ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԱԵԼԻՏԱ ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆԻ ԳՆԱՀԱՏՄԱՄԲ / Լիլիթ ՀՈՎՍԵՓՅԱՆ

ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Աելիտա Դոլուխանյանի՝ շուրջ 20-ամյա ջանադիր աշխատանքի արդյունք «Ֆրանսիացի հայագետներ (XIX-XX դարեր)» մենագրությունն, իր բովանդակությամբ և հարցերի ընդգրկուն շրջանակով, նախադեպը չունեցող աշխատանք է: Մեծածավալ այս ուսումնասիրությունը տպագրվել է ՀՀ ԳԱԱ գիտահրատարակչական խորհրդի և Մ. Աբեղյանի անվ. գրականության ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ՝ ՀՀ ԳԱԱ հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամի օժանդակությամբ՝ ֆրանկոֆոնիայի 17-րդ միջազգային գագաթնաժողովի շրջանակներում:
Հիմնելով «Եվրոպացի հայագետներ» մատենաշարը՝ Ա. Դոլուխանյանը մենագրություններով, հոդվածներով, ռադիո և հեռուստահաղորդումներում գիտական հանգամանալի մեկնաբանություններով ներկայացրել է եվրոպական հայագիտության, թերևս, ամենածանրակշիռ մասի՝ ֆրանսիացի հայագետների գործունեությունը: Լույս են տեսել Ա. Դոլուխանյանի ուսումնասիրությունների գիտական նորույթն ու արժեքն ընդգծող հաղորդումներ և գրախոսություններ: Այս առումով ֆրանսիացի հայագետների գիտական վաստակն ամփոփող այս մենագրությունն սպասված էր:
Գրքում յոթ առանձին ծավալուն բաժիններով և բազմաճյուղ ենթաբաժիններով դիտարկված են անցյալի և արդի անվանի հայագետներ Սեն-Մարտենի (1791-1832), Վիկտոր Լանգլուայի (1829-1869), Մարի Ֆելիսիտե Բրոսսեի (1802-1880), Էդուարդ Դյուլորիեի (1807-1881), Ֆրեդերիկ Մակլերի (1869-1938), Ֆրեդերիկ Ֆեյդիի (1908-1991), Ժան-Պիեռ Մահեի (ծն. 1944 թ.) կյանքն ու գործը: Ամեն առանձին բաժին ունի օտարալեզու՝ ռուսերեն, ֆրանսերեն կամ անգլերեն, առաջաբան ու ամփոփում և գրականության հարուստ ցանկեր: Նորություն է Ա. Դոլուխանյանի անդրադարձը Ժան-Պիեռ Մահեի գիտական դիմանկարին, որը ներկայացված է «Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» գիտական նոր մեկնաբանում» և «Հայաստանի պատմական ճշմարտությունը ըստ Աննի և Ժան-Պիեռ Մահեների» (ֆրանսերեն) խորագրերը կրող մասերում:
Օտարալեզու հայագետների երկերը հայերեն թարգմանելը և դրանք հայագիտության տարբեր ճյուղերում ընդգրկելը ռազմավարական նշանակության խնդիրներ է լուծում և խիստ հրատապ է: Ֆրանսիացի հայագետների աշխատությունները հիմնականում հայերեն թարգմանված չեն. ներկայացվող մենագրությունը՝ բնագրային զուգադիր թարգմանություններով, առանձին հայագետների ժառանգության կարևոր տեղիների հայերեն փոխադրություններով, սկզբնաղբյուրի արժեք ունի և կարող է նոր պրպտումների և թարգմանությունների սկիզբ դառնալ: Հայագիտության նվիրյալների կյանքի և գործունեության նկարագրություն-քննությունը հնարավորություն է տվել հեղինակին ներկայացնելու նաև հայ ժողովրդի կյանքի պատմաքաղաքական, մշակութային դրսևորումները՝ որպես համաշխարհային քաղաքակրթության կարևոր մաս. սա՛ է բազմիցս ակնարկում Ա. Դոլուխանյանն իր մենագրության մեջ, և սա՛ է նրան հատկապես հիացնում ֆրանսիական հայագիտության մեջ:
ֆրանսիական հայագիտության հիմնադիր Սեն-Մարտենի ջանքերով քննության նյութ են դարձել հայագիտության համար կենսական կարևորություն ունեցող գրեթե բոլոր ճյուղերը՝ աղբյուրագիտություն, բնագրագիտություն, պատմագրություն, բանահյուսություն, գրականություն, դրամագիտություն, տոմարագիտություն, վիմագրություն, տեղագրություն և այլն:
Ա. Դոլուխանյանի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ֆրանսիական հայագիտությունը ինքնանպատակ չէր, այլ համակարգված մի դպրոց՝ աստիճանաբար ձևավորվող ավանդույթներով, խնդիրներով, ծրագրերով, որի սկզբնավորողը Սեն-Մարտենն է: Այս դպրոցի հաջողությունները, պատմաքաղաքական գործոններից զատ (ֆրանսերենը, որպես գրոց լեզու, մեծապես նպաստեց դրան), պայմանավորված էին նաև մի ներքին խթանով. դա սաների կողմից ուսուցչի աշխատանքն ամեն կերպ ավարտին հասցնելու մղումն էր, որն ընդգծում է Ա. Դոլուխանյանը: «Ֆրանսիացի հայագետներ (XIX-XX դարեր)» աշխատությունը հնարավորություն է տալիս ֆրանսիական հայագիտական դպրոցը գնահատել իր զարգացման օրինաչափությունների մեջ:
Հայագիտության ակունքներում կանգնած ֆրանսիացի գիտնականները կարևորել են հայ ժողովրդի կյանքը, պատմությունը և մշակույթն ընդհանուր գծերով ներկայացնելը: Մենագրության մեջ ընդգրկված գրեթե բոլոր երախտավորներն ունեն հայ ժողովրդի պատմական դիմանկարն արտացոլող ուսումնասիրություններ. Սեն-Մարտենի «Հիշատակարաններ Հայաստանի պատմության և աշխարհագրության» երկհատորյակը (Փարիզ, 1818-1819) բաց է անում Հայաստանի պատմական անցյալի դռները ողջ Եվրոպայի առաջ: Այս աշխատությամբ Սեն-Մարտենը հիմնավորում է հայագիտության կարևորությունը Ֆրանսիայում: Վ. Լանգլուայի՝ Մխիթարյան միաբանությանը նվիրված աշխատությունը և գրքի երկրորդ մասը՝ «Ակնարկ Հայաստանի պատմության և գրականության» (Վենետիկ, 1869), Էդ. Դյուլորիեի «Հայերը» ուսումնասիրությունը ռուսերենով (Թիֆլիս, 1854), Ֆր. Մակլերի «Հայաստանի շուրջը» հոդվածների ժողովածուն (Փարիզ, 1917), «Կիլիկիայի շուրջը. Զեյթուն (Համառոտ պատմություն հայկական ազգագրության)» հետազոտությունը (“Journal Asiatique”, no. 1), նոր ժամանակների հայագետներից՝ Ժան-Պիեռ Մահեի «Հայաստանը դարերի ապացույց» (2001), «Հայաստանի պատմություն» (2012) աշխատությունները եվրոպացի ընթերցողի համար գիտականորեն հիմնավորում են՝ ո՞վ է հայը, ի՞նչ արժեքներ է կերտել այս ժողովուրդը, ի՞նչ միջավայրում է նա ստեղծագործել:
Հայ ժողովրդի մշակութային գանձերն աշխարհին ներկայացնելու և համաշխարհային պատմության ու մշակույթի մեջ հայ ժողովրդի դերն ընդգծելու լավագույն ուղին ֆրանսիացի հայագետները համարել են պատմական ստույգ աղբյուրների գիտական թարգմանությունները: Հայ պատմագրական ժառանգությունը մեծ մասամբ թարգմանված և ծանոթագրված է ֆրանսիական հայագետների կողմից, և նրանցից յուրաքանչյուրն իր մասն ունի այս շնորհակալ գործում: Սեն-Մարտենի անկատար մնացած երազանքը՝ ունենալ հայ պատմիչների գրադարան, հետևողականորեն իրականացրին իր սաները՝ թարգմանելով և հրատարակելով թե՛ ուսուցչի անավարտ գործերը (Ստեփանոս Օրբելյանի Պատմության ֆրանսերեն ոչ ամբողջական թարգմանությունը լրացրեց Մ. Բրոսսեն), թե՛ նոր թարգմանություններ կատարելով: Վ. Լանգլուան հրատարակում է Գրիգոր Մագիստրոսի 83 թղթերը, 5-րդ դարի հայ պատմիչներին երկու հատորով, Սմբատ Գունդստաբլի և Միքայել Ասորու երկերը: Բրոսսեն ամենաբեղունն ու հաջողակն էր. նա հրատարակում է 13 անուն պատմիչների երկեր՝ համապատասխան ծանոթագրություններով: Էդ. Դյուլորիեի երազանքը՝ հրատարակել հայ պատմիչներին 8 հատորով, ևս անկատար է մնում: Ժան-Պիեռ Մահեն թարգմանում է Մովսես Խորենացու «Հայոց պատմություն» աշխատությունը:
Ա. Դոլուխանյանը վերհանում է նաև ֆրանսիացի հայագետների ուսումնասիրության մասնավոր, սակայն շատ կարևոր շրջանակները: Սեն-Մարտենի գիտական հետաքրքրություններն ընդգրկում էին հայ ժողովրդի պատմությունն ու մշակույթը: Նա Արշակունի արքայական տոհմի պատմությունը քննելով՝ ցույց է տալիս, որ ամենաերկարակյացը հայ Արշակունիներն էին: Վ. Լանգլուան հայկական դրամների ուսումնասիրությամբ հիմնավորում է դրամագիտությունը Ֆրանսիայում: Այս գործը շարունակում է Բրոսսեն՝ ուսումնասիրության շրջանակ ընդգրկելով նաև վրացական դրամները: Վ. Լանգլուան իր ուշադրությունն ուղղում է դեպի Կիլիկյան Հայաստանի պատմությունն ու մշակույթը: Բոլորովին նոր խոսք էր հեղինակի՝ 13-14 րդ դդ. հայ դիվանագիտության պատմության ուրվագիծը, որն իր արդիականությունը չի կորցրել առ այսօր: Պատմամշակութային կապերի քննության առումով խիստ արդիական է նաև հայ ժողովրդի կյանքում խաչակիրների ունեցած դերի ճշգրտումը: Այդ հարցերին անդրադարձել է Էդ. Դյուլորիեն իր «Հավաքումն խաչակիրների պատմիչների, հայկական վավերագրեր» (Փարիզ, 1869) աշխատության մեջ: Ֆր. Մակլերը պատմամշակութային կապերի քննության համար կարևորում և ուսումնասիրության դաշտ է բերում հայ գաղթօջախների պատմությունը՝ հեղինակելով «Հայաստանը և Ղրիմը» (Փարիզ, 1930) աշխատությունը: Ֆր. Ֆեյդին գործում է իսկական գիտական սխրանք՝ թարգմանելով «Սասունցի Դավիթ» էպոսը (Փարիզ, 1964), որին կցված գիտական ծանոթագրություններն ունեն առանձին մենագրության արժեք և ցույց են տալիս Ֆեյդի-բանագետի խորաթափանցությունն ու գիտական պաշարը: Ժան-Պիեռ Մահեն նորովի թարգմանում է Գրիգոր Նարեկացու հանճարեղ «Մատյան ողբերգության» երկը և գրողի աշխարահայացքը քննում բոլորովին նոր մոտեցմամբ:
Ֆրանսիական հայագիտական դպրոցն իր գործունեության հենց սկզբից առնչվել է միջնադարյան հայ մշակույթի թերևս ամենակարևոր հուշարձանի՝ հայ գրչագիր մատյանների հետ, որոնց հետ աշխատանքը պահանջում էր ձեռագրագիտական և աղբյուրագիտական հմտություններ: Փարիզի Ազգային գրադարանն ուներ հայերեն ձեռագրերի հավաքածու, իսկ հայագետներն անընդհատ կապի մեջ էին հայագիտական բոլոր հայտնի կենտրոնների հետ: Նրանք ստանում էին ձեռագրերի պատճեններ, կազմում ցանկեր, ընդօրինակում հիշատակարաններ՝ շրջանառության մեջ էին դնում ձեռագիր աղբյուրներից քաղած կարևոր տեղեկությունները՝ անմասն չմնալով նաև ձեռագրացուցակների կազմման աշխատանքներից: Այս գործի կարապետը Մարի Ֆելիսիտե Բրոսսեն էր՝ Էջմիածնի գրատան ռուսերեն-ֆրանսերեն երկլեզվյան ցուցակով (Ս. Պետերբուրգ, 1840): 1908 թ. Ֆ. Մակլերը կազմում է Փարիզի Ազգային գրադարանի հայերեն ձեռագրերի ցուցակ՝ առաջաբանով և ծանոթագրություններով: Ֆր. Ֆեյդին հմայիլների իր ուսումնասիրությանը զուգահեռ կազմում է նաև հմայիլների ձեռագրերի ցուցակ և դասակարգում դրանք:
Ֆրանսիացի հայագետները ճամփորդել են. նրանցից շատերը տեսել էին ճարտարապետական այն կառույցները՝ հատկապես վանքերն ու գրադարանները, եկեղեցիները, պատմական վայրերն ու անձանց, որոնց մասին խոսում էին: Ա. Դոլուխանյանի աշխատությունն այս առումով ևս շահեկան նյութ է երևան հանում՝ ուղևորությունների արդյունք հանդիսացող ամեն զեկույցի, հաղորդման կամ հրապարակման բնագիրը գրեթե հարազատորեն ներկայացնելով: Դրանք պարունակում են գիտական արժեք ունեցող տեղեկություններ և լրացնում այլ աղբյուրներից ունեցած մեր գիտելիքները: Ուշագրավ են հատկապես Բրոսսեի Հաղպատ և Սանահին վանքերին նվիրված և Ֆր. Մակլերի «Բաղեշի Աստվածամոր տաճարը» ուսումնասիրությունները: Այս աշխատությունները չեն կորցրել իրենց գիտական նշանակությունը և կարող են օգտակար լինել գրչության կենտրոնների, միջնադարյան հայ մատենադարանների ուսումնասիրության գործում:
Կրթության գործն ու նրա գիտական հիմնավորման անհրաժեշտությունը չեն վրիպել Ֆր. Մակլերի, Ֆր. Ֆեյդիի ուշադրությունից: Եվ դա պարզ է, քանի որ հայագիտական նոր սերնդին անհրաժեշտ էին հայերենին տիրապետող սաներ, ֆրանսիական հայագիտական դպրոցը պետք է լուծեր սերնդափոխության խնդիր ևս: Ֆր. Մակլերը հեղինակում է «Հայ գրականության քրեստոմատիան» (Փարիզ, 1932), Ֆր. Ֆեյդին՝ «Հայոց լեզվի դասագիրքը» (Փարիզ, 1969): 1912 թ. Փարիզում լույս է տեսնում Ֆր. Մակլերի դասախոսությունը՝ նվիրված արևելյան կենդանի լեզուների դպրոցի հայոց լեզվի ամբիոնի պատմությանը. սա միաժամանակ նաև ֆրանսիական հայագիտության ընթացքը ներկայացնող դասախոսություն էր: Նոր շրջանի հայագետները անմասն չէին նաև ժամանակակի՛ց հայոց պատմության և գրականության իրողությունները գնահատելուց. Ֆր. Մակլերը, Ֆր. Ֆեյդին և Ժան-Պիեռ Մահեն իրենց աշխատություններում դատապարտել են թուրքական հայաջինջ քաղաքականությունը Առաջին համաշխարհայինի և հետագա տարիներին, առանձին ուսումնասիրություններ նվիրել Խ. Աբովյանի կյանքին և գործին, Երվանդ Օտյանին, Հակոբ Պարոնյանին:
Աելիտա Դոլուխանյանի աշխատությունը վկայում է՝ ֆրանսիական հայագիտությունը հայ ժողովրդի պատմությունն ու մշակույթը գնահատում է որպես համաշխարհայինի լուսավոր և հարուստ, սակայն Եվրոպային տակավին անհայտ մաս: Այդ մշակույթը դեռ ասելիք ունի և կարևոր է «մարդկության ընդհանուր պատմությունը» ճիշտ պատկերացնելու համար: Ներկայացվող մենագրությունը նաև Ա. Դոլուխանյանի մտորումների արդյունքն ու ամփոփումն է համաշխարհային պատմության մեջ հայ ժողովրդի ունեցած դերի վերաբերյալ: Այն ունի թե՛ գիտական և ճանաչողական, թե՛ ազգային և քաղաքական արժեք:
Մարի Ֆելիսիտե Բրոսսեին տված Ա. Դոլուխանյանի գնահատականը բնութագրում է հե՛նց ֆրանսիական հայագիտությունը. այն «շնչում է բարությամբ, անցյալի նշանավոր գործիչների լավագույն գործերի գնահատմամբ, մարդկային դարավոր իմաստությունը պահպանելու մտահոգությամբ» (էջ 318):
«Ֆրանսիացի հայագետներ (XIX-XX դարեր)» աշխատությունը Ա. Դոլուխանյանի երախտագիտության տուրքն է հայ ժողովրդի մշակույթն ըստ արժանվույն և իրական փայլով ներկայացնող ֆրասիացի հայագետների պայծառ սերնդին:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.