ԴՈՄԻՆԻԿՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՔՐԻՍՏԱՓՈՐ ԿՈԼՈՒՄԲՈՍԸ / Աելիտա ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆ

ScanԿոլումբոսը (նրան իսպանացիները կոչում են Քրիստոբալ Կոլոն) Նոր աշխարհը հայտնագործեց ոտք դնելով այն կղզու վրա, որի տարածքում այժմ կան երկու պետություններ՝ Դոմինիկյան Հանրապետությունն ու Հաիթին: Իր երեք այցելությունների ժամանակ խիզախ ծովագնացը այդ մեծ կղզում, որը Կարիբյան ծովի և Ատլանտյան օվկիանոսի ջրերով է ողողված, հիմնեց մի շարք քաղաքներ: Ես աղջկաս հրավերով մեկնում եմ Դոմինիկյան Հանրապետության մայրաքաղաք՝ Սանտո Դոմինգո, և այնուհետև հանգստանում Բայաիբե ծովափնյա խիստ հարմարավետ և ժամանակակից լողափում:
Սանտո Դոմինգո մայրաքաղաքն իր անվանումը ստացել է դոմինիկյան միաբանության ներկայացուցիչ Սուրբ Դոմինգոյի անունից: Քաղաքը հիմնել է Կոլումբոսը, որտեղ 1502 թվականին նրա որդին՝ Դիեգոն, կառուցում է երկհարկանի պալատ: Այսօր այդ պալատը հիանալի թանգարան է. այն գտնվում է լայնարձակ Իսպանիա հրապարակի վրա: Պալատը մանրամասն դիտում ենք, և ես գիտակցում եմ, որ հենց այդ շենքը և նրա հինավուրց կահավորանքը տեսնելու համար արժե այցելել Սանտո Դոմինգո: Քաղաքը բաժանված է 2 մասի՝ գաղութային ժամանակների և նոր: Գաղութային ժամանակների Սանտո Դոմինգոն ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտպանության ներքո է: Առաջին օրը ձիակառքով շրջում ենք քաղաքի այդ մասում, որ հետո քայլելով ուսումնասիրենք կարևոր տեսարժան վայրերը: Իսկ դրանք շատ են: Ապրում ենք 2 հյուրանոցներում: Առաջինը հենց քաղաքի գլխավոր հրապարակի վրա է, որի կենտրոնում փառահեղորեն կանգնած է Կոլումբոսի արձանը: Երկրորդը՝ Կոլումբոսի ժամանակների կուսանոցի շենքում է, ուր ամեն ինչ վերականգնված է այն ժամանակների համեմատ՝ և՛ թանգարան է, և՛ հյուրանոց. հին քարտեզներ, խաչերով մետաղյա մահճակալներ, միջնադարյան ճաշարան, հին ճրագավառներ և այլն:
Սանտո Դոմինգոյում ամեն ինչ կապված է Կոլումբոսի անվան հետ, ինչպես Վիեննայում՝ Մոցարտի: Գաղութային քաղաքը շատ մաքուր է, մի բան, որ չէի ասի քաղաքի նոր հատվածի բոլոր թաղամասերի մասին: Մարդիկ շատ բարյացակամ են և իսկույն հասկանում են, որ օտարներ ենք, ու հարցնում են, թե ո՞ր երկրից ենք: Ի զարմանս մեզ՝ գիտեն Հայաստանի մասին, նույնիսկ նշում են, թե Քիմ Քարդաշյանի հայրը հայ է: Մի տեղացի հայտնում է, թե գաղութային մասում հայերն ունեն 2 շատ լավ խանութ և աշխույժ առևտուր են անում:
Դոմինիկյան Հանրապետության պետական լեզուն իսպաներենն է, և նրանում նկատելի է որոշ ֆրանսերեն բառերի գործածություն: Աղջիկս խոսում է իսպաներեն՝ հեշտացնելով մեր հաղորդակցումը տեղացիների հետ: Հետաքրքիր ճարտարապետություն ունի հին Սանտո Դոմինգոն: Այստեղ է կառուցվել ողջ Ամերիկյան մայրցամաքի առաջին կաթողիկե եկեղեցին, որը 1540 թվականից առ այսօր կանգուն է և բավականին տպավորիչ չափեր ունի: Եկեղեցին չի վնասվել ո՛չ երկրաշարժերից և ո՛չ էլ ծովահենների հարձակումներից: Վերջիններիս հարձակումներից պաշտպանվելու համար Սանտո Դոմինգոյում կառուցվել է հատուկ ամրոց-դիտակետ, հետագայում դարձել բանտ, իսկ հիմա թանգարան է:
Մայրաքաղաքում կա երկրի նշանավոր մարդկանց պանթեոնը՝ նոր կլասիցիստական ոճով կառուցված հին եկեղեցու շենքում: Պանթեոնի կենտրոնում զինվորը պատվո պահակ է կանգնած և այնքան անշարժ է, որ թվում է, թե մոմե արձան է: Պանթեոնի մուտքի մոտ խոշոր տառերով գրված է. «Պահպանե՛ք լռություն. սա սրբազան վայր է», իսկ պանթեոնի խորքում վառվում է անմար կրակը: Ուշագրավ է, որ գրանիտե գերեզմանաքարերի մեծ մասի տակ դեռ թաղված մարդիկ չկան, ինչպես նաև պատերի որոշ հուշատախտակների վրա դեռ անուններ գրված չեն: Պանթեոնի կողքին սպիտակ գեղեցիկ կնոջ արձան է. դա Դիեգո Կոլումբոսի կինն է՝ Մարիա դե Տոլեդոն, իսպանական ազնվական ընտանիքի անդամ: Այդ կինը Սանտո Դոմինգոյում կառուցել է տվել առաջին փողոցը, որը մինչև հիմա կոչվում է Կանանց փողոց: Իսպանուհիները երեկոները ճեմում էին այդ փողոցում: Սանտո Դոմինգոյում շատ հպարտ են Ազգային ակադեմիայով: Մենք թույլտվություն ենք ստանում և շրջում ակադեմիայի ներսում: Այցելում ենք նաև ազգային պատմության թանգարան, ուր հենց սկզբնամասում ներկայացվում են այն ծովագնացները, որոնք հայտնագործել են Ամերիկայի տարբեր մասերը: Նաև ներկայացվում է, թե ինչ դաժան ձևերով են Աֆրիկայից սևամորթներին տեղափոխել Ամերիկա և օգտագործել որպես ստրուկներ: Հետագայում՝ Նապոլեոն Բոնապարտի ժամանակ, կղզին գրավում են ֆրանսիացիները, սակայն 1844 թվականին Պաբլո Դուարտեն, մի շարք հեղափոխականների գլուխ անցած, ազատագրում է կղզու մեծ մասը ֆրանսիական 22 տարի տևած լծից, և սկսվում է Դոմինիկյան Հանրապետության վերելքը: Սանտո Դոմինգոյի մոտ է գտնվում ազգային զբոսայգին, որում ստորգետնյա 4 լճեր կան և շատ գեղեցիկ են: Եղանք նաև այդտեղ, ու մեկ լճից մյուսն անցնելու համար նստեցնում են արկղ հիշեցնող լաստանավ, որն առաջ է շարժվում օդում ձգվող պարանները քաշելով: Ոմանք վախենում են նստել այդ լաստանավը, որովհետև չնայած ճանապարհը կարճ է, բայց խորքում մթություն է: Մինչդեռ մթությունից հետո ընկնում ես մի զարմանահրաշ լճի մոտ, ուր և՛ լույս է, և՛ գեղեցիկ բուսականություն, և՛ կենդանական աշխարհ: Տարբեր հանգստյան տներից գալիս են միայն Սանտո Դոմինգոյի ազգային զբոսայգին տեսնելու:
Հետո մեկնում ենք Բայաիբե: Քանի որ եղել եմ Կարիբյան ավազանի մի քանի երկրներում՝ Կուբա, Մեքսիկա, Խաղաղ օվկիանոսի Հավայան կղզիներում, Ռիո դե Ժանեյրոյի Իպանեմա լողափին, ապա մտովի սկսում եմ համեմատություններ կատարել և համոզվում, որ լողալու ու հանգստի համար առավել հարմարավետ է դոմինիկյան այս ծովափը: Սպիտակ ավազ, ծղոտե հովանոցներ որքան ուզես, հարմարավետ պառկելու բացվող աթոռներ ու մաքուր, բավական հանդարտ ջուր և ամենուր բացառիկ մաքրություն:
Բայաիբեի հանգստյան տանը կան տարբեր ազգերի հանգստացողներ՝ պորտուգալացիներ, իսպանացիներ, իտալացիներ, չիլիացիներ, բրազիլացիներ, ֆրանսիացիներ, ամերիկացիներ, կանադացիներ և ահավոր շատ ռուսներ: Էքսկուրսավարներն ու մարզիչները խոսում են իսպաներեն, ֆրանսերեն, անգլերեն, գերմաներեն, իտալերեն:
Ծովում մարմնամարզություն կազմակերպող սևամորթ, ճարպիկ ու եռանդուն մարզիչն յուրօրինակ ժողովուրդների բարեկամություն է իրականացնում՝ վերջում հարցնելով, թե ով որ երկրից է: Ես և աղջիկս ասում ենք՝ Հայաստանից: Երբ մենք բաժանվում ենք, պորտուգալացի տղամարդկանցից մեկն աղջկաս ասում է, թե երջանիկ է առաջին անգամ հայի հանդիպելու համար, որովհետև իր երկիրը շատ է սիրում ու պարտական է Գալուստ Գյուլբենկյանին՝ նրա բարօրության համար:
Բայաիբեի հանգստյան տանն ամենուրեք գրված է. «Այստեղ մոռացե՛ք Ձեր հոգսերն ու անհանգստությունները: Ապրե՛ք ներկայով»: Հանգստյան տանն ամեն երեկո կազմակերպվում են համերգներ և ներկայացումներ: Դրանք բարձրակարգ են: Օրինակ՝ Կառլոս անունով մի երիտասարդ աճպարար այնպիսի համարներ ցուցադրեց, որոնք ես տեսել էի Լաս Վեգասում: Կա թատրոն, որում դարձյալ ամեն օր ներկայացումներ կան:
Դոմինիկյան Հանրապետության բնակիչների 90 տոկոսը սևամորթ է՝ մի քիչ բաց և մուգ սև: Երբեմն տեսնում ես լրիվ եվրոպական դիմագծերով սևամորթի, և հաճելի է, որ գոյություն չունի ռասայական խտրականություն:
XX դարի 70-ականների վերջին մի ամերիկացի որոշում է իտալական Տոսկանայի գյուղերի օրինակով գյուղ կառուցել: Այն Ալտոս դե Շվոնի մոտ է և հանգստի գեղեցիկ վայր է՝ շատրվանով, գյուղական եկեղեցիով և, ամենակարևորը, բացօթյա հռոմեական թատրոնով, որտեղ համերգներ են տվել Ֆրենկ Սինատրան և Մայքլ Ջեկսոնը: Այդ վայրին մոտ՝ Կասա դը Կամպոյում, կան շատ շքեղ առանձնատներ, որոնց տերերը բացառապես օտարերկրացիներ են: Այդտեղ շքեղ առանձնատուն ունի երգչուհի Շակիրան:
Դոմինիկյան Հանրապետության դրոշը տպավորիչ է՝ կապույտ ու կարմիր գույները բաժանված են սպիտակ խաչով: Թեպետ այս պետությունը հարուստ չէ, սակայն անհամեմատ ապահով է Հայիթիից: Դոմինիկյան Հանրապետության կարգախոսն է. «Ով չի աշխատում, նա չի ուտում»: Միջին քաղաքացին ստանում է 200 դոլարին համեմատ աշխատավարձ և շատ համեստ է ապրում: Ուսուցիչը ամսական ստանում է 500 դոլարին համարժեք պեսո, իսկ դասախոսը՝ 1000 դոլարին: Կրթությունը խիստ հարգված է: Պետական նպաստներ չկան, կենսաթոշակ ստանում են միայն աշխատած մարդիկ:
Ուսումը կրթության բոլոր օղակներում ձրի է. սա վերաբերում է նաև բարձրագույն կրթությանը:
Կան գյուղեր, որոնք մինչև հիմա չունեն էլեկտրականություն: Չնայած ոչ հարուստ երկիր լինելուն՝ չտեսանք մուրացիկներ:
Մինչև ֆրանսիացիների գալը՝ XVIII դարի վերջին, իսպանացիները բոլոր ծույլ ստրուկներին աքսորում էին կղզու արևմտյան հատվածը, ուր հիմա Հաիթին է:
Դոմինիկյան Հանրապետությունն ունի ոսկու, արծաթի, նիկելի հանքեր: Միակ կղզին է աշխարհում, որ ունի գեղեցիկ լարիմառ կոչվող կիսաթանկարժեք երկնագույն քարը, որից պատրաստում են ոսկու և արծաթի վրա դրված հետաքրքիր զարդեր: Մերձբալթիկայի սաթի նման կա նաև այստեղ, որով շատ պարծենում են: Նավթը ներմուծում են Վենեսուելայից և Մեքսիկայից:
Երկրում արտադրվում է հիանալի շոկոլադ՝ տեղական հումքի հիման վրա:
Երկիրն արտահանում է շաքար և արևադարձային մրգեր՝ բանան, անանաս, գուավա, մանգո, նաև տեղում արտադրվող սիգար: Սիգարի արտադրությունն այստեղ հիմնել են կուբայական հեղափոխությունից փախած հարուստները, և այն բավականին թանկ ծխախոտի տեսականի է, և գնում են զբոսաշրջիկները: Սակայն Դոմինիկյան Հանրապետության ամենակարևոր հարստությունն իր լողափերն են, որտեղ միայն անցյալ տարի հանգստացել է 6 միլիոն մարդ: Հանգստյան ամենանշանավոր կենտրոնը Պունտա Կանան է, որը կոչվում է զբոսաշրջության Մեքքա:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.