Հանրային քննարկում «ԶՎԱՐԹՆՈՑ» միջազգային օդանավակայանը Շառլ Ազնավուրի անունով վերանվանելու

Թեև ՀՀ մշակույթի նախարարությունը բացասական կարծիք էր հայտնել «Զվարթնոցե միջազգային օդանավակայանը Շառլ Ազնավուրի անունով վերանվանելուն, սակայն կառավարությունից առաջարկ է ներկայացվել կազմակերպել հանրային քննարկում: Իսկ վերջնական որոշում կայացնողը համապատասխան գերատեսչություններն են, որոնց օրենքով սահմանված կարգով կառավարությունն է լիազորում, դրանք են՝ կա՛մ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը, կա՛մ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն: Իսկ մինչ այդ շարունակվում են հասարակական քննարկումները:

Նորայր ԱԴԱԼՅԱՆ

Երբ հեռուստաէկրանից լսեցի «Զվարթնոց» օդանավակայանը «Շառլ Ազնավուր» վերանվանելու առաջարկությունը, մի պահ չիմացա՝ ծիծաղե՞մ, թե՞ լամ: Հետո ինձ տիրեց խոր ու երկարատև տխրություն: Այս ի՞նչ ենք անում, դեպի ո՞ւր ենք գնում: Մեր գլխավոր օդանավակայանը հենց սկզբից եղավ «Զվարթնոց», արդեն շատ տարիներ այնքան հարազատ, կարծես յուրաքանչյուրիս խորարմատ անունը լինի: Նա իր անունը վերցրեց հարևանությամբ ապրող փառահեղ «Զվարթնոց» տաճարի ավերակներից: Իր այդ անունով այն տաճարի անվան հոմանիշն է, հիշողության կենդանի արձագանք, իսկ տաճարը՝ սրբազան Արարատ լեռան հանճարեղ մանրակերտ: Հայերիս մեջ քիչ անուններ կան, որոնք խորհրդանշում են երկիր ու ժողովուրդ, դառնում ազգի պատմություն, ազգին՝ յուրահատուկ դրոշ, օրհներգ ու զինանշան: Այդ քչերից մեկը «Զվարթնոց» բառանունն է, ոչ Նորայրը, Հրայրը կամ Զորայրը: Մեր ցանկություններում կանգ առնենք՝ առաջ շարժվելուց առաջ: «Կիրովականի» անվանափոխությունը «Վանաձորի»՝ հասկացա, «Լենինականինը»՝ «Գյումրու»՝ շատ լավ հասկացա, բայց չլինի հանկարծ միտք հղանանք Կոմիտասի անվան կոնսերվատորիան, Աբովյան փողոցը, Մաշտոցի անվան Մատենադարանն էլ անվանափոխելու: Տեր մնանք մեր թանկ ու հոգեղեն անցյալին՝ ի սեր ապագայի, աչքի լույսի պես պահպանենք նաև ազգային անունների կիրառության ավանդական մշակույթը:
Ինչ ասացի՝ սիրելի ու աշխարհահռչակ Շարլ Ազնավուրի դեմ չէ, այլ, հավատացեք, հանուն նրա: Եթե այժմ մտովի հարց տանք Ազնավուրին՝ երգի ու երգեցողության մեծ վարպետ, ուզո՞ւմ եք «Զվարթնոց» օդանավակայանը վերանվանվի Ձեր անունով, մի՛ կասկածեք, կպատասխանի՝ մտքովս էլ չի անցնում, վերջ տվեք, հայրենակիցներ, նեղմտությանը, լուրջ գործով զբաղվեք, չեմ ուզում, վերջացրեք: Ականջալուր լինենք շանսոնյեի արդարամիտ ու հիանալի ձայնին:

Ազատ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Անշուշտ, Շառլ Ազնավուրը արժանի է ամենաբարձր պատիվների, բայց Զվարթնոց անունը ևս մեզ համար շատ բան արժե: Կարծում եմ, ամենևին էլ կարիք չկա Զվարթնոցը վերանվանել Շառլ Ազնավուրի անունով: Հայաստանում կա երկրորդ՝ «Շիրակ» Գյումրու օդանավակայանը: Եվ հիշելով, թե Ազնավուրը երկրաշարժից հետո ինչքան շատ բան է արել Գյումրու համար, ես առաջարկում եմ և, կարծում եմ, շատերն ինձ հետ համաձայն կլինեն, Գյումրու օդանավակայանը կոչել Շառլ Ազնավուրի անունով:

Ներսես
ԱԹԱԲԵԿՅԱՆ

Օդանավակայանը Շառլ Ազնավուրի անունով կոչելու կողմ եմ և, կարծում եմ, այդ հարցի շուրջ բորբոքված վեճի հիմքում սկզբունքային սխալ կա: Անվանափոխության առաջարկն ընկալվել է զուտ որպես Ազնավուրի հիշատակը հավերժացնելու ցանկություն: Այսինքն թե` հարգանքի ու երախտագիտության տուրք` փողոցից ու հրապարակից հետո օդանավակայան է՛լ ենք անվանակաչում… Եվ բնական է, որ այսպիսի հարցադրումը հակառակ ալիքն է բերում` ուզում եք անմահացնեք Շառլին՝ իր արվեստով ապրեք…
Ու գնա՛ց բանավեճը, որի արդյունքում, եթե ճիշտը գտնենք էլ, սխալ է լինելու, որովհետև հարցադրումն ինքնին անճիշտ է:
Օդանավակայանը մեր տան դարպասն է: Եվ օդանավակայանին անուն տալով` մե՛նք չենք անմահացնում Շառլ Ազնավուրի անունը, ի՛ր ԱՆՄԱՀ ԱՆՈՒՆՆ ենք գրում մեր դարպասին, որ եկվորն առաջին իսկ հայացքից իմանա` սա Ազնավուրի՛ երկիրն է: Շառլը աշխարհի համար անմահ է,- օդանավակայան, փողոց, հրապարակ, կուզեք` մի ամբողջ քաղաք էլ անվանակոչենք,- աշխարհի համար վաղուց ու արդեն անմահ է որպես ՄԵԾՆ ԱՐՏԻՍՏ, իսկ մեզ համար` նաև որպես ՄԵԾՆ ՀԱՅ:
Հայաստանին իր օգնությունը նկատի չունեմ, այլ հենց իր լեգենդ-կյանքը` չգոյից բարձրանալու և ամեն ինչ դառնալու կարողությունը, ինքնաստեղծման ուժը, հաղթելու համառ հանճարը:
Այդ կյանքը մեզ համար, եթե կուզեք, Պատվիրանի, օդ ու ջրի, կյանքի՛ պես անհրաժեշտ է: Այլ բան է` գիտակցո՞ւմ ենք և ուզո՞ւմ ենք իր պես տքնող ու հաղթող լինել: Հիշո՞ւմ եք` «Մինչ ես նվաճում էի Փարիզը…»… Իսկ օտարը գիտի Ազնավուր-գաղտնիքի բանաձևը և մեր տան դարպասին Իր անունը կարդալով` ասելու է` ուրեմն սա Ազնավուրի երկիրն է, ուր իր հայերն են ապրում, որոնց անհնար է զրոյացնել, իր կյանքը վկա…
Ի վերջո, մեր օդանավակայանը, ինչքան էլ մեր սրտին թանկ, աշխարհի համար հերթական օդանավակայան է, իսկ ՄԵԾԻ անունով կմտնի համաշխարհի հոսքի մեջ:
Ու Զվարթնոցն էլ, որքան էլ մեր սրտին թանկ է, կողքին մի շուրջօրյա ասացող պիտի դնես, որ օտարին պատմի, թե ինչը ինչպես և ինչու եղավ…
Այնպես որ, Շա՛ռլը չունի մեր կարիքը, մե՛նք իր կարիքն ունենք` աշխարհին անմիջնորդ ներկայանալու համար: Եվ վերջապես. թոռը չի պապին անուն տալիս, հակառակն է լինում: Եվ դա բնական ու արդար է:

Արտաշես ԱՐԱՄ

Բացասաբար եմ վերաբերվում: Ցավոք, այստեղ Շառլ Ազնավուրի անվան և հիշատակի խնդիրը կա, բայց ան­հանգստացնողն այն է, որ մենք դարձյալ կանգնած ենք ծայրահեղ դրսևորումների փաստի առջև: Փաստարկն այն է, որ Զվարթնոց անունը, իբրև մշակութային ժառանգության վավերացում, ոչ մի փոփոխություն չի ենթադրում: Անունն ընտրված է ճիշտ, ճակատագրորեն համապատասխանում է իր կոչմանը, և չպետք է որևէ փոփոխություն կատարվի:
Կարծում եմ, մեր ժողովուրդը խոհեմ կգտնվի, և Զվարթնոց անունը փոփոխության չի ենթարկվի:

Խորեն ԳԱՍՊԱՐՅԱՆ

Տարօրինակ ժողովուրդ ենք. և՛ պարծենում ենք մեր այսօրվա մեծերով, և՛ պարծենում ենք մեր ազգային, ավանդական արժեքներով, և՛ իրար հակադրում ենք մեր մեծերին ու այդ արժեքները: Հիմա եթե ասեմ, որ կուզեի Ազնավուրի անվամբ կոչվեր օդանավակայանը, ապա ազգասեր, անցյալասեր, պահպանողական, ինչպես նաև կրոնապաշտ մի ամբողջ բանակ կսկսի քար նետել ինձ վրա: Եթե ասեմ՝ դեմ եմ, ապա «գնա մեռի, արի սիրեմ»-ական մի ամբողջ բանակի քարկոծմանն արժանանամ միգուցե: Այնինչ՝ պիտի երկու ծայրահեղություններից զերծ մնալով, առանց բարդույթների հայտնենք մեր կարծիքը և չվախենանք ազգային, ավանդական, սրբազան արժեքները ոտնահարողի կամ ազգային ու համամարդկային մեծության անհատի ու անհատականության հանդեպ հանցավոր անտարբերություն դրսևորողի պիտակին արժանանալուց: Անձամբ ինձ համար թանկ անուն է «Զվարթնոց» անունը: Թանկ անուն է Ազնավուրը: Բայց ունենք Զվարթնոց ավեր տաճար, չունենք Ազնավուրի անունով օդանավակայան: Աշխարհում մեծ մարդկանց անունով օդանավակայաններ կան. սա նորություն չէ: Ինչո՞ւ մենք էլ չունենանք Ազնավուրի անվան օդանավակայան: Մի՞թե վերանվանելով օդանավակայանը սուրբ արժեք ենք ոտնահարում: Փոխզիջումային մի տարբերակ էլ կա՝ «Ազնավուր-Զվարթնոց» օդանավակայան կամ Ազնավուրի անվան «Զվարթնոց» օդանավակայան: Բայց, ի վերջո, թող որոշի մեծամասնությունը:

Հասմիկ ՀԱԿՈԲՅԱՆ

Ըստ իս, օդանավակայանի անվանափոխության հարցը կեղծ օրակարգ է, արհեստականորեն ուռճացված ու անտեղի հնչեղություն հաղորդած: Այն սկսվեց սոցցանցերում որոշ օգտատերերի կողմից, սակայն հնչեղություն ստացավ Մշակույթի նախարարության հրավիրած քննարկման հայտարարությամբ: Եվ, կարծում եմ, առաջին իսկ պահից ակնհայտ էր, որ թեման տարբեր արվեստագետների, մշակութային գործիչների կողմից առավելապես քննադատվել է և մեծ ընդունելության չի արժանացել:
Ինքս դեմ եմ պահի ազդեցության տակ կատարվող փոփոխություններին: «Զվարթնոց» անվանումն արդեն ավանդույթի արժեք ունի և իր կարևորությամբ, բովանդակային ընդգրկմամբ, ինչպես նաև որպես ճանաչելի բրենդային անուն, ամբողջովին բավարարում է իրեն վերապահված գործառույթին, ու սխալ կլինի այն փոխելը:
Մենք պետք է սովորենք ստեղծել ու պահպանել ավանդույթներ, միայն այդ միջոցով է հնարավոր ապահովել պատմական ժառանգության շարունակականությունը: Շառլ Ազնավուրի անունով կարելի է որևէ նոր հաստատություն, փողոց կամ շինություն անվանել՝ դրանով նոր ավանդույթի հիմք դնելով:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.