ՀԻՆ ԱՌԱՋԱՐԿ ՆՈՐ ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ / Սամվել ԿՈՍՅԱՆ

Առաջարկս հին է, որովհետև տարիներ առաջ նույնը ներկայացրել եմ «Գրական թերթին»: Ներկայիս ներքաղաքական բուռն իրադարձությունների համայնապատկերում հնարավոր է այն երկրորդական թվա, սակայն երախտագիտության զգացումը վաղեմության ժամկետ չունի և չի կարող ունենալ: Բոլորս ենք հիշում սագերի կողմից Անգլիան փրկելու պատմությունը: Աշխարհում այս կամ այն պատմություններով պայմանավորված՝ բազմաթիվ են կենդանիների արձանները, որոնք արձան լինելուց բացի, քաղաքի կամ երկրի պատմության որևէ առանցքային դրվագի հիշողությունն են՝ գեղարվեստական ձևի մեջ: Հայտնի է, որ ապագայի արմատները անցյալի շերտերում են և անտեսելով անցյալը՝ դժվարանալու ես առաջընթացի ճիշտ ուղղությունն ընտրել: Այս առումով կարևորում եմ անկախության առաջին տարիներին սիգ ձկան դերակատարությունը, որ հայաս- տանցիներին փրկեց սովից՝ հայտնվելով ոչնչացման ու անհետացման եզրին: Այն փաստացի միակ սպիտակուցի աղբյուրն էր, առանց որի առավել դժվար պիտի լիներ դիմակայել այդ օրերի դժվարություններին: Մեր բառապաշարում ավելացան ձկան կոտլետ, ձկան տոլմա, ձկան քյուֆթա ու այլանման խոհարարական շատ հասկացություններ: Այսօր կասկադամերձ տարածքում կարելի է տարբեր կենդանիների արձանների ականատես լինել: Իմ առաջարկն էր քաղաքի որևէ երևացող տեղում տեղադրել նաև սիգ ձկան արձանը: Արձանի տեղադրումը, պատմական հիշողությունից զատ, նաև բարոյական խնդիր է, հնարավորություն՝ արտահայտելու մեր երախտագիտությունը: Ուզում եմ հավատալ, որ գոնե նոր քաղաքապետը ժամանակ կգտնի անդրադառնալու թեև հին, բայց արդիականությունը չկորցրած այս առաջարկին: Ի վերջո, կգտնվի նաև այն քանդակագործը, ով, գուցեև, հանձն առնի սիգի արձանն անվճար նվիրել հայաստանցիներին:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.