ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿԸ ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆԻ ՀՈՒՇԵՐՈՒՄ / Հովիկ Այվազյան

ՎԻԼՅԱՄ  ՍԱՐՈՅԱՆ
Անդրանիկ

«Հիշողությունը երևակայություն է: Որովհետև ինչ որ հիշում ես, նման չէ ճշգրտորեն քո տեսածին, և քանի որ քո տեսածը տարբեր է, քո հիշողությունը մի աստիճանն է երևակայության: Իսկ երևակայությունը վերհիշված իրականն է»:
Վ. Սարոյան

Համաշխարհային գրականության երևելի դեմքերից մեկը` Վիլյամ Սարոյանը, որ արյունով իրեն հայ էր համարում, իսկ միջավայրով` ամերիկացի, գրականությունը դիտում էր որպես կենսական պահանջ, առանց որի չէր պատկերացնում սեփական կյանքը, քանզի նրա կարծիքով` «Գրելը ապրել է նշանակում»: Նա իր ստեղծագործական կյանքի հիսուն տարիների ընթացքում աշխարհի գրականությունը հարստացրեց բազմաթիվ պատմվածքներով, վեպերով, վիպակներով ու դրամատիկական գործերով, ուր մշտապես երևում է իմաստնությամբ ու ազնվությամբ օժտված և դեպի իր նմանը կարոտով ու սիրով լցված մարդը` զարմացած շուրջը կատարվող դեպքերից, անտարբերությունից ու անարդարությունից:
Կյանքի և առաջին հերթին մարդու հանդեպ եղած անտարբերության ու անհոգության մասին գրել են շատերը, այդ թվում և` ֆրանսիացի խոշորագույն վիպասան Ալբեր Կամյուն: «Օտարը» վեպում նա ցույց է տալիս, որ անտարբերության ցավով հիվանդ է 20-րդ դարը: Անտարբերություն սիրո, ընկերության, մտերմության, անգամ մահվան մեջ: Բոլորը շտապում են, ոչ ոք ժամանակ չունի, ոչ ոք չի լսում ապրած օրվա մեղեդին: Բոլորը կորցնում են ու բոլորն են մենակ:1
Սարոյանի ստեղծագործություններից բխող ամենակարևոր եզրակացություններից մեկն այն է, որ աշխարհը դեռևս անկատար է և որքան էլ քաղաքակրթվի, դարձյալ խախտված են մնում բարոյական օրենքները, որոնք մարդկանց միավորելու փոխարեն հեռացնում են իրարից, հաճախ բարոյազրկում, թշնամացնում:
Հասարակական կյանքի նման ցավոտ երևույթներին Սարոյանը հակադրում է իրենց ազնիվ վարք ու բարքը, մարդկային դեմք ու դիմագիծը այս կամ այն կերպ պահպանած, զգացմունքի գիտակցությամբ օժտված ու միմյանց սատարող կերպարներին, որոնք երևում են ռոմանտիկական լուսավոր հույսի շողերով ու լավատեսությամբ: Այդ ճանապարհով գրողը ցանկանում է մարդուն վերադարձնել նրա բնական արժանապատվությունը, նրան մղել դեպի կյանքի բնականոն ընթացքը: Այստեղից էլ ծնվում են Սարոյանի` երբեք չմարող գթասրտությունն ու բարությունը, աներկբա հավատը մարդու հանդեպ, կարևոր հատկանիշներ, որ նրան չլքեցին անգամ ամերիկյան դաժան ռեակցիայի` մակարտիզմի տարիներին (20-րդ դարի 50-ական թվականներ), երբ ամենուրեք տարածվում էին բռնությունը, կասկածամտությունն ու վախը, այնպես, ինչպես ԽՍՀՄ-ում 1930-40-ական թվականներին:
Հավատարիմ հայ ժողովրդի գիտակցության կենսական ակունքներին, Սարոյանը գրականություն բերեց անմնացորդ մարդասիրության և մարդու արժեքի գիտակցության կարևոր գաղափարներ` արտահայտելով բարձր, հոգևոր խոր հավատ դեպի մարդու մեջ եղած գեղեցիկն ու աստվածայինը:
Որ Սարոյանի ողջ ստեղծագործությունը շնչում է բարությամբ ու մարդասիրությամբ, կարելի է հաստատել նաև վրաց տաղանդավոր գրող Նոդար Դումբաձեի վկայությամբ: Նա խոստովանում էր, որ երբ ինքը գրում էր «Ես, տատիկը, Իլիկոն և Իլարիոնը» վեպը, ամբողջովին գտնվում էր Սարոյանի «Մարդկային կատակերգություն» վիպակի ազդեցության տակ, և իրեն համակել էր սարոյանական անհուն մարդասիրությունն ու բարությունը:2
Դեռևս մ.թ. առաջին դարում Սենեկա Կրտսերը բարությունն ու գթասրտությունը համարում էր այն բարձրագույն առաքինությունը, որին ընդունակ կարող է լինել մարդը: «Անգթությունը,- ասում էր Սենեկան,- ոչ այլ ինչ է, քան գազանաբարոյություն, որովհետև անգութ մարդիկ չարիք են պատճառում ուրիշներին»: Նման չարիքի և գազանաբարոյության արմատները Սարոյանը տեսնում էր թուրքական բռնապետության մեջ, և արյան խտացած հիշողությունն ու զգացողությունն էին արթնանում նրա ներաշխարհում, երբ անդրադառնում էր հայոց բախտի ու ճակատագրի խնդիրներին, երբ հիշում էր իր մեծ մոր` Լուսնթագ Կարաօղլանյանի տխուր հայացքն ու զորավար Անդրանիկի մասին երգը:
«Ես մերժում և ատում եմ բռնությունը, սուր կերպով ատում եմ բոլոր նրանց, ումից այն սկիզբ է առնում, ովքեր գործադրում են այն: Անարդարությունը, կենդանի մարդու մատն անգամ ցավեցնող դաժանությունը ես ավելի սարսափելի և կործանարար եմ համարում, քան մարդու բնական մահը»,3 – գրում է Սարոյանը:
Հենց նման անարդարության ու բռնության դեմ էին զենք վերցրել անձնազոհ ֆիդայիները, որ տարիներ շարունակ, տնից ու տեղից կտրված, պայքարում էին հայ ժողովրդի դահիճների դեմ:
Սարոյանը մանկական տարիներից իսկ լսել էր ֆիդայիների և նրանց առաջնորդ Անդրանիկի մասին, որին էլ հետագայում նվիրեց «Հայոց Անդրանիկը» գողտրիկ պատմվածքը:
Հայտնի է, որ զորավար Անդրանիկի մասին ստեղծվել են հարյուրավոր երգեր, ժողովրդական ավանդապատումներ, ասքեր, գրվել են վեպեր, վիպակներ ու պատմվածքներ: Սարոյանը ևս անդրադարձավ մեծ հայրենասերի կերպարին` հիշողության ծալքերից դուրս հանելով մանկական տպավորությունները, ներկայացնելով զորավարի կյանքի դրվագներից մեկը: Պատմվածքը տեղ չի գտել գրողի քառահատորյակում: Այն տպագրվել է «Սովետական գրականություն» ամսա­գրի 1987 թ. 4-րդ համարում (թարգմանիչ՝ Վանիկ Ավետիսյան):
Ինչպես առանձին գործերում, այստեղ ևս Սարոյանը դիմում է հուշագրությանը և պատումը զարգացնում առաջին դեմքով, ստեղծում հավաստիության պատրանք, արծարծում հասարակական կյանքին, պատերազմին և խաղաղությանը վերաբերող զանազան հարցեր:
Պատմվածքում երևում են Ամերիկա ներգաղթած հայերի ծանր ճակատագրի, ապրելու և գոյատևելու դժվարին խնդիրները լուծելու վերաբերյալ մարդկանց խոհերն ու մտորումները: Նրանց հոգեկան դրաման արտահայտվում է ամենօրյա մաքառումներով և գոյության կռվում դիմանալու դժվարին դեգերումներով: Սարոյանը չի հորինում, այլ ստեղծում է տեսածի ու ապրածի կոնկրետ պատկերներ, ռեալ հանգամանքներ, մարդկային ճակատագրի ներքին բախումներ: Նա կարողանում է վարպետորեն ներկայացնել ու կոմպոզիցիոն շրջանակի մեջ առնել մարդկանց հետ կատարված որևէ դեպք, հոգեբանական շրջադարձ, դրամատիկական պահ, խոստովանանք, խորհրդանշական դիպված և դրանց միջոցով ստեղծել այս կամ այն երևույթի ճշմարիտ պատկերը:
Այս փոքրիկ պատմվածքը գրողի հոգու խորքում տարիներ շարունակ անթեղված, ապա միանգամից բոցկլտացող ամենատարբեր զգացմունքների գեղարվեստական խտացումն է, որ ներառում է ընտանիք, տոհմ, ազգ ու ժողովուրդ և հանգում ընդհանուր մարդկության գոյության իմաստի փիլիսոփայական խորհրդածությունների:
Յոթ տարեկան երեխայի` Վիլլիի հիշողության ծալքերում տպավորվել էր տատի թախծոտ երգը քաջ Անդրանիկի մասին, և նրա երևակայությունն ստեղծել էր «սպիտակ նժույգը հեծած, մի բուռ զինվորներով» թուրքերի դեմ մարտնչող հայ քաջորդու առյուծատիպ կերպարը, որ հեքիաթի հերոսի պես անպարտելի էր:
Պատմվածքում մեր ժողովրդի մոտիկ անցյալի իրադարձությունների բուն իմաստը «բացվում է» փոքրիկ տղայի հայացքով, որ աստիճանաբար ստանում է առինքնող կենդանություն, ընթերցողի հոգին լցնում ցավով, ափսոսանքով ու կարոտով: Նույնիսկ հայերեն չիմացող մանչուկը, որ հետագայում պիտի դառնար մարդասիրության ու բարու առաքյալ, շրջապատի մարդկանց թախծոտ դեմքերից, տխուր զրույցներից և տատի զայրացկոտ հեծկլտացող երգերից նախ` պիտի հասկանար հայերեն բառերի իմաստը, ապա տարակուսեր, ու նրա հոգում ծնվեին բազմաթիվ հարցականներ, թե ինչ-որ «մի տեղ մի բան սխալ է այս աշխարհում», այլապես տատը ինչո՞ւ պետք է երգեր լացակումած ու թախծոտ, սգավոր կնոջ պես:
Սարոյանը թեև բացահայտ չի խոսում կարոտի մասին, բայց մենք հասկանում ենք, որ պատմվածքի ամենաէական հարցադրումներից մեկը աշխարհում տիրող անարդարության հետևանքով հային դարեր շարունակ տառապանք պատճառող կարոտի անմարելի զգացումն է: Երևի աշխարհի ոչ մի ժողովուրդ չունի նման տարողունակ բառ, որտեղ խտացված լինեն մարդու ցավն ու տառապանքը, հոգու տվայտանքը նահատակված կամ պանդուխտ հարազատի, այրված օջախի, կորցրած հայրենիքի հանդեպ: Կարոտը մի անբացատրելի զգացում է, որ գալիս է դարերի խորքից և միս ու արյուն է դարձել հայ մարդու համար, դարձել նրա էությունը, մտքի և սրտի անբաժանելի մասը: Կարոտը հոգու խորքից ելնող տխուր ղողանջն է, որ լսվում է աղեկտուր թառանչով ու կողկողանքով և նույնիսկ ֆիզիկական ցավ պատճառում:
Սիրո և կարոտի անմարելի զգացումը արտահայտվեց նաև այն ժամանակ, երբ «մեր օրերի անթագ արքա» Անդրանիկը ժամանեց Ֆրեզնո և հանդիպեց հայրենակիցներին: Պատանուն թվում էր, թե զորավարը կախարդական մագնիսի պես դեպի իրեն էր ձգել աշխարհի բոլոր հայերին, որոնք եկել հավաքվել էին Կալիֆորնիայի «Հարավ-խաղաղօվկիանոսյան» կայարանում` դիմավորելու համար սիրելի զորավարին: Կարոտ կար նրանց հայացքում, շարժուձևում, արտասանած բառերում. կարծես այդ օրերին կարոտի և հույսի աղավնին էր թևածում ամերիկահայերի երկնակամարում: Եվ քանի որ Անդրանիկը «հայոց կուռքն» էր, ուստի՝ նրա հայտնվելը հաշտություն է բերում միմյանց հետ վատ հարաբերությունների մեջ գտնվող հայերին, որոնք տեսել էին զորավարին և երջանիկ էին դրանով: «Նրան փայփայելով և սիրելով, ինչպես ոչ մեկին այս աշխարհում, հայերը զորավարին նստեցրին մեծ, շքեղ «կադիլլակը» ու տարան»4,- գրում է Սարոյանը:
Երբ Անդրանիկն այցելում է Սարոյանի փաստաբան քեռուն, վերջինս անչափ ջերմությամբ ու սիրով է ընդունում նրան և հուզմունքից արտասվում: Քեռին հոգեպես կապված էր զորավարի հետ և սիրում էր նրան հարազատ եղբոր նման, կարծես նրա միջոցով «մի ամբողջ կորուսյալ ազգի, միլիոնավոր նահատակների» կարոտն էր առնում, որոնց անմարելի հիշատակը չսպիացող վերք էր նրա տարագիր սրտում: «Ես նույնպես քեռուս պես վեր թռա տեղիցս,- շարունակում է Սարոյանը,- սիրեցի Անդրանիկին, այդ հանճարեղ մարդուն, որ հիմա մնացել էր ձեռնունայն` էժանագին ու եղծված խաղաղությամբ լի մի աշխարհում, մի աշխարհ, որտեղ նրան էլ, ինչպես իր ժողովրդին, խոստումներ էին տվել ու դավաճանել, և Հայաստան աշխարհից տխուր վերհուշ էր մնացել միայն»:5
Աշխարհի չար ու բարուց դեռևս ոչինչ չհասկացող մանուկը տարիներ հետո պիտի խորհեր Անդրանիկի տխուր աչքերում արտահայտված թախծի շուրջ և ըմբռներ, որ զորավարի հուսահատ ու ընկճված կերպարանքը շատ խոր պատճառներ ուներ: Անդրանիկի և քեռու կենսասեր բնավորությունը թաթախված էր անդառնալի տխրությամբ ու ցավով, որն աստիճանաբար վերածվում էր արցունքի և քամվում դառնությունների բովով անցած փաստաբանի աչքերից:
Խոր թախիծ կա Սարոյանի պատմվածքում, և այդ թախիծը գալիս էր հայի ճակատագրից, դարասկզբին Բիթլիսից Ամերիկա տեղափոխված հայ ընտանիքի առօրյա կյանքից ու հոգսերից, մի ընտանիք, որ անխաթար էր պահել հայրենի երկրի վարքն ու բարքը, կենցաղն ու ավանդույթները, այսինքն` ոգին, որով օվկիանոսից այն կողմ հայը հայ էր մնում և դեռ հեռու էր ուծացման ահավոր վտանգից: Այդ թախիծը գալիս էր Սարոյանի մանկությունից ու պատանեկությունից, տատի լուսավոր կերպարից, որը Ֆրեզնո քաղաքում էլ դարձյալ ապրում էր ծննդավայրի հիշատակներով և ուներ իր առանձին հավատն ու աստվածը: Հենց այս հավատավոր Մեծ մորից էլ թոռանն էր անցել արյան հիշողությունը, որին հետագայում գումարվել էին կյանքի դառը դասերն ու ծանր կենսափորձը:
Պատմվածքի կարևոր հարցադրումներից մեկը պատերազմների դատապարտումն է: Սարոյանը պատերազմը համարում է խելագարություն, խաբեություն և անեծք, որովհետև «նրա բոցերում այրվում է ամենաթանկ բանը` մարդկային կյանքը»: Գրողը համոզում է, որ պատերազմը ուրախություն չի կարող բերել անգամ հզոր, նույնիսկ հաղթող ազգերին, որովհետև նման իրավիճակում մարդիկ ստիպված են քայլել դժոխքի ճանապարհով, իսկ արդյունքը մշտապես մահն է: «Մի՞թե մարդիկ սպանելուց բացի ավելի լավ բան չեն սովորել, – խորհրդածում է Սարոյանի հերոսը և ավելացնում,- մի՞թե միլիոնավոր մանուկներ կոտորելով է միայն, որ մարդ արարածը իրեն ուժեղ պիտի զգա»:6
Պատերազմները բացառելու համար անհրաժեշտ է, որ մարդիկ չհանգցնեն մարդուն գազանից տարբերող հոգու սրբազան կրակը` եզրակացնում է գրողը և հաստատում այն ճշմարտությունը, որ սերն անմահ է, իսկ ատելությունը մեռնում է ամեն վայրկյան, ուրեմն ինչո՞ւ Աստծուց անիծված պատերազմներն ու արհավիրքներն են թագավորում երկրի վրա և ոչ թե մաքրությունը, արդարությունն ու մարդկային խիղճը:
Սարոյանը սթափ հայացքով է նայում տեղի ունեցած զանազան դեպքերին, քննում է դրանց էությունը և դատապարտում «աշխարհի խառնակիչներին», ովքեր անարդարացի վարվեցին մեր «անտիկ ցեղի» նկատմամբ: Նա համեմատության եզրեր է տեսնում Անդրանիկի և անգլիացի գրող Լոուրենս Արաբացու միջև, միայն այն տարբերությամբ, որ եթե վերջինս խորամանկ դիվանագետ էր, ապա Անդրանիկը միայն կռվող քաջ զինվոր էր և միամտաբար հավատում էր մեծ տերությունների խոստումներին, որոնք էլ բախտի քմահաճույքին հանձնեցին մի հինավուրց ժողովրդի հետագա ճակատագիրը:
Թեև Սարոյանի կյանքն ու գործը, նրա ողջ ստեղծագործությունը բարության մարմնացում են, այնուամենայնիվ, դա չի նշանակում, թե նա քրիստոնեական բարության քարոզիչ է: Բարության և ազնվության ջատագով գրողը միաժամանակ չարիքի և անարդարության թշնամին է և իր ստեղծագործություններում մշտապես պաշտպանում է այն գաղափարը, որ բարու ճանապարհին հանդիպած ամեն մի չար ու չարություն պետք է անխնա ոչնչացնել: Չարության և անարդարության դեմ պայքարելու վճռականությունն էր, որ ոտքի էր հանել անձնազոհ ֆիդայիներին ու նրանց առաջնորդին, որոնք բիրտ ուժի դեմ մղում էին ինքնապաշտպանական մարտեր հանուն ազգի արժանապատվության ու ցեղի հետագա գոյության:
Եթե Սարոյանի ողջ ստեղծագործությունը պայմանականորեն ընդունենք որպես չարի և բարու պայքարի գեղարվեստական արտացոլում, ապա այս պատմվածքում ևս դատապարտված է այն բիրտ ուժը, որը դարեր ի վեր շեղում է մարդկային կյանքն իր բնականոն հունից և Արարչի ստեղծածին մղում դեպի Գողգոթա:
Պատմվածքում խոհեր ու դառը մտորումներ կան հայրենիք կոչված բարդ երևույթի մասին: Սարոյանի կարծիքով, հայրենիքը կազմված է տասնյակ ու տասնյակ առարկաներից ու երևույթներից, այդ թվում` սիրո սաղմից, լեզվի կարկաչից, սրտի և հոգու երգից, գոհաբանական աղոթքներից, ուրախությունից ու վշտից, այլ խոսքով` հայրենիքը ոգեղեն կանչն է, արյան վերհուշը, որ այնպես ջերմորեն կապում է մարդուն իր հող ու ջրին, հայրենի հիշատակներին, ուրեմն պետք է երկրպագել նրան սրբազան սեղանի առջև:
Սարոյանն ուրախանում և հպարտանում է իր փոքրիկ Հայաստանով, սակայն զգում է, որ տխուր է հայրենի հողը, Հայաստանի դեմքին թախիծ կա, որովհետև գրողի մտապատկերում գծա­գրվում էին ոչ միայն Անդրանիկի լուռ կերպարանքը, որ «վաղուց, շատ վաղուց զրուցում էր քեռուս հետ», այլև «Զորավարի դուրս գալուց հետո` քեռուս արցունքները, փոքրիկ տղեկի պես նրա ցավից ծռմռված շուրթերը…»:
Այսպիսով, այս պատմվածքը մեկ անգամ ևս հաստատում է, որ հայ ժողովրդի մեծանուն զավակի տեսադաշտում մշտապես եղել են Հայաստան աշխարհի դարավոր ցավն ու վիշտը, նրա ճակատագրի վայրիվերումները, նրա անձնվեր զավակների մաքառումները և հավատը լավագույն ապագայի հանդեպ:
————————
1. Տե՛ս Ա. Կամյու, «Օտարը», Երևան, 1994, էջ 52:
2. Տե՛ս Ն. Դումբաձե, Ընտիր երկեր, հ. 2, Երևան, 1987, էջ 505:
3. Վ. Սարոյան, Ընտիր երկեր, հ.4, Երևան, 1991, էջ 421:
4. «Սովետական գրականություն», 1987 թ., թիվ 4, էջ 126:
5. Նույն տեղում, էջ 128:
6. «Սովետական գրականություն», 1987, թիվ 4, էջ 128:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.