ՄԵԾ ՀԱՅԸ

sharlՄԵԾ ՀԱՅԸ

ԻՆՔՆԱԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Աչքերս բացել, տեսել եմ մեր տան ողորմելի ու հին կահկարասին.

Դա Լատինական թաղամասում էր, Մսյո-լե-Պրենս փողոցի վրա,

Իմ շրջապատում դերասաններ ու երգիչներ կային,

Այդ մարդիկ չքնաղ, աննման էին, ապրում էին լոկ երազանքներով,

Խոսում էին զուտ ռուսերեն ու հայերեն լեզվով:

Հայրս երգում էր օպերետներում,

Ես նրա ձայնին նախանձում եմ դեռ,

Մայրիկս այնտեղ մի սուբրետուհու դեր էր կատարում,

Բայց նրանց խումբը կարիքավոր էր ու դրամ չուներ,

Ես ու քույրս էլ` ուրախ ու խնդուն,

Ծիկրակում էինք բեմանկարի ետևից թաքուն:

Այդ արտիստները – հոգսը ուսերին, ընտանիքի տեր –

Որ խոսում էին բնավ ոչ սահուն ֆրանսերենով,

Համաձայն էին ցանկացած գործի, միայն տեղ լիներ,

Համաձայն էին տաքսի վարելով կամ կար անելով

Դրամ վաստակել ու մի կերպ ապրել,

Եվ աշխատանքում բարեխիղճ լինել:

Եվ գործից հետո, աշխատանքային բոլոր օրերին,

Այդ արտիստները` կյանքից վտարված, փորձ էին անում,

Որպեսզի գոնե դրամի մասին չմտածելու հաճույքն զգային

Գեթ երկու անգամ ամսվա ընթացքում,

Ու բեմ դուրս գալով երկչոտ, ամոթխած,

Կանգնեն տարագիր մարդկանցով լցված դահլիճի դիմաց:

Երբ, պատահում էր, փող հայթայթելը դառնում էր անհույս,

Երբ ցուրտն էր նեղում, ուտելու ոչինչ չէինք ունենում,

Կոտրված սրտով ու խռովահույզ

Մենք գնում էինք Մոն-դե-Պիետե ու գրավ դնում

Մի հին ինքնաեռ, այլ անպետք իրեր`

Մեզ շատ հարազատ անցյալի հուշեր:

Մենք հիշում էինք անցավորներին Բոսֆորի ափին ընկած, հոշոտված,

Մեր ընկերների, մեր կյանքի համար բաժակ բարձրացնում,

Կանայք սուսուփուս լաց էին լինում, իսկ տղամարդիկ, մինչև լուսաբաց,

Բյուր անգամ երգված երգն էին երգում,-

Դա մեր ֆոլկլորն է, որը գալիս է դարերից հին-հին,

Մեր այդ երգերում հավերժ ապրում են անցավորները, սերը և գինին:

Մեր տան սեղանից անպակաս էին ընկեր, բարեկամ,

Նրանց հետ սիրով միշտ կիսում էինք մի կտոր հացը,

Իսկ ծնողներս ինձ ասում էին. «Վերևն Աստված կա,

Լավություն արա` մի օր անպայման կգա քո դիմաց»:

Այդ ամենի մեջ նշույլ իսկ չկար խղճահարության.

Հյուրը տեղ ուներ մեր գլխի վրա, Աստված էլ մեզ էր հասնում օգնության:

Մինչ խոհանոցում, մի ձեռքին` կաթսա, մի ձեռքին` տապակ,

Իր անելիքն էր հայրս որոշում,

Գիշեր ու ցերեկ մայրս նստում էր նավթի լույսի տակ

Ու մեծահարուստ տների համար նա կար էր անում:

Իսկ ես ու քույրս գնումներ անում, տունն էինք մաքրում

Եվ հետո միայն դպրոց հաճախում:

Ազատ, ինքնիշխան` այսպես մեծացա,

Գիշերները ես թունդ հարբում էի, բայց ցերեկները պետք էր աշխատել,

Կյանքիս ընթացքում էլ ինչեր ասես, որ ես չտեսա-

Էլ իսկական սեր, էլ մահից պրծնել,

Ես երեխաներ ունեցա, որոնք վկա են եղել,

Թե ամեն անգամ, ա՜խ, լցված սրտով ինչպե՜ս եմ հիշել.

Դա Լատինական թաղամասում էր, Մսյո-լե-Պրենս փողոցի վրա,

Իմ շրջապատում դերասաններ ու երգիչներ կային,

Այդ մարդիկ միայն անցյալ ունեին, բայց ոչ ապագա,

Այդ մարդիկ չքնաղ, աննմա՜ն էին, ապրում էին լոկ երազանքներով,

Խոսում էին զուտ ռուսերեն ու հայերեն լեզվով:

 

Թարգմանությունը` Սամվել ԳԱՍՊԱՐՅԱՆԻ

***

Ուրիշի ձեռքով սարքած տանն ապրելն ինձ համար նույնն է, թե ապրել հյուրանոցում, որքան էլ գեղեցիկ լինի այն: Տունը պետք է նման լինի իր տիրոջը: Տնիցս հաճախ եմ հեռանում, բայց միշտ էլ հաճույքով եմ վերադառնում: Աշխարհի որ ծայրում էլ լինեմ, տանս մասին եմ մտածում: Ինձանից հետո հետնորդներս կկարողանան ասել այն, ինչ ես երբեք բախտ չեմ ունեցել ասելու.

– Սա իմ նախնիների տունն է:

Իսկ իմ նախնիները մեծ մասամբ շիրիմ անգամ չեն ունեցել:

 

ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԸ

Հայաստանում մաֆիոզների մասին

Ես մաֆիոզների մասին անտանելի պատմություններ գիտեմ: Նրանք խժռում են գյուղացիներին իրենց հողերի վրա: Մաֆիայի այդ անդամներին պետք է գնդակահարել: Այդպես այլևս չի կարող շարունակվել: Ցանկանում եք անդամակցե±լ մաֆիային: Գնացեք ձեր մաֆիան ուրիշ երկրներում հիմնեք: Շատերը ձեզ կընդունեն: Բայց դա ձեր երկրում մի° արեք, սեփական ժողովրդի դեմ մի° արեք, Աստծո սիրուն:

2014 թ., ապրիլ

Թավշյա հեղափոխության մասին

Հայաստանում գտնվող իմ շա՜տ սիրելի քույրեր և եղբայրներ,

Շնորհավորում եմ ձեզ, որ կարողացաք առանց արյան, բռնության, արժեքների ոտնահարման անցում ապահովել երկրում մեկ այլ իրողության: Քաղաքացիական անհնազանդության օրերին ևս դրսևորեցիք արժանապատիվ ու մարդասիրական կեցվածքª լուծում առաջարկելով ծագող խնդիրներին այնքան սահուն ու արագ, ասես դա դյուրին էր: Սա զարմացրեց և մտածելու տեղիք տվեց շատ այլ երկրների կառավարությունների:

Ձեզ հաջողվեց ապացուցել, որ մեր ազգն ունի գիտակցության բարձր աստիճան, և որ մեր երկրի համար առաջնահերթ է ու միշտ էլ պետք է առաջնահերթ մնա ամենակարևորըª միավորումը:

Մենքª հայերս, կարողացանք ցույց տալ, որ «ժողովուրդ», «հայրենիք», «դրոշ», «մշակույթ», «կրոն» և «ընտանիք» բառերը մեր արժեքներն են: Եվ որ յուրաքանչյուր հայ իր երկրում ունի հավասար իրավունքներ ու ազատություններ:

2018 թ., ապրիլ

 

ՀԱՅԵՐԻՑ ՀԱՅԸ

Նա դարի խոշորագույն հեղինակ-կատարողն էր, բանաստեղծ էր ու կինոդերասան, թատերագիր էր ու հուշագիր, բայց անհնար էր երևակայել, որ այդ աստիճանի հայ էր իր ախալցխացի հորով ու զմյուռնացի մորով, 1915-ի արհավիրքին (այդպես կոչենք) կորցրած գերդաստանով, գաղթականի զավակի դժվարին մանկությամբ, այդ դժվարությունները հաղթահարելու, ծնողների հետ հայկական թատերախմբերի ներկայացումներին մասնակցելու խանդավառությամբ, երկրաշարժի աղետից անմիջապես հետո Հայաստան փութալու վճռականությամբ, «Ազնավուրըª Հայաստանին» բարեգործական կազմակերպությունը ստեղծելու նախանձախնդրությամբ, Արցախի հակամարտության ճակատագրական օրերին Մոսկվա փութալու, Խորհրդային բարձրաստիճան ղեկավարների հետ բանակցելու նախաձեռնությամբ, և, վերջապես, «Ինքնակենսագրություն», «Նրանք ընկան», «Քեզ համար, Հայաստան», «Նամակ մի թուրք բարեկամի» երգերով, որոնք վերջնականապես արգելեցին նրա մուտքը Թուրքիա:

Ինքն է իր վերջին գրքում խոստովանում. «Ինչո±ւ ես դարձա այն, ինչ եմ: Իմ ներքին համոզմամբ, հարկավոր էր մի ձայն, որը հիշեցներ, որ հայ ժողովուրդը, չնայած այն ամենին, ինչ ապրել ու կրել էª ցեղասպանությանը, եվրոպական երկրների դավաճանությանը, որոնք նախապատվությունը քարյուղին տալովª արհամարհեցին իմ ժողովրդի արյունը, ինչպես ընդունված է ասելª հանուն պետական շահերի չհարգեցին Ժնևի, միջազգային մյուս պայմանագրերը, ԽՍՀՄ-իª փոքրիկ, արյունաքամ Հայաստանի նկատմամբ գործադրած բռնաճնշումներին, երկրաշարժին, Ղարաբաղի հիմնահարցերին, Թուրքիայի շրջափակմանը, հայ ժողովուրդը գոյություն ունի: Ես խորապես հավատում եմ, որ այդ ձայնն եմ: Ինչո±ւ ես և ոչ թե մեկ ուրիշը: Նման հարցի Տերը միայն կարող է պատասխանել»:

Տերն այսօր պատասխանեց այդ հարցին:

Քո հավերժությամբ:

Գրիգոր ՋԱՆԻԿՅԱՆ

 

 

 

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.