ԳԻՏՆԱԿԱՆ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԸ / Հովիկ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Simon_Achikgyozyan
Աչիկգյոզյան գերդաստանի կռիվը, դեռ 20-րդ դարասկզբին, Սեբաստիայում և Դեր Զորում էր սկսվել: Բազմանդամ ընտանիքից փրկվել էր միայն Սիմոնի պապ Հովհաննեսը, հաստատվել Բուլղարիայում, ապա պապերի երկրի կարոտն ու վրեժը բերել էր Հայաստան, ավանդել իրենից հետո եկողներին: Սիմոն Աչիկգյոզյանն այդ վրեժը կրողներից էր և պիտի սպասեր նպաստավոր ժամանակների: «Ես չեմ ուզում մեռնել անկողնու մեջ: Երազանքս է զենքը ձեռքիս, հայրենիքիս ազատության ու անկախության համար թուրքի դեմ կռվելիս զոհվել»:
Եվ, ահա, եկավ այդ երկար սպասված ժամանակը՝ 1988 թվականը: Դարերով զսպված ազատության տենչը հերթական անգամ միավորել էր ազգին: Փողոցներում ու հրապարակներում հրճվում էր խոր նինջից արթնացած ազգային հավաքական ոգին: Սակայն Սիմոն Աչիկգյոզյանն ավելի գործի ու զենքի մարդ էր: Երկրաշարժից հետո մասնակցում էր փրկարարական աշխատանքներին, ապա 1990 թվականի հունվարին, «Արաբո» կամավորական ջոկատի կազմում մեկնեց Եղեգնաձորի շրջանի Խաչիկ գյուղի պաշտպանական դիրքեր: Նույն թվականի հունիսին վերադարձավ, առաջադրվեց և ընտրվեց Երևանի քաղաքային խորհրդի պատգամավոր: Բայց չէր կարող վայելել քաղաքային ապահով խաղաղությունը, երբ գաղափարակից ու զինակից ընկերները մարտնչում էին: Մյուս կողմից էլ՝ «ազգափրկիչների» փուչ խոսքերը սրտովը չէին: Եվ նա նորից վերցրեց զենքն ու գնաց սարերը՝ Իջևան, Վարդենիս, որտեղ իր պատվախնդիր գաղափարական ընկերներն էին:
Ժամանակները կտրուկ փոխվել էին: Երեկվա «եղբայր» ազգերը դարձել էին հակառակորդներ: Վիճակը ծանրացել էր Հյուսիսային Արցախում: Բաքվի թուրքերը, տեղահանելով Խանլարի շրջանի Կամո և Ազատ գյուղերի բնակչությանը, սպառնում էին Գետաշենին ու Մարտունաշենին: Հայ ժողովրդի լավագույն զավակները մեկնում էին այնտեղ: Աչիկգյոզյանը գիտեր, որ գնալու էր, և ոչ մի ուժ չէր կարող ետ պահել՝ ո՛չ մայրը, ո՛չ շարժման ակտիվ մասնակից կինը՝ Վերոնիկան: Չնայած որդին՝ Օհանը, դեռ 1990 թվականից Եղեգնաձորի շրջանի սահմաններում էր, իր տարիքն էլ այն չէր, բայց ինքն իր կռիվն ուներ, պիտի գնար՝ հաղթական ավարտին մոտեցնելու դեռ դարասկզբին սկսված իր գերդաստանի կռիվը:
Եվ նորից Արաբոյի կազմում՝ 1991-ի մարտի 17-ին, մեկնեց Գետաշենի ենթաշրջան: Ջոկատն ստանձնեց Մարտունաշեն գյուղի պաշտպանությունը: Գետաշենի և Մարտունաշենի պաշտպանական գծում Հրազդանի ջոկատը, Պռոշյանի ու Բաղրամյանի դաշնակցական խմբերն էին: Հետո նրանց ետևից եկան Սպիտակի Միդոյի, Մալաթիա, Ալաշկերտ ջոկատները: Գյուղը կենդանացավ: Հուսալքված բնակիչներն ապահով զգացին, սկսեցին հող մշակել, հայացքները դարձրին իրենց տուն ու տեղին: Սիմոն Աչիկգյոզյանն իր նվիրվածությամբ, հոգատարությամբ, խաղաղ ու վստահություն ներշնչող բնավորությամբ սիրվեց բնակչության կողմից: Նա գյուղի բնակիչների համար և՛ հայր էր, և՛ պապ, և՛ հոգատար ու բանիմաց խորհրդատու: Աչիկգյոզյանի կերպարով սիրելի և ընդունելի եղան նաև մնացած ջոկատները: Մարդիկ սիրով էին տրամադրում իրենց հացը, տունն ու տեղը: Գետաշենում Թաթուլ Կրպեյանն էր, Մարտունաշենում՝ Սիմոն Աչիկգյոզյանը, առաջին իսկ հանդիպումից հասկացան ու համակրեցին միմյանց՝ երկուսն էլ պատրաստ էին անձնատրության:
Իսկ Բաքվի թուրքերի հարձակումներն օրըստօրե սաստկանում էին: Օգտվելով Խորհրդային պետության փլուզումով ստեղծված խառն իրադրությունից՝ աշխատում էին լուծել իրենց հարցերը: Հայկական կողմը, զգալով մոտեցող վտանգը, նույնպես աշխատում էր ուժեղացնել իր պաշտպանական դիրքերը: Մարտի 18-ին Պռոշյանի Պետոյի տղերքը Բուզլուխ գյուղի դիրքերից փորձեցին գրավել թուրքաբնակ Սարիսու գյուղը, բացել Շահումյանի հետ կապող ճանապարհը, վերահաստատել Շահեն Մեղրյանի ջոկատների հետ նախկինում եղած կապը, բայց խորհրդային զորքերն արգելակեցին: Արդեն պարզ էր, որ հակառակորդի կողմից հարձակում էր պատրաստվում: Այդպես էլ եղավ:
1991-ի մարտի 30-ին սկսվեց «Օղակ» գործողությունը: Խորհրդային բանակի 23-րդ դեսանտային դիվիզիան թուրքական ՕՄՕՆ-ի և թալանի եկող խուժանի հետ ներխուժեց Գետաշեն և Մարտունաշեն: Վիճակն օրհասական էր: Որոշվեց՝ ինչքան հնարավոր է՝ դիմադրել, որպեսզի բնակչությունը կարողանա անվնաս հեռանալ գյուղից: Սկսվեց անհավասար մարտը՝ կանոնավոր բանակի աջակցությամբ հարձակվող թուրք ՕՄՕՆ-ականների և գյուղի փոքրաթիվ պաշտպանների միջև: Դիմակայել անհնարին էր: Շուտով վիրավորներ եղան: Մարտունաշենի վիրավոր հրամանատար Մանվել Եղիազարյանին փոխարինած Սիմոն Աչիկգյոզյանը, մի տան տանիքում հարմար դիրքավորված, աշխատում էր գնդացրային կրակով, գոնե ժամանակավորապես, փակել գյուղ ներխուժած հակառակորդի ճանապարհը: Տղերքին կարգադրեց կազմակերպել բնակիչների նահանջը: Ինքը գիտակցաբար ինքնազոհաբերության էր գնում՝ փրկելու համար գյուղի բնակիչներին: Երգելով կռվում էր իր վերջին կռիվը: Եվ… երեսուն արծաթով վաճառված ռուսական տանկի ուղիղ նշանառությամբ կրակոցը լռեցրեց հրամանատարի խրոխտ երգի ձայնը: Անհնարին էր փակել մոտ 30, վատ զինված պաշտպանների վրա տանկերով եկող թշնամու ճանապարհը:
1991-ի մայիսի 30-ին հայրենիքը հրաժեշտ տվեց անհավասար մարտում հերոսաբար նահատակված իր քաջերին՝ Սիմոն Աչիկգյոզյան, Թաթուլ Կրպեյան, Հրաչ, Վալերի: Նրանց անունը և հիշատակը գրվեց դեպի գալիք գնացող սուրբ անունների կողքին:
Սիմոն Աչիկգյոզյանը հետմահու, 1996-ին, պարգևատրվեց ՀՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով: Այսօր նրա անունով երդվում ու նրա օրինակով դաստիարակվում են հայրենիքի ապագա զինվորները: Նրանք, ովքեր պիտի հաղթական ավարտին հասցնեն դարասկզբին և դրանից էլ առաջ սկսված ազգի կռիվը, որը նաև Աչիկգյոզյանի տոհմի կռիվն է: Պիտի կռվեն ու հասնեն մեր պապերի գերյալ երկիրը:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.