Տունդարձ՝ երկու մրցանակով

20180909_1302018F8FE40A-204D-453B-AAD4-1D358F667902

Ռուսագիր անվանի բանաստեղծ Բախիտժան Կանապյանովի «Թուխ լուսնի լացը»  երկլեզու ժողովածուի թարգմանությունն առիթ դարձավ Գագիկ Դավթյանին հրավիրելու օգոստոսի 24-ից 31-ը Աստանայում կայացած Պոեզիայի առաջին միջազգային  բանաստեղծական օրերին: Ղազախստանի մշակույթի և սպորտի նախարարության բարձր հովանու ներքո Գրողների միության կազմակերպած  օրերը նվիրված էին Ղազախստանի նոր մայրաքաղաքի 20-ամյակին:  Երկրում հայտնի ղազախ բանաստեղծների հետ միասին շաբաթի հյուրերն էին Հայաստանը, Լեհաստանը, Ֆինլանդիան, Չինաստանը, Ավստրալիան, Ֆրանսիան, Բելգիան, Ռուսաստանը, Ղրղզստանը ներկայացնող բանաստեղծներ և թարգմանիչներ:  Օրերը, որ սկսվում էին Աստանայի տեսարժան վայրերին ծանոթությամբ և ընթանում բանաստեղծական հանդիպումներով ու գրական հարցերի շուրջ կլոր սեղաններով, լայնորեն լուսաբանվում էին հեռուստատեսությամբ, ռադիոյով և մամուլում: Հանդիպումների ծրագրով երկու խմբերի բաժանված մասնակիցները երկուական օր անցկացրին  Բայանաուլ և Բորովոյե առողջավայրերում, որոնք զարմանահրաշ օազիսներ են տափաստանային Ղազախստանի անծայրածիր ամայության մեջ: «Մեկնելուց առաջ,- ասաց Գագիկ Դավթյանը,- ինձ ընդունեց Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևը, ով անթաքույց ուրախությամբ ընդունեց ղազախ բանաստեղծի գրքի հայերեն հրատարակման փաստը՝ այն համարելով կարևոր քայլ երկու ժողովուրդների մշակութային մերձեցման ճանապարհին: Հաճելի շատ պահեր ապրեցի երկրում: «ЖИБЕК ЖОЛЫ» (Մետաքսի ճանապարհ) հրատարակչությունը լույս էր ընծայել փառատոնի 80 էջանոց բուկլետը՝ պատվիրակների լուսանկարներով, կենսագրական սեղմ տվյալներով և մեկական բանաստեղծությամբ: Այնտեղ  «Պոեզիա» խորագրով իմ բանաստեղծությունը ներկայացված է ռուսերեն, հայերեն և անգլերեն լեզուներով: Ինձ հետ «Անկախ  Ղազախստան» թերթում հարցազրույց հրապարակեց գրականագետ Բաղաշար Թուրսունբայլին: Պետական հեռուստատեսությամբ ցուցադրվեց իմ այցը և ստեղծագործությունս ներկայացնող տեսահոլովակ: Անսպասելի էր, երբ հանդիպումներից մեկի ժամանակ ինձ հանձնվեց Եվրասիական մշակութային հիմնադրամի «Պոեզիայի խնձոր» մրցանակը՝ ղազախական պոեզիայի թարգմանության բնագավառում ներդրման համար: Երկրորդ անակնկալը երկրի Մշակույթի և սպորտի նախարարության «Բանաստեղծական թարգմանության հեծյալներ» անվանակարգում ինձ շնորհված մրցանակն էր, որը «Ղազախստան» բազմագործառույթ համալիրում Պոեզիայի եզրափակիչ երեկոյի ժամանակ հանձնեց նախարար Առուստանբեկ Մուխամեդիուլին»:

ՍԵՓ. ԼՐՏ.

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.