21 սեպտեմբերի. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐ

Fotor0920194553
Ազատ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Քսանյոթ տարիները մենք շատ վատ օգտագործեցինք: Այս տարիների ընթացքում մենք, ավելի շատ, օվսաննաներ էինք երգում անկախությանը, քան թե ձգտում էինք դրա մեջ իրական բովանդակություն դնել, ստեղծել մի երկիր, որն իրապես հայրենիք պետք է լիներ իր բոլոր քաղաքացիների, ողջ հայության համար: Այսօր ՀՀ քաղաքացու նյութական վիճակը շատ ավելի վատ է, քան անկախությունից առաջ: Անկախությունից առաջ մենք օլիգարխներ չունեինք, հիմա ունենք: Չեմ կարծում, թե դա պետք է նվաճում համարել:
Մեր «նվաճումների» շարքին պետք է դասենք նաև ավելի մեծ չափերի հասնող արտագաղթը: Նոր իշխանությունները նպատակ են դնում նվազեցնել այն և նույնիսկ ներգաղթ կազմակերպել: Ազնվագույն նպատակ, որի իրականացումը մեծ հաջողություն կլինի մեր երկրի համար:
Չկարողացանք ստեղծել գրագետ, հայրենիքին նվիրված պետական ծառայողների խավ: Չմարսված կարգախոսներով սնված մարդիկ վստահ էին, որ մասնավոր սեփականության վերականգնումը կլուծի բոլոր խնդիրները, բայց երկրի տնտեսությունը քամուն տվեցին:
Մեր երկրում ստեղծվեց ամբողջովին կոռումպացված պետական ապարատ, որի շահատակությունների իրական չափերը միայն այսօր ենք տեսնում, և դեռ աստված գիտի, էլի ինչե՛ր ենք տեսնելու:
Մենք, ըստ էության, ավերեցինք գիտության ու կրթության ոլորտը` մտավորականությանը, գիտնականներին, մանկավարժներին իջեցնելով հասարակության ամենաանապահով խավի մակարդակին:
Մեր երկիրը բոլոր հնարավորություններն ուներ անկախանալուց հետո դառնալ բարգավաճ, ծաղկող երկիր: Այդ հնարավորություններն այսօր էլ կան: Բայց պետք է դրանք օգտագործել:

 

Սաթենիկ ՄԿՐՏՉՅԱՆ

Անկախությունն ինձ համար մտքի, սրտի, հոգու ազատությունն է:
Բայց այսօր ես ցանկանում եմ ընդամենը երկու բառով խոսել Հայաստան Աշխարհի երկնքում սավառնող, աշխարհ զարմացրած թանկագին անկախության և գիտակցված ազատության մասին, որոնց լիարժեք կայացման, աներեր ընթացքի համար պետք է երիտասարդական ճկուն մտքին հաղորդենք իմաստուն ծերունու համբերություն:
Երկիրը, ինչպես տունը, մեկ օրում չի կառուցվում, մեկ օրում կառուցված երկիրը մեկ օրում էլ քանդվում է, իմ կառուցող ժողովուրդ, պետք է համբերություն ձեռք բերենք:
Քանզի, եթե երկիրը մերն է, մերն են նրա դժվարություններն ու հոգսերը. 20 տարում քանդած երկրի դժվարությունները 20 օրում չեն հաղթահարվի: Ժամանակ է պետք ամեն ինչ և ամեն գործ ճիշտ կատարելու համար: Քանզի այսօր, ամենակարևորը, ամեն ինչում հետագա ճիշտ զարգացումներն են:
Կրկին ու կրկին համբերություն բոլորիս:

 

Հրաչ ԲԵԳԼԱՐՅԱՆ

Ասացի. «Սահմանադրությամբ Հայաստանում պետական լեզու է հռչակված հայերենը»,- և պայթեց երիտասարդների քրքիջը: «Բա Հայաստանում ո՞ր լեզուն պիտի պետական լիներ»,- հարցրեցին ծիծաղի միջից, ու ես նույնպես սկսեցի քրքջալ… Նրանք ծիծաղում էին իրենց տարակուսանքը փարատելու, իսկ ես` նրանց ազատության համար: Ծիծաղում էի հրճվանքով, որ նրանց սերունդը չգիտի, չի հասկանում ու չի էլ ցանկանում հասկանալ, որ եղել են ժամանակներ, դարեր, երբ հայերը պայքարել են հայերեն խոսելու համար… Հիմա չեմ ուզում լուրջ տեսքով շարադրել, թե անկախությունն ինչ նշանակություն ունի ցանկացած ժողովրդի համար, իսկ մի քանի օր առաջ երիտասարդների հետ ծիծաղում էի ու հիշում 1991թ. սեպտեմբերի 21-ի արևոտ առավոտը, երբ լեռնային փոքրիկ քաղաքը հանրապետության մյուս բնակավայրերի հետ հանրաքվե էր անում, որպեսզի որոշեր` ինքն ուզո՞ւմ է անկախ ապրել, թե՞ ոչ… Ես՝ որպես շրջանային թերթի երիտասարդ թղթակից, լինում էի տեղամասերում, զրուցում մարդկանց հետ և նրանց երազանքներն ու հույսերն անթեղում էի սրտիս մեջ, կոպերիս տակ, տարիներ հետո դրանք ժամանակին տալու ենթագիտակցական ակնկալիքով: Ամեն մի տեղամասի առաջ ծղրտում էր զուռնան, աղջիկ-տղա պար էին բռնում՝ օտարերկրյա դիտորդներին ցույց տալու համար, որ հայ ժողովուրդն ուրախ է անկախության ճանապարհը բռնելու համար: Այն ժամանակ ամեն ոք, այդ թվում և ես, մտածում էի, թե անկախությունը մեր ժողովրդին հնարավորություն կտա արագորեն մեջքը շտկելու, նորովի արարելու, նոր կյանքով ապրելու, և մտքիս ծայրով չէի անցկացնում, որ մենք ենք լինելու մեր ճանապարհին փոս փորողները, մենք ենք լինելու մեզ թալանողները և «ես»-ի ու «մենք»-ի միջև խանդակ բացողները, և մեր միջից է լինելու մեզ ուտող ցեցը: Սակայն և՛ այն ժամանակ, և՛ հիմա մեզնից ամեն մեկը գիտի, որ անկախության ճանապարհը որքան էլ դժվար, անդառնալի է, անկախ ապրելու ցանկությունը անանց արժեք է, առանց որի չի կարող գոյատևել իրեն հարգող որևէ ժողովուրդ:
Հիմա… հիմա հույսս ոչ թե մեր վախեցած, երկու հասարակարգերի միջև երկատված սերունդն է, այլ երիտասարդությունը, որն իր հողի, իր ապագայի վստահ տերն է: Նրանց խորհուրդ տալ չեմ ուզում, բայց ուզում եմ հիշեցնել բարեկամաբար: Այսաշխարհական նորությունները, նորամուծություններն ու արժեքները որդեգրելուց առաջ իմացեք, ճանաչեք ձերը: Ուզո՞ւմ եք խրճիթների ու պալատների համերաշխություն հաստատել` տեսեք՝ ինչպես է վարվել մեր Արտաշես թագավորը դեռևս Ք.ա. 189-160 թթ., ցանկանում եք մարդասե՞ր լինել, մեծ ու փոքր ճանաչե՞լ, կարդացեք Աշտիշատի եկեղեցական ժողովի կանոնները (354 թ.), ուզում եք արդար ու անաչառ, մարդուն օգնող և ոչ թե վնասող օրենքնե՞ր գրել, տեսեք, թե իր Դատաստանագրքում ինչպես է դատում Մխիթար Գոշը: Կուզենայի նաև, որ երկրիս կառավարիչները նյութից առաջ հոգին գնահատեին, փողից ավելի` բարոյական արժեքները և հող հայրենին, առանց որի ամեն ինչ կորած է, ամեն բան` ուրիշինը:
Իսկ այդ ամենից առաջ հարկ է, որ ազգովի, մեծով ու փոքրով, ջրենք անկախության դեռևս մատղաշ ծառը և հավատանք, որ մրգահասը հեռու չէ: Հասկանանք նաև, որ առանց հայրենիքի, առանց նրա անկախ ու լուսավոր հեռանկարի ապագա չունի ոչ մի հայ, անկախ նրանից, թե ի՞նչ արժեքներ է դավանում, ի՞նչ է մտածում, որքան հարստություն ունի և ո՛ր երկրում է ապրում նա:

 

Ալիս ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Քանի դեռ լույս ունեք, հավատացե՛ք լույսին, որ լույսի որդիներ լինեք»: Հիսուսն այս բառերը խոսեց և բաժանվեց ու թաքնվեց նրանցից: (Հովհ. գլ 12, 16): Ի՞նչ պատգամ է սա, որ տրվել է մեզ… Տրվել է, կարծես, հենց այս օրերի համար:
Որքա՜ն վեճեր, կռիվներ ու պատերազմներ կան այս պահին նույն Երկիր մոլորակի վրա… Տարածքային, ամբողջատիրական, ինքնորոշման… 21-րդ դարն է արդեն, կարծես թե հանդարտվել էին Չինաստանի ու Ճապոնիայի վեճերը, կարծես թե քիչ էր մնացել, որ հաշտվեին Հարավային և Հյուսիսային Կորեաները, գրեթե ինքնորոշման եզրին էին Կատալոնիան, Դոնեցկը, Հյուսիսային Իռլանդիան, կարծես թե անկախացավ Կոսովոն, բայց դեռ չեն դադարում աֆղանական ներքին կռիվները, Հյուսիսային և Հարավային Իռլանդիաների կրոնական վեճերը զենքի ուժով էլ չեն լուծվում, չի դադարում աշխարհի հզոր գիշանգղերի՝ Սիրիան ծնկի բերելու, թուլացնելու, հոշոտելու գործընթացը: Չեն դադարում ադրբեջանցիների կրակահերթերը մեր սահմանների մոտ…
Աշխարհն աշխարհով… Իսկ մենք ետ ենք նայում, որ տեսնենք, թե ինչ տվեց մեզ անկախությունը՝ հարյուրավոր տարիներ իրական անկախություն չունենալուց հետո… Հետաքրքիր է, որ անկախության իր տոնն է նշում ԱՄՆ-ի պես հզոր տերությունը, Ֆրանսիան՝ իր ազատության տոնը, նույնիսկ Չինաստանն է ազատագրվել ճապոնական ոտնձգություններից, և դեռ շարունակվում է նրանց հակամարտությունը Սենկակու կղզիախմբի և այլ ցամաքային ու ջրային տարածքների համար: Անկա՞խ է արդյոք Ռուսաստանը, որ դարեր առաջ թոթափեց թաթար-մոնղոլների լուծը, իսկ այսօր թիրախ է շատ վտանգավոր խաղացողների համար:
Ու այսօր բոլորն էլ մտորելու տեղ ունեն, թե ինչ է տալիս անկախությունը: «Անկախությունը մեզ թռչելու հնարավորություն տվեց»,- պետք է որ մտածի ամեն մի հայ… Բայց ոմանք, որ չեն կարող որսալ թռիչքի այս ժամը, իրենց մկնային բնույթով գետնատարած՝ կարծում են, թե կարող են խփել ազատության ճախրող թռչունին:
Մեզ համար անկախության բոլոր այս տարիների մեծագույն ձեռքբերումը հենց այս տարվա մեր մայիսյան հաղթանակն է, որ եկավ միավորելու մեր մյուս հաղթական մայիսների ուժը: Մեր անկախությունը նոր միայն սկսվում է մեր վաստակած լույսից, ուրեմն՝ արժանի լինենք մեզ Աստծո կողմից շնորհված լույսին ու դառնանք լույսի որդիներ… Պահպանենք մեր լույս զավակների ձեռքբերումը, կատարենք մեր հաջորդ քայլերը դեպի երջանիկ երկիր…
Ի դեպ, աշխարհում միակ մի երկիր կա՝ Բութանը, որն ունի երջանկության նախարարություն…

 

Դավիթ ՄԿՐ ՍԱՐԳՍՅԱՆ

– Անկախությունը բացարձակ արժեք է, սրբազան ու նվիրական վարդապետություն, որն ակնկալում է խնամք ու հոգատար վերաբերմունք: Անհրաժեշտ է, որ այն իր հոգեբանության և մտածողության մեջ կրի յուրաքանչյուր անհատ քաղաքացին և հասարակությունը, հետևաբար, նաև պետությունը, որը կազմավորվում է վերջիններիս անմիջական մասնակցությամբ՝ առաջնորդվի դրա կարևորության տրամաբանությամբ: Պետականության այդ հիմնարար գործոնն է, որ հնարավոր է դարձնում ազգային, պետական արժանապատիվ և լիարժեք կեցվածքը, անկաշկանդ գործընկերությունը, վստահելի և շահավետ դիրքերի նվաճումը միջպետական հարաբերություններում և միջազգային հարթակներում: Անկախության հակառակ երեսակը՝ կախյալությունը, ծնում է ստրկամտության, քծնանքի և գետնաքարշության միջավայր, ամեն գնով հաճոյանալու պատրաստ մուրացիկի հոգեբանությամբ՝ ամենից և ամենուր բարեհաճություն և օգնություն աղերսողի կարգավիճակ:
Ներքին կյանքի հզորացումն է անկախություն տանող միակ ուղին:
Ցավոք, անցած գրեթե երեք տասնամյակի ընթացքում, անհեռանկարային, նեղանձնական շահադիտությամբ կնքված և ձեռք բերված տարբեր պայմանավորվածությունների հետևանքով, ներքին կյանքում ծավալված իրադարձություններով, աննախադեպ ալան-թալանի, մարդու ստորացման և արժեհամակարգի հանդեպ արհամարհանքի հանցավոր փաստերով մեր իրականության մեջ աստիճանաբար խամրեց սկզբնական խանդավառությունն ու ոգևորվածությունը, ինքնավստահությունը անկախ պետականության կերտման գործին՝ տեղը զիջելով հուսախաբությանը, հավատազրկմանը, դրա անհնարինության խիստ վտանգավոր մտայնությանը, որը երբեմն դրսևորվեց կարոտախտի արտահայտություններով և Անկախության գաղափարի արժեզրկմամբ: Անվերջանալի տքնանքին, շինծու խոչուխութերին բախվելուց և դրանց դիմակայելուց հոգնած մարդուն վաղվա անորոշության և գորշության սպառնալիքը ստիպեց դժկամորեն, բայց իր հանապազօրյա արդար հացի փնտրտուքը կատարել օտար ափերում:
Անկախությունը պետության անվտանգության երաշխավոր է:
Բացարձակ արժեք լինելով հանդերձ՝ գոյություն չունեն բացարձակ Անկախ երկրներ, այն դիտարկվում է տարատեսակ հարաբերությունների շղթայի մեջ՝ աշխարհաքաղաքական, տարածքային, տնտեսական, գիտամշակութային և այլն, հետևաբար, նշաձողի մակարդակը ճշտելու, առավել ևս նրա առկայության մասին դատելու համար Անկախություն եզրույթը պետք է դիտարկել համեմատությունների ամբողջության մեջ: Վերացական գաղափարից այն իրականություն փոխանցելու համար անհրաժեշտ է ոչ թե ճամարտակել, այլ իրականացնել ինքնուրույն պետական քաղաքականություն, կյանքի բոլոր ոլորտներում հնարավորինս նվաճել մրցունակ դիրքեր, թիզ առ թիզ ընդլայնել ինքնաբավության սահմանները, որից հետո նոր միայն կարելի է խոսել Անկախության կայացման մասին: Անհրաժեշտ է, որ պետական այրերը մշտապես հիշեն, որ անկախությունը մեզ սկուտեղի վրա չի մատուցվել, այլ՝ ծանր զրկանքների գնով, որ այն Մեծ երազանք էր, հանուն ինչի բոլոր իշխանությունների գործունեության առաջնահերթությունը և սրբազան պարտքն է երկիրը դեպի առաջընթաց, դեպի զարգացում և կատարելություն առաջնորդելու կամքն ու պատասխանատվությունը, և քանի դեռ մեր հասարակության մի ստվար հատված խարխափում է գլխիկոր ու մոլորյալ տրտմում, ուրեմն դեռ մեծ ճանապարհ ունենք անցնելու դեպի իսկական, ոչ ճառային, այլ գործնական Անկախություն: Ես հավատում եմ՝ եթե պետականորեն ապահովվեն օրենքի գերակայության և մարդու իրավունքների, աշխատատեղերի և կենսագործունեությունը շարունակելու պատշաճ պայմաններ, մեր ժողովուրդը, որն ունի հսկայական ներուժ և օժտված է համապատասխան հատկանիշներով, հանուն իր վեհ նպատակների և մեծ երազանքի՝ կհաղթահարի ցանկացած փորձություն: Եվ տարիներ անց ոչ մի գրող գրիչ չի վերցնի և Անկախության հետ մեր վարվեցողությունը չի նկարագրի այնպես, ինչպես Ավետիս Ահարոնյանն էր անցյալ դարասկզբին, ցավ ի սիրտ, ներկայացնում Ազատության նկատմամբ ցուցաբերած ինքնաժխտման կործանարար դրվագը՝ գուցե թե մեր ժամանակների համար առանձնացնելով նաև արևմտամետ ու ռուսամետ, նույնիսկ թուրքամետ՝ միայն թե ոչ հայամետ լինելու, նաև ընչաքաղցության, կամակատարության և բազմաթիվ ու բազմապիսի այլևայլ արդարացումներ, այլևայլ հիմնավորումներ՝ «Ազատությունը մեր հայրենիքի դուռը թակեց, բայց մենք հայ չէինք, այլ թուրքահայ, ռուսահայ, պարսկահայ… նաև մշեցի, վանեցի, ղարաբաղցի, երևանցի, և նրան՝ մեր փրկիչին չհասկացանք, և ազատությունը մեր դռանը լացեց, մղկտաց ու հեռացավ»:

 

Կորյուն ԱՌԱՔԵԼՅԱՆ

ՍԱ ՀԱՅԱՍՏԱՆՆ Է ԵՎ ՎԵՐՋ…

ՍԱ ՀԱՅԱՍՏԱՆՆ Է ԵՎ ՎԵՐՋ…..
Լեոնիդ Ազգալդյան

Երկիր իմ Հայոց,
Ես դարեր ի վեր
Քեզ հետ խոսելով,
Մենախոսելով,
Ինձ հետ ու քեզ հետ
Հաճախ վիճելով,
Կորցնելու վախից
Քեզ ընդմիշտ ամուր
Պահած իմ ծոցում,
Դու մորս նման
Պահած մի լավ բան
Քո հին գոգնոցում՝
Գալիս ենք հեռվից:
Գալիս ենք, ու ես
Անվերջ նայում եմ
Քո սեգ լեռներին,
Ցավից ճաք տված
Քո մութ ձորերին,
Հոգուդ ցասումը
Մեղմող ջրերին,
Ու չեմ հասկանում՝
Ինչն է ապրելու
Այդ ուժն ինձ տալիս.
Միտքս էլ ոչինչ,
Ոչինչ չի գալիս.
– Սա Հայաստանն է,
Եվ վերջ,
Իմ տունն է,
Եվ վերջ,
Նոյի փրկության
Ափն է սուրբ,
Եվ վերջ…

Երկիր իմ Հայոց,
Դու այնքան
աստղեր
Ունես երկնքում,
Այնքան թանկ
գանձեր՝
Քո ծոցում պահած,
Անթիվ մատյաններ
Քո երկաթագիր`
Դաշտերով փռած:
Մենք՝ զավակներս,
Գալիս ենք հերթով
Էջերդ թերթում,
Ափսոս, մեծ դասը
Երբեք չենք սերտում:
Իմ ճանապարհից
Ես այսպես հոգնած՝
Հաճախ
կանգնում եմ,
Ձեռքով հենվում եմ
Մամռոտ
խաչքարին,
Ու չեմ հասկանում՝
Ինչն է ապրելու
Ուժն այդ ինձ
տալիս,
Այդ պահին միտքս
Ուրիշ էլ ոչինչ,
Ոչինչ չի գալիս.
– Սա Հայաստանն է,
Եվ վերջ,
Իմ տունն է,
Եվ վերջ,
Նոյի փրկության
Ափն է սուրբ,
Եվ վերջ…

Երկիր իմ Հայոց,
Երբ որ տեսնում եմ
Կարոտի նման
Կտուցները սուր
Դեպի մեր երկիր
Ձգվող երամը
Արագիլների,
Հեռու ափերից
Ես տուն դառնալիս
Երբ ինքնաթիռից,
Շունչս պինդ
պահած,
Նայում եմ ներքև,
Ու երբ Մասիսն է
Սուրբ գագաթներով
Ամպերի միջից
Ճերմակին տալիս,
Ինձ թվում է, թե
Ոտքս այդ պահին
Առավ մայր հողին:
Այդ պահին միտքս
Ուրիշ էլ ոչինչ,
Ոչինչ չի գալիս,
Ու ես սրտիս հետ
Կրկնում եմ անվերջ.
– Սա Հայաստանն է,
Եվ վերջ,
Իմ տունն է,
Եվ վերջ,
Նոյի փրկության
Ափն է սուրբ,
Եվ վերջ…

 

Սամվել ՄԱՐԳԱՐՅԱՆ

Անկախություն
Քեզ էր տենչում Հայկը հզոր,
ահեղ Բելին երբ շանթեց,
Վասն հայրենյաց հայկյան ոգին,
հայկյան նետը շառաչեց:

Քեզ էր տենչում ամեն մի հայ՝ արքա,
ռամիկ ու ռազմիկ՝
Մութ դարերում երազելով ազատ,
անկախ հայրենիք:

Պարսիկները քեզ զարկեցին,
հին Հռոմը քեզ դավեց,
Արաբները քեզ բանտեցին,
թուրքը արյամբ ողողեց:
Բայց հառնեցիր անդունդներից,
դու՝ ոգեղեն
անմար հուր,
Ծածանվեցիր մեր
լեռներում՝
որպես դրոշ
աստղահուր:

Անկախություն,
դու դեռ մանուկ՝ զորանում ես
Դավթի պես,
Քեզ զորավիգ պիտի լինենք,
որ դարերում միշտ հաղթես:

Հող Հայասա, իմ Նաիրի,
իմ Թորգոմա ամրոց-տուն,
Անկախության արևն ուսիդ՝
գնում ես անմահություն:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.