ԻՍԿԱՊԵՍ, Ո՞Վ Է ԱՍՏԾՈ ՆՄԱՆ / Միքայել ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ և ԱՌԿԱԽ ՀԱՐՑԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԳԱՂՏՆԱԳՐՈՒԹՅՈւՆԸ ՍՄԲԱՏ ԲՈՒՆԻԱԹՅԱՆԻ «ՈՎ Է ԱՍՏԾՈ ՆՄԱՆ» ՎԻՊԱԿՈՒՄ / Հասմիկ ՍԱՐԳՍՅԱՆ

ԻՍԿԱՊԵՍ, Ո՞Վ Է ԱՍՏԾՈ ՆՄԱՆsmbat-buniatyan-book-412x600

Միքայել ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ
Բան. գիտ. թեկ.

Սմբատ Բունիաթյանի «Ո՞վ է Աստծո նման» վիպակը ուշագրավ է ոչ միայն իր թեմատիկայով ու նախորդ դարակեսի ամերիկյան միջավայրի պատկերմամբ, այլև այն պատերազմի քննմամբ ու մեկնաբանմամբ, որ կատարվում է ժամանակակից մարդու ներաշխարհում:
Մենք պատերազմ չենք ունեցել. ունեցել ենք Եղեռն. պատերազմել են ռուսն ու թուրքը, իսկ մենք ցեղասպանվել ենք: Մենք պատերազմ տեսանք Երկրորդ համաշխարհայինում, այն էլ՝ որպես կցորդ խորհրդային կայսրության, ուստի այդպես էլ մեր հայրենակտորում չհասկացանք հաղթանակի բերկրանքը, այլ միայն ճաշակեցինք 300 հազար հայ զոհերի ողբերգությունը և դրանից 4 տարի անց՝ 50 հազարի աքսորը: Իսկ մեր գրական ականջը սովոր է միայն պատերազմական սոցռեալիզմին:
Ունեցանք Արցախյան՝ հիրավի հայրենական պատերազմ, բայց նախորդ ոչ պատերազմների, այլ կռիվների, մաքառումների ու ողբերգությունների ավանդույթն այնքան խորն էր, որ տեսանք միայն հերոսականն ու ողբերգականը: Հիմա Սմբատ Բունիաթյանը, որ հանգամանքների բերումով ոչ կարճ ժամանակ եղել է առաջնագծում, բերում է պատերազմի նոր բացահայտում: Ու հեղինակը որոնում և չի գտնում (որովհետև գտնելն անհնար է), թե այդ ներսի՞ պատերազմը ծնեց իրական պատերազմը, թե՞ հակառակը. իսկ գուցե պատերազմի նախախնամության ծրագի՞ր է՝ դրված մարդ արարածի հենց կոդի մեջ: Հեղինակը մտորում է ու հարցերի իր այս վիպակում տանջվում. «Մարդն ապրում է կյանքին շղթայված, ապրում է ակամա՝ ենթագիտակցության մեջ ըմբռնելով մեկ այլ ժամանակ, մեկ այլ տարածություն և գոյություն մեկ այլ: Ի՞նչ կա այնտեղ, ո՞վ է քո անձից դուրս բնակվողը, ո՞վ է մեկ այլ կյանքով ու բանականությամբ ապրող քո ես-ը: Դո՞ւ ես արտացոլում Աստծո պատկերը, թե՞ նա: Նա՞ է արարված Արարչի պատկերով, թե՞ դու» (էջ 66):
Վիետնամցին հասկանում է իրեն սպանող ամերիկացուն, բայցև դատապարտված է նրան սպանելու, և հակառակը՝ ամերիկացին հասկանում ու ցավակցում է վիետնամցուն, բայցև դատապարտված է նրան սպանելու: Իսկ եթե նրանք՝ ամերիկացին ու վիետնամցին, Աստծո պես հասկացողություն ունեն ու հասկանում են միմյանց ցավը, այդ դեպքում մի՞թե Աստված է, որ սպանում է ու սպանվում: Այդ դեպքում, վերջիվերջո, ո՞վ է Աստծո նման: «Ես չգիտեմ»,- իր վիպակը եզրափակում է հեղինակը:
Հեղինակը չգիտի, ինչը և գրքի արժանիքներից թերևս առաջինն է, բայց հստակ գիտի, որ «Կենդանի մարդը ուրախության համար է» (էջ 26), գիտի, որ «Մարդը չի ծերանում երբեք: Նա զառամում է մանկանալով: Իսկ մահն ընդամենը սահման է, յուրօրինակ եզերք, որտեղ մի անգամ և մի վերջին անգամ բախվում են գոյության ավարտն ու սկիզբը» (էջ 35):
Սմբատ Բունիաթյանի ոչ միայն մտորումներն են դիպուկ, այլև կարճառոտ պատկերները: Այսպես. վիպակի հերոսը՝ Ալեքսանդրը (անուն, որ, կարծում ենք, պատահական չէ, ինչպես որ կրոնախևությամբ դաստիարակվող Միքայելինը) պատմում է, թե ինչպես զենք վերցրած 10-12 տարեկան վիետնամցի երեխաների վրա վարանում են կրակել հենց կրակելու վարժեցված արհեստավարժ զինվորները, որոնցից մեկը, ով, այնուամենայնիվ, կրակեց, փրկվել է, բայց գտնվում է հոգեբուժարանում (էջ 118): Այդ մենք ենք՝ մարդ արարածը, որ մշտապես սահմանային վիճակներում ենք ու ամեն օր կրակում ենք մեր մեջ ապրող երեխային ու հայտնվում այն գժանոցում, որ ժամանակակից կյանքն է: Հեղինակը և մենք հստակ գիտենք, որ փրկությունը հենց մանուկն է, և «երեխայի հանդեպ սերը եզակի տրոփ է կրծքի տակ, պսպղուն օազիս, մշտատև երկրպագություն» (էջ 38), գիտենք, բայց գնդակահարում ենք ամեն վայրկյան, անըմբռնելի մի իմաստով Աբրահամի պես մատաղի տանում և կրակի բարձրացնում: Ի դեպ, հին­կտակարանային հերոսները մշտական գործող անձինք են այս վիպակում:
Այսու, այս վիպակը մարդու ներաշխարհի՝ պատերազմի ավերածությունների մտորումների շարան է, որ շատ տեղերում դառնում է արձակ բանաստեղծությունների շղթա, ինչը գրքի շահեկան առանձնահատկություններից է:
«Ո՞վ է Աստծո նման» վիպակը բոլորովին նոր ոճի և հետաքրքրության ստեղծագործություն է, շփոթված հարցադրումների հասցեական ու հստակ մի աղոթք, որ ընթերցողը հեղինակի հետ ուղերձ է դարձնում՝ դառնալով այն երեխան, որ խաղում էր աղոթքներով (էջ 41): Իր ստեղծագործական ճանապարհին այս գիրքը մի գեղեցիկ հանգրվան է, որից հետո, հուսանք, հեղինակը նոր գործերով կզարմացնի հայ ընթերցողին:

ԱՌԿԱԽ ՀԱՐՑԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԳԱՂՏՆԱԳՐՈՒԹՅՈւՆԸ ՍՄԲԱՏ ԲՈՒՆԻԱԹՅԱՆԻ «ՈՎ Է ԱՍՏԾՈ ՆՄԱՆ» ՎԻՊԱԿՈՒՄ
Հասմիկ ՍԱՐԳՍՅԱՆ

Հիրավի բարձրարվեստ գեղարվեստական երկի արժանիքներից մեկն էլ այն է, որ մարդուն մղում է դեպի ինքնաքննության շավիղները: Սմբատ Բունիաթյանի «Ով է Աստծո նման» վիպակը, մեր տպավորությամբ, աչքի է ընկնում առանձնակի շեշտված ներհայեցողությամբ, ասես տարիներ ու տասնամյակներ կուտակված մտածումները՝ հուզական-պոետիկ շերտազատմամբ, ելել են մակերես և կազմավորել երկի գաղափարական հենքը, որին հենված է վիպակի սյուժետային կառուցվածքը: Կառույցով ծավալուն գեղարվեստական արձակի ավանդական սահմանագծումները խախտող այս վիպակը, սյուժետային զարգացմանը զուգընթաց, պարունակում է հեղինակի դիտարկում-խոհ-ներհայեցումները, որ կյանքի փիլիսոփայություն են թերևս, համոզմունք, մարդու և Արարչի հետ հարաբերվելու իր կերպը, իր ընդվզումն ու խոնարհությունը միաժամանակ, ինքնաբզկտումն ու իմաստնաբար կյանքի խորհրդի իր բանաձևումները: Ընդ որում, դրանք վերջնական չեն, քանի որ վիպակի սյուժետային զարգացումն ընդհատող էսսեներում մարդու և մարդկայինի, Աստծո հետ հարաբերվելու, ցավի և երկվության, պատերազմի և արարման մասին իր բարձրաոճ մտածումներում նա ավելի շատ փնտրում է, քան պատասխան տալիս: Ունի հաստատուն համոզումներ, բայց ո՛չ ընթերցողին պարտադրվող, այլ՝ հարցադրումների միջոցով մատուցվող:
Որդեգրված մանկան՝ Միքայելի անվան բացատրությունը՝ ով է Աստծո նման, դառնում է այն հռետորական հարցումը, որ վեպի ընթացքում գնալով ավելի արդիական ու հնչեղ է դառնում: Պատասխա՞նը: Հեղինակը հուշումներ է տալիս, ինքն էլ երկվություն է ապրում՝ պատասխան փնտրելիս, և տարածք է թողնում ընթերցողին՝ այդ հարցի մասին մտորելու թե՛ վիպակն ընթերցելու ընթացքում և թե՛ ընթերցանության ավարտին:
Պատումի սկզբում կապիտան Ալեքսանդր Գոմեսը՝ զինվորականի հաստատուն համոզմամբ և ուղղամտությամբ, հայրենիքին ու իր կնոջը տված երդմանը հավատարիմ անձ է, որի հավատարմության հաստատակամությունը չի կարող սասանել ո՛չ ծառայության ընթացքում իրեն տրված հրամանի արդարացիության աստիճանը, ո՛չ կնոջ չբերությունը: Իր հոգատարության և սիրո բարձրագույն արտահայտությունն է, երբ առաջարկում է որդեգրել անժամանակ մահկանացուն կնքած ընկերոջ մանկահասակ որդուն՝ այսպիսով լցնելով իր ու իր կնոջ միջև խորացող վիհը: Անում է դա ընկերոջ հանդեպ պատքի զգացումից դրդված, բայց անկեղծ զգացմունքով, առանց կասկածի, այն դեպքում, երբ իր կինը, որ բացառիկ առաքինի անձի համբավ ունի, ծայրահեղության հասնող, համարյա հիվանդագին աստվածապաշտ է և առաջնորդվում է բացառապես աստվածաշնչյան պատգամներով, կասկածներ է ապրում: Եվ պիտի հանդարտորեն գլորվող օրերի մեջ ընթանար նրանց կյանքը սովորականի պես, եթե չլիներ պատերազմը: Եվ ահա այստեղ հաջորդում է Սմբատ Բունիաթյան մտավորականի հերթական խոհ-էսսեն՝ ամեն տեսակի պատերազմների հանդեպ իր վերաբերմունքի խորին քննությամբ: Քննության առարկա չէ պատերազմի անարդար կամ արդար լինելու հանգամանքը, այլ թե դրանք ի՛նչ ավերիչ ազդեցություն են ունենում մարդկային ճակատագրերի, անհատականության վրա: Այստեղ է, որ ուղիղ համեմատականներ ես տանում վիպակում նկարագրված 50-ական թվականների Վիետնամական պատերազմի և այսօր՝ մեր ապրած ժամանակների հակամարտությունների, աղետաբեր լոկալ պատերազմների, տարբեր պատճառաբանություններով, այդ թվում՝ դեմոկրատական արժեքները պաշտպանելու համար սանձազերծվող արյունահեղությունների միջև: Վեպը հենց այդպես էլ սկսվում է՝ «…և Մարդը կկանգնի ցավի ու դառնության առջև»: Ընդ որում, հեղինակը «Մարդը» գրում է մեծատառով՝ այսպիսով մտածող, արարող, զգացմունքներ ունեցող արարածին դիտելով որպես բարձրագույն արժեքներ կրողի, որի ձեռքով հենց, ավաղ, աղճատվում է այդ արժեհամակարգը: Մարդ-արարիչը դառնում է գործիք, իր կամքից անկախ մարդասպան: Նկարագրելով Վիետնամական քսանամյա պատերազմի բերած աղետները՝ հեղինակը պարսավանքի ուղիղ խոսք չի ասում ո՛չ մեկ, ո՛չ մյուս կողմին: Անգամ գերեվարված և դաժան կտտանքների ենթարկվող կապիտան Գոմեսը ատելությամբ չի մտորում իր դահիճների մասին: Ատելություն չէ՛, այլ խորը հանդիմանանք կա նաև վիետնամցի սպայի խոսքում, երբ խոշտանգելու հերթական հրամանը տալով՝ չի անհատականացնում իր դաժանությունը, քանզի իր դաժանությունը համահավասար է այն դաժանությանը, որով Գոմեսն էր գնդակահարել մինչև վերջ իր աչքերի մեջ նայող վիետնամցի ռազմագերուն: Իսկ ընկերը՝ Ջերոմ Մայերը, չէր կարողացել տակավին պատանի, բայց արդեն զինվորյալ վիետնամցիների վրա զենք բարձրացնել՝ այսպիսով ինքը ինքնակամ զոհ դառնալով: Իսկ այն ամերիկացին, որ պահ հապաղելուց հետո գնդացրով մաղել էր դեպի մահ գնացող երեխաների շարքերը, հետագայում խելագարվում է: Այստեղ չկար արդար ու մեղավոր: Մեղավորության զգացումը չէր, որ ի վերջո ինքնասպանության է մղում Ալեքսանդր Գոմեսին, այլ, ավելի շուտ, անելանելիությունը: Պատերազմն էր մեղավոր, պատերազմն էր դրդիչը, այն պատերազմը, որ Սմբատ Բունիաթյանի բնութագրմամբ՝ «մարդ է», որ մարդու երազների, անաղարտ ձգտումների մեջտեղում է հայտնվում և աղճատում ապագան: Գոմեսը վերադառնում է տուն՝ իբրև բացարձակ այլ մարդ: Սիրած կնոջ մեջ այլևս չի հանդուրժում մոլեռանդությունը, հակասություններ են ծագում երեխայի դաստիարակության հարցում: Սրան գումարվում է ամերիկյան հասարակությունում ի հայտ եկած մի նոր սերնդի գաղափարական բախումը նախորդների դավանած ճշմարտություններին, արհամարհանքն ու մերժումը, որ դրսևորվում է պատերազմի վետերանների հանդեպ՝ ընդհուպ ծաղրն ու հետապնդումը: Այլասերվա՞ծ էր արդյոք այդ սերունդը, որ չէր սափրվում, չէր լողանում և մարիխուանա էր գործածում՝ ընդդիմանալով պատերազմի գաղափարին և վիժեցնելով վետերաններին հերոսացնելու հանրային տրամա­դրությունները: Այդ սերունդը պատկերացնում էր կատարվածի ողջ ողբերգականությունը, և եղելությունը ցեղասպանություն էր, որը մարդկության կողմից մինչ օրս չի ընդունվել որպես այդպիսին: Այստեղ դարձյալ, թեև չի հիշատակվում Հայոց մեծ եղեռնը, սակայն ենթադրվում է այն ճանաչելու և դատապարտելու հրամայականը: Մեր օրերի պատերազմները հան­գեցնում են քաղաքակրթական արժեքների համարյա իսպառ վերացման, միջնադարյան դաժանության սպանդների, մի քանի սերունդների համար անուղի և անտերունչ ապագայի:
Ավելին, վիպակը գրելուն մղել է, հարկավ, արդեն տասնամյակներ ձգվող ծանր, մարդկային հազարավոր կյանքեր խլած Ղարաբաղյան պատերազմը, և պատերազմի թեմային նման տեսանկյունով անդրադարձ հազվագյուտ է հայ արդի գրականության մեջ. թերևս նաև արձակագիր Էդուարդ Խաչիկյանի պատմավեպերն են, որոնցում հայոց մղած պատերազմների գեղարվեստական վերարտա­դրությունները, վերջին հաշվով, ամեն տեսակ պատերազմների ժխտումն են և խաղաղության գաղափարի վերահաստատումները:
Գոմեսի ինքնասպանությունը նաև անհուսությունն է՝ իր կյանքի սիրուն հասնելու: Ծվատված հոգով և հասարակության կողմից մերժված, իր պարտքն ու պարտականությունը պատերազմում կատարելու և զինվորականի իր երդմանը հավատարիմ մնալու համար՝ հասարակության կողմից մերժված, դատափետվող մարդու համար փրկության շյուղ է Ավգուստան, բայց իր ձեռքերի մեջ զոհված ընկերոջ հիշատակը այն բարոյական անհաղթահարելի պատնեշն է, որ թույլ չի տալիս սիրել նրա այրուն, ուստի մնում է հեռանալ մարդկանցից. Գոմեսն ընտրում է բացարձակ առանձնությունը: Թերևս միակ մարդը, որ լիովին հասկացել էր իրեն, Հովհաննես Կանայանն էր, որ գիտեր լսել ու ցավակցել: Թվում է՝ վիպակի հեղինակը գտել է այն կետը, որից կարելի է շրջադարձ կատարել դեպի կյանք, դեպի հոգեկան ապաքինում: Բայց Կանայանի հետ հանդիպման սյուժետային գիծը զարգացում չի ունենում և մնում է առկախ: Նկատեմ, որ թերևս վիպակի այն հատվածներում, որոնցում հայազգի դերակատարներ են հայտնվում կամ հիշատակվում (լինի թռուցիկ կերպով թե առավել հանգամանորեն), հեղինակը համոզիչ չէ այդ կերպարները ներդնելու հիմնավորումներում, դրանց հիշատակումները, ասես, պատահական են, ոչ էական և, մեր դիտարկմամբ, ավելորդ, քանի որ ոչ մի սյուժետային գծի զարգացման բեռ չեն կրում:
Վեպի հանգուցալուծումը աշխարհից ու մարդկանցից հեռացած, պաշտոնաթող կապիտանի պատրաստած ինքնաշեն արկի պայթյունն էր, որ պիտի վերջ դներ նրա՝ երկվություն ապրող մարդու տառապանքին, որ առավել էր, քան իր հաշմված մարմնի ցավը:
Վերը թվարկված գաղափարների արծարծմանը զուգահեռ՝ վիպակում անդրադարձներ կան նաև նոր ձևավորվող մարդու դաստիարակության խնդիրներին: Հեղինակը կողմ է երեխայի ազատ զարգացմանը, կրոնական շիզոֆրենիկ մոլեռանդությամբ կամ այլ տեսակի ծայրահեղ գաղափարներով չկաշկանդված անհատականության ձևավորմանը:
Հատուկ պետք է նշել վիպասանի գործածած լեզվի հարստությունը, շարադրանքի բարձր ոճը, որ հակադրվում է, մասնավորապես, արդի հայ արձակի շատ գործերում հանդիպող առօրեական- ժարգոնային-կենցաղային, երբեմն էլ գռեհկաբանությանը սահմանակցող բառապաշարին և աղքատիկ պարզունակությանը: Հատկապես վիպակի սյուժետային գծին զուգահեռ էսսեների շարքում այդ բացարձակ հղկված լեզվով են շարադրված հեղինակի խոհերը, որ մի ողջ փիլիսոփայություն են պարունակում: Այդ փիլիսոփայական մտածումների մեջ առանձին իմաստ են ստանում իր որդուն զոհաբերման տանող Աբրահամի կերպարը և պատումի անսպասելի ավարտը՝ զոհաբերվում է ոչ թե որդին՝ Իսահակը, այլ իր հայրը: Սմբատ Բունիաթյանը հիշեցնում է ասես, որ հավատարմության և սիրո սահմանները գծագրվում են զոհաբերման արյամբ: «Ո՞վ է Աստծո նման, եթե ոչ նա, ով կզոհաբերի իր մինուճար գառը, եթե Աստված իր պահանջը սրբացնում է սիրո՛վ»:
Սմբատ Բունիաթյանի «Ով է Աստծո նման» վիպակի ընդգծված արժանիքն է պատկերավոր մտածողությունը, որ հաճախ արձակ բանաստեղծությունների է վերածում վիպակի շարադրանքը: Երկը հարուստ է հեղինակային իմաստախոսություններով, որ կարող են թևավոր խոսքեր դառնալ: Դրանցից մի քանիսը մեջբերեմ. «Ցանկացած իշխանություն փորձում է կոծկել բռնատիրություն կոչվածը՝ ժողովրդավարության պատրանք ստեղծելով»: Կամ՝ «Ցանկացած պետություն կայանում է՝ իր իշխանությունն իբրև հավատի երաշխիք ներկայացնելով: Այնինչ պարտվում է մարդը՝ բնավ չհասկանալով, որ պետությունն իրականացնում է մտքի ջարդարարություն, իսկ դրա պտուղները չափազանց դառը կարող են լինել հետո՛»:
Եվ իբրև գրախոսականի վերջաբան՝ ևս մի մեջբերում անեմ երկից, որ կրում է պատասխանը հեղինակի հռետորական գլխավոր հարցման՝ ո՞վ է Աստծո նման:
«Քանի դեռ մարդը չի ապրում Արարչագործության բարոյական կոդեքսով, նա կշարունակի գոյամարտել, իսկ հոգևոր հաց մերժողն ընդմիշտ աղքատ կմնա մի փոր հացի իր խրախճանքում»: Շարունակելով հեղինակին՝ հավելեմ, ուրեմն՝ Աստծուն նման է արարչագործ Մարդը, որ սիրո ուժով որպես հաց ու գինի է մատուցում իր գիրը, մեղեդին, գույնը, իր քրտինքով աճեցրած բերքն ու իր բարենորոգ միտքը…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.