ԹԱՎՇՅԱ  ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԱԿԱԹԱՎԻՇԸ / Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ

Հոկտեմբերի 1-ին ավարտվեց Ազնավուրի երկրային կյանքը: Եվ այդ երկրային, արդեն անցյալ դարձած, կյանքի տերը նույն պահին դարձավ և՛ նրա արվեստի նվիրված երկրպագուն, և՛ այդ օրերին առաջին անգամ նրա Երգը լսող-ընկալողը: Ով նույնիսկ չգիտեր նրա ազգային պատկանելության մասին (ինչպես այդ օրերին խոստովանեց նրա արվեստի՝ ազգությամբ թուրք երկրպագուն) և նա, ում համար «Քեզ համար, Հայաստան» երգը ապրելու-դիմակայելու բալասան էր դարձել: Չգիտեմ՝ առաջինը ով քայլերն ուղղեց դեպի Ազնավուրի հրապարակ, բայց շատ չանցած այն դարձավ ուխտատեղի, ուր չէր դադարում մարդկային հոսքը և որտեղից միասնական աղոթքն էր բարձրանում երկինք՝ բարի ու շռայլ Հոգուն ուղեկից…
Աշխարհի ԶԼՄ-ների գլխավոր լուրը դարձավ նրա մահը, Ֆրանսիան ողողվեց նրա երգերով ու Էյֆելյան աշտարակի ազնվական ոսկեգույնով: Աշխարհն՝ աշխարհով, մենք էլ մեր լուռ ու զուսպ ցավի տերն էինք, ամեն գյուղ ու քաղաք իր չափով միացել էր համընդհանուր հրաժեշտին: Եվ այդ օրն ու հաջորդ բացվող լուսաբացը որևէ մեկին չէր հուշելու, որ թեկուզ մի կարճ ժամանակամիջոց, բայց մոռանալու ենք մեր Ազնավուրին: Կամ ո՞վ պիտի հուշեր, ո՞ր մի պարկեշտ մարդու մտքով կանցներ, որ խորհրդարանի տարածքում Հիշատակի մոմավառություն անելու փոխարեն 67 պատգամավոր օրենքում փոփոխություն են անելու, օրվա ավարտին հապշտապ, բայց նաև զարմանալու աստիճան ագրեսիվ քվեարկություն են անելու փակ ու համր պայմաններում ու ստիպելու են տասնյակ րոպեների ընթացքում տասնյակ հազարավոր քաղաքացիների գալ ու շուրջկալել Բաղրամյան փողոցը:
Մայիսից այս կողմ միայն անուղղելի ալարկոտը չի խոսել արտահերթ խորհրդարանական ընտրությունները հնարավորինս շուտ անցկացնելու մասին: Դա քմահաճույք չէ, այլ սառն ու սթափ հաշվարկ: Որ 2017 թվականին «կազմակերպված» խորհրդարանական ընտրյալների մեծամասնությունը իր նախնական ցուցակագրումն ու վերջնական հավաստագրումն ստացել էր Բաղրամյան 26-ում, այսօր այդ մասին չգիտի, ավելի ճիշտ, բարեհաջող մոռանում է միայն այդ խորհրդարանական մեծամասնությունը՝ ի դեմս ՀՀԿ-ի: Որն էլ լիուլի վարձահատույց եղավ՝ մեկ անձի վրայով ձևված Սահմանադրության պատմուճանը միահամուռ ու միակամ գցելով այդ մեկ Անձի ուսերին: Լավ, ինչ եղել՝ եղել է, հիմա իրավիճակ է փոխվել: Բայց որ իրավիճակ է փոխվել, հասկացել են համարյա բոլորը: Իսկ որ չհասկացողների մեջ հաստատապես այդ 67-ը կային, կասկած չկա: Եվ ուրեմն, նրանք, այն է՝ ՀՀԿ (ինչը սպասելի էր) և ԲՀԿ ու ՀՅԴ (իսկ մենք կարծում էինք՝ նրանք գործադիրում մաս են կազմում՝ այս փաստից բխող բոլոր հետևանքներով) խմբակցությունները որոշեցին ստուգել՝ արդյո՞ք չի մարել հեղափոխական էյֆորիան, արդյո՞ք մարդիկ չեն կարոտել իրենց կառավարմանը՝ ազատ, արդար, թափանցիկ… Դե, աշխատավարձերն ու թոշակները կայծակնային արագությամբ չեն կրկնապատկ- վել, երկիրը դրախտավայր չի դարձել, մարդիկ պիտի դժգոհեն, հրաժարվեն իրենց հեղափոխությունից, հատկապես, որ նախկինը՝ իրենցը, ուրի՛շ էր, հրա՜շք էր… Ի՞նչ անենք, որ իրենց (իմա՝ ՀՀԿ-ի) վարչակարգը արտաքին պետական պարտքը հասցրել էր 7 միլիարդի, որ բանակը 80-ականների սպառազինությամբ ու սահմանին կախված «տուշոնկայի» դատարկ տուփերով էր դիմակայում՝ մեր տղաների կյանքերի գնով, իսկ լիքը «տուշոնկաները» հանգրվանում էին գեներալական առանձնատներում, որ արտագաղթը հասել էր աղետալի չափերի, քանի որ մարդիկ փախչում էին ոչ թե սոցիալական նեղությունից, այլ՝ սոցիալական անարդարությունից… Բայց այդ նախկինը քանի որ իրենցն էր ու շատ քաղցր էր, կերակրող, ուրեմն արդարացված է ամեն ինչ՝
ա) քաղաքական նոր իրավիճակի թելադրանքին չանսալը, երբ քո՝ ԱԺ-ի չորս պատերի մեջ պարփակված ՀՀԿ-ական մեծամասնությունը հասարակական տրամադրվածության մեջ անգամ փոքրամասնություն չէ, համարյա չկա
բ) երբ եվրոպական տարբեր քաղաքական հարթակներում քո ԱԺ-ական թվացյալ մեծամասնությունը ներկայացնում է երկիրը, իսկ երկրի իրական մեծամասնությունը ներկայացնող քաղաքական ուժը չկա, որպես հակակշիռ, այդ նույն հարթակներում
գ) և ամենակարևորը. հոկտեմբերի 2-ը հաստատեց պարզ ճշմարտությունը՝ հեղափոխություն անողները «տուն չեն գնալու», քանի դեռ հակահեղափոխության ձգտող թեկուզ մի կղզյակ մնացել է տարածքում (լինի դա ԱԺ կամ մեկ այլ տարածք):
Ինչ որ է: Վերադառնանք հոկտեմբերի 2-ին: Գիտե՞ք՝ ինչ էի ցանկանում, երբ նայում էի դեպի Ազգային ժողով շտապողների դեմքերին. հնար լիներ, հիմա պարիսպներից այն կողմ գտնվող ու արդեն իրենց «օրենսդրական բարաթը» ընդունած 67-ը տեսնեին նրանց, գոնե այս անգամ՝ առանց մտքում ունենալով «ամբոխ», «նախիր» որակումները, վերծանեին այդ մարդկանց հայացքները, գուցե գիտակցեին վերջապես, որ նրանք, այո, շտապում են տեղ հասնել Նիկոլի կանչով, բայց գնում են պաշտպանելու իրե՛նց հեղափոխությունը, վաղվա օրվա իրե՛նց հույսը: 67-ի մեջ հաստատապես պատմաբաններ կան, գոնե հիշեին ու մնացածներին էլ հիշեցնեին, որ մոտ երեսուն տարի առաջ կոմունիստներին մերժած ժողովուրդը երբ հիասթափվեց իր իսկ ձեռքով իշխանության բերած ՀՀՇ-ից, այնուամենայնիվ, էլ ետ չնայեց, կոմունիստներին չվերադարձրեց մի պարզ պատճառով՝ պատմության անիվը ետ շրջել չի հաջողվել դեռ ոչ մեկի: Դե, իսկ 67-ի մեջ բանասերներ էլ կլինեն, գոնե նրանք մայիսի 1-ի քվեարկությունն հիշեին ու զգուշացնեին, որ պատմությունն առաջին անգամ գրվում է որպես ողբերգություն, իսկ երկրորդ անգամ՝ ֆարս:
Հիմա, երբ գրում եմ այս տողերը, արդեն 67-ից ոմանք անհաջող փորձ են արել համոզելու, որ այդ չարաբաստիկ (իրենց համար, իհարկե) փոփոխությունը ոչ թե այսօրվան, այլ ապագային էր միտված… Արդեն ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը վարչապետ Փաշինյանի հետ հուշագիր է ստորագրել՝ 2018 թվականի դեկտեմբերին ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին… Արդեն հանրապետական քանի պատգամավոր հայտարարել են իրենց կողմ լինելը դեկտեմբերին սպասվող արտահերթ ընտրություններին (ինչու հանկարծ հիշեցի ընծա բերող դանայացիներին…): Որոշները կմնան իրենց կոշտ դիրքին, ինչը նույնպես ողջունելի է. քանի դեռ չի ձևավորվել իրական ընդդիմություն, կոշտ խոսք ու ընդհանուրից զատվող կարծիք անպայման պետք է, հատկապես այս ժամանակաշրջանում, երբ հեղափոխականությունը ուզում է լսել միայն իրեն հաճելի խոսք: Ու մեր մեղքը չէ, որ նախկինի կարգավիճակում հայտնված հանրապետականների կողմից անգամ տեղին քննադատությունը դիմադարձության ալիք է բարձրացնում: Պարզվում է՝ քննադատելու համար մաքուր անցյալ ու ճերմակ ձեռնոցներ են պետք, ո՞ւմ մտքով կանցներ…: Դեռ կլինեն տեղատվություն-մակընթացություններ, բայց, ի վերջո, բոլորը ստիպված կլինեն հաշվի նստել ներքաղաքական կյանքի նոր իրողությունների հետ:
Եթե այդ ռևանշը ընդամենը քաղաքական առուտուրի մակարդակում էր (ինչպես կարծում է քաղաքական վերլուծաբանների մի մասը), դրա արձագանքը գուցե թե դեկտեմբերին լսենք: Իսկ եթե այդ դավադրության ետևում ինչ-որ մեկի ականջներն էին եղել (ինչպես կարծում է քաղաքական վերլուծաբանների մյուս մասը), հուսանք, այդպես էլ այդ ականջները կմնան միայնակ… «Գրական թերթը» տպարան է իջնում չորեքշաբթի, կանխագուշակելը անշնորհակալ գործ է, բայց գուցե մինչև ուրբաթ՝ թերթի լույս աշխարհ գալը, ՀՀԿ-ն լրիվ ա՞յլ իրողության մեջ լինի… Ուրեմն՝ ինչո՞ւ եմ այս ամենի մասին գրում:
Չգիտեմ՝ դուք ինչպես, բայց գուցե ժամանակի ընթացքում իմ բաժին չափով փորձեմ հասկանալ 67-ի արարքը որպես միասնություն, որ փորձում էր ապահովագրել իր, թեկուզ կարճաժամկետ, բայց քաղաքական կարգավիճակը, բայց դժվար հասկանամ նրանցից յուրաքանչյուրին, երբ, մոռանալով, որ աշխարհի աչքը նաև Հայաստանի վրա է՝ որպես Ազնավուրի երկրորդ հայրենիքի, խմբակային դավադրության դիմեց: Հոկտեմբերի 2-ին Ազգային ժողովի դարպասները իրե՛նք պիտի բացեին ու իրենց կանչով հավաքված քաղաքացիների կողքին կանգնած՝ վառվող մոմերի մոտ իրենց բաժին երախտագիտութունը պիտի հայտնեին Մեծ Հային: Մե՛ր Ազնավուրին:
Բայց… Աստված իրենց դատավոր: Իսկ այն քաղաքացիները, ովքեր թեև մի կարճ, պարտադրված ժամանակամիջոց, բայց մոռացան Ազնավուրին, շատ չանցած Բաղրամյան փողոցը լուսավորեցին մեր օրերի «մոմերի»՝ հեռախոսների լույսերով, մի րոպե լռությամբ ու համամարդկային սիրո միասնությամբ, որի դեսպանը երկրում, հիմա նաև՝ երկնքում, Շառլ Ազնավուրն է:
Հետգրության փոխարեն. հիմա փորձեմ հիմնավորել, թե ինչու ես կողմնակից եմ շուտափույթ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելուն. այդ ընտրությունը վերջ կդնի այսօր մոտ 90 տոկոս վստահություն վայելող կառավարության «անամպ» շրջափուլին, որի հեղինակը, անկեղծ լինենք, կառավարությունը չէ, այլ այս Ազգային ժողովը, որն իր ներկայությամբ՝ արդեն խորթ քաղաքական գործընթացներին, երբեմն ակամա, հաճախ՝ գիտակցված խոչընդոտում է ոչ միայն գործադիրի աշխատանքը, այլև հասարակության, իմա՝ հարկատուի պահանջատիրությունը: Չէ՞ որ հասարակությունն է (կամ նրա ճնշող մեծամասնությունը) հեղափոխության ալիքը հասցրել Կառավարական շենք, ու ինքն էլ պիտի պահանջի է՛լ ավելի արդյունավետ աշխատանք, կադրային ճիշտ քաղաքականություն, հնարավորինս քիչ սխալներ գործելու հրամայական ներկայացնի: Իսկ հիմա, երբ նույն հասարակությունը, իմա՝ հարկատուն, ամեն պահ տագնապի մեջ է՝ չվերադառնա՞ հանկարծ նախկինը, ակամա, հաճախ էլ գիտակցված աչք է փակում սխալի, բացթողումի, պարապուրդի վրա: Երբ գործադիրի հանգույն օրենսդիրն էլ կլինի հասարակության մեծամասնության շահերի արտահայտողը, ՀՀ հպարտ քաղաքացին (ով, վաղո՜ւց ժամանակն է, որ իրեն զգա իր պետության հարկատուն), հարկատուին վայել խստությամբ իշխանություններից կպահանջի և՛ աշխատանք, և՛ բարեփոխում, և՛ առաջընթաց:
Եվս մի հետգրություն. իհարկե, այս շտապողականությունը իր մեջ վտանգ ունի՝ մենք կուշտ ենք միակուսակցականությունից: Բայց գոնե 30 տոկոսով ընդդիմության՝ անպայման ներկայության օրենսդրական պահանջը՝ խորհրդարանում և, ամենակարևորը, ընտրությունները չկեղծելու, արդեն մեկ անգամ իրողություն դարձած փաստը հույս են ներշնչում, որ այս մի փորձությունն էլ կանցնի «թավշյա» հեղափոխությունը՝ վերածվելով օրենքի դիկտատուրայի: Իմա՝ օրինական և օրինապաշտ երկրի:
Եվս մի հետգրություն: Մեջբերում ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ Է. Շարմազանովի՝ հոկտեմբերի 9-ին lragir.am կայքին տված հարցազրույցից. «Աշխարհն այդպիսին է: Քենեդին ասում է՝ հաղթանակն ունի բազում ծնողներ, պարտությունը որբ է: Հանրապետականի իշխանության ժամանակ մեզ ձոն ասելու հերթ չէր հասնում, հիմա ՀՀԿ-ի բոլոր սխալները մնացին 2-3 հոգու վզին, որոնք այդ իշխանության ոչ բարիքներից են օգտվել, ու դա շատ լավ է, ոչ կոռուպցիայի մեջ են եղել, ոչ թալանի մեջ են եղել, ոչ ձեռքներս է արյունոտ, ոչ էլ տենդերների ու կոռուպցիոն սխեմաների մեջ ենք եղել»: Մարդկայնորեն հասկանալով պրն Շարմազանովի հիասթափությունը՝ միաժամանակ պիտի փաստեմ, որ նա կատարված հանցագործության մասին տեղեկություն է տվել. պարզվում է՝ ՀՀԿ-ի իշխանության օրոք եղել է կոռուպցիա, թալան, արյունոտ ձեռքեր, տենդերներ ու կոռուպցիոն սխեմաներ… Ի՞նչ ասեմ, ինքը ավելի լավ կիմանա:
Եվ վերջին հետգրությունը (առաջին հայացքից կթվա, որ ասածս կապ չունի հոդվածի հետ, բայց միայն առաջին հայացքից). կգա՞ այն օրը, երբ երկրիս ղեկավարը կհամարձակվի ասել. «Հայաստանում պոետները երբեք չեն մեռնում», և մենք կհավատանք նրան ու ինքներս մեզ…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.