Նոնա ՊՈՂՈՍՅԱՆ

ԽՈՐԹՈւԹՅՈւՆ
Երբ դրսում շատ ցուրտ է,
Իսկ սրճարանում այս
Մանրուքներ է ճոճում
Ծխի պորտապարը`
Կարկամելով միտքդ…
Երբ որ խորթությունդ
Դեմ առել կոկորդիդ`
Ներքև չի իջնում,
Իսկ դու այս մարդկանց
Ծակգրպան աղմուկը
Կախել ունկերիցդ
Լռին խենթանում ես …
Երբ որ հայացքները
Ծանր մրուրի պես
Դանդաղ իջնում են
Հոգուդ հատակին,
Իսկ դու չես ուզում
Մի վայրկյանով թեկուզ
Շուռ տալ ցավոտ հոգիդ
Քար անտարբերության
Տակդիրների վրա,
Որ գոնե գուշակես
Հայացքներն այս տկլոր…
Երբ նույնիսկ չգիտես
Մոտավորապես`
Որքան ես վճարելու
Այն ամենի համար,
Որ կոչվում է առերեսում
Խորթությանդ հետ…
…Իսկ այստեղ բոլորը
Ջահել են քեզնից
Հազար երազանքով,
Ստացված են քեզնից
Հազար հնարքներով…
Քանի որ վաղուց են
Անգիր են արել
Այս մատուցողի
Թիթեռնիկ-փողկապի
Օրերը բոլոր…

…Իսկ դու եկել ես
Ինչ-որ օտար տեղից,
Ուր օրն սկսվում է
Խիղճը լուսաբանող
Արկերի տարափից…
Ու դու հաշվում ես
Թշնամուդ կիրքը,
Մոլուցքն ես հաշվում,
Որոնք շատ վաղուց
Էլ չեն վիճարկվում
Երջանկության հետ…

Ու դու հաշվում ես,
Ու նորից ես հաշվում՝
Կանխատեսելու
Անիմանալին…
…Որ այն հանկարծ մի օր
Ականանետ չդառնա,
Չդառնա դիվերսիա
Կամ գրավված դիրք…
Անմեղ զոհ չդառնա…

…Իսկ այս սրճարանում
Ամեն մեկն իր բաժին
Չապրածի չափով
Թքած ունի բոլոր
Ապրումներիդ վրա…
Անգամ այն բանի,
Որ միտքդ ամեն պահ
Դեռ կեղեքում են
Թվերն այդ թլպատ…
Ու որ դու անվերջ
Քանորդում ես քեզ
Դիտակետերից
Թշնամուն հսկող
Աչքերի վրա,
Ու ստանում ես
Դիպուկահարի
Սրտի բաբախը
Սառն ու համաչափ…

…Երբ դրսում շատ ցուրտ է,
Իսկ սրճարանում այս
Դիմակավոր ծխի
Պորտապարը դեռ
Ուզում է ջերմացնել
Լայնախոհությունդ,
Բայց ներսդ չի տաքանում,
Բախտդ չի տաքանում,
Ցավդ չի տաքանում…

…Քեզ մնում է լքել
Խորթությունն այս վհատ
Ու ետ դառնալ այնտեղ,
Ուր քեզ անգիր գիտե
Նորին Գերազանցություն
Անավարտ Պատերազմը …

ԳԱՐՄԻՇ
Այս սրճարանում
Ինձ չեն ճանաչում…
…Ես ու բարեկեցությունը
Մի կարճ ժամանակով,
Ընկերացել ենք,
Որ սուրճի հաճույքը
Միասին վայելենք…

…Դրսում անձրևը
Անխնա փշրվում է
Բավարական քաղաքի
Խոնավ կոնքերին,
Ու ես միանում եմ
Անզուսպ շիթերի
Ճարճատյուններից
Ծնվող թիթեռներին,
Որոնք մեռնում են
Փողոցների վրա`
Հարյուր հազարներով…
…Ու որտեղից որտեղ՝
Գնում, հասնում եմ
Թիթեռներ դարձած
Ասպետներին այն,
Ովքեր այդպես էլ
Լույս չբերեցին
Փարվանա արքայի
Չքնաղ աղջկան…

…Մի քանի ժամ անց
Ձգված ամրագոտիների
Ու սրտիս արանքում
Կծաղկի հայրենիքս…
Ու ես ինքնաթիռի
Մի մատնոցաչափ
Նեղլիկ պատուհանից
Կնայեմ մոլորակի
Վերքերին խորացող,
Ու ներսս նորից
Քայլեր կթնդան`
Հարյուր հազարներով…
Ու ես կթնդամ
Հարյուր հազարների
Անհերքելի բախտով…

…Կթնդամ,
Որ իմ հնամենի երկրում,
Հավատի չոր ճյուղին,
Գարնան մի առավոտ
Քայլեր բողբոջեցին`
Երբե՛ք և ո՛չ մեկին
Չտրորած քայլեր…
Ձեռքեր բողբոջեցին`
Երբե՛ք և ո՛չ մեկին
Չմրոտած ձեռքեր…
Ու ամենից ամենա
Անհանգիստ մի մարդ
Դրանք ձայնարկեց
Լույսի պրիզմայով,
Ու բախտեր բեկվեցին`
Հարյուր հազարներով…
…Այս սրճարանում
Ինձ ճանաչում են…

***
Մի օր, մի ցուրտ օր
Մի անասելի մութ գիշերի միջով
Մի անհարմար ու սայթաքուն
ոտնամաններով
Մի աննկարագրելի խաղաղ ու
երազախառն ջրերի
վրայով
Մի անբացատրելի խռովք
պահած իր հոգու
կարմիր մոլորակում
Հեռացավ կարոտը, որ աշունը
դառնա տանիքներից
կախված չարագույժ
լռություն…

***
Քայլերս երկինք են գրում,
Թևերս` թռիչքի ճիչեր,
Թե լռեմ ես մի օր աններում,
Ինձ այսպես, հենց
այսպես հիշեք…

Ինձ հիշեք օրերում դժնի,
Սերերում հազարգույն,
հազարհանգ,
Կարոտեք անպատեհ մի ժամի,
Հանդիպեք ինչ-որ տեղ
չսպասված…

Խշխշան բառերով ինձ
զարդեք`
Թող ձեզնից մի աշուն
ինձ մնա…
Իմ խիղճը ձեր հոգուն ավետեք,
Թող նորից լուսանամ անխնա..

Քայլերս երկինք են գրում,
Թևերս`թռիչքի ճիչեր…
Թե մի օր լռեմ ձեր բառերում,
Ինձ այսպես,
հենց այսպես հիշեք…

***
Հիմա, երբ հնչում է
Գիշերային լռության
շեփորականչը,
Ու ես մոտենում եմ`
Ընդունելու վախերի
շքահանդեսը,
Երբ հավասարակշռում եմ
Վաղվա օրն ապրելու
ներքին բնազդը`
Չծռելով մեջքս, որ
ժամանակն այս
Հաղթել կարողանամ…
Հանկարծ լռության
պարիսպներից այն
կողմ`
Երջանկության հին
զոհասեղանին,
Տեսնում եմ շորթված երազներն
իմ հազար,
Որ սին խոստումների
հոլովույթից պոկվել,
Եկել, սպասում են
դատաստանի…

…է՜յ, ով կա այդտեղ՝
կանգնեցրե՛ք նրանց,
Խաբվածներն արդեն
վերադառնում են…

***
Հագա, կապեցի
ճակատագիրդ`
Բախտս կարկամած աչքերիդ
նայեց,
Մի անհասցե խիղճ իջավ
օրերիս,
Ու շունչդ նորից հոգիս
հմայեց…

Իմ փոքրիկ երկիր`
տխուր աչքերով,
Մոլորվածի պես
քեզ եմ սպասում`
Թե դու իմ ձեռքը
կբռնես շուտով,
Ու ապրումներս
կդառնան հասուն…

…Հագա, կապեցի
ճակատագիրդ`
Բախտս մի բախտ չէր`
քեզ նվիրեի…
Քեզ մոտ թողեցի
իմ վերնագիրը,
Որ պատմությունս
շարադրեիր…

ԺԱՄԱՆԱԿ
Վայրկյանների նիզակները
Խրվել են կողերիդ մեջ…
Դու արնահոսում ես
Անցյալը, որ ամեն օր
Մեղայոտվում է…
Ներկան, որ
Ճշմարտությունից
Դեռ ընկրկում է…

…Ոնց վիրակապեմ քեզ,
Որ մեջս չլերդանաս`
Իբրև չկայացած կամք,
Անպտուղ զրկանք…

…Հիմա կողերիդ բացված
վերքերից
Իմ ու իմ միջև կանգնած աղջկա
Վախերն են ծորում…
…Բայց դու մահերից առաջ ու
հետո,
Երբ անտեսել ես հզորությունս`
Ես հայտնվել եմ
հաղթություններում…

***
Երբ միայնությունը թմբկում է
ականջներիդ մեջ
Անգլիական լռության
նոտաներով,
Դու իջեցնում ես ծանր
վարագույրը,
Որ գիշերը հանկարծ չմտնի
ծոցդ…
Դու իջեցնում ես
ծանր վարագույրը,
Որ Թագուհու երկիրը չռած
աչքերով
Հանկարծ չնայի քեզ…
Հետո փակում ես ամեն
դուռ ու երդիկ,
Որովհետև ուզում ես
բացել լռությունը
Ու երկար մտածել այն
երկնքի մասին,
Որ քեզ հիշեցնում է
քմահաճ կնոջ…
Դու ուզում ես մի քիչ արև
քամել բարձիդ,
Բայց հանկարծ լուսնի
գինին ես խմում…
Հետո մտածում ես այն
ծառերի մասին,
Որոնց աշունները
համարակալված են…
…Դու ուզում ես նորից
վերադառնալ այնտեղ,
Ուր բոլոր ծառերն իրենց
անունն ունեն
Ու մեռնում են երկնքի փեշին
աշնանացեղ…
…Ուզում ես անվերջ փախչե՜լ ու
փախչե՜լ,
Հեռանալ բարձրադիր
իրողությունից,
Որ էլ չտեսնես այն,
ինչը քոնը չէ,
Չի եղել ու էլ չի լինելու երբեք…

…Հետո անզորությունից
Սկսում ես հանկարծ
Սահմանել Անսահմանելին,
Գրել` Անգրելին,
Լռել` Անլռելին…
Հետո մտքիդ մեջ
համարակալում ես քեզ
Ու գիշերով գնում
տխրությանը լրտես…

***
Լռության զսպանակը
սեղմում եմ իմ մեջ.
Հանկարծ չպայթեն
բառերն անմարմին…
Որովհետև բառերը,
որ երկինք չունեն,
Փշե ծաղիկներ են`
հոգու ճամփեքին…
Որոնց վրա էլ աստղեր
չեն իջնում,
Ու էլ չի փոշոտվում լույսի
ասքը հին…

Մոլորության զսպանակը
սեղմում եմ իմ մեջ,
Որ հորիզոնների ճաքճքած
սրտով
Երջանկությունը թև չառնի,
գնա
Դեպի հայաշատ առավոտներ,
Ուր ծերությունը
հայրենիք չունի
Ու կարոտների
փեշերից կախված
Մի օր դառնում է
ետմահու սեր…

…Հետո արձակում եմ
ձեռքերը խղճի
Որովհետև նրանք, թե
տեղ չեն հասել
Մեր հոգում սուզված
նավեր են բախտի,
Որոնց ծանրությունը
հոգին գիտի միայն,
Ոչ թե` մարմինը…
Ցավը գիտի միայն,
Ոչ թե` ուժեղ կինը…

…Հիմա, երբ դարձել եմ
պատեհությանն հաճո,
Պարգևատրում եմ բոլոր
երևելիներին,
Որ ինձ չխառնեցին գործերին
Աստծո…

***
Այս բարձրաքերերի
տանիքները փշե
Ամեն օր խրվում են երկինքների
սիրտը…
Այս բարձրաքերերը
խոստումներ են քարե,
Որ ջնջել են քաղաքի կապույտ
թռչնագիրը…

Այս բարձրաքերերի
բնազդներն անսեր
Կույր սիրահետում են
տալնուառնելիքը,
Երամները մոռացել
են իմ հայացքը կիսել,
Ու փետրաթափվում է խղճիս
երկինքը…

…Այս բարձրաքերերի
տանիքներն ասես
Փակ ծրարներ են անհասցե,
աներկինք…
Որ աղավնիների կտուցներից
պոկվել,
Ընկել են խաղաղության
մանրակերտին…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.