ԼԵՀԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ ՀԱՅ ԲԱՆԱՍՏԵՂԾՆԵՐԻՆ

Ավարտվեց Պոզնանի «Բանաստեղծական նոյեմբեր» միջազգային 41-րդ փառատոնը, որին հրավիրված էին ՀԳՄ նախագահ, բանաստեղծ Էդվարդ Միլիտոնյանը և բանաստեղծ, թարգմանիչ Գագիկ Դավթյանը: Փառատոնն այս տարի նվիրված էր Գերմանիայի դեմ Վելկոպոլսկի (Պոզնանի) հաղթական ապստամբության 100-ամյակին: Ի նշանավորումն պատմական իրադարձության, «Հիշողության ալիքների վրա» խորհրդանշական վերնագիրը կրող ալմանախի շնորհանդեսը կայացավ Ադամ Միցկևիչի անվան համալսարանում, փառատոնի բացման արարողության ընթացքում: Այստեղ, ի թիվս այլ հրավիրյալների, ալմանախում ներկայացված իրենց ստեղծագործություններով հանդես եկան նաև հայ բանաստեղծները:
Փառատոնի ծրագրում ընդգրկված էր Էդվարդ Միլիտոնյանի նախագծով Գագիկ Դավթյանի կազմած «Երկխոսություն. Հայաստան – Լեհաստան» երկլեզու գիրքը, որ յուրօրինակ հայացք է վերջին տարիների հայ-լեհական գրական կապերի պատմությանը՝ արտացոլված «Գրական թերթի» էջերում, երկու երկրներում հրատարակված պոեզիայի անթոլոգիաներում, հայ և լեհ գրողների գրքերում, դրանց արժևորումներում, տարաբնույթ հանդիպումների մասին պատմող լուսանկարներում:
Ընդգծված հետաքրքրություն էր առաջացրել գիրքը (թարգմանիչներ՝ Գ. Դավթյան և Կ. Զիոլա), որի շնորհանդեսը «Lech Hotel»-ի կոնֆերենց-դահլիճում վերաճեց հայ-լեհական բանաստեղծական մարաթոնի: Այստեղ Էդվարդ Միլիտոնյանը և Գագիկ Դավթյանը հայ-լեհական մշակութային կապերն ամրապնդելու և գրական նշանակալի գործունեության համար արժանացան լեհ դասական էքսպրեսիոնիստ Տադեուշ Միչինսկու անվան միջազգային մրցանակների և Լեհաստանի ԳՄ Պոզնանի բաժանմունքի շնորհակալագրերի, իսկ հայ պոեզիայի բարձրարվեստ թարգմանությունների և հանրահռչակման համար ՀԳՄ նախագահը «Գրական բարերար» կոչում շնորհեց Կալինա Իզաբելա Զիոլային:
Փառատոնի շրջանակներում Էդ. Միլիտոնյանը և Գ. Դավթյանը եղան Շրենյավա բնակավայրում, որտեղ 1918-ին բռնկվել էր Վելկոպոլսկի ապստամբությունը, հանդիպում ունեցան Շրեմ քաղաքի հանրային գրադարանում, ուր հատուկ ցուցատախտակ էր ձևավորված հայ բանաստեղծների և Կալինա Զիոլայի նկարներով ու ծավալուն կենսագրականներով: Սրտառուչ էր հայ և լեհ պատմական և գրական առնչությունների մասին երկխոսություն-հանդիպումը Շրեմ քաղաքի խոշոր լիցեյներից մեկի մանկավարժների և սաների հետ:
Կալինա Իզաբելա ԶԻՈԼԱ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.