Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ / ԴԵՐԵՆԻԿ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ՝ ՄԵԿ ԴԱՐ «ԼՌԱԾ» ԴՐԱՄԱՆ

էջ բնագրիցԹեև Դերենիկ Դեմիրճյանի ստեղծագործական ժառանգությունն ամփոփված է ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի հրատարակած 14 ստվար հատորներում, այդուհանդերձ, կան երկեր, որոնք դուրս են մնացել մասնագետների ուշադրությունից և չեն արժանացել ընթերցողին հասնելու բախտին: Այս շարքում իր նյութով և առեղծվածային պատմությամբ առանձնանում է «Հովնան մեծատուն»դրաման, որը պահպանվում է Գրականության և արվեստի թանգարանի Դերենիկ Դեմիրճյանի ֆոնդում՝ բնագիր, ձեռագիր, մեքենագիր տարբերակների տեսքով՝ հաճախ ոչ ավարտուն, ոչ լիարժեք տեքստերով: Ամիսներ առաջ մենք վերծանել ենք երկի բնագիրը, ի մի բերել-համակարգել առանձին հատվածները, խմբագրել և պատրաստել հրատարակության: Շուտով այն ընթերցողին կհասնի «Բագին»գրական պարբերաթերթի համարներում՝ մեր առաջաբանով: Հուսանք, որ Հայաստանում կգտնվի հնարավորություն՝ դրաման առանձին գրքով տպագրելու համար: Իսկ որպեսզի այն լիովին արժևորվի թե՛ Դեմիրճյանի դրամատուրգիական ժառանգության, թե՛ հայ թատերական կյանքի տարեգրության համատեքստում, ցանկալի է, որպեսզի խորաթափանց ու ստեղծագործ հատկանիշներով օժտված որևէ ռեժիսոր բեմ հանի մոռացումից փրկված այս թատերգությունը:
Երկար ժամանակ կորած էր համարվում Դերենիկ Դեմիրճյանի այս երկը: Բայց կային դրա վերլուծությունները տարբեր գիտնականների աշխատություններում (Հրայր Մուրադյան, Արծվի Հունանյան, Հրանտ Թամրազյան) և հիշատակումներ Դեմիրճյանի նամականիում: Նույնիսկ որոշ մասնագետներ մեզ փորձել են հակադրվել այս բոլոր տարիների ընթացքում, երբ մենք հայտարարել ենք, թե «Հովնան մեծատունը»անտիպ ստեղծագործություն է: Քանի որ վերլուծություններն այդ թատերգության մասին բավական հանգամանալից են ու ստվարածավալ, և քանի որ մարդիկ, դրանք կարդալով, ձեռք են բերել որոշակի պատկերացում երկի վերաբերյալ, ունեցել են այն պատրանքը, թե կարդացել են հենց հեղինակային տեքստը:
Ինչ վերաբերում է գրողի նամականուն, ապա այն տեղեկացնում է, որ Վարդան Աճեմյանը 1933 թվականին փորձ է արել բեմադրել «Հովնան մեծատունը»Առաջին պետական (հետագայում՝ 1937-ին, վերանվանված Գ. Սունդուկյանի անվան պետական) թատրոնում:
Ահա Արմեն Գուլակյանին Դեմիրճյանի գրած նամակի տեքստն ամբողջությամբ. «Սիրելի Արմեն, ես պիեսի բոլոր փոփոխությունները արի: Գլխավորապես փոխվել է վերջին գործողությունը: Իսկ 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ գործողություններում ինչ փոփոխություններ որ կան, կարելի է փորձի ժամանակ, ձեռաց գրել-տալ: Մնացածը թողել եմ այնպես (այսինքն, այն պայմանական նշաններով և ուղղումներով, որ ինքը Աճեմյանն է արել, և ինքն ու դերասանները ավելի լավ գիտեն): Դրանց ձեռ չեմ տվել: Համենայն դեպս՝ թող ինքը ուշադրությամբ տեքստը կարդա: Բայց, որ գլխավորն է, փորձերն սկսելուց առաջ մի անգամ ինձ հետ թող տեսնվի»:
Կարելի է ենթադրել, որ դրամայի սյուժեն և դրան առնչվող մանրամասները հանրայնացվել են հենց թատերական գործիչների միջոցով, սակայն բուն հեղինակային տեքստը մնացել է առեղծվածի քողի տակ: Այս հանգամանքն ունի բացատրություն. անհասկանալի պատճառներով (մեկդարյա հեռավորությունից անհնար է պարզել դրանք) Դեմիրճյանը մտածել է, թե ինչ-որ վտանգ է սպառնում «Հովնան մեծատունի»բնագրին: Պահպանվել են այդ մասին վկայող երկու նամակ՝ 1923 թվականին՝ Վահան Թոթովենցին, 1933 թվականին՝ Արմեն Գուլակյանին գրված: Այս նամակներում նա բաց տեքստով արտահայտել է այդ մտահոգությունը: Կարծում ենք՝ հենց դա էլ մղել է նրան այնքան խորը թաքցնել իր երկը, որ այն հնարավոր եղավ գտնել ու հանրայնացնել իր ստեղծումից հարյուր տարի անց միայն:
«Հովնան մեծատուն»դրամայում գրողն անդրադառնում է Հայոց ցեղասպանության թեմային: Դրաման գրվել է 1918-1919 թվականներին: Խորհրդային տարիներին Դեմիրճյանը կաշկանդված էր ժամանակի գաղափարախոսության պարտադրանքներով, և Ցեղասպանության մասին բացահայտ խոսելը նրա, ու ոչ միայն նրա, համար դարձել էր անհնար: Նա միշտ իր բուն ասելիքն այս թեմայով թողել է տողատակերում: Խոսքը, մասնավորապես, «Ավելորդը», «Ժպիտը», «Աստծո տանը», «Գիրք ծաղկանց»պատմվածքների մասին է: Իսկ քանի որ 1918-1919 թվականներին դեռ չկային խորհրդային սահմանափակումները, Հայոց ցեղասպանության թեմայով գրված «Հավնան մեծատունը»մերկապարանոց դաժանությամբ ու առանց գաղափարաբանական համահարթեցումների էր երևակում մեր ժողովրդին պատուհասած աղետը:
D.D., 1923, TiflisԴրաման սկսվում է հասանիքի տեսարանով. հայ մեծահարուստ Հովնանը ամուսնացնում է որդուն՝ Խորենին: Հարսանիքը բազմամարդ է, ճոխ, ուրախ: Գինովցած Հովնանը որոշում է իրեն չլսված, չտեսնված մոլություն թույլ տալ. ծառային ապսպրում է բերել իր պահած ոսկու պարկը, թափել այն հատակին, ապա իր գեղեցկուհի հարսին՝ Նունուֆարին, պարի է կանչում հենց ոսկիների վրա: Մարդիկ ապշած են, շլացած, ոմանք էլ՝ նախանձով լի: Հովնանի կինը՝ Նազեն, վախով է արձագանքում այդ տեսարանին, հորդորում ամուսնուն զգոն լինել, սակայն վերջինս հեգնում է կնոջն ու շարունակում իր պարը: Առանձին մեծարման է արժանանում Հովնանի կույր, զառամյալ մայրը՝ մարեն, և մեծարումի այդ ծեսը խորին պատկառանք է ծնում հյուրերի շրջանում: Հանկարծ պայծառ երկնքում ճայթում է որոտը. ներս է մտնում թուրք բարձրաստիճան պաշտոնյա Հասան բեյն ու գայթակղվում Հովնանի հարսի գեղեցկությամբ: Ապա մի կողմ է տանում Հովնանին, հայտնում, որ պատերազմական իրադրությունից դրդրված՝ հրաման է իջեցվել տեղահանելու քաղաքի ողջ բնակչությունը: Հովնանը, վստահ իր ուժերի և հեղինակության վրա, փորձում է հակադրվել համընդհանուր հրամանին. ոչ միայն Հասան բեյի, այլև ավելի բարձր պաշտոնյայի՝ Վալի փաշայի հետ բանակցելով՝ նա ձգտում է հասնել համաքաղաքացիների կամ գոնե իր անձի համար հարցի շահեկան լուծման: Բայց ապարդյուն: Հասան բեյի պահանջը մեկն է՝ իրեն տալ գեղեցկուհի հարսին, որի դիմաց, ըստ էության, ինքը ցինիկաբար ոչինչ էլ չի խոստանում Հովնանին: Հովնանը, ստորագույն մորթապաշտությամբ, համաձայնում է այդ պայմանին: Սակայն հակադրվում է որդին՝ Խորենը, որը սպանվում է հոր աչքի առաջ:
Դեմիրճյանը դրամայում հանդես է բերում մարդկային բարձր հատկանիշներով օժտված թուրք սպային՝ Ֆայիկին: Նա, որ վաղուց սիրահարված է Հովնանի դստերը՝ Հերիքին, սեփական անձը վտանգելու գնով փորձում է փրկել վերջինիս և նորահարս Նունուֆարին: Ապարդյուն է, սակայն, այդ ջանքը: Ֆայիկին բանադրում է Հասան բեյը՝ որակելով իբրև դավաճան, Նունուֆարն ինքնասպան է լինում, Հերիքը փախչում և փորձում է թաքնվել գաղթականների քարավանում:
Վերջին՝ Դ արարում, գրողը ցույց է տալիս տեղահանված հայությանը Միջագետքի մի կորսված վայրում: Հովնանը՝ նախկին հարգված մեծատունը, ցնցոտիների մեջ է, խոշտանգված, խելագարի անհավասարակշռությամբ, մի փշուր հացի համար՝ պատրաստ մեծագույն ստորության: Նա իր զառանցանքներում անվերջ դատի է կանչում Աստծուն, որովհետև, ըստ իր փիլիսոփայության, ամեն բան հենց Նրա կամքով է կատարվում, Նա է միակ մեղավորն ամեն ինչում:
Դրաման ավարտվում է անսպասելի լուծումով. սանձարձակ Հասան բեյի վրան քշված Հերիքը՝ մանկամարդ, անփորձ այդ աղջիկը, ատրճանակի կրակոցով վերջ է դնում գազանի կյանքին, որից հետո սպանվում են թե՛ ինքը, թե՛ իր ընտանիքի անդամները:
Դրաման ունի ցնցող վերջաբան. բարոյականություն, մարդկայնություն կորցրած հասարակության վարկը փրկում է մինչև պատերազմն ու գաղթը բոլորից անտեսված, չքավոր, տնանկ Աբրոն: Նա իր վեհանձն քայլով (թուրք ջարդարարներին ներկայանում է որպես Հասան բեյին սպանած Հերիքի հայր և ընդունում Հովնանի բաժին մահը) ստիպում է դարձի գալ անգամ բարոյազուրկ, անասնացած Հովնանին: Վերջինս գիտակցում է սեփական ոչնչությունը և մարդկային արժանապատվության ու խղճի անգերազանցելիությունը: Այս գիտակցումով նա ծունկի է գալիս Աբրոյի դիակի առջև ու արտաբերում իր վերջին խոսքերը կաթվածահար տապալվելուց առաջ. «Ահա այս մարդը դու ես, Աստված: Քո արդարության առջև ես հող եմ և մոխիր…»:
Թատերգության ողջ ընթացքում ոչնչով աչքի չընկնող հերոսը՝ Աբրոն, դառնում է մարդկային բարձր չափանիշները շեփորող, դրանք համաժամանակյա կտրվածքով արժևորող գրական կերպարը, որի նմանների վրա է միշտ հենվել գրող Դերենիկ Դեմիրճյանը՝ նրանց վարքը դարձնելով իր գաղափարախոսության առանցք բոլոր ստեղծագործություններում:
Դեմիրճյանին դեռևս «Ավելորդը»պատմվածքից հետապնդել է անօգնական, թույլ մարդուն սատարելու, վտանգի մեջ չլքելու, նրան մարդկային բարձր որակներ վերագրելու թեման: «Հովնան մեծատունը»այս թեմայի մեկ այլ արծարծում է ի հայտ բերում: Զորեղ ու մեծատուն այրը չնչինանում է փորձության ժամին, ինչպես Հաճի աղան՝ «Ավելորդում»: Հովնանը թատերգության սկզբում խոնարհումի ու մեծարումի ծեսով է պատվում կույր, ծեր մարեն: Դեմիրճյանի վարպետ գրչով ստեղծված նկարագրության մեջ, սակայն, խորաթափանց ընթրեցողը կարող է նկատել մեծարումի այդ ծեսի ցցուն անանկեղծությունը:
«Մեծատունը, ըստ երևույթին, քաջ գիտե, թե առաջին հերթին ինչն է գնահատվում կյանքում, ինչն է տպավորություն թողնում, և գործում է մտածված ու ճիշտ: Ըստ այսմ, նա շատ է կարևորում արտաքին ձևը, սեփական վարքագծի ազդեցությունը՝ ջանալով ամեն ինչում լինել հավուր պատշաճի: Հրավիրվածներից աչքաբացները, իհարկե, գիտեն, որ Հովնանի ավանդապահության տակ շրջահայաց մարդու հաշիվ է թաքնված, և այդ բոլորը նա անում է շրջապատին դուր գալու, հասարակության աչքում իր վարկը բարձրացնելու համար»,- գրում է Արծվի Հունանյանը:
Հովնանի իրական կերպարը քողազերծվում է ճողոպրելու-կաշին փրկելու խայտառակ տեսարանում. մորթապաշտության անբնական մոլուցքի մեջ նա չի էլ նկատում մոր ներկայությունը, և ինչո՞ւ նկատել, նրանից օգուտ չկա: Դե, իսկ հարսի ու դստեր պարագան այլ է. նրանք «ապրանք»են, որոնցից հնարավոր է շահույթ ակնկալել:
Ցեղասպանության չմարող ցավի մի խոսուն վավերագիր է Դեմիրճյանի «Հովնան մեծատուն»դրաման, որում իմաստուն հեղինակը իր դատապարտումի սլաքներն ուղղել է ոչ միայն արնախում թուրքին, այլև սեփական ազգ ու արժանապատվություն ուրացած հային. մի՞թե առավել վտանգավոր չէ մեր ներսի թուրքը, որի հավաքական տիպը իր բոլոր այլանդակություններով խտացել է մեծատուն Հովնանի կերպարում: Ըստ որում, պետք է նշել, որ Դեմիրճյանի համար նյութի աղբյուր կարող էին դառնալ ոչ միայն 1915-ի, այլև դրան նախորդած համիդյան ջարդերի իրողությունները, որոնց առնչությամբ նա «Ինքնակենսագրություն»հուշապատումում գրում է. «Ներսիսյան դպրոցն ավարտելուց հետո (ավարտել է 1897 թվականին – Կ. Ռ.) ես սկսեցի վարել կիսագործ և թափառիկ կյանք: Կովկասյան Բարեգործական Ընկերության մեջ տեխնիկական քարտուղարությունը ինձ առիթ տվեց լավ շփվելու և ճանաչելու քաղաքի չքավոր և մուրացիկ խավերին: Ինչ խոսք, որ միաժամանակ դա առիթ էր նույնպես՝ աչքով տեսնելու 1896 թվականի համիդյան կոտորածների զոհերին, որ Թիֆլիս էին լցվել Մուշից, Վանից, Ալաշկերտից, Բասենից…»:
Թերևս, համառոտ այս հրապարակումով կարողացանք պատկերացում ձևավորել դասական գրողի նորահայտ ստեղծագործության մասին, սակայն վստահեցնում ենք, որ այն արժանի է առավել խոր ու բազմակողմանի ուսումնասիրության: Այդպիսի առիթներ, իհարկե, կունենանք Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանում անցկացվելիք տարատեսակ միջոցառումների ընթացքում, որոնց շնորհիվ հայ հանրությունը հնարավորինս լիարժեք կիրազեկվի «Հովնան մեծատուն»դրամայի մասին:

Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ
Դ. Դեմիրճյանի տուն-թանգարանի վարիչ

 

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.