Գևորգ ԹՈՒՄԱՆՅԱՆ / Ունայնիկներ շարքից

գրական փուչիկ մի փչեք
մեղք է

*
տիեզերքի ստեղծման համար
արարիչը մրցանակ չի ստացել

*
խթանիչներից միայն
բառի խեժահոտը

*
բառերի իմ հավաքածուում
ամենաթրթռուն կյանքով լեցուն
ազատագրված բառը
խանդաղատանքն է

*
այս բանաստեղծության
առաջին մի քանի տողը ավելորդ է
մյուսի վերջին մի քանի տողը
երրորդի դեպքում միջնամասերը
չորրորդի դեպքում տողերն ամբողջությամբ

բանաստեղծություն գրելու ձենը
առաջին հնգամյակում
երկարաշունչ ծավալուն
բանաստեղծություններ գրեք
երկրորդում կարճ ու համառոտ
հետո բառերով գրեք

*
բանաստեղծական պատկերները
բանաստեղծական բառերը
բանաստեղծությանը հակացուցված են

*
ծեքծեքուն բանաստեղծներին
բծախնդրորեն
ու մանրակրկիտ ճիպոտելը
կազդուրիչ անհրաժեշտություն է

*
բացառված չէ որ գրագողությունը համայնական անպարփակ գրի նկատմամբ բուռն սիրո գիտակցական կամ անգիտակից դրսևորում լինի

*
մեր գրականության ինքնամաքրման մեխանիզմներն աշխատում են իհարկե բավականաչափ դանդաղ հոգեմաշ սակայն աշխատում են

*
ավելի հեշտ է ոստոտ գերանից մի փչան պարծենկոտ երկարաքիթ մարդուկ տաշելը քան ինքնահավան սնապարծ գրչակից բանաստեղծի նման մի բան ձևելը
երդվում եմ ցախեսի շարիկովի ու ֆրանկենշտայնի արևներով

*
աշխարհում ամենատխուր մարդը չճանաչված ու չգնահատված բանաստեղծն է
Գյումրիում մեկ-երկուսին ճանաչում եմ
որպես կանոն չափից դուրս ջղայնացնելու աստիճան նրանք համեստ են ու ծույլ

*
շինծու բանաստեղծությունն արհեստական ծաղիկների պսակ է
շինած բանաստեղծությունը բնական ծաղիկների
երկուսն էլ փուչ են և անիմաստ
ու այդ պսակները հենց կենդանության օրոք զարդարում են այդպիսի բանաստեղծություններ բստրող բանաստեղծների շիրմաքարերը

*
100 տարի անց էլ Չարենցը կործանում է ու մաքրում

*
միջակությունները երբեք չեն կասկածում

*
նոր ժամանակների մեր ժամանակների բանաստեղծությունների գերակշիռ մասը բառերով շինված բաբելոնյան աշտարակներ են
այնինչ մեզանից յուրաքանչյուրը
համբերատար գլուխը կախ պետք է իր տապանը կառուցի

*
գոնե բանաստեղծությունը սերիական արտադրության առարկա չպետք է լինի
հարահոսով գրված բանաստեղծական շարքը շատ լավ շարքը որքան որ գայթակղիչ է այնքան էլ անվերահսկելի է իսկ ընթերցողի համար նաև հոգնեցուցիչ
տարբեր կաղապարների մեջ լցնել նույն պատկերները նույն հույզերը նույն բառաշերտը նույն հնարքները նույն վերաբերմունքը ահա սա է բանաստեղծության սերիական արտադրությունը
այսինքն թե շաբլոնով գրված բանաստեղծությունը

*
բանաստեղծությունն ախր ոչ պատմական գեղարվեստական ֆիլմ է ոչ էլ փաստավավերագրություն որ ասենք ինչ-որ դեպքերի հիման վրա նստես ու բանաստեղծություն գրես-նկարահանես
նկատի ունեմ ապրիլյան դեպքերը զոհված տղաների հերոսական դրվագները թավշյա հեղափոխությունը
չգիտեմ ինչու ինձ թվում է որ նմանատիպ բանաստեղծություն գրելու հիմնական նպատակը ամեն գնով մեծ լսարան ունենալու անզուսպ նկրտումն է ինչն ամենևին էլ ազնիվ բան չէ
բացառություն են մեկ-երկու բանաստեղծություն որ հաղթահարել են նման տեքստերին բնորոշ պաթետիկան ու չեն հնչում որպես մերկապարանոց լացացնող բաժակաճառեր

*
ասում են բանաստեղծությունը ոչ մի կարևոր շոշափելի գործառույթ էլ չունի
բայց ես այնպես կուզենայի որ բանաստեղծությունը գոնե հեղինակի համար լիներ ինքնազարգացման ճանապարհ
ինքնամաքրման հմայական խոսք
հոգևոր ներսուզման ավազան
կյանքի դժվարությունները դժբախտությունները շրջանցող անցագիր
նյութական իրական ու անիրական երևացող ու աներևույթ պատրանքներից ազատագրող պահպանակ
աստծո հետ բացարձակ սիրո փոխհարաբերության գրավական ու բերկրանք
աստվածային վերանցական ժամանցների տարածություն

*
թեթև քաշային բանաստեղծությունը հեշտ է մարսվում այսինքն այն մարսված էլ մատուցվում է
ծանր քաշայինը հոգս է ոչ միայն իրեն չգիտես ինչու արարողի համար այլ նաև խեղճ ընթերցողի բկին է կանգնում

*
ինչ փառահեղ ժամանակներ են գրականության համար
հատկապես արձակի գլխավորապես արձակի ախ արձակի համար

*
ավելի հեշտ է
բանաստեղծության մասին մտմտալը
քան բանաստեղծություն գրելը

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.