Շտաբս-կապիտան Խորեն Խարմանդարյանց. Սարդարապատի ճակատամարտի 100-ամյակին / Անահիտ ԽԱՐՄԱՆԴԱՐՅԱՆ

Scan_003

Ի՞նչ գիտենք մենք Սարդարապատի ճակատամարտի մասին: Ըստ ժողովրդի ճակատագրի և պատմության վրա ունեցած ազդեցության՝ պատմաբաններն այն համեմատում են Ավարայրի ճակատամարտի հետ: Սակայն ճակատամարտն արդեն պատմություն է դարձել, վաղուց արդեն ոչ ականատեսներ կան, ոչ՝ մասնակիցներ: Հայկական հանրագիտարանի 10-րդ հատորում կարելի է կարդալ. «Սարդարապատի ճակատամարտը տեղի է ունեցել մայիսի 21-29-ը, հայկական կանոնավոր զորամասերի (աշխարհազորի աջակցությամբ) և թուրքական զորաբանակի միջև, Սարդարապատ կայարանի (այժմ՝ ք. Հոկտեմբերյան) շրջակայքում: Օգտվելով Կովկասյան ռազմաճակատի մերկացումից՝ թուրքական կառավարությունը ծրագրել էր ոչ միայն վերազավթել Արևմտյան Հայաստանը, այլև նվաճել Արևելյան Հայաստանն ու ամբողջ Անդրկովկասը, վերջնականապես բնաջնջել հայ ժողովրդին: Խախտելով Անդրկովկասյան Կոմիսարիատի հետ կնքված (1917-ի դեկտեմբերի 5) զինադադարը՝ թուրքական զորքերը, 1918-ի փետրվարի 10-ին հարձակման անցնելով, շուրջ 2 ամսում գրավեցին Երզնկան, Էրզրումը, Սարիղամիշը, Կարսը, Ալեքսանդրապոլը, ապա Սարդարապատի ու Բաշ-Ապարանի վրայով փորձեցին մտնել Երևան: Սարդարապատի ուղղությամբ շարժվող թուքական զորախումբը (հրամանատար՝ Յաղուբ Շեքի փաշա) բաղկացած էր 36-րդ հետևակային դիվիզիայից, մեկական հարվածային և սակրավորների գումարտակից, կորպուսային հեծյալ գնդից, 1500 քրդական հեծյալից, հրետանային մարտկոցից (40 թնդանոթ): Հայկական զորքերի երևանյան խմբավորումը (հրամանատար՝ Մ. Սիլիկյան) կազմում էին 2-րդ հրաձգային դիվիզիան (առանց 7-րդ և 8-րդ գնդերի), 3-րդ հետևակային բրիգադը և 2-րդ հեծյալ բրիգադի 1-ին գունդը»:
Ինչքան էլ քիչ եմ հասկանում ռազմական գործից, սակայն ակնհայտ է, որ ուժերը ոչ թե անհավասար են եղել, այլև՝ անհամեմատելի: Ինչպես այստեղ չհիշել ռուս մեծ զորավար Ալեքսանդր Սուվորովին. «Կռվել հարկավոր է ոչ թե քանակով, այլ՝ հմտությամբ»:
Այսպիսով, 1918 թվականին Սարդարապատում մի քանի դիվիզիան և ժողովրդական աշխարհազորայինները մարտնչում էին հակառակորդի տասնապատիկ անգամ գերազանցող ուժերի դեմ: Եվ, ինչպես միշտ, թուրքերը փորձում էին զավթել ուրիշի երկիրը, և, ինչպես միշտ, հայ ժողովուրդը պաշտպանում էր իր հայրենիքը, վերջին ամրոցը՝ Հայաստանի վերջին մայրաքաղաքը: Հայ զինվորը սխրանք գործեց, հայրենասիրական և ռազմական սխրագործություն, սխրանք, որը երբեք չի մոռանա հայ ժողովուրդը, որովհետև այն ոսկե տառերով գրված է նրա հիշողության մեջ և սրտում:
Մենք գիտեինք, որ մեր պապիկը` Խորեն Խարմանդարյանցը, մասնակցել է Սարդարապատի ճակատամարտին, և որ մեծ է եղել նրա հրաձգային գնդի դերը կռվի հաղթական ելքի համար: Մենք հպարտանում էինք դրանով, բայց շատ քիչ բան գիտեինք նրա մասին: Նա լռակյաց էր, ոչ ժպտադեմ, երբեմն նույնիսկ մռայլ, հազվադեպ էր խոսում՝ կշռադատելով յուրաքանչյուր բառը, և նրա անձը, կարծես, ինչ-որ գաղտնիքով էր պարուրված: Պապիկը Թբիլիսիում էր ապրում, մենք՝ Երևանում, հազվադեպ էինք հանդիպում: Երբ նա մահացավ, ես երիտասարդ էի, և ինչ նրա մասին պատմում էին հարազատները, Առաջին համաշխարհային պատերազմի միջադեպերի էին նման: Ինքներդ դատեք: Նա ավարտել էր ռազմական ուսումնարանը, եղել էր հրետանավոր, դաշնակցության անդամ էր, շատ անգամ վիրավորվել էր, ցարական ու խորհրդային մի քանի շքանշան ու շտաբս-կապիտանի կոչում ուներ, մարտնչել էր Սարդարապատում… Պատմում էին (տատիկիս խոսքերով), որ ճակատամարտը, առանց դադարի, տևել է վեց օր: Վիրավորները, որոնք կարող էին շարժվել, մտնում էին դիրքերի կողքին գտնվող Կարմիր խաչի վրանը: Բժիշկներն ու բուժքույրերը նույն սխրանքն էին դրսևորում, ինչ զինվորները. նրանց վիրակապում կամ վիրահատում էին, և նրանք անմիջապես շարք էին վերադառնում: Մեր պապն այդ օրերին երկու անգամ վիրավորվել ու երկու անգամն էլ վրանից գնացել է ղեկավարելու իր գնդացիրները: Եվ այդպես էին վարվում բոլորը: Արիությունը մեր ժողովրդի բոլոր սերունդների արյան մեջ է, այդ թվում նաև՝ 2016 թվականի Ապրիլյան հերոսների…
1919 թ. ՀՀ կառավարությունը Խարմանդարյանցին հատուկ անցաթուղթ-անձնագիր տվեց, խնդրանքով բոլոր բարեկամ երկրների քաղաքացիական և զինվորական իշխանություններին (նկատի էին ունեցել նաև Վրաստանը)՝ աջակցություն ցույց տալ նրան ու նրա ընտանիքին: Եվ նա գնաց Թբիլիսի: Անձնագրում գրանցված էին մայրը, կինը և երեխաները, այդ թվում՝ նա՝ իմ ապագա հայրը, ով այդ ժամանակ երկու տարեկան էր: Ես երկար եմ մտածել՝ ընդհանրապես արժե՞ ակնարկ գրել, դա ինձ շատ անհամեստ էր թվում: Սակայն, պատահաբար, թերթում աչքովս ընկավ մի հոդված, որտեղ պատմական հարցերում հեղինակավոր մարդիկ, ովքեր քննարկելով Հայաստանում բոլշևիկյան դարաշրջանի սկզբնական ժամանակների իրադարձությունները՝ հիշում էին, թե ինչպես, իշխանության գալով, նրանք գնդակահարեցին Սարդարապատի ճակատամարտի մասնակից ռուսական բանակի բոլոր սպաներին… ու եզակիներն են ողջ մնացել: Նշանակում է՝ իմ պապը նրանցից մեկն է եղել, և իմ ընտանիքը փրկվել է ՀՀ դաշնակցական իշխանության կողմից տրված անձնագրի շնորհիվ… Այս բոլոր տարիներին այն ինձ մոտ պահապանվել է որպես ընտանեկան մասունք:
Անիմանալի են Աստծո ուղիները: Ինչպե՞ս գրել այն ժամանակի մասին, որի մասին շատ քիչ բան գիտես: Հորաքրոջս մոտ պապիցս փոխանցված փաստաթղթերի մի փաթեթ էր պահպանվում՝ մի պայմանով, որ ոչ մեկին ցույց չտա: Ես դժվարությամբ համոզեցի որոշ ժամանակով այն ինձ վստահել: Ժամանակակից մարդու տեսանկյունով՝ դրա տեղը պատմական արխիվն է: Ես մանրամասն ծանոթացա և ինչ-որ բան էլ, ինչ ինձ հետաքրքիր կամ ուշադրութան արժանի թվաց, դուրս գրեցի:
Ահա մի լուսանկար՝ արված Սանկտ-Պետերբուրգում, ինչպես երևում է նրա Ծառայողական ցուցակից, որի համաձայն՝ 1916 թ. մայիսից-ապրիլ պապիկը եղել է արձակուրդում: Տատիկս այդ ժամանակ սովորում էր Սանկտ-Պետերբուրգի կանանց բարձրագույն դասընթացներում: Լուսանկարում պատկերված են Խորեն (աջ կողմում) և Վաղինակ Խարմանդարյան եղբայրները՝ իրենց մոր՝ Փեփրոնեի (կենտրոնում) և կանանց հետ: Փեփրոնեն՝ իմ տատիկը, թոռների հիշողությամբ, շատ խելացի, վայելուչ վարմունքով և առաջադեմ կին է եղել: Ի դեպ, նրա պատկերաքանդակը պահպանվում է Պետերբուրգի Ռուսական թանգարանում: Հետաքրքիր է այդ պատկերաքանդակի ստեղծման պատմությունը: Մի երիտասարդ քանդակագործ տեսել է փողոցում, երբ նա որդուն ու հարսին այցելության էր եկել Կարսից: Տեսել է ու խնդրել, որ թույլ տա քանդակել: Որդին համաձայնել է, ու նա քանդակել է տատիկիս դիմանկարը: 1971 թ. Ռուսական թանգարանում տեսել էի «Հայուհու գլուխը» դիմաքանդակը, բայց չգիտեի, որ բնօրինակը իմ նախատատն է, քանդակի ստեղծման պատմությունն ինձ բավականին ուշ են պատմել:
Լուսանկարից մեզ են նայում երկու խիզախ սպա՝ պապիկս ու նրա եղբայրը: Այդ նրանք և հազարավոր նրանց նմանները պաշտպանեցին, նվաճեցին, փրկեցին ժամանակին հսկայական Մեծ Հայաստանի վերջին պատառիկը, որը դարձավ Հայաստանի Առաջին Հանրապետություն և որին վիճակված էր երկու տարի հետո 70 տարիների խորհրդայնացում, ապա՝ վերջապես երկար սպասված անկախություն:
Հարյուրամյա վաղեմության տարբեր թղթեր ու փաստաթղթեր եմ զննում՝ դեղնած, հնամաշ, տրորված, ծալքերում պատռված… Որտեղ ասես, որ մեր պապը չի ուսանել: Տարատեսակ փաստաթղթերից երևում է, որ տարրական ընդհանուր դաստիարակությունը ստացել է Երևանի հոգևոր սեմինարիայում, հետո սովորել Վլադիկավկազի զինվորական ուսումնարանում, ապա՝ քառամսյա հրետանային դասընթացներում:
Թիվ 653 ատեստատին (1934 թ. այդպես էր կոչվում բարձրագույն կրթության դիպլոմը) տեղեկանք է կցված այն մասին, որ 1926-29 թթ. նա եղել է Թբիլիսիի Վ. Ի. Լենինի անվան պետական պոլիտեխնիկական ինստիտուտի գյուղատնտեսական ֆակուլտետի անտառագիտական բաժնի և Վրացական ՍՍՌ-ի Պետական համալսարանի ագրոնոմիական ֆակուլտետի ուսանող, ութ կիսամյակ ունկնդրել, հանձնել է անտառագիտական ուսումնական պլանով պահանջվող բոլոր առարկաները: Էլի մի քանի տեղեկանք: Վրացական ՍՍՌ-ի Լուսժողկոմից՝ 1938թ. բոլոր առարկաներից մանկավարժական մինիմումի գերազանց հանձնելու վերաբերյալ: Այդ ժամանակ նա ֆիզիկայի ուսուցիչ էր նշանակվել բարձր դասարաններում: 1948 թ. ՍՍՌՄ բարձրագույն կրթության նախարարության կողմից տրված պարգևա­տրության տարբերանշանի վկայականից պարզ է դառնում, որ մեր պապն ավարտել է երկու ֆակուլտետ՝ գյուղատնտեսական և ֆիզիկա-մաթեմատիկական:
Չնայած հարյուր տարվա ընթացքում փաստաթղթերի մեծ մասը կորել է, սակայն պահվածների մեջ էլ շատ հետաքրքիր մանրամասներ ու տեղեկություններ են հանդիպում: Ահա գործող բանակից նամակ՝ մեր պապին: Մեջբերեմ կրճատումներով.
«Մեծարգո պորուչիկ, վստահ եղեք, որ 1916 թ. հուլիսի 25-ին Թեմուրանի տակ իմ հրամանատարության ժամանակ Ձեր գործած սխրանքը չեմ մոռացել և մի քանի անգամ տեղեկություններ եմ հավաքել Ձեր պարգևատրման համար:
Ես կատարելապես համոզված եմ եղել, որ ջոկատի պետ Գեներալ Յուրկևիչը, ում այն ժամանակ զեկուցեցի Ձեր մասին, իրենից կախված ամեն ինչ կանի՝ կարգա­դրություն անելու Ձեզ Ձեր վաստակին համապատասխան պարգևի ներկայացնելու համար:
Շատ ցանկանալով արագացնել Ձեզ ներկայացնելը, ոչ մի տվյալ չունենալով Ձեր Ծառայողական ցուցակից՝ ինչն ստացա միայն մայիսի սկզբին, Առաջին Կովկասյան Հանգրվանային բրիգադի շտաբի միջոցով, ես չէի կարող:
Ցանկանալով Ձեզ ներկայացնել մարտական բարձրագույն պարգևի՝ 4-րդ աստիճանի Գեորգիի, բոլոր դեպքերում Գեորգևյան զենք, ես առաջին վաշտի սպաներ պոդպորուչիկ Տրուսկովսկովից ու ենթասպա Տեր-Իոգանեսյանից վկայություն եմ պահանջել 1916 թ. հուլիսի 25-ին Ձեր գործած սխրանքի մասին:
…Ձեր գործած սխրանքը համապատասխանում է Գեորգևյան կանոնադրության 47 -րդ հոդվածին:
Վստահություն ունեցեք Ձեր հանդեպ քաղաքացու կատարյալ հարգանքի և նվիրվածության: ստորագրություն
Պոլիտկովսկի (անընթեռնելի)
21.6.17 թ.
Խնուս-Կալա (Թուրքիա)
Այս նամակը ևս գրված է անցյալ դարի հին, տրորված ու մաշված թերթերի վրա… Դե՛, էլ ի՞նչ կարող ես ասել: Այ, կեցցե ՛ս, իմ կտրիճ պապիկ:
Ահա և վկայական 1916 թ. հուլիսի 25-ին Թիմուրլանդ գյուղում վիրավորվելու մասին. «Հրացանի պայթուցիկ գնդակով ձախ ուսից, արմունկից վերև, ոսկորի կոտրվածքով»: Վիրավորվելու ամսաթիվը համընկնում է սխրանքի ամսաթվի հետ, ինչի մասին գրել է նրա հրամանատարը: Դա եղել է Սարդարապատից շատ առաջ, որտեղ նա էլի երկու անգամ վիրավորվել է…
Եվս մի հետաքրքիր փաստաթուղթ՝ 28 պատգամավորից բաղկացած զինվորական պատգամավորների գնդի կոմիտեի՝ 1917 թ. ապրիլի 19-ի խորհրդակցության արձանագրությունը, որտեղ քննարկվել և որոշվել է չորս հարց, որոնցից չորրորդ հարցն արժանի է ներկայացվելու ամբողջովին:
Եվ այսպես, 4-րդ հարց. «Ի գիտություն՝ գնդի կոմիտեն հայտնում է, որ հանուն ազատության մաքառողների օգտին ապրիլի 18-ին կատարվող հանգանակությունը կազմել է 1272 ռուբ. 51 կոպ., ինչքան գումար հենց այսօր ներկայացվել է գնդի հրամանատարին՝ ըստ նպատակի առաքելու համար: Կոմիտեին մնում է միայն անկեղծորեն ուրախանալ, որ գունդն այդպես անկեղծորեն արձագանքեց այդ կոչին՝ ուժերի ներածին չափ իր լուման ներդնել, մեր ուշադրությունը դրսևորել այժմ ազատ հայրենիքի ազատության գործի համար տուժած մարդկանց հանդեպ:
Բնագիրն ստորագրել են. Նախագահի փոխարեն՝ պորուչիկ Խարմանդարով և քարտուղար՝ Կոսարև»:
Ովքե՞ր էին այդ Մեծ Մարդիկ՝ ազատության մարտիկները, ոչ ոք չգիտի, ու ոչ մի տեղ նրանց մասին ոչ մի բառ չի հիշատակվում: Միայն կարելի է ենթադրել՝ գիտենալով, որ մեր պապիկը եղել է Դաշնակցության անդամ, ընդ որում՝ շատ ակտիվ ու գործնական, որ խոսքը Դաշնակցական կուսակցության ազատագրված առաջնորդների մասին է: Իսկ որ ողջ գունդը եղել է պապիս ազդեցության ներքո և համերաշխորեն արձագանքել է այդ կոչին, որովհետև համակված էր Դաշնակցության գաղափարախոսությամբ, կարելի է չկասկածել: Իսկ եթե ոչ այդպես, ապա, այնուամենայնիվ, ովքե՞ր են եղել այդ Մեծ Մարդիկ…
Կարդում եմ Հայկական 7-րդ հրաձգային գնդի շտաբս-կապիտան Խարմանդարյանցի Ծառայողական ցուցակը, որը կազմված է 1918 թ. պոդպորուչիկ Խարմանդարյանցի հին Ծառայողական ցուցակի հիման վրա: Մարտեր էին գնում, ցուցակի համար նոր, մաքուր, բազմաէջ ցուցակաթերթ գտնել հնարավոր չէր: Պարզապես ջնջված է «Պոդպորուչիկ» բառը, վերևում գրված՝ «շտաբս-կապիտան», մատնանշված են պաշտոնը՝ 1-ին գնդացրային անձնակազմի պետ, պարգևները՝ սրբ. Աննայի 3-րդ աստիճանի շքանշան՝ սրերով ու ժապավենակապով, ու սրբ. Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշան՝ սրերով ու ժապավենակապով, երկուսն էլ՝ 1916 թ. համար:
Հաջորդ էջերը՝ Վլադիմիրի ռազմական ուսումնարան, զինվորի ազնիվ ուղին՝ ունտեր-օֆիցերից մինչև պորուչիկ… 1916 թ. ապրիլի 23-ին մեկնել է Խնուս-Կալա, Կովկասյան բանակային 4-րդ կորպուսի շտաբ՝ Հայկական 2-րդ հրաձգային գումարտակի կազմավորման համար (հրաման թիվ 39): Այնուհետև՝ սրբ. Ստանիսլավի շքանշանով ու սրբ. Աննայի շքանշանով պարգևատրելու հրամանները՝ հակառակորդի դեմ գերազանց գործելու համար… Քաղվածքներ հրամաններից նրան պորուչիկ (1915 թ.), շտաբս-կապիտան (1917 թ.) նշանակելու և 7-րդ Հայկական հրաձգային գունդ տեղափոխելու մասին:
Ոչ մի փաստաթուղթ, կապված Սարդարապատի ճակատամարտի հետ, բնականաբար, չի պահպանվել, ավելի ստույգ, դրանք չեն էլ եղել: Մարտերի ժամանակ ո ՛չ թղթերի, ո ՛չ քնելու և ո ՛չ էլ ուտելու տրամադրություն ու ժամանակ չի եղել: Վիրավորվել-սանիտարական վրան-վիրակապում-նորից դիրքեր՝ գնդացիրների մոտ: Եվ այդպես երկու անգամ:
Թբիլիսի տեղափոխվելուց հետո մեր պապիկի հետագա կյանքը հստակորեն բացահատվում է փաստաթղթերով: Սովորել է, ավարտել Պոլիտեխնիկական ինստիտուտի անտառագիտական բաժինը, ֆիզմաթ, բարձր դասարաններում ֆիզիկա դասավանդել, անտառագետ-բրիգադավարների դասընթացներ ղեկավարել, գործադրական (օպերատիվ) ուսումնական պլաններ կազմել դասընթացների համար, պագևատրվել է Լենինի և Աշխատանքային Կարմիր Դրոշի շքանշաններով:
Երբ պատերազմ սկսվեց ֆաշիստական Գերմանիայի դեմ, առողջության պատճառով նրան ռազմաճակատ չտարան: Զինկոմիսարիատի տեղեկանքում գրված է. «Պիտանի է ոչ շարային ծառայութան»: Նա 50 տարեկան էր, բայց պատրաստ էր մարտնչելու…
Նրա կյանքի վերջին օրն է եղել հետաքրքիր: 1970 թ., երբ 78 տարեկան էր, անսպասելի մեկնում է Սոչի: Մենակ: Սոչիի հայտնի բուսաբանական այգու տնօրենը նրա հին ընկերն էր, երկար տարիներ չէին տեսնվել: Պապը ամբողջ օրը նրա մոտ է անցկացնում: Երեկոյան դուրս է գալիս բուսաբանական այգուց, նստում նստարանին ու… Գեղեցիկ կյանք – գեղեցիկ մահ:
Ռուսական բանակի կադրային սպաներ, որոնք Սարդարապատի ճակատամարտում պաշտպանել են Հայաստանի ազատությունն ու անկախությունը, եղել են հազարավորներ: Կարծում եմ՝ նրանք իրավամբ կարող են գրանցվել «Անմահների գնդում», որտեղ առհավետ գրված են Սուրբ Ազատության, իրենց հայրենիքի պատվի ու անկախության ներկա և ապագա մարտիկների անունները՝ որպես հիշատակ երախտապարտ մարդկությունից:
Մարինա Ցվետաևան խորհրդային իշխանության տարիներին արգելված «Կարապների կացարանում» գրել է.
Ով ողջ է մնացել, կմեռնի, ով մեռած է կհառնի:
Եվ, ահա, սերունդները՝ հիշելով օրերը հին.
– Ո՞ւր էիք դուք,- հարցը կայծակի պես կորոտա:
Եվ պատասխանը կայծակի պես կպայթի.
– Մոտակայքում էինք Դոնի:
Եվ եթե մեր պապերի սերնդին հարցնեինք.
– Որտե՞ղ էիք դուք, երբ Հայաստանը կարող էր կործանվել:
Կարող էր որոտալ.
– Սարդարապատում էինք:

Ռուսերենից թարգմանությունը`
Հովիկ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԻ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.