Հանդիպում և շնորհանդես

 

 

Հոկտեմբերի 4-ին, Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանը հյուրընկալել էր բանաստեղծ, արձակագիր Ներսես Խառատյանին: Ներկաները մեկ րոպե լռությամբ հոտընկայս հարգեցին մեծ հայի` Շառլ Ազնավուրի հիշատակը:

Հանդիպման մասնակիցները, ներկայացնելով Խառատյանին, կարևորեցին, որ նա, թեև արդեն մի քանի չափածո և արձակ ժողովածուների հեղինակ է՝ մեկը ռուսերեն, այդուհանդերձ, նրա իրական մուտքը գրականություն, պայմանավորված էր «Խաղ մահվան հետ» խորագրով պատմվածքների ժողովածուով, ինչից հետո միանգամից լույս տեսան նրա երեք` «Ով սպանեց Էլենին», «Մերժվածները», «Կրակոց թիկունքից» վեպերը, որոնք ոչ միայն մրցանակների արժանացան, այլև, ինչն ամենակարևորն է, ջերմորեն ընդունվեցին ընթերցողների կողմից: Հատկապես կարևորվեց, որ ներկայացված վեպերը թեև դետեկտիվ ժանրի տիրույթում են, սակայն հեղինակին հաջողվել է ոչ միայն ապահովել ժանրին հատուկ սյուժեի զարգացումները, այլև հանգամանալից ներկայացնել ծննդավայր Մեղրիի բնաշխարհը, նրբին վրձնահարվածներով, հաճախ գրաֆիկական ճշգրտությամբ գծագրել հայրենակիցների ներաշխարհը, հետաքրքրություններն ու ճակատագրերը: Թեև ընդունված է դետեկտիվի ժանրը ժամանցային համարել, ինչի պակասը զգալի է մեր գրականության մեջ, և փաստացի այս վեպերը փորձ են ինչ-որ չափով լրացնելու այդ բացը, այդուհանդերձ, համաշխարհային գրադարակներում հաճախ կարելի է հանդիպել այս ժանրի բարձրարժեք ստեղծագործությունների: Շեշտվեց, որ իրավաբանի մասնագիտությունն օժանդակել է հեղինակին խուսափել հետաքննությունների ինքնագործ նկարագրություններից, ինչն առավել հավաստի ու խորքային է դարձնում տպավորությունը ոչ միայն նյութի իմացության, այլև հերոսների հոգեբանության բացահայտումների առումով: Ելույթ ունեցան Սամվել Կոսյանը, Տիգրան Նիկողոսյանը, Լիպարիտ Սարգսյանը, Վահան Սաղաթելյանը, Հակոբ Սրապյանը, Շանթ Մկրտչյանը, Արմենակ Ղազինյանը: Վերջում շնորհակալական խոսք ասաց Ներսես Խառատյանը: Ցերեկույթը վարում էր և Խառատյանի բանաստեղծություններից կարդաց Գայանե Սամվելյանը:

Սեփ. լրտ.

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.