Ռուս գրականության հայ թարգմանիչները

Գ. Թ. – Պրն. Գիլանց, վերջերս Մոսկվայում տեղի ունեցավ ռուս գրականության թարգմանիչների 5-րդ միջազգային կոնգրեսը: Ովքե՞ր էին ներկայացնում Հայաստանը:

Գևորգ ԳԻԼԱՆՑ – Հայաստանից  Լիլիթ Մելիքսեթյանը, Շանթ Մկրտչյանը, Ռուբեն Իշխանյանը, Արմինե Մարտիրոսյանը և ես: 56 երկրից ավելի քան 400 մասնակիցներ կային: Հրաշալի էր, քանի որ շփման խնդիր չկար (դե, բոլորը ռուս գրականություն են թարգմանում): Կարող է տարօրինակ թվալ, բայց անգամ քաղաքական լարված այս իրավիճակում (նկատի ունեմ Արևմուրք-Ռուսաստան լարված հարաբերությունները) խստագույն պատժամիջոցների տակ գտնվող Ռուսաստանը հսկայական միջոցներ է ծախսում ոչ միայն իր մշակույթն ու գրականությունը տարածելու, այլև իրենց գրականության թարգմանիչներին Մոսկվա հրավիրելու և Read Russia-ի նման մեծ ու ծախսատար արարողությունների վրա: Ընդ որում, քարոզում են իրենց գրամշակույթի բոլոր տեսակները՝ անկախ տվյալ գրողի հանդեպ ունեցած պետության վերաբերմունքից: Անմիջապես հասկանում ես, որ մարդիկ ապրում են 21-րդ դարի պետությանը հարիր մոտեցումներով: Մենք պիտի շատ բան սովորենք նրանցից, ֆրանսիացիներից, վրացիներից, թուրքերից…

Գ. Թ.  – Իսկ մեզանից սովորելու ի՞նչ ունեն ուրիշները:

Գ. Գ. – Ցավոք, մեր մտածողության մեջ խոր արմատներ է գցել 19-րդ դարավերջն ու 20-ի սկիզբը, երբ ազգային մշակույթը ծանրացել էր մի խումբ նվիրյալների ու բարերարների ուսերին: Այդ մտածողությունը խեղճուկրակ «ուզվոր» մտավորականներ է միայն ծնում, որ գուցե, ինչ-որ առումով, ձեռնտու է օրվա իշխանությանը, բայց վտանգավոր է պետության ու պետականության համար: Մենք դա արդեն բազմիցս տեսել ենք, մենք չենք հոգնում այդ թունավոր պտուղն արտադրելուց ու լափելուց… Իսկ թիկունքում պետություն և պետականություն ունեցող գրողը լրիվ այլ կեցվածք ունի: Մենք մտավորականի այդ տեսակը նոր պիտի ստեղծենք…

 

Գ. Թ. – Նմանօրինակ գրական շփումները ապագա ստեղծագործական ծրագրերի հայտ չե՞ն Ձեզ համար:

Գ. Գ. – Անշուշտ: Ծրագրեր, որ հետո պտուղներ են տալիս, կարոտած հանդիպումներ, ամառվա գիշերային թափառումներ… Մոսկվան վաղուց է դարձել իմ քաղաքը, որտեղ ես երկու-երեք շաբաթից ավելի ապրել չեմ կարողանում ու փախչում եմ տուն, բայց մի տարի անց սարսափելի կարոտում եմ…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.