ԲՈԼԵՐՈ / Կլարա ԹԵՐԶՅԱՆ

Ամառ էր, շոգ ամառ: Արան ու Անուշը հանգստանում էին Սև ծովի ափին: Լույսը դեռ չբացված՝ գնում էին լողափ՝ դիմավորելու արևածագը: Երկնքի մոխրագույնն սկսում էր կարմրել, ու արևը դանդաղ, հանդիսավոր դուրս էր գալիս ծովի միջից՝ բազմելու իր երկնային գահին:
Մարդ ու կին արևին ողջունում էին Ռավելի «Բոլերոյով»: Արան սքանչելի ձայն ուներ: Սկզբում, երբ հազիվ երևում էր արևի կորը, երգում էին կիսաձայն, հետո, արևի բարձրանալու հետ, ձայներն ուժեղանում էին, և, արևի կրակե գունդն ամբողջությամբ հայտնվելուն պես, երգում էին ամբողջ ձայնով՝ այնքան ուժգին, ինչքան ձայնալարերը դիմանում էին: Այդպես էին նրանք ողջունում արևագալը, և թվում էր՝ արևն ուրախ էր իրենց տեսնելուն, ժպտում էր:
– Եվ ո՞վ է ասում, որ «Բոլերոն» արևին չի ձոնված,- ասաց Անուշը:
– Հեղինակը:
– Հեղինակն ինքն էլ չի իմացել, որ արևին օրհներգ է պարգևել:
Արևի դուրս գալուն պես ծովի մուգ ջրերը կապույտ էին հագնում, դառնում թափանցիկ: Ծառերի կանաչը պայծառանում էր: Դե, մտիր ջուրն ու սրտիդ ուզածի չափ լողա. Արային ու Անուշին թվում էր, որ իրենք ծովի մի ալիքն են, արևի մի շողը:
– Հրա՜շք,- զմայլվում էր Արան:
Նա նկարիչ էր, ուզում էր ծովին նվիրված նկարաշար ստեղծել: Անուշը մանկացած ասում էր.
– Արևն ինչքա՜ն անկողին ունի՝ մեկ քնում է ծովում, մեկ՝ լեռներում, մեկ՝ անտառում…
– Իսկ դաշտո՞ւմ,- կատակում էր Արան:
– Ծիլ ու ծաղկի մեջ ու դրանց տալիս իր գույները:
Արան սիրում էր Անուշի երևակայությունը, որն իրեն նկարելու լիցք էր տալիս: Ամուսիններով նույն խառնվածքն ունեին, ապրում էին հաշտ ու երջանիկ մինչև այն պահը, երբ Անուշը ռեստորանում ասաց.
– Արա, նայիր, մատուցողուհին ի՜նչ գեղեցիկ կին է:
Ամուսնու ուշադրությունը սևեռվեց նրա վրա: Մատուցողուհին որսաց հայացքը, կանացի նազանքով մոտեցավ.
– Ողջույն, իմ անունը Նատաշա է, ի՞նչ կկամենաք պատվիրել:
Նատաշան յուրաքանչյուր ուտելիքը սեղանին այնքան զգույշ էր դնում, որ ամուսիններն ակամայից սկսեցին հետևել նրա ձեռքերի սահուն շարժումներին, մատանիներով զարդարված գեղեցիկ մատներին:
– Ինչ մեղք է Նատաշան,- ասաց Անուշը,- այս արտաքինով աշխատում է մատուցողուհի:
– Թե ուզում ես իմանալ, ռեստորանում պետք է նման կանայք աշխատեն, որ հաճելի լինի այցելել, որ ախորժակով ուտես:
Հաջորդ օրն Արան ցանկություն հայտնեց ճաշել նույն ռեստորանում: Նատաշան նրանց ողջունեց ինչպես մտերիմ ծանոթների, հատկապես ուշադիր էր Անուշի նկատմամբ՝ նրան մի քանի անգամ անվանեց գեղեցկուհիս:
– Նատաշա, իսկ դու այս ռեստորանի զարդն ես,- ասաց Անուշը:
Արան միջամտեց.
– Ես նկարիչ եմ, ուզում եմ Ձեզ նկարել: Կարո՞ղ եք ինձ մի երկու ժամ տրամադրել:
– Սիրով, վաղը ես ազատ եմ, որտե՞ղ հանդիպենք:
– Ես ու կինս առավոտ վաղ գնում ենք լողափ, ձեզ հարմա՞ր է: Նկարիչների լողափն է, տեղը գիտե՞ք:
– Իհարկե, ես տեղացի եմ:
– Եթե ափին չլինենք, ուրեմն՝ ծովում ենք:
– Ավելի լավ, ես էլ ձեզ հետ հաճույքով կլողամ:
Հաջորդ առավոտ, երբ Արան ու Անուշը մոտեցան լողափին, Նատաշան արդեն ծովում էր:
– Այնպես է լողում, ասես ձուկը՝ ջրում,- ասաց Անուշը:
– Դե, իհարկե, ծովափի ծնունդ է:
Անուշն ու Արան էլ ջուրը մտան: Նատաշան նրանց ողջունեց ու մոտեցավ: Լողացին երեքով: Անուշը շուտ հոգնեց, ափ դուրս եկավ, Արան ու Նատաշան լողացին երկար և, Աստված գիտե, թե ի՞նչ էին խոսում, ի՞նչ էին պայմանավորվում: Երբ ջրից դուրս եկան, Արան ավազի վրա հարմարեցրեց նկարակալն ու Նատաշային ասաց.
– Հապա, ողջունիր ծովն ու արևը:
Արային թվաց, որ կինը երկու ձեռքը տարածելու է՝ պատրաստ գրկելու: Բայց Նատաշան ձեռքերը խաչեց կրծքին ու այնպիսի երանությամբ նայեց ծովին, որ Անուշն ասաց.
– Արա, անմիջապես դրոշմիր աչքերի, դեմքի արտահայտությունը:
Արան գլխով արեց, երևում է, որ իրեն էլ էր դուր եկել: Հետո Նատաշային ասաց.
– Խնդրում եմ, պառկիր ավազին, ծովին շատ մոտ, որ ալիքները շոյեն քեզ: Իմ նկարաշարը պետք է կոչվի՝ «Կինը լողափին»:
Նկարելու համար Արայի՝ Նատաշայից խնդրած մեկ-երկու ժամը երկարեց օրեր: Ու թեև Արան Անուշի նկատմամբ առաջվանից սիրալիր էր, բայց նա կանացի բնազդով զգաց, որ ամուսինը սկսել է Նատաշայով հրապուրվել:
– Պետք է սրա առաջն առնել, բայց ինչպե՞ս:- Մտածում էր ու միջոցը չէր գտնում:
Մի օր Անուշն իրեն վատ զգաց, չուզեց անկողնուց ելնել: Արան ասաց.
– Ոչինչ, արևայրուկ է, կանցնի,- ու ձեռքն առավ վրձինը:
Անուշը հետևում էր, թե նա ինչ սիրով է նկարում Նատաշայի դիմանկարը և միայն ժամեր անց հիշեց իր մասին:
– Անուշ ջան, ո՞նց եղար, ի՞նչ ես ուզում:
Անուշն ինքն էլ չիմացավ, թե ինչպես տեղից վեր թռավ ու վիրավորված ասաց.
– Ուզում եմ, որ վաղն իսկ վերադառնանք տուն:
– Քեզ ի՞նչ պատահեց, ասում էիր, որ այստեղ լավ է:
– Չէ, էլ չեմ ուզում մնալ, ձանձրացել եմ:
– Համբերիր, նկարաշարս վերջացնեմ: Հիմա չեմ կարող:
– Ոչ, ուզում եմ վերադառնանք ու վե՛րջ:
Նատաշայի անունը չէր տալիս, բայց Արան հասկանում էր, որ պատճառը նա է: Եվ քանի որ Անուշը բնավորությամբ կամակոր էր, ու Արան նրան շատ էր երես տվել, հաջորդ օրն իսկ ինքնաթիռ նստեց ու վերադարձավ Երևան: Նա հավատացած էր, որ Արան ամեն ինչ կթողնի ու անմիջապես կգա, բայց չեկավ:
Օրերն անցնում էին, իսկ Արան չկար ու չկար: Միայն հաճախ հեռախոսով զանգում էր ու հարցնում Անուշի որպիսությունը, ասում, որ սքանչելի նկարներ է ստեղծել ու խնդրում, որ կինը մի փոքր համբերի:
Անուշն Արայով հետաքրքրվողներին ասում էր.
– Ծովափին մեծ պատվեր է ստացել, աշխատում է:
Բայց վիրավորանքին ու խանդին վերջ չկար, լալիս էր՝ ասելով՝ ես իմ տունը քանդեցի, ինձ փոխեց մատուցողուհու հետ՝ գոնե կարգին մեկը լիներ: Ու Արային սպառնաց.
– Եթե վաղն այստեղ չլինես, ուշ կլինի: Հետո շատ կզղջաս:
Այդ խոսքերը լսելուց հետո էլ Արան տուն չվերադարձավ:
Մի օր հարևանուհին տեսավ բարետես արտաքինով երիտասարդի, որ, վարդերի փունջը ձեռքին, մոտենում է Անուշի դռանը: Բայց իր ներկայությունից շփոթվեց, շրջվեց, որ ետ դառնա, հետո միտքը փոխեց, վերադարձավ ու սեղմեց դռան զանգը:
– Այս ի՜նչ գեղեցկություն,- ասաց Անուշը՝ ստանալով վարդերն, ու երիտասարդին ներս հրավիրեց:
Օրվա հոգսերն այնքան շատ էին, որ հարևանուհին մոռացավ երիտասարդին էլ, Արային էլ: Անցան ամիսներ: Հանկարծ նա նկատեց, որ Անուշը հղի է, փաթաթվեց, շնորհավորեց՝ ասելով.
– Պատկերացնում եմ՝ Արան ո՜նց է ուրախացել, ինչքա՜ն էր երազում:
Անուշը գլուխը կախել, աչքերն էր սրբում:
– Վա՞տ ես զգում:
– Չէ, լավ եմ, բայց…
– Բայց ի՞նչ:
– Երեխայի հայրը Արան չէ:
– Արան գիտի՞:
– Ասել եմ:
– Եվ ի՞նչ…
– Ձայն չհանեց, անգամ չհարցրեց՝ ո՞վ է հայրը, հեռախոսը շպրտեց: Տիկի՛ն Լենա, ես շատ եմ վախենում, որ Արայի հարազատները երեխայիս գլխին օյին կխաղան, ծննդատանը շատ ծանոթներ ունեն: Իսկ ես ոչ մեկը չունեմ, որբ եմ:
– Մի մտածիր, կօգնեմ, որ դու լինես ամենահմուտ բժիշկների ուշադրության կենտրոնում:
Արան ծովափից վերադարձավ, երբ Անուշը հիվանդանոցում էր՝ արու զավակ էր ունեցել: Ամբողջ գիշեր չկարողացավ քնել, իրարամերժ զգացմունքները խեղդում էին. մեկ ասում էր՝ «ես եմ մեղավոր», մեկ` Անուշին էլ էր մեղադրում, հետո խղճում՝ «Ո՞ւր պիտի գնա, ո՞վ պիտի խնամի՝ ոչ մեկը չունի»…
Որքան էլ ծանր էր, զգում էր, որ առանց Անուշի կյանքը չի պատկերացնում: Եվ որոշում ընդունեց՝ առավոտյան շքեղ ծաղկեփնջով, տեսակ-տեսակ շոկոլադե կոնֆետներով գնաց ծննդատուն: Բացիկի վրա գեղեցիկ ձեռագրով գրեց. «Անուշ ջան, շնորհավորում եմ մայրությունդ: Ուզում եմ, որ իրար ներենք: Ես պատրաստ եմ երեխային հարազատ հոր պես խնամել: Ուզում եմ, որ մեր կյանքում բացվի մի նոր, մաքուր էջ, որի վրա կգրվի, թե որքան եմ սիրում քեզ ու տղայիս: Քո Արա»:
Մինչ Արան սրտատրոփ սպասում էր պատասխանին, ծննդատուն մտավ մտերիմ ընկերը՝ Գոռը, երջանիկ ժպիտը դեմքին: Արային տեսնելով՝ մռայլվեց.
– Ինչի՞ ես եկել:
– Քեզ ի՜նչ:
– Էստեղ ի՞նչ գործ ունես:
Արյունը խփեց Արայի դեմքին.
– Դավաճան: Վայ քեզ մարդ ասողին:- Ու մի շռնդալից ապտակ հասցրեց, հետն էլ՝ հայհոյանք:
Պատասխանը չուշացավ՝ իրար անխնա հարվածում էին, հայհոյանքների տարափ էր: Նրանց հիվանդանոցից դուրս քշեց պահակը, որ աժդահա մի ծերունի էր: Կռիվը շարունակվեց բակում, լուրը հասավ բժիշկներին, Անուշին, առանց այդ էլ, չէին սիրում՝ իրեն այնպես էր պահում, ասես բոլորը պարտական էին:
– Աշխարհ, աշխարհ,- ասաց բուժքույրերից մեկը, որ միայնակ մայր էր,- մեկը հեչ ամուսին չունի, մյուսի համար երկու անխելք մարդ կռվում են:
Անուշի դեմքին սառել էր հաղթողի ժպիտը, ամբողջ մարմնով դողում էր:
Արային ու Գոռին իրարից բաժանեցին միլիցիայով:
Գոռն Անուշին ու տղային տարավ իր տուն: Արան էլ ամուսնացավ Անուշից ոչ պակաս գեղեցիկ կնոջ՝ Նունեի հետ, ով նրան պարգևեց երկվորյակ՝ տղա ու աղջիկ: Երկու ընտանիքներն էլ յուրովի երջանիկ էին, սակայն Գոռն ու Արան իրար ներել չէին կարողանում, խռով էին ու սաստիկ թշնամի:
Շատ չանցած կյանքը տակնուվրա եղավ՝ բոլորի շուրթերին «Ղարաբաղը մերն է» կարգախոսն էր:
Գոռը տղայի ու Անուշի հետ Հայաստանից փախավ Լոս Անջելես: Տարիներ անց նույն քաղաքում բնակություն հաստատեց նաև Արան՝ ընտանյոք հանդերձ: Նոր երկիր, նոր ապրելակերպ՝ հեշտ չէր նորեկ հայերին հարմարվել անծանոթ օրենքներով ու բարքերով հսկա քաղաքին:
Մի օր Արան ու Գոռը դեմ-դիմաց դուրս եկան, նրանց աչքերում մի պահ ծագած ժպիտը կորավ շփոթվածության մեջ. ուզեցին անծանոթների պես հեռանալ, բայց չիմացան՝ ինչպես գրկախառնվեցին:
– Վաղո՞ւց ես էստեղ,- հարցրեց Գոռը:
– Արդեն երկրորդ տարին է:
– Բա ինչո՞ւ ձայն չես հանել:
– Թե չես շտապում, արի գնանք մի տեղ, սուրճ խմենք, խոսենք:
– Գնանք:
– Ի՞նչ ես անում, նկարո՞ւմ ես, – հարցրեց Արան:
– Գրեթե չէ, Անուշի հետ խմորեղենի խոհանոց ենք բացել, դրանով ենք ապրում: Իսկ դո՞ւ…
– Ես նկարում եմ: Չէի ասի, որ գործերս շատ հաջող են գնում, բայց սրան էլ փառք: Նունեն ինձ շատ է օգնում՝ մի ծեր կնոջ է խնամում: Տունը համարյա նա է պահում, ամեն ինչ անում է, որ նկարելը չթողնեմ:
Արան իրեն հազիվ էր զսպում, որ Անուշից չհարցնի: Գոռն ինքը պատմեց, որ Անուշն իրեն լավ է զգում, երկրորդ արու զավակն ունեն: Հենց այդ պահին հնչեց Գոռի հեռախոսը.
– Անո՛ւշ ջան,- ասաց Գոռը,- թե իմանաս ո՞ւմ հետ եմ՝ չես հավատա:
– Ո՞ւմ:
– Արայի:
– Ո՞նց եք հանդիպել:
– Շատ պատահական:
Մինչ Արան մտածում էր, թե արդյո՞ք դա Անուշի դուրը կգա, նա հարցրեց.
– Արան ո՞նց է, շա՞տ է փոխվել:
– Չէ, առաջվա Արա Գեղեցիկն է:
– Բարևիր,- ասաց Անուշը:
– Նա էլ քեզ է բարևում:
Նախկին թշնամիները հիշեցին Երևանն՝ իր ցայտաղբյուրներով, թատրոնով, օպերայով, Նկարիչների տնով… Այնտեղ էր մնացել իրենց խենթ ջահելությունը: Ամեն ինչ վերակենդանացել էր, խոսում էին իրար հերթ չտալով.
– Հիշո՞ւմ ես մեր գինետունը,- ասաց Արան,- ինչքա՜ն գիշերներ ենք այնտեղ լուսացրել:
– Բոլորս իրար հանճար, իմաստուն էինք անվանում, ունեինք մեր գլխավորին:
– Մի ժամանակ Ղուկասն էր, հետո դարձավ Ռաֆիկը. նա նկարիչ չէր, գրող էր, բայց մեծ հեղինակություն էր վայելում, թեև պատմածները փչոց էին, ինքն էր հորինում ու հրամցնում արտասահմանյան այս ու այն մեծ գրողի անունից:
– Հրաշալի խումբ էր, որտեղ յուրաքանչյուրն իր գլուխն էր գովում:
– Տեսնես հիմա ո՞ւր են մեր լավ տղերքը, ո՞վ կա, ո՞վ չկա…
– Ափսոս, Արա Սարգսյանը մահացել է. երբ փողոցում քայլում էր, ասես իրենով լցնում էր ողջ քաղաքը: Ինչպե՜ս էր սիրում իր ուսանողներին, անգամ հետները լախտի էր խաղում:
– Բա նրա հորինած հիմնը՝ «Փանթալոնի կոճակը», որ բոլոր հավաքներին երգում էինք:
– Երնե՜կ այդ օրերին:
Գոռն ու Արան բաժանվեցին՝ այլևս իրար չկորցնելու պայմանով: Հետագայում մտերմացան նաև ընտանիքներով. իրարից էին առնում հեռվում թողած հող ու ջրի կարոտը, դրանց էին պահ տվել իրենց երիտասարդությունը: Ամեն ինչ հիշում էին, բացի նրանից, թե մտերիմ ընկերները ժամանակին ինչո՞ւ էին խռովել ու թշնամացել:
Յուրաքանչյուրն իրեն երջանիկ էր զգում մինչև այն պահը, երբ ճաշկերույթի ժամանակ, Արան մի փոքր գինովցած, երգեց «Բոլերոն»: Երգեց այնքան հուզական, որ Անուշի հոգում վաղուց քնած արևն արթնացավ, սկսեց դանդաղ ու տագնապալի բարձրանալ:
– Արա,- ասաց Անուշը,- էլի գնո՞ւմ ես լողափ՝ ողջունելու արևածագը:
– Ամեն շաբաթ: Գիտե՞ս, հիմա արևի անկողինն օվկիանոսի մեջ է, այնտեղ է արթնանում ու դանդաղ, հանդիսավոր ելնում երկինք:
– Արան մի գեղեցիկ նկարաշար ունի, որ կոչել է «Կինն օվկիանոսի ափին»,- ասաց Նունեն:
Անուշի աչքի առջև հառնեցին՝ ծովը, Նատաշան, Արան ու ինքը: Բայց այս ի՞նչ է՝ Նատաշան իր դեմքով է, իսկ ինքը՝ Նունեի…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.