ԱՆԱՆՈՒՆԸ / Սաթենիկ ՄԿՐՏՉՅԱՆ

Տարիներ առաջ ամեն ինչ ու ամենքին կորցրած, իրենից ու իր տեսակից փախած և իր կամքով հեռավոր ու փոքրիկ քաղաքն ընտրած մարդը, փոքրիկ սրճարանում գլխի թեթևակի խոնարհումներով աջ ու ձախ բարևելով այդ ժամին իրենց մեկ բաժակ գինին կամ մեկ գավաթ սուրճը վայելող հատուկենտ այցելուներին, մինչև կմոտենար ազատ սեղաններից մեկին, թռուցիկ հայացքը սահեցրել էր սրահի անկյունի սեղանին դրված «Բորդոյի» (այդտեղ միայն սրճարանատիրոջ այգիներից քամվող «Բորդոն» էր հարգի) բաժակի դիմաց նստած տղամարդու վրայով ու քայլել… Չէ՛ր քայլել. անակնկալի եկած ու թափառող հայացքը կենտրոնացրած` շեշտակի նայել էր անծանոթի (ընդամենը մեկ շաբաթով էր բացակայել քաղաքից) դեմքին ու… Այ քեզ բա՜ն… Եվ, իբր անտարբեր ու անշտապ քայլերով, դիմել դեպի պատուհանի դիմացի սեղանը. թիկունքից սրահ լցվող լույսն արեգական դիմացինին թույլ չէր տալու տեսնել իրեն հետաքրքրությամբ զննող` «այ քեզ բա՜ն» հայացքը: Ապա հավաքել էր իրեն. կարող էր նաև այդպես պատահել, բայց… կարող է՞ր որ. իր կզա՛կը, իր բերա՛նը, մեծղի իր քի՛թը, այտե՛րը, ականջնե՛րը, նույնիսկ` աչքերը, խոշոր, բայց իր զննող հայացքի դիմաց ոչնչի չհառված ու ոչինչ չտեսնող, բացակա հայացքով… ի՛ր… և ո՛չ իր աչքե՜րը… Հազիվ նկատելի մի քմծիծաղ էր նկարվել դեմքին. «Էս հո դո՛ւ ես, Արմեն…»: Եվ դեմքի հազիվ նկատելի քմծիծաղը վերածվել էր հեգնական ժպիտի` բա չգնա՞ս ասես. «Բարև, Արմեն»,- ով, չնայելով, գուցե և` չտեսնելո՜վ իրեն (կարող է` կո՞ւյր է), նաև չհասկանար ասածը. «Բարև, Արմե՛ն»,- կամ, եթե հասկանար էլ, դու այդ ո՞ր չգրված օրենքով պիտի քո անունը կպցնեիր թեկուզ և քեզ նման (ախր, շա՜տ նման), բայց անծանոթ մարդուն` «Բարև, Արմե՛ն»,- թեկուզ և մտովի նրան զրկելով իր սեփական անունից` «Բարև, Արմե՛ն»…
Ու երբ մատուցող տղան բերել ու իր դիմացն էր դրել նույնական գինու նույնական մի բաժակ, նա, վանելով շփոթությունը` այ քեզ բա՜ն, քիչ էր մնացել ծիծաղեր. փոքրիկ սրահի երկու` լույս ու կիսախավար ծայրերում նստած կարծես հայելային արտացոլք երկու մարդիկ միաժամանակ (ի՜նչ կույր, ի՜նչ բան) վերցրել էին իրենց բաժակները, կում արել, և նրանցից մեկը, այսինքն` ինքը, առանց քաշվելու շարունակել էր զննել իրեն չնայող… չնկատո՜ղ մյուսին:
Եվ հաջորդ ու ապա մյուս երկու օրերին նույնպես, հակառակ իր սովորույթի, որքան էլ վաղ էր հասել սրճարան, գինու բաժակը դիմացը դրած մարդն արդեն այնտեղ էր եղել. մտքերի ծովն ընկած մե՞կը, փախստակա՞ն, յուրայիններին կորցրա՞ծ, հայրենիքից վտարվա՞ծ, ամեն ինչ տանո՞ւլ տված… Միլիոնավորների մեջ կորսվա՞ծ…
Միլիոնավորների մեջ կորսվա՜ծ մի մարդ:
Հինգերորդ օրը չէր մտել սրճարան` գործեր ուներ, իսկ վեցերորդ օրը նորից էր նրան տեսել այնտեղ` անփոփոխ դիրքով:
Եվ քանի որ օրը շաբաթ էր, ու սրճարանն էլ` կիսով չափ լիքը, օգտվելով առիթից` մոտեցել ու, գլխով ցույց տալով նրա սեղանի մոտի ազատ աթոռներից մեկը` կարելի՞ է, և նույնպես գլխի շարժումով դրական պատասխան ստանալով` նստել ու կում-կում դանդաղ ըմպել էր իր գինին:
Ու երբ դատարկվել էր գինու բաժակը, անծանոթը մատով կանչել էր մատուցող տղային ու ցույց տալով դիմացինի դատարկ բաժակը՝ լուռ նշանով պահանջել կրկնել, և ինքն արդեն չդիմանալով` հարցրել էր ֆրանսերեն.
– Դուք ճանաչո՞ւմ եք ինձ:
– Ո՛չ,- զարմացնելով հարց տվողին` միավանկ ու հատու… Հայերե՜ն պատասխանել էր անծանոթը և ապա` չներկայանալով և դիմացինին ազատելով նույնը կատարելու պարտավորությունից,- կյանքը շատ կարճ է,- շարունակել,- կյանքը շատ կարճ է բոլորին ճանաչելու համար:
Հաջորդ շաբաթն էլ էր սկսվել ու շարունակվել ընդամենը գլուխների` հանդիպման ու հրաժեշտի թեթևակի խոնարհումով և առանց անունների փոխանակության:
Եվ մարդը գոհ էր մնացել իր նմանակից. «…կյանքը շատ կարճ է բոլորին ճանաչելու համար…»:
Իսկ շաբաթվա վերջին, «անանո՜ւնը»… Անանո՛ւնը, մի կում անելով գինուց, ասել էր անսպասելի.
– Վաղը,- և մի փոքր ընդմիջելով` շարունակել,- վաղը մեկնում եմ:
Ինքը ձայն չէր հանել. եթե ուզում է խոսել՝ թող խոսի:
Ու կարծես պատասխանելով դիմացինի չտված հարցին.
– Մեկնում եմ,- շարունակել,- մեկնում եմ այնտեղ, ուր սպասում են… ուր սպասում է…
Ինքը լուռ կում էր արել գինուց ու թեթևակի կնճռոտել ճակատը. «Ամեն մարդ էլ, ի վերջո, մեկնում է այնտեղ, որտեղ սպասում են իրեն»,- ու ապա մտքում լրացրել ինքն իրեն. «Որտեղ անհամբե՛ր են սպասում»:
Կարծես խորխորատներից եկող մի ձայն վեր էր թռցրել նրան.
– Քո տարիքին էի…
Ու ինքը զարմացած նայել էր նրան. մենք երևի հիմա էլ ենք նույն տարիքին, բայց Անանունը ժխտողաբար իր խոսքն էր տարել առաջ.
– Ուղիղ հիսուն տարի առաջ…,- բառերը երևի շարվել էին կոկորդին, ու նա պիտի գինով կուլ տար դրանք ու փորձեր ետ վերադարձնել միտքը,- ուրեմն, հիսուն տարի առաջ, երբ հիմիկվա քո տարիքին էի, իսկ դու երևի նոր էիր ծնվել կամ նոր պիտի ծնվեիր,- որի ստույգությանը վերջինս հավատացել կամ չէր հավատացել,- ապուպապերիցս ու հորիցս ժառանգած և հմտորեն ավելացրած մեծ հարստության ու մեծ ընտանիքի տեր մի մարդ, մի գիշեր երազիս մեջ ողորմածիկ պապս ձեռքով կանչեց ինձ…
Ոչինչ չհասկացած` արթնացա: Բայց երազը կրկնվեց ու այդպես` երեք գիշեր իրար վրա…
Վերջին գիշերվա առավոտյան որդիներիս.
– Գնալու եմ,- ասացի, որից որդիներս ոչ զարմացան, ոչ էլ հարցրեցին, թե` ո՞ւր. գործիս բերումով շատ էի ճամփորդում:
Ու միայն.
– Հա,- ասացին միաբերան,- իհա՛րկե, բայց երբ սպասենք քեզ:
– Երբե՛ք,- ասացի,- երբե՛ք: Գնում եմ միանամ անցավորացս…
Եվ որդիներս.
– Հայրիկ,- ասացին,- հայրի՛կ, դու դեռ ջահել ես. ուժդ` տեղը, ոգիդ` տեղը… Ինչե՜ր ես խոսում, հայրի՛կ: Դու դեռ այնքա՜ն պետք ես մեզ…
Իսկ կինս` հոնքերը կիտած.
– Որ ուրիշ հոգսեր ունենայիր,- ասաց,- էսպիսի բաներ չէիր հորինի,- ու… խռովե՛ց:
Եղբայրս էլ մյուս կողմից մթնեց սև ամպի նման.
– Դու ինձ հոր նման ես պահել ու հիմա թողնում ես…,- և չասաց` անտեր ու նաև չասաց` «անհեր»…
Իսկ ես. չէ ու չէ` գնում եմ, որ գնում եմ…
Ու որդիներս` ճարահատ.
– Որ էդպես է` դամբարան ենք կառուցում, դամբարան: Դու ումի՞ց ես պակաս:
– Լա՛վ,- ժպտացի զվարճալի ճանապարհորդության մեկնողի անհոգությամբ,- լա՛վ, որ ասում եք` դամբարան, թող լինի դամբարան:
Ստալինի մահվամբ Վրաստան աշխարհում, որտեղ ծնվել ու մեծացել էի, հաղթարշավում էր բարձրագույն մեռելապաշտության` անարգել ու լավագույնս դժոխք սահելուն օգնող մարմարապատ դամբարանաշինության գաղափարը, որի արձագանքի արձագանքն էր հասել ծայրամասային, հայկական մեր գյուղաքաղաք…
Որդիներս գործի անցան… Ի՛մ գլխավորությամբ:
Եվ որքան էլ խաղին տրված՝ ես փորձեի արագացնել, իսկ որդիներս` դանդաղեցնել ու ձգձգել վարպետների աշխատանքը, միևնույնն է, մի օր այն պիտի ավարտվեր:
Վերջին քարը դնելու օրը գլուխս հանկարծ պտտվեց ու…
Ու էլ ոչինչ չեմ հիշում…

…Ու չգիտեմ, թե երբ ու չգիտեմ, թե որտեղ՝ սեփական գոռոցիցս վեր թռած ու տեղումս նստած` շարունակում էի գոռալ մինչև արմունկս հասնող ցավից, իսկ շուրջս վետվետացող մոմերի երերուն լեզվակները մեկ երկարացնում ու մեկ կարճացնում էին շփոթահար այս ու այն կողմ վազվզող մարդկանց ստվերները, որոնցից մեկը կերկերուն ձայնով.
– Մի մա-տըն ի՜նչ էր,- ասաց,- մի մա-տըն ի՜նչ էր… որ չը-կա-րո-ղա-ցա՜ր…
Իսկ բամբ ձայնով մեկ ուրիշը.
– Վերջացրե՛ք,- գոռաց,- վերջացրե՛ք ու պարկը վերցրե՛ք, պա՛րկը…
Ոչինչ չհասկացած ու ինչ-որ արկղի մեջ նստած` ես դեռ գոռում էի…
Հատակին թափթփված մոմերը հանգել էին, և խավարը ինչ-որ չափով փարատվում էր միայն «արկղիս» կողքին վառ մնացած միակ մոմի աղոտ լույսով:
Արյունը մատիցս դեռ հոսում էր ոտքերս ծածկող անծալ ու խշխշացող ճերմակ տակաշորիս վրա, որ ցնցումներիս պատճառով տարածվում էր մինչև կոկորդս հասնող նույնպիսի շապիկի փեշերին, որից մի կերպ պատռեցի մի երիզ ու փաթաթեցի մատս…
Հիմա արդեն կարող էի և պե՛տք է մտածեի:
Կամաց-կամաց պարզվում էր ուղեղս, և ես սկսում էի «ուշքի գալ» ու հասկանալ իրավիճակը. ինձ մեռած կարծելով` հարազատներս, մինչև մարմինս դիահերձման ու մումիացման տալը, սառը տեղ է` կդիմանա մեկ-երկու օր, երևի այնպես էին հագցրել-կապցրել, վրաս լցրել անձնական ոսկեղենս ու դրել մարմարե պատվանդանին դրված դագաղի մեջ, որ դիակապտողները, չգոհանալով զարդերով, չէին խորշել հանել նաև զգեստներս, կոշիկներս…
Ու նրանցից մեկը, կարծես թե կապ ընկնող լեզվով, ասում էր. «… մի մա-տըն ի՜նչ էր… որ… որ չը-կա-րո-ղա-ցա՜ր…»,- և ինձ մնում էր միայն լրացնել նրա չասած բառը` «կըտ-րե՜լ…»:
Զայրացա՜, ո՜նց զայրացա ու գոռում եմ ինձ արդեն չլսողների հետևից. «Բա հանգուցյալ կթալանե՜ն, այ շուն-շանորդիներ, այ,- և, «անհավատ» բառից հարմարը չգտնելով,- այ անհավատնե՜ր, այ…»:
Վերջապես հանգստացա, զգուշորեն դուրս եկա «վերջին հանգրվանիցս», հավաքեցի «գողերիս»` հատակին թափթփած կիսավառ մոմերը, կպցրեցի վառվողի լեզվակից` «լուսավորվեցի», ու նստեցի դեպի վեր տանող յոթ աստիճաններից ամենաներքևինի վրա, փոխեցի արյունը դադարած մատիս «վիրակապը» ու. «Տղե՛րք,- ասացի և, զարմանալով ինքս ինձ վրա` հայհոյանքի փոխարեն,- տղե՛րք, ձեր ցավը տանեմ,- ասացի,- ախր, դուք որ չլինեի՜ք… Որ չբացեիք դրսից կողպած դուռը, կամ թե աչքածակությունից չփորձեիք կտրել մատս, ախր… Ախր, ողջ-ողջ մեռնելու էի իմ «սեփական» դամբարանում, իմ ձեռքով կառուցա՜ծ դամբարանում…,- ու հասկացա, որ «մահ» ասածդ մի կիսակտրված մատի ցավից ավելի է ցավոտ ու սարսափելի… նույնիսկ` զարհուրելի՜… ու հազար անգամ իրավացի էր կինս, որ ասաց, ու ես չլսելու տվեցի, թե՝ որ ուրիշ հոգսեր ունենայի՜ր…
Վեր կացա ու դուրս եկա:
Օրվա պատահարից հոգնած՝ փոքրիկ գյուղաքաղաքն արդեն քնել էր: Միայն իմ ու իմ տան կողքի` եղբորս տան լույսերն էին վառվում:
Ո՛չ, տուն չգնացի: Գնացի դեպի եղբորս տուն: Պատուհանից ներս նայեցի. ոչ մի շարժում:
Քիչ հետո հեծկլտոցներով ընդհատվող կիսատ-պռատ ձայներ լսեցի ու իմ տան կողմից մոտեցող ստվերներ տեսա:
Թաքնվեցի ցախանոցում:
Վերջապես տան լույսերը` բացի մեկից, մարեցին, ու ես մոտեցա պատուհանին. եղբայրս` գլուխը բռնած, նստած էր սեղանի մոտ:
Թեթևակի թխկացրի պատուհանի ապակուն…
Հիմա չեմ կարող ասել, թե որքան ժամանակ էր պետք, որ կարողանայի փարատել եղբորս սարսափն ու համոզել, որ իր դիմաց կանգնածը ուրվական չէ, այլ միս ու մարմին, նույնիսկ հագի անլվա ու խշխշան սպիտակեղենը սեփական արյունով կեղտոտած իր եղբայրը… Ում, ի վերջո, պիտի գրկեր ու լաց լիներ…
Վերջապես հանգստացավ:
– Հիմա,- ասացի,- հիմա, Սեդրակ, գնա մեր տուն ու պատմիր` ինչ որ տեսար ու լսեցիր:
Երևի դարից ավելի էի մնացել ցախանոցում, երբ եղբայրս ու որդիներս…
Առավոտյան մեր փոքրիկ գյուղաքաղաքն իրարով անցավ. բա չեք ասո՜ւմ…
Ուրախացել էին բոլորը:
Ամեն ինչ լավ էր կամ, կարծես թե` լավ էր:
Առօրյան մտնում էր իր սովորական հունի մեջ. մարդիկ բարև էին տալիս, բարև էին առնում ու շտապում իրենց գործերին, և միայն կինս խռով մնաց ինձանից. ոչի՛նչ, կանցնի…
Ու ես, բոլոր գործերս հանձնելով որդիներիս, հարություն առած… նորմեկեն ծնված մարդու գոհունակությամբ` քայլում էի Աստծո արարած արեգակի ներքո ու ժպտում ամենքին ու ամեն ինչի, նույնիսկ` չհետաքրքրվելով, թե ովքեր են եղել «ինձ» թալանողները` թող հալալ լինի, հո ինձ փրկեցի՜ն, որոնցից մեկը,- ասում էին` սկսել է կակազել,- ու ավելացնում. կկակազի, բա ո՜նց…,- ու մարդկանց ներումը նրանց նկատմամբ կամաց-կամաց դարձավ դատապարտություն, և նրանց «գործը»… մարե՛ց: Եվ ոչ միայն նրանց, այլև ոսկու ցանկացած վերավաճառք, ցածր գնով վաճառվող ոսկյա ցանկացած զարդ սկսեց համարվել հանգուցյալներից թալանված, և գողերս, ատելությամբ լցվելով իմ հանդեպ, մեռնեի՜ր, էլի, իրենց մտերիմների, մտերիմները` իրենց մոտիկների, մոտիկները` հարևանների, հարևաններն էլ` երևի չարակամներիս մոտ` սուրբ ավազանով տրված, բայց դամբարանով ջնջված անո՜ւնս, իմ ականջից հեռու` փոխարինել էին…
…Ու երբ աշխատանքի շտապող մարդկանց քայլքը իմ կողքով կամաց-կամաց հավասարվել էր վազքի կամ ճանապարհը փոխելու, փողոցում վախից չռված աչքերվ ինձ նայող ու հետ-հետ գնացող երեխայի ձայնը լսեցի իմ հետևից` մե-ռե՜-լը, արագ շրջվեցի և նրա ու նրա հասակակից մի խումբ փախչող երեխաների` մե-ռե՜-լը…, կանչը լսեցի և թիկունքները տեսա միայն…
Եվ որքան էլ հայրենակիցներս հարգեին ու փորձեին մոռանալ ինձ հետ պատահածը, այնուամենայնիվ, երեկվա հարևանն ու ծանոթը չէին կարողանում հաղթահարել արդեն «մեկ անգամ գնացած ու ետ եկած», մահվան հետ դեմ առ դեմ հանդիպած և, վերջիվերջո, դագաղի մեջ մտած-ելած լինելուս հանգամանքը` «մե-ռե՜-լը»…
Ծննդավայրս, որտեղ ոչ մեկը դեռ չէր լսել «կլինիկական մահ» բառակապակցությունը, ինձ դուրս էր հրում զոռով…
Գնացի՜…
Թողեցի ամեն ինչ ու… փախա՜…
Բայց իմ «մեռելը», գուցե և` «դամբարա՞նս», երբեմն` ինձանից առաջ, երբեմն` ինձ հետ միասին, քարշ էր գալիս հետևիցս ու ինձ վտարում տեղից տեղ…
Ու հիմա, երբ այստեղ ոչ ինձանից առաջ, ոչ էլ ինձանից հետո հետևիցս չհասավ նոր «անունս» կամ «դամբարա՞նս», համոզվեցի, որ նորօրյա աշխարհում դա ոչ զարմացնող և ոչ էլ վախ առաջացնող մի երևույթ է, ու հասկացա, որ պիտի գնամ ու պիտի քանդեմ… եթե, իհարկե, մարդիկ կամ ժամանակը չեն քանդել այդ «դամբարան» կոչվածը, քանդեմ հիմնահատակ ու պառկեմ ծննդավայրիս հողին և խառնվեմ նրան,- ապա, կարծես շնչահատ, լռեց, վերցրեց բաժակը, կում արեց ու վեր կացավ, ու նրան քանի՜ օր լուռ ուսումնասիրողը հանկարծ նրա հիսունամյա դեմքից ներքև տեսավ ուսերի մեջ խորը ընկղմված կնճռապատ վիզը, մի բուռ… կե՜ս բուռ մնացած մարմինը, բաժակը բռնած ձեռքի` կամ նոր ի հայտ եկած, կամ իր չնկատած դողը` միայն թե չգցի …
– Չե՛մ գցի,- ասելով ու սարսուռ պատճառելով դիմացինին,- գնամ,- կրկնեց,- և ապա, խորը նայելով նրա աչքերի մեջ ու դանդա՜ղ` ծոր տալով,- գնամ-խառնվեմ… ու հիսուն տարի առաջ, թե հիսուն տարի հետո, միևնույնը չէ՞, մեկ Արմեն ավելի, մեկ Արմեն պակաս` ո՞վ է հաշվողը…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.