Արման ԹՈՎՄԱՍՅԱՆ

1. Չասված բառերը
Ժայռից պոկված
Ձնահյուսքի են նման`
Ավելի են մեծանում,
Երբ պտտվում են
Ժամանակի հետ,
Եվ ինչքան վազես,
Փախուստը
Կտրում է բառերդ,
Եվ դու չգիտես՝
Ինչպես քանդել
Հանգույցը ժամանակի:

2. Որոշել եմ
Ամեն բառից առաջ
Մարդկանց նկարել
Ու ստեղծել
Մի հավաքածու`
Անունը լռություն:
Երբ ժամանակը
Կներկի բառերը
Դատարկությամբ,
Ծակ դեմքերը
Կծածկեմ նկարով,
Ու Դորիանը*
Դուռը կթակի`
Իր ժառանգածը
Վերադարձնելու:

*Նկատի է առնված Օսկար Ուայլդի համանուն վեպի հերոսին՝
Դորիան Գրեյին:

3. Երբ տուն ես
Վերադառնում,
Հագուստիդ հետ
Հանի՛ր աղմուկը քաղաքի,
Կոճակներիդ հետ
Արձակի՛ր քաղաքի փոշին,
Գլխիցդ դատարկի՛ր
Թափառող բառերը`
Անտուն, ցնցոտի,
Ու երբ մերկ լինես
Մարդկանցից,
Հորիզոնը կլցվի
Քո մեջ,
Սնկի պես
Գլուխը կհանի
Երազանքը,
Ու կվերադառնա
Խաղաղությունը,
Որ փնտրում էր քեզ:

4. Դատարկ պատերին
Այստեղ ստիպում են
Կյանք նկարել,
Իսկ մանկությունում
Հայրս արգելք էր դնում,
Ոմանք բառեր գիտեն
Կամ փնտրում են
Առանց վառոդի,
Այստեղ երեխաները
Խրամատում են խաղում,
Տանկի գրկում
Ցորենը հասնում է
Լուռ համբերությամբ,
Այստեղ ապրում են,
Բայց չգիտեն՝
Ինչպես սահմանել կյանքը:

5. Գիշերն ավարտվում է,
Դու էլի
Կարմիր ես ներկում
Շուրթերդ,
Թվում է`
Մենության Աստծուն
Սովորեցրել ես
Կյանքի լեզուն,
Ու քարանձավը
Պիտի լքեն
Չղջիկները աչքերիս,
Որ տուն են փնտրում:

6. Տարօրինակ
Մարդ եմ ես՝
Կա՛մ հիմք եմ
Կառուցում,
Կա՛մ կտուրն այրում,
Հիմա նստել եմ
Կես ճանապարհին,
Կիսատ վերջերից
Բառեր եմ փնտրում:

7. Բառերը
Մարդուն են նման,
Ոմանք գալիս են՝
Հարբած ու փնթի,
Եվ դուռդ թակում,
Ոմանք սովորել են
Տրվել շատերին
Ու բերանիցդ
Դատարկ
Մի գիշեր են ուզում,
Ոմանք կառուցվել են,
Զգույշ,
Մի քարը չշարժես,
Ոմանք ապագայից
Քուրմ են,
Չստացված ներկադ
Նորից են փնտրում,
Եվ կան
Անցյալից մնացած
Մամռոտ սնկեր,
Որ կուլ չեն գնում,
Ու հենց
Նրանք են
Հետդ սրճում
Կեսգիշերին,
Ու հենց նրանք են
Գիշերը վերմակը
Գցում մրսող մարմնիդ:

8. Եվ ամեն մեկը
Իր դաշտերում
Դատարկության
Թմբուկն է զարկում
Գզգզված կյանքի,
Վալհալա*, գալիս եմ,
Այնտեղ, ուր հոգին
Պատերազմ տեսածի՝
Խաղաղ սավառնում է
Ժայռերին արծիվների,
Գալիս եմ, Վալհալա,
Այնտեղ, ուր մեկը
Առագաստ է ձգում
Հորիզոնին,
Այնտեղ, ուր մեկը
Մի ուրիշ
Մարմին է ընտրում`
Կրկին կորզելու
Աշխարհը կիսատ,
Ծնվելու հեռվում`
Համբերությունում
Անջուր դաշտերի,
Այնտեղ, ուր կյանքը
Թափառում է մերկ,
Ուր պատերազմը
Աչքեր չեն տեսել,
Վալհալա, գալիս եմ,
Սպասի՛ր ինձ:
*Սկանդինավյան դիցաբանության մեջ պատերազմում ընկածների Դրախտը:

9. Ճանապարհին
Տներ էի կառուցում,
Ու փախուստը
Կոչվում էր հայրենիք:
Եկար դու
Ու քեզ կոչեցիր
Ճանապարհ,
Ներս եմ գալիս,
Թե դուրս,
Դու ես կանգնած,
Իսկ ես կրկին
Բառարան եմ փնտրում՝
Մնալու ու գնալու
Միջև ընկած բառերը
Սովորելու համար:

10. Հեռավորությունը
Բաժանում է
Ծանոթ-անծանոթ
Քաղաքները,
Դատարկությունը՝
Միացնում:
Բաբելոնում երազանքը
Կորցրին մարդիկ
Եվ ո՛չ լեզուն,
Ու աշխարհը
Մնաց կիսատ՝
Իրեն փնտրելու:

11. Բացվեց առավոտը,
Փողոցները լքեց
Հեղափոխությունը,
Ու հիմա շրջում են
Հիասթափության
Անցորդները,
Կոշկակար Անդոն
Կոշիկ կարել չսովորեց,
Շինարարը պատ չշարեց,
Փաստաբանը դատ չշահեց,
Եվ դեռ հավատում է
Քաղաքացի այսինչյանը,
Որ վարչապետը
Իր փոխարեն
Կնոջը գուլպա կառնի,
Ես նոր օրերի
Ցողն էի ցանկանում
Հավաքել բառերից,
Բայց շուրջը
Դառնահամ է միայն,
Եվ ես վաղուց գիտեմ,
Որ Բաստիլը
Գրավում են
Նրա ապագա տերերը,
Ոմանք համբուրվում են
Ամբոխների օվկիանոսում,
Ոմանք լքում են
Ընթացքը՝ բութ ու անսանձ,
Ինձ բացակա դրեք,
Ես հեռու սարերում
Տուն եմ փնտրում,
Ու հեղափոխությունը
Արձագանք չունի
Ժայռերի կոշտացած այտերին,
Երբ քաղաքացի այսինչյանը,
Դեռ հավատում է,
Որ վարչապետը
Կնոջը գուլպա կառնի
Իր փոխարեն:

12. Քաղաք, ինչպե՞ս ես,
Ո՞վ է շրջում
Գիշերային փողոցներդ,
Ո՞վ է կծկվում
Ցրտիդ մեջ դատարկության,
Քեզ հետ
Որքան ենք սիրել
Պտտել ժամանակը
Մի չոր նստարանի,
Կտուրներիդ կթառեն էլի
Ագռավները,
Երազողն ու մոլորվածը,
Իսկ դու հոգնել ես
Քեզ հետ
Մի անկողին կիսող
Հարբեցող բառերից,
Իսկ դու հոգնել ես
Քո մարմնին
Տնկած քարե վերքերից,
Քաղաք,
Դեռ քանի՜սը
Կխելագարվեն
Նոր օրերի լույսով,
Դեռ քանի՜սը
Վիշապներ կծնեն
Խաղաղության երգից,
Մարդիկ,
Որ կամուրջներին
Ամրոցներ են կառուցում,
Կպատմեն սիրո մասին,
Որ երբեք չի շոյի
Սպասումից
Մարմինդ չորացած,
Ոչինչ չունեմ տալու,
Ոչինչ չունես տալու,
Հեռացածը
Ագռավ է միայն,
Որ կռռում է տանիքին
Հեռու երկրի մասին:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.