ՊԱՀԱՆՋՎՈՂ ՆՎԵՐ ՄԵՐ ՄԱՆՈՒԿՆԵՐԻՆ / Վարդգես ԽԱՆՈՅԱՆ

Հովհաննես Թումանյանը ժամանակին փոքրերի համար ստեղծվող գրականությունը համարել է մեծ գրականություն, խորհուրդ տվել մշակույթի ներկայացուցիչներին, որ այն ստեղծվի բարձր մակարդակով ու տպագրվի որակյալ: Իսկ Եղիշե Չարենցը Հայպետհրատում աշխատելու տարիներին պահանջել է մանկապատանեկան գրքերը տպագրել ամենաորակյալ թղթի վրա, նկարազարդել վարպետորեն, սրբագրել լուրջ ու անսխալ:
Ե՛վ այդ ժամանակներում, և՛ մեր օրերում մեծերի վերոնշյալ դիտարկումները չեն հնացել, որովհետև ոչ միայն հայ իրականության մեջ, այլև համաշխարհային առումով միշտ զգացվել ու զգացվում է մանկական գրականության խիստ պահանջ: Ու պատահական չէ այն հաճույքն ու ուրախությունը, որ պատճառում են մանկական հաջողված գրքերը: Նման մի հաճույք ապրեցի, երբ գրախանութից թոռներիս համար ձեռք բերեցի Զեմֆիրա Ենոքյանի «Անտառային հեքիաթ» պատմվածքների և հեքիաթների ժողովածուն («Ծիծեռնակ» հրատարակչություն, 2018 թ.): Մեր գոհունակությունը կրկնապատկվեց, երբ իմացանք, որ գիրքը խմբագրել է անվանի գրող, մանկական գրականության բազմավաստակ մասնագետ Լյուդվիգ Կարապետյանը:
Զ. Ենոքյանը քաջատեղյակ է մանկական գրականության առանձնահատկություններին ու պահանջներին, ուշադրության կենտրոնում է պահում ընթերցողի տարիքային առանձնահատկությունն ու հոգեբանությունը: Դիմելով հեքիաթի հնագույն ժանրին՝ միաժամանակ դուրս է եկել նրա դասական սահմաններից, շոշափվող հարցերը հոլովել ժամանակակից կյանքի պահանջների ու գիտատեխնիկական առաջընթացի հիման վրա: Զ. Ենոքյանը հմտորեն համատեղում և օգտվում է հրաշապատում, իրապատում, ինչպես նաև կենդանական հեքիաթներին հատուկ հնարանքներից ու առանձնահատկություններից: Զեմֆիրայի հերոսները երեխաներն են, նրանց ծնողները, ընկերները ու նաև՝ կենդանական աշխարհի ներկայացուցիչներն ու շրջապատող բնությունը: Այդ հնարանքն էլ օգնել է գրողին դաստիարակչական խնդիրները հոլովել ոչ թե ձանձրացնող քարոզներով, այլ անմիջական, ջերմ, համոզիչ այնպիսի ձևերով ու միջոցներով, որ մանուկ ընթերցողը հավատում է դրանց, և որ կարևորն է, իր երևակայությամբ ասես դառնում է երևույթների մասնակիցը:
Գրքի բոլոր գործերն, անխտիր, հետաքրքիր են և՛ քննարկվող թեմաների տեսակետից, և՛ մատուցման առումով: Փոքրահասակ կամ պատանի ընթերցողը, կարդալով «Ջան Գյուլում» հեքիաթը, մտքով տեղափոխվում է Հայոց հեթանոսական ժամանակները, իմանում Աստղիկ դիցուհու մասին, ծանոթանում ծաղիկներին, հոգու մեջ արձանագրում, թե ինչպես է ծնվել «Ջան գյուլում» անունը և հարատևել դարեր շարունակ, երգվել Համբարձման տոներին:
«Ինչպես աղվեսը դարձավ բարեկամ» հեքիաթում կենդանիների միջոցով հեղինակը շոշափում է բարության, ընկերասիրության, փոխադարձ օգնության հավերժական գաղափարներ: Հեքիաթի գլխավոր հերոսը՝ Աղվեսը, որպես անձնավորված կերպար, խորհում է. «Ինչ լավ է, երբ կյանքում լավություն ես անում, եթե ես իմ կյանքում միշտ լավություն արած լինեի թե՛ կենդանիներին և թե՛ մարդկանց, հիմա որքան շատ բարեկամներ կունենայի և կյանքի դժվարին ու ծանր պահերին միշտ կդիմեի նրանց օգնությանը»: (էջ 16)
Բարության, խիզախության, ուշիմության, հնարամտության հարցերն են շոշափվում «Վահեն ու արջը» ստեղծագործության մեջ: Ժողովածուն եզրափակում է «Անտառային հեքիաթ» դրամատիկական գործը, որի կերպարները կենդանական աշխարհի ներկայացուցիչներն են: Վայրի կենդանիները ձգտում են ապրել մարդկանց հետ, բայց դա հնարավոր չէ: Գործող անձերից Հեղինակը երեխաների մտահայեցողությամբ ընդհանրացնում է. «Սիրելի՛ գազաններ, դուք անտառի բնակիչներ եք, դուք չեք կարող մարդկանց հետ ապրել: Նրանց հետ կապրեն շունը և կատուն: Այնպես, ինչպես եղել է: Դո՛ւք, սիրելի՛ գազաններ, համարվում եք բնության և անտառի գեղեցկություն: Անտառն առանց ձեզ դատարկ և անհետաքրքիր կլինի: Համաձա՞յն եք»: (էջ 53)
Զեմֆիրա Ենոքյանի «Անտառային հեքիաթ» ժողովածուն ուսանելի, օգտակար նվեր է մեր մանուկ ու պատանի ընթերցողներին:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.