Գրաքննադատության պարտքն է հանդես գալ որպես «դժգոհ» ընթերցող / Արծրուն ԱՎԱԳՅԱՆ

 

– Գրաքննադատությունը համընթա՞ց է հայ  արդի գրականությանը:

– Հարցումը մի փոքր շրջենք՝ գրականությունը հնարավորություն տալի՞ս է, որ գրաքննադատությունը, եթե չասենք, համընթաց քայլի, գոնե իր հետևից հասնի: Ի չգոյե ուժեղ գրականության, չի կարող լինել ուժեղ գրաքննադատություն: Խթանիչը, լիարժեք գրաքննադատության գոյությունը պայմանավորված է իսկական ու բարձր գրականության առկայությամբ: Բայց հարցը ոչ միայն նրանում է, թե այս երկուսը որքանով են մեկը մյուսով պայմանավորված, այլև նրանում, որ այդ երկուսը որքանով են բուն կյանքից բխում՝ մեր բուն ընթացիկ կյանքից: Այս առումով, ըստ իս, երկուսն էլ կորամեջք են: Կա՞, այսօր ունե՞նք մեր արդի կյանքը վերհանող գրականություն: Ե՛վ այո, և՛ ոչ: Այո՛, որովհետև ասպարեզում գործում է, ասենք, այնպիսի տաղանդավոր մի գրող, ինչպիսին Հակոբ Մովսեսն է, ուրիշ անուններ էլ տամ նրան շատ մոտիկ՝ Հենրիկ Էդոյան, Հուսիկ Արա…: Ո՛չ, քանի որ ասպարեզը լեցուն է գիրք տպելու մարմաջով տարված ոչ թե մեկ-երկու տասնյակ հեղինակներով, այլ՝ հարյուրավոր (կարելի էր գրել նաև հազարավոր) «սիրողականներով», որոնք իրենց միակ ընթերցողն են և ընթերցում են մի բան`գրքի վրա տպված իրենց անունը, ովքեր արդեն մի քանի տասնամյակ նույն հանգերգն են հնչեցնում՝ կար դրախտը այսինչ բանի, հիմա կորուսյալ է այն, և կամ՝ գտնված է դրախտը, առաջ այն չկար: Երկու դեպքում էլ նույն հեքիաթը, այսինքն՝ ոչինչ:

Ի՞նչ են գրում, ի՞նչ են ասում շատ ու շատ գրողներ: Օրինակ, մեր ժողովրդի մի հատկանիշ, որպիսին հանպատրաստից ծայրահեղությունների մեջ նետվելն է, դարձե՞լ է գրական ասելիք ու նյութ: Ո՞ւր է այսօրվա մեր ծովածավալ գրականության մեջ թեկուզ մի գործ, որտեղ գեղարվեստական բարձր չափանիշներով ու խորքով պատկերված լիներ մեր ժողովրդի առջև ծառացած ամենամեծագույն չարիքը՝ երկրից փախուստը, որը մեզանում մեղմորեն մկրտվել է «փափուկ» մի բառով՝ արտագաղթ, և որը ամենքիս«բացատրվում» է, թե ողջ աշխարհն է արտագաղթի մեջ, ի՞նչ է եղել որ, հետո… ներգաղթ կանենք: Հարցնենք՝ գերմանացի՞ն, ամերիկացի՞ն, շվե՞դն ու շվեյցարացի՞ն էլ են արտագաղթում: Այսօր (արդեն քանի տասնամյակ) երկրի դատարկումը, երկրի լլկումը ազգային գոյության շատ ավելի հրատապ ու մեծ մի հարց է, քան նույնիսկ արցախյան խնդիրը: Խոսքս վերաբերում է նաև նույնինքն Հակոբ Մովսեսին, ով չքնաղ էսսեներ-դիմանկարներ է հեղինակում, խորը փիլիսոփայական ու գեղագիտական բնութագրեր տալիս կյանքի շատ երևույթների, գրում կատարյալ ու մնայուն բանաստեղծություններ, որոնք ես կանվանեի «բարձր բանաստեղծություն», բայց նրա գործերում չկա այսօրեական հրատապը, հենց այս հարցման գլխավոր բառի՝ մեր կյանքի ՀԱՄԸՆԹԱՑ երևույթների գեղարվեստական արտահայտությունը (եթե ինձ հարցներ, ես նրան կհորդորեի ոչ թե բանաստեղծություն, այլ վեպ ու վիպակ գրել այդ ընդգրկմամբ, քանի որ նրա մեջ առկա է պահանջվող թե՛ տաղանդը, թե՛ համարձակությունը): Գրականությունը, որ մարդ արարածի ազատություններից մեկն է, այդպես էլ իր գեղարվեստական դրսևորումները չի գտնում արդի ստեղծագործություններում: Եվ հենց այդ պատճառով անկախությունը գիրք չդարձավ մեզանում ո՛չ գաղափարաբանորեն և ո՛չ էլ գեղագիտորեն: Ոմանք բավարարվեցին այն քննադատելով, ոմանք էլ՝ ջատագովելով: Մինչդեռ անկախության ստեղծման ու պահպանման բարդ ընթացքը ասելիքի լայն հնարավորություններ է պարունակում: Սրան հակառակ, այդ թեմայով գրված գործերը (զանց առնենք անունները) իջան մինչև լրագրական ստորոտները, իսկ ասելիքը վերաճեց պոպուլիզմի:

Մի կողմից՝ գահավիժող դեպքերը. համատարած թալան, զեխություն ու լկտիություն, մյուս կողմից՝ նահանջողականությունը բարձր գաղափարներից ու ազնվաբարո դիրքավորումից, գրական մշակներին ևս ստիպեցին լքել առաջնորդ ու ջահակիր իրենց դիրքերը: Նա ո՛չ պահանջատեր է, ո՛չ հարվածն իր վրա կրող մարտիկ: Արդյունքում մենք ստացանք մեղսաշատ գրական կյանք, ուր գրեթե ամեն բան անձնավորված է: Նույնը նաև գրաքննադատության ոլորտում: Գրողից շատ ավելի` կրկնակի՛, քառակի՛, նա է, որ համարձակություն պիտի ունենար ճշմարտախոս լինելու: Այո՛, պիտի ունենար, բայց…

Գրաքննադատությունը արդեն եղածի արձագանքն է, եղածի գնահատումն ու վերիմաստավորումը, ինչը նրան հետապնդողի դերում է պահում: Բայց սա չի նշանակում, թե գրականությունը ի վիճակի է միշտ գլխավոր դերում լինել: Հեղինակը մի՞շտ է իր տողերի միջից տեսնում իրեն, տեսնում աշխարհն ու մանավանդ մարդուն, նրա հոգու խորխորատները: Ժամանակակից գրողը ոչ միայն պետք է լավ ասի, այլև լավ լսի: Այդ լսել տալն է, որ գրաքննադատության բաժինն է: Բայց պարզվում է, որ վերջինն էլ լռել գիտե: Ուզենք թե չուզենք՝ այսօրվա հայրենական գրականությունը, որքան էլ այն համաշխարհային հովեր առնի, կոչված է լինելու ազգային և ՔԱՂԱՔԱԿԱՆ թեքումով լի: Ասում ենք՝ քաղաքական, քանի որ այդպես էլ չենք հասել ցանկալի անկախության և տենչված միության, արդարության, ապահովվածության ու նորմալ մարդկային ապրելակերպի, այսինքն` այն, որ իր ամբողջության մեջ կարելի է անվանել ազգային ու մարդկային բարոյական կատարելություն, որքան էլ որ եթերից մեզ ասեն, թե ապրում ենք մի երկրում, «որն զկոչե Երջանիկ Հայաստան»: Այս իսկ առիթով ուզում եմ նաև ասել, որ թե՛ մեր գրականությունը և թե՛ գրաքննադատությունը շատ է տարված ասելիքի բովանդակությամբ: Պատումի խարիսխը բովանդակությունն է: Ասելու ձևը՝ խոսքը գրականություն դարձնելու միակ միջոցը, այսինքն` ասելիքի «զարդարումը»՝ ոճ, լեզու, պատկեր, այլասացություն…, մեզանում գրեթե միշտ հանդես է գալիս անթացուպով՝ կիսակաղ, որտեղ, «հանցավորը» տաղանդի բացակայությունն է: Թե՛ գրականության և թե՛ գրաքննադատության արդի խնդիրներից մեկն էլ ճշմարտությունը տալու կորովի ու համարձակության պակասն է: Ո՞ւր է ինքն իրենից վեր բարձրացած գրողը: Մեր գրողները շարունակում են երկրորդական ու տարտամ բաների մասին գրել` փոխանակ բուռն ու հակասական կյանքի պատկերումներ տալու՝ նրանք շարունակում են մնալ իրենց սահմանափակ գրականության շրջանակներում` այդպես ապահով է, այդպես դյուրին է գրելը: Դե, քննադատներն էլ իրենց գրպանում պահած ունեն պատրաստի գնահատականներ` «գողտրիկ էջ է», «գեղեցիկ կտուր», «ոգևորիչ պատկեր»: Ուզում եմ ասել, որ ժամանակակից գրողը ինչ-որ տեղ դադարել է այս կյանքի մաս լինելուց, դրսի աշխարհը տեսնելուց զատ, նա պարտավոր է նաև իր ներսի աշխարհը տեսնել, որը գրականության նախապայմանն է, իսկ գրաքննադատության պարտքն է միշտ հանդես գալ որպես «դժգոհ» ընթերցող: Ե՛վ գրողը, և՛ գրաքննադատը իրավունք չունեն անտարբեր և «հրեշտակի»  թևեր հագնելու:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.