Ծանրակշիռ ներկայություն 60-ականների գրականության մեջ

zorayr-xalaoyan-girq-634x445
Հոկտեմբերի 23-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ արձակագիր Զորայր Խալափյանի «Այսքան բան» գրքի շնորհանդեսը:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, նշելով, որ 1990-ական թվականներին սոցիալական, պատերազմական և այլ խնդիրների պատճառով գրականությունը մնացել էր ստվերում, նկատեց, որ այս ժողովածուն շատ լավ ներկայացնում է Զ. Խալափյանի՝ այդ թվականների մտածումները, խիտ բանաձևումները՝ խորքային, հետաքրքիր, փիլիսոփայական, նաև հեգնական շեշտադրումներով: Վստահեցնելով, որ ընթերցողը մի այլ հայացքով է ընկալելու Զ. Խալափյանի գրական ժառանգությունը, նրա բազմաշերտ արձակը՝ Էդ. Միլիտոնյանն ասաց. «ժամանակների մեջ նոր ուսումնասիրողներ են գտնվելու, և 60-ականների մեր արձակի մասին պարզունակ, կաղապարված, քարացած կարծիքները վերանայվելու են: Զորայր Խալափյանը, Աղասի Այվազյանը, Մուշեղ Գալշոյանը և ուրիշ գրողներ, որոնք, կարծես թե, որոշակիորեն մնացին ստվերում, և ընթերցողը նրանց այնքան էլ չճանաչեց, երկրորդ շնչառություն են ունենալու ժամանակների մեջ և նորովի են բացահայտվելու՝ որպես տաղանդավոր արձակագիրներ»:
Արձակագիր Ալիս Հովհաննիսյանը, որը վարում էր ցերեկույթը, ևս նկատեց, որ հայ գրականությունը վերանայման կարիք ունի՝ սկսած դասականներից մինչև ժամանակակից գրողները: «Մենք պետք է տեսնենք՝ այս գրողները դիմացե՞լ են ժամանակի քննությանը, թե՞ ոչ, և պետք է նայենք այսօրվա հայացքով»,- մասնավորապես ասաց նա և հավելեց, որ շատ դեպքերում ակնհայտ է դառնում, որ նրանք իրենց գրվածքներով մարգարեացել են ներկա ժամանակների մասին:
Ըստ ՀԳՄ քարտուղար, գրականագետ Պետրոս Դեմիրճյանի՝ 60-ականներից սկսվեց անհատի հոգեբանության, կերպարի, մարդու էության բացահայտման ընթացք, և Զ. Խալափյանը դարձավ այն սերնդի ներկայացուցիչներից, որոնք բերեցին նոր սերնդի կերպարը հայ գրականության մեջ: Անդրադառնալով «Այսքան բան» ժողովածուին՝ բանախոսն ընդգծեց, որ գրքում ընդգրկված գործերն իրենց հնչեղությունը պահելու են բոլոր ժամանակներում: «Շատ հարուստ նյութ է տալիս խորհելու այն բոլոր հարցերի շուրջ, որ հուզել են իրեն, և որոնք այսօր արդիական են բոլորիս համար»,- ամփոփեց նա:
«Ինձ թվում էր, թե մենք Զորայր Խալափյանի մասին ամեն ինչ գիտենք, բայց երբ գիրքը լույս տեսավ, պարզվեց, որ ահագին բան չգիտենք»,- խոստովանեց կինոգետ, դրամատուրգ Դավիթ Մուրադյանը և դա բացատրեց նրանով, որ Զ. Խալափյանն անընդհատ ինքնանորացող գրող է՝ օժտված ինքն իր միջից յուրաքանչյուր անգամ մի նոր գրող դուրս բերելու հատկությամբ: Նրա հավաստմամբ՝ թեև իր կյանքի օրոք նա, ասես, ստվերում մնաց, այնուամենայնիվ, ծանրակշիռ ներկայություն էր 60-ականների գրականության մեջ և 20-րդ դարի երկրորդ կեսի հայ արձակում եղանակ էր ստեղծում: Անդրադառնալով Զ. Խալափյանի «Որտեղ էիր, մարդ Աստծո» վիպակի և մյուս գործերի հիման վրա նկարահանված ֆիլմերին՝ Դ. Մուրադյանը արժևորեց դրանք՝ համարելով գեղարվեստական ձեռքբերում հայ կինոյի համար:
Սուրեն Աբրահամյանը, հանգամանորեն վերլուծելով «Այսքան բան» ժողովածուն, ընդգծեց, որ նրա սերնդի գրականությունը պատմականացման, այսինքն՝ գրականության պատմության տեսքով ներկայանալու խնդիր ունի:
Ելույթ ունեցան նաև Վրեժ Սարուխանյանը, Կարինե Մարտիրոսյանը, Բակուր Կարապետյանը, գրողի քույրը՝ Մելիտա Խալափյանը, Նելլի Շահնազարյանը:
Զ. Խալափյանի եղբայրը` Թեմիկ Խալափյանը, ով հավաքել և կազմել է «Այսքան բան» գիրքը, խոստովանեց, որ ձեռագրերի վրա աշխատելիս յուրովի նորից հայտնաբերել է Զորայր Խալափյան գրողին, ճանաչել նրա լեզվական առանձնահատկությունները:

Մեկ մեկնաբանություն

  1. Այս տեղեկագրութիւնը կարդացողը կը դրուի այնպիսի վիճակի մէջ, որ կարծէք թէ Խալափեանը իսկապէս շուքի մէջ մնացած գրող էր եւ պէտք է նոր բացայայտել զայն: Բարեկամներ, Խալափեանը 20-րդ դարու երկրորդ կէսէն ասդին ստեղծուած մեր գրականութեան հսկաներէն էր, իսկ եթէ անոր մահէն քանի մը տարի ետք մարդիկ սկսեր են կիսով յիշել նրան, հաստատումներ անել, թէ նա ու կարգ մը ժամանակակից հսկաներ «մնացին ստուերում», սա կը նշանակէ, որ մեր միտքը հիւանդ է, մեր արժէքներին չենք ծանօթացած ատենին եւ հիմա ուշացած աշակերտի կօշիկներուն մէջ ենք: Իսկ թէ կինօն որքա՞ն հարազատ է «Որտեղ էիր..»ի բնագրին եւ արուեստի ի՞նչ արժէք կը ներկայանցէ, այդ ալ ուրիշ կատակերգութիւն է, որովհետեւ մեր նոր ռեժիսորները մեծ յատկութիւն եւ… մենաշնորհ կը սեպեն բնագիրը խեղաթիւրելը եւ բոլորովին այլ բան՝ գրողին անհարազատ կինօ պատրաստելը: Կարելի է շարքը երկարել. մէյ մը դիտէք «Խաչագողի յիշատակարանը» եւ կը հասկանաք թէ ինչի մասին է խօսքս:
    Իսկ թէ Խալափեանի նոր գործը կը նպասէ զինք աւելի լաւ ճանչնալու, այդ մասին վէճ չենք ունենայ:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.