ԸՆԾԱՅՎԵԼՈՒ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ / Ֆելիքս ԲԱԽՉԻՆՅԱՆ

…Շողակն փայլատակումներ կան այստեղ, որտեղ շողերն անցնում են տողերի միջով ու կայծկլտում մեկը մյուսից վառ: «Օրվա պատմություն» է կոչվում իր մեջ ծով ունեցող այդ շողակն կաթիլը: «Օրվա պատմություն», որն ադամանդի պես անդրադարձնում է օրվա բոլոր պահերից կլանած, իր մեջ հավաքած արևի շողերը: Արևաշող ապրումների, շողարձակումների բանաստեղծ է Լևոն Բլբուլյանը:
Արշալույսից մինչև կեսօր և կեսօրից մինչև վերջալույս, ամեն ինչ իր շողն ունի, և յուրաքանչյուր շող՝ իր պատմությունը:
Հրաշալի բավականություն է՝ մարդկային կյանքը տեսնել արևային փայլատակումների ներքո, որսալ այդ փայլերն ու անդրադարձնել մեկը մյուսի միջով, ինչպես վարպետորեն հղկված ադամանդ, որը պատմում է մուգ գույների մեջ ածխացող կյանքի ու արեգակի հանդիպումից ծնվող պայծառ լույսի մասին:
Արշալույս, կեսօր, թե վերջալույս՝ շաղախված են մեռնող ու հառնող կյանքի պայծառ փայլատակումներով:
«Եղանակներ» կոչվող ժողովածուն բացող «Օրվա պատմությունը» ինքն իրենով կանոնակարգված մարդկային կյանքի անդրադարձն է՝ անթերի, մաքուր ու գեղեցիկ կյանքի շողակն անդրադարձը.
Բյուր թիթեռներ ելան արշալույսի սրտից//Ու խենթ ցրիվ եկան դաշտերի մեջ անծիր,//Զվարթ թարթումներով ծաղկուն թևիկներից//Շաղ տվեցին տաքո՜ւկ, տաքո՜ւկ ոսկեփոշի:
Այսպես է բացվում «Օրվա պատմություն»-ը, որն, ասես, նույն այն առողջ ու գեղեցիկ հատիկի պատմության կրկնությունն է, որ դաշտ է բերվում որպես նոր կյանքի սերմնահատիկ՝ հողին պահ տալու համար:
Եվ դաշտերի վրա լույս էր, խինդ ու համբույր,//Զեփյուռը նոր սեր էր տանում մարդկանց://Եվ դաշտերում օրը բարի էր ու մաքուր՝//Հույսի նվագներով ու երգերով կենաց:
Հողը գցված հատիկը գիտակցում է իր առաքելության կարևորությունը, ուստի վերջալույսի շողերի մեջ հանգչող օրը, թեպետ հանդիսավոր տխրությամբ, սակայն արշալույսի մեջ բացվող նոր շնչառության սպասումով է լի.
…Հիմա վերջալույսի կարմիր գույների մեջ//Հոգնած ու մահամերձ թիթեռներ են ճոճվում://Հիմա դաշտերում մութ, հանգչող բույրերի մեջ//Սգվոր ծաղիկներ են լուռ արտասվում:
Անափ զգացումներ ծնող կտավ է վրձնված: Վերջալույսի կարմիրի մեջ պատկերված «մահամերձ թիթեռներ» են այստեղ, «սգվոր ծաղիկներ» և հանդիսավոր լռություն, որից սկիզբ է առնելու նոր օրը: Այստեղ կյանքի շնչառությունն է: Հենց այս՝ կյանքի շողարձակող շնչառության մասին է Լևոն Բլբուլյանի «Եղանակները»: Շնչառություն, որի մեջ գեղագետ գրողի բանաստեղծական գծագրումներն են տարիքային սահմանների մասին, տարվա եղանակային փոփոխությունների մեջ ամփոփված իմաստնություններ, և, անպայման, երգային եղանակներ, որոնք պարուրում են քեզ, երբ բացում ես նրա սրտից բխած «Եղանակներ»-ի դուռն ու սկսում թաթախվել բերքառատ զգացումներ խոստացող ծաղկափոշու մեջ:
Բերքառատ ծաղկափոշով է լցված բանաստեղծի հոգու բաժակը: Անշուշտ, նրա վրայով նաև քամիներ են անցել, անմիտ մժեղներ են նաև ոտքերը նրա մեջ թաթախել, սակայն արթուն են արևային փայլատակումների մասին հուշերը, «աստղերի խմբերգը», «լուսնի նվագը», ուստի, ինչպես կարող էր չկատարվել այն, ինչ այսպես կատարվեց բանաստեղծի հետ՝
Ծագող արեգակի երգը ես լսեցի,//Ու ճոխ մի արշալույս նկարվեց իմ հոգում.//Զեփյուռի կապուտակ մեղեդին որսացի,//Ու շնկշնկաց մեղմիվ կենաց ծառն իմ խորքում:
– – – – – – – – – – – – – – – – – –
Իսկ, երբ արդեն քնի անուշ մշուշներում//Գիշերվա անրջուն երգն էր ինձ օրորում,//Մինչ արշալույս անթիվ ծիլեր ճառագեցին//Օրվա նետած լուսե հունդերն իմ խորքերում:
Ժամանակը բանաստեղծի համար եռակողմ է, ավելի շուտ՝ եռագագաթ: Առավոտ, կեսօր ու անրջուն գիշեր, որոնք լի են նոր շողերի, աստղազարդ փայլերով իր շուրջը ծփացող երգի սպասումներով: Սպասումի տաք սարսուռ, կարոտի խենթ պտույտ, մոտալուտ հանդիպման մտքից ծնված շռայլ ու պերճ խինդ, ալիք-ալիք ծավալվող սեր, որ աննյութ է, բայց՝ թովիչ… Գոյության տեսակ, վիճակ, որ ինքն իրենով արդեն շողարձակող ադամանդի տեսակ է: Սա այն տեսակն է, որն իր մեջ հավաքած լույսը ոչ թե պատնեշում, այլ անդրադարձնում է, ուղղում դեպի ինձ, քեզ, նրան…
Ոչ միայն անդրադարձնում, այլև ընծայում է շռայլորեն.
Օ՜, առավոտ, չքնաղ ու պարզ,//Սիրտս քեզ եմ ես վստահում,//Տա՜ր, ընծայի՛ր, ում կամենաս…
Կյանքի կառույցը պահող սյուների մեջ դրված քանդակազարդ լուսամուտներ են Լևոն Բլբուլյանի պատկերած արշալույսը, կեսօրը, վերջալույսը և գիշերը. յուրաքանչյուրն իր գույներով, օրվա իր անդրադարձներով, սակայն բանաստեղծական հոգու տվայտանքներն ամեն դեպքում բնորոշվում են մի բառով՝ սպասում…
Անշուշտ, բանաստեղծին ևս քաջ հայտնի ճշմարտություն է այն, որ՝
Այստեղ անվերջ հրաժեշտ են տալիս քեզ,//Ու ինչ-որ տեղ քո ճանապարհն են պահում:
կամ
Ով էլ լինես, նաև քո վերջին օրերն են գալու,//Այլ աշխարհի մի անտես դուռ է քո դեմ բացվելու…
Ի վերուստ կանխորոշված այս նորմերի մեջ ո՞րն է երգի դերը, կարո՞ղ ես, արդյոք, հուսադրել երգով կամ նրանով սրբել անմխիթար արցունքները: Չե՛ս կարող, սակայն՝
Ի՞նչ կլիներ մեզ հետ ցավերի մեջ այսքան,//Մեր սրտերում՝ մխանք հին-նոր հազա՜ր վերքի,//Թե չվառեիր, Տե՛ր, մեր մեջ սուրբ հուրը այն,//Որից տառապանքը փոխարկվում է երգի:
Շատ երգեր են գրվել ու դեռ կգրվեն այն բանի մասին, ինչից չես կարող ազատագրվել, ինչը չես կարող թոթափել, ինչը կանխորոշված ու կանոնակարգված նորմերի հիմնաքարն է. «Կյա՜նք է՝ տալիս է, առնում»: Այնուամենայնիվ, սա չէ կյանքի կառույցի կամ շինության գաղտնիքը: Կանգ առնել այստեղ ու սևեռվել ճակատագրով դատապարտված լինելու գաղափարին, կնշանակի մերժել շարժումն ու քարանալ:
Լևոն Բլբուլյան բանաստեղծը շարժումն, առաջընթացը, սպասումը պանծալի բարձունքների հասցնող ստեղծագործող է: Անշուշտ, «Տոն չէ կյանքը ու խնդության ճոխ հանդես» և «Ցավն է միշտ հսկում վրադ», սակայն բանաստեղծի տողը առաջ է մղում, չի թողնում սևեռումով տրվել դառը մտածումներին:
Տե՛ր, քո կամքով ե՛ս էլ եկա երգելու,//Իմ կարոտի՛, ցավի՛ դաշտը հերկելու,// Չարության հետ սուտն ու բիրտը հերքելու//Ու իմ չափով սերն աշխարհում փրկելու:
Եվ հավատում ես բանաստեղծին, հավատում ես, որ ճիշտը նրա տողերի ետևից գնալն է, ու գնում ես՝
Մի տաք, համրախոս հայացք անհայտից//Անվերջ չափում է խորքն իմ էության,//Ու ես չեմ կարող խույս տալ նրանից,//Հոգուս դռները անվերջ չբանալ://Շոյում է, մեղմիվ ունկերիս փարվում//Դանդաղ մոտեցող մի թանկ ոտնաձայն,//Ու երբե՛ք, երբե՛ք իմ մեջ չի մարում//Բարի, թրթռուն լույսը սպասման:
Լևոն Բլբուլյանի դեպքում հայտնի է նրա բանաստեղծական ուղին: Անհայտ է միայն այն հրաշքը, ինչին հանդիպելու սպասումն ինքը երջանիկ բավականություններով լի շարժում է.
Ձեզ անլսելի ամեն մի շշուկ,//Ձեզ անտես ամեն շող ու ճառագայթ//Ինձ ցնորքներից խլում անաղմուկ,//Հարստացնում են ամեն ակնթարթ:
Եթե դեպի «անհայտ գոյություն» տանող ճանապարհն է այսպիսին, ապա ինչպիսին կարող է լինել Գոյությունն՝ ինքը, որին իր փարումի մեջ է տեսնում բանաստեղծն իր կյանքի իմաստը:
Անլսելի ամեն շշուկ լսող բանաստեղծ է Լևոն Բլբուլյանը, ուստի չի կարող լսել կյանքի անպտուղ աղմուկը: Լևոն Բլբուլյանը յուրատեսակ մենության բանաստեղծ է: Նրա մենությունը հասկանալու համար պետք է հաղորդ լինել ընծայվելու նրա երջանկությանը: Շռնդալից հոսող փոթորիկ է նրա մենությունը, որ դուրս է հորդում՝ պեղելով հոգու բոլոր անկյունները: «Սրտի անհայտ խորշերը» մաքրազարդելով է զբաղված նրա մենությունը: Իսկ հետո, հետո թևածում է՝ տեսնելով իր իսկ պատկերը «երգի հայելում»:
Մենության քանի՜ տեսակ ու ձև կա,//Որ օրերի մեջ պիտի ճաշակենք՝//Մեր հոգու թաքուն անկյուններն ամեն,//Մեր սրտի անհայտ խորշերը բոլոր//Երգի հայելում տեսնելու համար:
Մենությունն իր տեսակներով է առկա բանաստեղծի տողերում: Մի դեպքում այն մերժում է ճահճախեղդ հուսահատությունն ու բուրումնավետ օրորումների մեջ ընկողմանելու երանությունը: Մի ուրիշ դեպքում՝ այն արդեն «լռությունը կեղևաթափված» տեսնելու ցանկություն է.
Սպասում եմ ձայնի, մի զորավոր ձայնի,//Որից լռությունն այս իմ շուրջ մեկեն ճաքի…
Ճաքող լռության միջից բանաստեղծը, սակայն, ոչ այլ ինչ է ուզում, քան «մի մեծ սիրո ազդանշան», «հարության կոչ ազդու ու կանչ մի փրկարար»: Նրա մենությունը մի ողջ աշխարհզգացողություն է, նա տոգորված է աշխարհակառույցի շաղախի մեջ մենությունը որպես կարևորագույն բաղադրություն տեսնելու, արժևորելու զգացողությամբ: Բանաստեղծն իր մենությունը գնահատողի կարոտով է բռնված: Իսկ գնահատել, նշանակում է «արևին պարզել» կամ «սիրո ավազանում արցունքով օծել» այն, որ նույնն է, թե՝ քաղցրորեն կրկնապատկել:
Ո՞վ, ե՞րբ պիտի գտնի//Իմ սիրտը մոլորյալ՝//Հազա՜ր հուզումների,//Տագնապների բովում,//Եվ ի՞նչ կանի արդյոք,//Արևի՞ն կպարզի,//Թե՞ արցունքով կօծի//Սիրո ավազանում…
Լևոն Բլբուլյանի մենությունը, նույն այդ մենության հետ հաշտ մնալով, միևնույն ժամանակ նրան իսկ՝ որպես պայթող բողբոջ, շուրջը տարածելու, ընծայելու ձգտում է: Նրա մենությունը նման է իր նկարագրած զեփյուռին.
Սարերի խաղաղ շնչառությունից// Ծնվեց, թև առավ մի ուրախ զեփյուռ/Ու տապից նվաղ, տոթ հովիտներին//Փրկարար շոյանք տարավ ու համբույր:
– – – – – – – – – –
Ոչինչ, որ ոչ ոք չտեսավ ոչինչ,//Գովեստի կարիք զեփյուռը չունի.//Նա կդառնա և մեղեդի մի ջինջ,//Թե մեկնումեկն իր սրինգը հանի:
Իսկ «Եղանակներ» գիրքը սրինգ է՝ սրնգի մի տեսակ: Որպես երգ ու նվագ մոտեցրու տողերը շրթունքներիդ, և կզգաս, թե ինչպես է հոսում ջինջ մեղեդին, պարուրում քեզ ներսից ու դրսից, ինչպես են նորոգվում հույսերդ, ինչպես են ճախրում տենչերդ…
«Եղանակներ» ժողովածուն Լևոն Բլբուլյանի՝ ընծայվելու պատրաստ մենության ճախրանքն է, ընթերցողի համար ճախրանք է՝ բանաստեղծության շողակն երկնակամարում:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.