Ժողովուրդների մերձեցման կարևորագույն գործոն

Հոկտեմբերի 13-ին Օշականում, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի օրհնությամբ և աջակցությամբ, նշվեց ավանդական Թարգմանչաց տոնը: ՀԳՄ պատվիրակությունը, ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանի գլխավորությամբ, այցելեց Մ. Մաշտոցի եկեղեցի, ծաղիկներ դրվեցին հայերենի առաջին ուսուցչի գերեզմանին: Այնուհետև եկեղեցու Մ. Մաշտոցի անունը կրող դպրատանը տեղի ունեցավ ՀԳՄ-ի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ համատեղ «Կանթեղ» մրցանակաբաշխությունը: Այս տարի «Կանթեղը» շնորհվեց Խորեն Գասպարյանին (անգլերենից, չինարենից, ռուսերենից հայերեն), Հրաչյա Բայրամյանին (վրացերենից հայերեն), Հովհաննես Այվազյանին (ռուսերենից հայերեն) և Սոֆի Ավագյանին (ֆրանսերենից հայերեն) թարգմանական վաստակի համար:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանի հավաստմամբ՝ այս մրցանակաբաշխությունը քաջալերանք է թարգմանիչներին՝ շարունակելու թարգմանական գործը, ինչպես նաև այն գրողներին, ովքեր ի զորու են թարգմանելու, բայց ցայսօր ձեռնամուխ չեն եղել այդ գործին: «Թարգմանության միջոցով է հնարավոր հայ գրականությունը տարածել աշխարհում»,- շեշտեց Էդ. Միլիտոնյանը և հավելեց, որ թարգմանիչներին մրցանակներ հանձնելով, նրանց գործը խրախուսելով՝ նշանավորվում է ոչ միայն արված գործը, այլև այդպիսով արտահայտվում է հայ մարդու սերը այլ լեզուների, այլ ազգերի գրականությունների հանդեպ:
Թարգմանիչ Հրաչյա Բայրամյանը, խոսելով Հայաստանի և Վրաստանի գրողների միությունների համագործակցության մասին, որի հիմքը դրել է Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը, նշեց, որ գեղարվեստական թարգմանությունը հնարավորություն է ընձեռում հատկապես հարևան երկրների մասնագետներին և ընթերցողներին ունենալ երկխոսության արդյունավետ ձև, ծանոթանալ միմյանց հետ, ճանաչել ու հարգել մեկմեկու: «Այն մնում է նաև որպես ժողովուրդների մերձեցման, նրանց միջև բարեկամություն հաստատելու և ամրապնդելու կարևորագույն գործոն, գրականությունների փոխհարստացման գլխավոր միջոց»,- վստահեցրեց Հ. Բայրամյանը: Նրա հավաստիացմամբ՝ թարգմանության միջոցով հարստանում է ոչ միայն մեր ներաշխարհը, ճաշակը, միտքն ու զգացմունքները, այլև մեր հոգևոր կյանքն առհասարակ:
«Թարգմանությունն ինձ համար նման է եղել Ավետարանչի գործին, որովհետև երբ լույսը, հրաշալին տեսնում ես, ուզում ես դա ներկայացնել քո լեզվով: Իմ մղումը միշտ եղել է փորձել լավագույն արժեքները ներկայացնել հայերեն՝ արքայական լեզվով, այն լեզվով, որով ստեղծագործել են մեր մեծերը, այն լեզվով, որն իմ ինքնությունն է և որի հիմքը դրել է Մեսրոպ Մաշտոցը»,- նշեց Խորեն Գասպարյանն ու կարդաց իր կատարած թարգմանություններից:
Բանաստեղծ-թարգմանիչներ Կարինե Աշուղյանը, Լևոն Բլբուլյանը, Շանթ Մկրտչյանը, Արտավազդ Նազարյանը, Արևշատ Ավագյանը շնորհավորեցին մրցանակակիրներին, ապա կարդացին իրենց թարգմանություններից:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.