Հանդիսատեսն ուզում է լսել իր խնդիրների մասին / Անուշ ԱՍԼԻԲԵԿՅԱՆ

– Այն տպավորությունն է, որ անբավարար է հայ ժամանակակից դրամատուրգիայի ներկա­յությունը մեր թատրոնների խաղացանկում: Մտավա­խություն չկա՞, որ ազգային դրամա­տուրգիան ևս կարող է հայտնվել Կարմիր գրքում:
– Հայ ժամանակակից թատրոնում արդի դրաման իր տեղն ունի, սակայն փոքր տոկոս է կազմում խաղացանկերում: Վերջին տասնամյակում մի քանի դրամատուրգների անուններ մշտապես շրջանառության մեջ էին, անգամ մի հետաքրքիր միտում էր նկատվում՝ որոշ թատրոններ (Սունդուկյանի անվան, Դրամատիկական, Պարոնյանի անվան և այլն) կամ բեմադրիչներ նախընտրում էին կոնկրետ մեկ-երկու հեղինակի՝ ասես կանխելով այլ դրամատուրգների մուտքը թատերական դաշտ: Միայն վերջին երեք-չորս տարում մի քանի նոր հեղինակների անուններ նույնպես երևացին թատերական հորիզոնում:
Սակայն սա դեռ բավարար չէ, հին ու նոր դրամատուրգների անուններն այնքան սակավ են հայ թատրոնների խաղացանկերում, որ իրավիճակը մեզ դարձյալ մղում է խնդրի արմատները որոնելու դաշտ, և դրանք, պարզվում է, բազմաթիվ են: Սկսած այն փաստից, որ որևէ ուսումնական կենտրոն, բուհ, թատրոն, լաբորատորիա չկա, որ դրամատուրգ «կթողարկեր», վերջացրած հանրահռչակման խնդիրներով՝ ազատ, փորձարարական հարթակների սակավությամբ, հանրության շրջանակում ժանրի հանդեպ հետաքրքրության կտրուկ անկմամբ և մասնագիտական մամուլի գրեթե բացակայությամբ: Սակայն համար առաջին խնդիրն այն է, որ հայ բեմադրիչներից շատ քչերն են համարձակվում ժամանակակից դրամատուրգների հետ համագործակցել, իհարկե՝ առավել հեշտ է դասականներին բեմադրել ու վերաբեմադրել, մեկնաբանել ու վերամեկնաբանել, այնինչ դժվար է չտրորված կածան նորովի բացելը: Գումարած՝ հեղինակային իրավունքի խնդիրները, որոնք միշտ խախտվում են դրամատուրգի հանդեպ և գլխացավանք դառնում թատրոնի տնօրինության համար, այնինչ Շեքսպիր բեմադրելու պարագայում հանգիստ կարելի է խուսափել նման պատասխանատվությունից:
Հետևաբար անվստահության համախտանիշը փոխանցվել է նաև դրամատուրգներին, մատների վրա կարելի է հաշվել բեմադրիչների, ովքեր չեն աղավաղի գրածդ՝ սեփական չափազանց կամայական մեկնաբանություններով, չեն ոտնահարի հեղինակային իրավունքներդ և անհաջողության դեպքում՝ մեղքը չեն բարդի «պիեսի ոչ բեմական» լինելու կամ «թույլ դրամատուրգի» ուսերին: Սակայն ժխտելու, չհավատալու, չհավանելու սինդրոմը մի կողմ դնելով՝ կարելի է նկատել, որ հայ բեմում քիչ չեն դրամատուրգ-բեմադրիչ համագործակցության ստացված օրինակները. արժանին պետք է հատուցել բեմադրիչներ Նարինե Գրիգորյանին, Հակոբ Ղազանչյանին, Զառա Անտոնյանին, Կարո Բալյանին և էլի մի քանիսին՝ հայ դրամատուրգների հետ համագործակցության հաջող փորձերի համար:
Հաճախ բեմադրիչներից լսում ես՝ իսկ ինչպե՞ս գտնել դրամատուրգներին: Եվ պատասխանը միշտ նույնն է՝ «Դրամատուրգիա» ամսագրում, որը լույս տեսնելով 2000 թվականից որպես ժամանակի վավերագրություն՝ ամենաարժեքավոր հարթակն է դրամատուրգիայի ոլորտում: Մեր բեմադրիչներին միայն ջանասիրություն է պակասում դրանք թերթելու համար, հատկապես, որ ամսագրի հիմնադիր-խմբագիր Կարինե Խոդիկյանի խոսքով, առ այսօր ամսագրում տպագրվել է մոտ 400 պիես: Տարբերակներից ամենաարդյունավետը նախընտրած գրողի հետ համագործակցելն է՝ առաջարկելով, պատվիրելով թեման՝ օգտվելով այդ հնարավորության տված բոլոր առավելություններից: Նմանօրինակ առաջին փորձերից էր բեմադրիչ Նարինե Գրիգորյանի և բանաստեղծ Գևորգ Կարապետյանի համագործակցությունը 2004-ին, որի արդյունքում ծնվեց հայ բեմի ամենագեղագիտական բեմադրություններից մեկը՝ «Աչքերի որս»-ը՝ մարմնի ու բանաստեղծության լեզվով պոետիկ թատրոնի օրինակ: Մեկ այլ օրինակ է տողերիս հեղինակի «Թռիչք քաղաքի վրայով» պիեսի՝ դարձյալ Ն. Գրիգորյանի բեմադրությունը, որը 2010 թ. առ այսօր Տիկնիկային թատրոնի խաղացանկում է: Փորձը ցույց է տալիս, որ երբ բեմադրիչները կանխավ մատնանշում են այն թատրոնը, բեմը, որտեղ պետք է ներկայացումը բեմադրվի, այն դերասաններին, ովքեր պետք է խաղան, պիեսն ավելի բեմական է լինում: 2016 թվականին էլ բեմադրիչ Զառա Անտոնյանի առաջարկով բանաստեղծուհի Աննա Դավթյանը գրեց դրամատուրգիական տեքստ՝ նվիրված Հայոց ցեղասպանության և Հրանտ Դինքի հիշատակին: Ռեժիսորի և գրողի համագործակցությունն այս անգամ իր արդյունքները տվեց Գերմանական Կրեֆելդ քաղաքի թատրոնում: Օրինակներ էլի կան:
Վերջին տարիներին հայ երիտասարդ թատերական գործիչներին առավել հետաքրքրում է փաստագրական դրամայի ժանրն իր տարատեսակներով, որը ծնվում է բեմադրիչի, դերասանների, և հեղինակի (հաճախ՝ ո՛չ դրամատուրգ) համատեղ աշխատանքի արդյունքում: Նման ներկայացումներ են բեմադրիչ Կարո Բալյանի, «Թատրոն 8» թատերախմբի և Սիրիայի պատերազմի օրերին Հայաստան ներգաղթած հայ երիտասարդների համատեղ աշխատանքը՝ «Մանանա» վերբատիմը: Բեմադրիչ Սուրեն Շահվերդյանի և Անի Գևորգյանի «Ես կին եմ»-ը, Նանոր Պետրոսյանի և «Թեք տեղ» թատերախմբի դերասանների ստեղծած «Վերապատմում»-ը (2015 թ.), 2018-ին բեմադրված Նարինե Գրիգորյանի «Իմ ընտանիքն իմ ճամպրուկում է» դոկումենտալ մոնոդրաման (սցենարի համահեղինակ` Սառա Նալբանդյան): Թվարկած բոլոր ներկայացումներն էլ մեծ հետաքրքրությամբ են ընդունվել հանդիսատեսի կողմից: Սա խոսում է այն մասին, որ հայ թատրոնը փորձում է քայլել ժամանակին համընթաց ու որոնումների շրջանում է, իսկ հայ հանդիսատեսը բեմից ուզում է լսել իր խնդիրների մասին:
Թատրոնը ժամանակի հրամայականով ինքնակազմակերպվող օրգանիզմ է, սակայն խաղացանկային քաղաքականությունը կոնկրետ անհատների միջոցով է տեղի ունենում: Միայն ազգային դրամատուրգիայով կարելի է հանրության մեջ վերականգնել թատրոնի հանդեպ վստահությունը և երբեմնի հասարակական դերը, որը առանց վարանելու կարելի է համարել ազգային մշակութային զարգացման հիմնական գրավականն ու ուղենիշը:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.