավարտված
Թզբեհն է մութ սոսկում:

Անձրևն այն աշնան՝
Մի խոժոռ քահանա,
Աղոթեց անձայն՝
Տէ՛ր, ողորմեա:

Քո ձեռքերում ցուրտ
Թզբեհն էր հնամյա,
Որ հայրերը կիրթ
Կոչեն՝ տերողորմյա:
Մեկնաբանություն` 0

ՊՈԵՏՆ ՈՒ ՄԵՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Բոլորի հետ՝ մենակ,
Իր հետ միայն մենակ չէ,
Նա բոլորին հենակ է,
Ինքը միայն՝ անհենակ:

Ուզում են ջարդել
Ե՛վ մարմին, և՛ տող,
Հափռկած գայլեր՝
Աչքերի մեջ ոխ:

Ներս են նայում
Պատուհանից,
Դռան ծակից,
Պահարանից…

Ուրվականն է Ուրարտուից,
Տո Հռոմից ու դժոխքից,
Չեն քաշվում, տես, ու երկյուղում
Պատից նայող Քրիստոսից:

Գոյության աբսուրդ,
Հեքիաթի սուտ,
Իրական միայն՝
Հոգու մեջ մազութ,
Խանձում է, տե՛ր իմ:
Իսկ տերն ի՞նչ անի,
Քշված է երկրից
Մորուքով Մարքսի:

Եվ լոկ կապիտալ՝
Մենություն անհագ,
Որ քեզ ես պահում
Եղբոր պես միակ:
Մեկնաբանություն` 0

ՊՈԵՏՆ ՈՒ ՍԱՖՈՆ
Բանաստեղծուհի և
Լեզբիանկա,
Ռուսն է ասում,
Հույնը՝ չգիտեմ,
Եվ այդ արվեստում
Նա՝ Մոնա Լիզա:

Կանացի մարմին
Պոետը սիրեց
Երբեմն կրքով
Հենց էդ մեծ էգի…

Բլուրներ մսե՝
Մետաքսից փափուկ,
Պտուկներ պատրույգ
Ապագաների
Հրերի համար
Կաթով սնուցած:
Եվ մութ խորխորատ,
Ոնց հրաբխի
Հետքը Մասիսին,
Արգանդից քաշող
Մագնիսական ուժ,
Հանուն արգասիք
Պտուղ ու ծնի:
Եվ բարձրանում է
Բառն իբրև մի թեժ
Կեսարյան կնիք՝
Կնքելու ճակատն
Անմեռ իգության:

Եվ գրեց նաև
Ներշնչանքով նույն,
Ինչ հույն կինը այն
Էգեյան ծովից:
Կերպափոխության
Խաղեր էր սիրում
Եվ Եղիշեն մեր,
Ոնց ծուռ հայելի,
Առանց խաղի էլ
Ինչպե՞ս չսիրել
Մարմինը կնոջ,
Որպես մի սափոր՝
Մեջը հին գինի
Ու նոր տաք սարսուռ:
Առաջ, դեպի ծով,
Դեպի կղզիներ,
Սաֆոյին լիզած
Ալյաց փրփուրներ:
Մեկնաբանություն
Վեներոլոգ Վասյա.- Սեռական փոքրամասնության փառաբանություն է, գետինն էլ չեք մտնում, դա սիֆիլիսից բեթար է:

ԲԱՆԱՍՏԵՂԾՆ ՈՒ ԲԱՆՏԸ
Բանտն էլ կարծեց բանաստեղծ է,
Երկու բառեր «բան» սկզբով,
Իր պատերին քսված արյուն
Բանաստեղծի ռեզուսով:

Կյանքից հետո, մահից առաջ
Կա մի վայրկյան անբռնելի,
Երբ ծեփվում է երգը պատին
Արյամբ, անբառ, ընթեռնելի:

Ու դրանից հետո, իրավ,
Բանաստեղծն է նաև բանտը,
Նրանից լավ ո՞վ իմացավ,
Թե ի՞նչ եղավ բանտարկվածը:
Մեկնաբանություն` 0

ԲԱՆԱՍՏԵՂԾՆ ՈՒ ԱՂՈԹՔԸ
Մեկը լսե՞լ է, որ դու աղոթես
Կարսի վանքում կամ Նոտր Դամում,
Եվ ո՞վ իմացավ՝ դու աթեի՞ստ ես,
Թե՞ հոգով նեցուկ անտեր Աստծուն:

Քո գրվածքներից ճանաչելի է
Աղոթք և հիշոց՝ մարդու կոկորդից,
Երբեմն իրար այնպես միահյուս,
Գլուխ չի հանի սատանան մեկից:

Եվ դու մարդ էիր ու չփորձեցիր
Ձգտել Արարչի փառքին վեհատես,
Գրեցիր երգեր քեզ հավատարիմ,
Գետի պես վարար, ոնց վայել է քեզ:
Մեկնաբանություն
Աթեիստ Սադայել.- Պահ, իբր աթեիստ էր՝ Քրիստոսի նկարը իր գլխավերևում:
Անաստված.- Բուդդան էլ՝ սեղանին, ալլահի վրա է վերջում հույսը դրել, թաքնված
հեթանոս ա:

ՊՈԵՏՆ ՈՒ ԿԵՂԾԱՆՈՒՆՆԵՐԸ
Ինչո՞ւ Մահարի
Եվ ինչո՞ւ Չարենց,
Ճակատագրի
Հուշելով մի՞թե.
Երբ ապագան է
Տրվում ոնց անուն,
Այն էլ՝ կեղծանուն,
Եվ ինչպես մահվան
Դատապարտվածի մասին
Վերջին լուր՝
Կարճ, ահասարսուռ՝
Պատիժն ի կատար ածված:
Ահա այսպիսի
Դժնի կեղծանուն,
Եվ ոչ թե կեղծամ,
Այլ փշե պսակ,
Բայց դո՛ւ ընտրեցիր.
Ոչ ոք չհուշեց
Կամ եթե հուշեց՝
Դու ինքդ էիր:
Մեկնաբանություն
Անանուն.- Ֆեյք են սրանք, կեղծ են, իբր բանաստեղծ:
ՍԱՐՅԱՆԻ ՆԿԱՐԸ
Սարյանի կտավ՝
«Չարենց, դիմանկար»,
Պոետը ջահել՝
Քսանվեց տարեկան,
Ու քսաներեք թիվ.
Հեղափոխության
Հրերով տարված
Օ՜, խելառ էիր՝
Հողմից սովորած:

Դիմանկարում
Դու նայում ես սաստ,
Մի քիչ թեքությամբ,
Քո հաղթանակին
Լիովին վստահ:
Սակայն քիչ վերև
Դիմակին նայիր,
Եգիպտական է
Ու քեզ չի խաբի,
Ինչպես չխաբեց
Թութանհամոնին:
Նա ո՞ւր է նայում,
Ինչո՞ւ տագնապած
Եվ այն էլ՝ երկինք,
Ուրկից պիտ գային
Անձրևներ ոսկե՝
Ինչպես քո սիրած
Գողթան մի երգում
Տեղ ոսկի տեղայր…
Ես ո՞ւմ հավատամ՝
Դիմակի՞ն, թե՞ քեզ,
Թե՞ մեծ նկարչին,
Որ իր տագնապը
Դիմանկարին հաղորդեց այսպես:
Ինքն էլ չիմացավ,
Թե ինչու այդպես:
Երբ որ չկային ո՛չ Չարենց,
Ո՛չ էլ նկարիչ Սարյան,
Դիմակը ճաքեց,
Ահա այսքան բան:
Մեկնաբանություն
Մ. Սարյան.- Չարենցը լեգենդ էր:
Սվաղչի Միշիկ.- Դու էլ ես ֆորմալիստ, լռի:

ՊՈԵՏՆ ՈՒ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ
Սահմաններդ ճանաչիր պոետ
Ճանաչիր
Պոետ
Քանզի պոեզիան առանց սահմանների է
Պոեզիան
Առանց
Սահմանների
Է

Չափդ ճանաչիր պոետ
Ճանաչիր
Պոետ
Քանզի չափը քեզ չի ճանաչում
Չափը
Քեզ
Չի
Ճանաչում

Սահմաններ առանց պոետների
Առանց
Պոետների
Պոետներ առանց շիրմաթմբի
Առանց
Շիրմաթմբի

Եվ դա է նրանց շիրմաքարը
Մեկնաբանություն
Ազատ Վշտունի.- Սակայն ինչպե՞ս է, որ նա այժմ ազատ նստել է իր տանը և աշխատում է:
Չարենցը նացիոնալիզմի գրող է:
ՁՄԵՐՈՒԿՆ ՈՒ ՊՈԵՏԸ
Մեծղի ձմերուկ,
Մարդ փոքրամարմին՝
Նստած ձմերուկին:
Պատկեր արտառոց
Աչքերում Վիլյամի
Այն էլ՝ Սարոյան,
Ամերիկացի:
Հետո հիշում էր
Դիպվածն այս մոսկովյան
Եվ գրում, թե
Մեծ էր Չարենցը,
Մոգական,
Թեպետ չեմ կարդացել
Ոչ մի բան:
Մեծերն իրար ճանաչում են այսպես,
Վկա ձմերուկը,
Որ իրեն դրել էր
Զեբրի՞, թե՞ երկրագնդի տեղ:
Մեկնաբանություն` 0

ՀԱՅԵԼՈՒ ԱՌՋԵՎ
Ինչպես ասացիր Մանդելշտամին
Թիֆլիս քաղաքում
(Նրա Նադեժդա կնոջ հուշերից)
– Քեզնից հորդում է բանաստեղծություն:

Դա նաև խոսք էր հայելու առջև
Քեզ, որպես աղբյուր ամենայն բանի,
Հոմերոսից մինչ Մայակովսկի
Եվ ընդերքային մագմատիկ բխում
Հրով ցնծացող երգ-զոհյալի:

Դու և Օսիպը իրար դիմաց,
Երկու հայելի, օ՜, զարմանալի,
Դուք չգո, սակայն
Հայելիներից սուրբ գետն է հոսում
Նոր Միջագետքի
Բանաստեղծության:
Մեկնաբանություն
Կլյուչնիկ Վաղո.- Տեղն ա երկուսին էլ, ոչ մի տեղ ու հող:

ՊՈԵՏՆ ՈՒ ԻՐ ԵՐԵԽԵՔԸ
Ներսից վառող,
Դրսից վառող,
Կյանքն անտարբեր,
Ինքը տարբեր՝
Բորբ,
Բորբ,
Բորբ:

Ինքը՝ բանտում,
Կինը՝ բանտում,
Ինքը՝ չկար,
Կինն՝ աքսորում,
Երեխեքը՝
Որբ,
Որբ,
Որբ:
Մեկնաբանություն
Մարքսիստ Հակո.-
Երեխեքին տարեք լենինյան որբանոց:
Ճախարակ Մանո.- Ժողովրդի հակայի երեխեքի՞ն, քեզ էլ տանեն:

ՊՈԵՏԸ ԵՎ ԱՌԱՋՆՈՐԴԸ
Որքան նման էր առաջնորդն
Իր երկրին՝ նեղճակատ,
Չոփուր, ծանր բեղերով,
Սապոգի ցեխով իջած քարտեզին:

Նա ուզում է բիրտ ծամել ու թքել,
Հարբել է էսօր, սիրտն էդպես ուզեց,
Իսկ քարտեզի մեջ՝ միլիոնավորներ:
Ողորմի նրանց: Եվ համբերություն:

Ինչ գրել էիր էդ նեռի մասին,
Հասել էր գուցե ականջին նրա,
Մոսկովում ասել էր հոր պես հուզիչ.
– Ինչպե՞ս է զգում Չարենցը հիմա:
Որ ճիշտ թարգմանվեց խոսքը՝ նա դեռ կա՞:
Մեկնաբանություն
Պրոլետ գրող.- Առաջնորդի խոսքը օրենք ա:
Աշուղ Դարչո.- Բո՞լ չի Չարենցը նրան ասի էլ կինտո, էլ չոփուր, էլ… Ո՞նց է Առաջնորդը ներում:

ՊՈԵՏՆ ՈՒ ՃԱՄՓԱՆ
Մի ճամփա էր գտել
Դեպի մոռացում, ասենք՝ Նիրվանա,
Սեքս և մորֆին:

Էրիվան քաղաք, նա ո՞ւմ հետ գնա,
Որ մյուս օրը ողջը չիմանա:
«Պրոլետ պոետ Չարենցին սազե՞ց»:
Նման բամբասանք, միսը քրքրեն:

Մորֆին, դե, կապեց նրան շղթայով,
Քաշեց իր ետքից
(Երբ երիկամը վիրահատեցին՝
Ցավազրկիչ էր մորֆին այնժամ,
Այդպես իրեն էր կապել նաև
Էն Բուլգակովին՝ բժիշկ ու գրող,
Վիրահատել է ու կապվել նրան:
Չէ՛, Չեխովը այդպիսին չէր):
Կատաղի շան պես
Քաշում է քածը:
Երբեմն կա և հաճախ չկա:
Արյուն ու թանաք պահանջում են խիստ,
Ոնց պարտատեր՝ թե չէ
Կմորթեն քոռ դանակով:
Գրվեցին տողեր, կիսատ մնացին,
Գրվեցին, հետո ջնջվեցին…
Ոմանք էլ իրեն թվացին ան….
Գրեց՝ պահել թանգա…
Խառնվում էին, մթագնում հոգին
Արևելյան կիրքը, Ֆրեյդն արևմտյան,
Հյուսիսային բուք,
Հարավային գրչակներ…

Ո՞ւր է «Գիրք ճանապարհին»,
Ո՞ւր է ճամփան, ա՜խ, ձեր մերը…
Հայհոյանքը մնաց միակ ազգային
Սրտահովանքը:
Ձեր մերը, ձեր տերը…
Մեկնաբանություն
Բոլշևիկ Վռամ.- Անաբուռ, սովետում սեքս չկա:
Բանվոր Պողոս.- Էս Մորֆին տրոցկիստ ա հաստատ:
Ռանչպար Վլե.- Չարենցը դեռ ազատ քրֆո՞ւմ ա, ամոթ:

ԲԱՆԱՍՏԵՂԾՆԵՐՆ ՈՒ ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻ ԱՐՈՒՍԻ ՓԵՇԸ
Կայծը թռավ, կպավ փեշին Արուսի
Ու բռնկվեց, չհասցրեց ճչալ՝ օգնեք:
Եղիշն ընկավ վառվող փեշին,
Ինքն էլ այրվեց:
Մի քանի հեծյալ ձիերից թռան,
Ընկան կրակին,
Թրով ու թևքով թափահարեցին,
Ապա մոխրացան:
Մի մարդ գոռաց.
– Աղջի Արուս, էսքան մեռան
Հանուն փեշիդ,
Հանի, գցի:
Մինչ էդ արդեն մոխրացել էր:

Որտեղից որտեղ Ավոն է եկել
Սևանի ափին,
Բանից անտեղյակ ժպտաց ու ասաց.
– Արուս ջան, Արուս, փեշերդ փակի,
Խասյաթս գեշ ա:
Մեկնաբանություն
Հոգեբույժ Ֆրեդ.- Բոլոր պոետները փեշի մեռած են:

ԲԱՆԱՍՏԵՂԾԻ ԹԵՅՆԻԿԸ
Եվ մի՞թե դու, Չարենց,
Քո կավե հնաոճ թեյնիկը չէիր՝
Մե՛րթ պաղ, մե՛րթ գոլ, մե՛րթ ջեռ,
Լուսնի ճերմակ թուղթը խանձող:

Ցնորք՝ կավի մեջ,
Մկանի պես ջղաձիգ Բոսխ նկարչի,
Կավ՝ կատվի մռմռոց
Մինչ այժմ անհայտ մագմայից:

Թեյնիկ պատառոտվող,
Գոլորշին ի բաց,
Կափարիչ կափկափող,
Ճիչ ու ճառ ցայտած:

Եվ դու, Չարենց Եղիշե Աբգարի,
Հիմա ո՞ւր, ո՞ր հյուլեին տրված,
Ու թեյնիկն այս հանգի՜ստ,
Նայում է հանց յոգ
Կամ գնդակահարված Մահաթմա Գանդի:

Ու երբեք էլ չի եփի թեյ,
Տեսիլք ու թուրմ բառագանձի,
Նա՝ թանգարանի նմուշ,
Կավ էր, կավ մնաց,
Ո՞ւմ աճյունից թրծած,
Գոնե դա ասա, Չարենց:
Մեկնաբանություն` 0

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.