ԱՐԴԻ ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՐԳՄԱՆՉԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԸ ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ / Ագապի ՄԿՐՏՉՅԱՆ

-1-

Վերջերս Ավստրիայում լույս է տեսել

«Armenische Lyrik der Gegenwart

Von Jerewan  nach Tsaghkadsor«

(Արդի հայ քնարերգություն

Երևանից Ծաղկաձոր) անթոլոգիան:

Գիրքը հրատարակվել է edition art science հրատարակչության կողմից: Հայերենից գերմաներեն թարգմանությունը կատարել է Վանուհի Վահանյանը, իսկ գերմաներեն բանաստեղծությունները մշակել է Ռեգինա Հիլբերը:

Անշուշտ չափազանց գովելի է այն փաստը, որ վերջին տարիներին բազում հայ թարգմանիչներ իրենց գործունեությունը նվիրել են թարգմանչի դժվարին, սակայն նաև խիստ կարևոր և ազգանվեր աշխատանքին: Այո, ժամանակն է քաջալերել ինչպես հայ, այնպես էլ օտարազգի ամեն մի թարգմանչի, ով փորձում է իր լուման ներդնել այս՝ հայանպաստ ու մշակութանպաստ գործում: Եվ այո,  ժամանակն է, որ հայ գրական մշակույթը արժանավույնս ներկայացնենք օտարազգի խստապահանջ ընթերցողին:

Սակայն, ցավոք,  կան թարգմանիչներ, ովքեր՝ կրելով թարգմանչի բարձր կոչումը, այնքան էլ չեն գիտակցում իրենց կոչման  լրջությունը, միաժամանակ երկու ազգերի գրական մշակույթի դեսպանը լինելու մեծ պատասխանատվությունը: Այդպիսով նրանք ուղղակիորեն վարկաբեկում են ոչ միայն թարգմանչի բարձր կոչումը, այլ նաև հայ գրական արժեքները:

Դա անթույլատրելի է, և  հատկապես այսօր, երբ առավել, քան երբևէ յուրաքանչյուրիս առաջնահերթ խնդիրը պետք է լինի Հայաստան աշխարհը ներկայացնել ոչ միայն որպես մի երկիր, որը  հարուստ է իր եկեղեցիներով, խաչքարերով, հին ձեռագրերով, իր գողտրիկ բնությամբ, իր անկրկնելի ավանդական խոհանոցով, հյութեղ մրգերով և արևահամ գինով ու կոնյակով: Ժամանակն է, որպեսզի համայն աշխարհին  կարողանանք ներկայացնել նաև մեր հարուստ գրական ժառանգությունը:

-2-

Բայց այս արդիական հրատապությունը  չի նշանակում, որ ամեն պատահական անձ՝ ինքնակոչելով իրեն թարգմանիչ,  խայտառակի մեր հայ բանաստեղծներին, ինչպես վերոհիշյալ գրքում է արված:

Բոլորիս էլ քաջ հայտնի է, որ թարգմանչական աշխատանքում միշտ էլ հնարավոր են վրիպումներ և որ դրանց նկատմամբ պետք է ներողամիտ լինել:

Սակայն այն սխալները և անճշտությունները, որոնք թույլ են տրված սույն անթոլոգիայում, նրանք աններելի և անթույլատրելի են:

Հնարավորինս մանրակրկիտ ուսումնասիրելով վերոհիշյալ գրքում զետեղված հայերեն և գերմաներեն բանաստեղծությունները, կարելի է միայն եզրակացնել, որ գերմաներեն բանաստեղծությունները ոչ միայն չեն համապատասխանում պրոֆեսիոնալ  թարգմանության պահանջներին, այլև  նրանք իրավունք չունեն կրել  «պոեզիա« անունը:

Այժմ փորձեմ ընթերցողին ավելի մոտիկից ներկայացնել անթոլոգիայի թարգմանչական թերությունները:

Նախ նշեմ, որ թարգմանության թերություններին վերաբերող իմ քննադատությունը կարելի է բաժանել ամենաքիչը հինգ մասի:

Իհարկե, մեկ հոդվածում անհնար է քննարկել այն բոլոր թերությունները, որոնք ցավոք առկա են սույն գրքում:  Այդ իսկ պատճառով ցանկանում եմ անդրադառնալ միայն որոշակի առանցքային խնդիրների:

Նախ փորձենք հասկանալ, թե ի՞նչն է կարևոր, ավելի շուտ՝ անփոխարինելի, թարգմանչի աշխատանքում, ի՞նչն է «ճակատագրական« դեր խաղում տվյալ ստեղծագործությունը օտարազգի խստապահանջ ընթերցողին մատուցելիս:

Պատասխանը մեկն է՝ հայերենից  օտար լեզու ճիշտ և պրոֆեսիոնալ տողացի   թարգմանությունը, որը սույն գրքում գրեթե առկա չէ․ շատ հաճախ հայերեն բանաստեղծությունները  աղավաղվել են իրենց բովանդակությամբ և իրենց «ոճական-պոետիկ« պատյանի մեջ:

Ահավասիկ կոնկրետ օրինակներ.

-3-

Արտեմ Հարությունյանի «Կերպարանափոխություն»  բանաստեղծ-ության մեջ

 «․․․որ մենք դեռ սպասում ենք լռակյաց Արարչի հեկեկոցին» տողը թարգմանվել է

«․․․ dass wir noch warten auf das Schluchzen des Herrn»:

«Արարիչ» բառը  գերմաներեն ոչ թե «der Herr» – ն է, այլ՝ «der Schöpfer»,

և գերմաներեն  «լռակյաց»  բառը չի թարգմանվել:

«Շրջափակման մրոտ հրեշտակը»  բանաստեղծության  մեջ «շրջափակում»  բառը թարգմանվել է «Isolation», բայց ճիշտ է՝ «Blockade»-ը:

Կարծում եմ, այստեղ ավելնորդ է քննարկել այդ երկու բառերի իմաստային տարբերությունը:

Նույն բանաստեղծության մեջ  «․․․դեպի կարծեցյալ բարեկեցության կիսաքանդ պողոտան»  թարգմանվել է «…zur halbzerstörten Allee der vermeintlichen Freundschaft», իսկ ճիշտ թարգմանությունն է՝ «․․․des vermeintlichen Wohlstandes»-ը:

«Freundschaft»  նշանակում է «ընկերություն, բարեկամություն»  իսկ «բարեկեցություն»  գերմաներեն նշանակում է «Wohlstand«:

«․․․միկրոֆոնը տալով հերթական ընդդիմության․․․․․․․․․տղերքին»

Թարգմանվել է՝ «…legt das Mikrophon in die Hände der überprivilegierten Jungs……..» ․ «überprivilegiert»  բառն այստեղ ընդհանրապես ավելնորդ է և «ընդդիմություն»  բառի հետ որևէ կապ չունի:

Ճիշտ ձևը կլիներ՝ «legte das Mikrophon in die Hände der ․․․․ Opposition»:

Արփի Ոսկանյանի «Սուտմեռուկ»  բանաստեղծության մեջ «պատմական անարդարություն» բառը  թարգմանվել է «…monumentale Ungerechtigkeit»,

Մինչդեռ պետք է լիներ՝ «historische Ungerechtigkeit«:

 

-4-

Հրաչյա Թամրազյանի «Աղոտ լույսերից օրն է սկսվում»  տողով սկսվող բանաստեղծության մեջ «․․․ անցողիկ սեր իմ»-ը   թարգմանվել է «meine vergebliche Liebe»: Իսկ  «vergeblich»  նշանակում է «զուր»  և ճիշտ է՝ «․․․meine vergängliche Liebe»:

Սոնա Վանի  բանաստեղծության մեջ «հավը»՝ (Huhn) թարգմանվել է «աքլոր»  (Hahn):

Արփի Ոսկանյանի «Հեղինակի մահը»  բանաստեղծությունը քննարկելիս նախ  սկսենք վերնագրի թարգմանությունից:

Այն թարգմանվել է այսպես՝ «Der Tod des Dichters», որը հայերեն նշանակում է՝ «Բանաստեղծի մահը»․ Իսկ «հեղինակ»  բառը գերմաներեն նշանակում է՝ «der Autor կամ der Verfasser»:

Նույն բանաստեղծության մեջ «․․․և մեռած  մեծերը նրա համար ողջերին սեփական փոքրությունը ցուցանելու միջոց են»  թարգմանվել է «und die großen Toten dienen ihm als Mittel um den Lebenden mit eigener Minderwertigkeit vertraut zu machen»․ Այստեղ թուլ է տրված  կոպիտ սխալ, որն անշուշտ գերմաներենին ոչ լավ տիրապետելու արդյունք է:

«Մեռած մեծերը» պետք է թարգմանվի՝ «die verstorbenen Größen« և ոչ թե՝ «… die großen Toten….», որը նշանակում է «… մեծ մեռածները… »:

Նույն տողի մեջ հաջորդում է մյուս կոպիտ սխալը. հայերեն  «փոքրությունը»  թարգմանվել է «Minderwertigkeit», այսինքն՝ «անլիարժեքություն, թերարժեքություն»: Բայց  ճիշտ է թարգմանել՝ «Kleinheit»:

Արամ Թարվերդյանի «Երկիր»  բանաստեղծության մեջ կարդում ենք՝ «առանց դարավոր ցավի», որը թարգմանվել է

«․․․ ohne das historische Leid», իսկ ճիշտ է՝ «… ohne das Jahrhundert währende Leid»: Այստեղ նույնպես ավելնորդ եմ համարում մեկնաբանել «դարավոր»  և « պատմական»  բառերի իմաստային տարբերությունը, որը  նույնպես գերմաներեն լեզվին ոչ բավարար չափով տիրապետելու արդյունք է: Նույն բանաստեղծության մեջ կարդում ենք. «Կամ պարզապես  `շան տղա` խաղում», որը թարգմանվել է՝

-5-

«․․․oder den Hurensohn spielen. »:  «Hurensohn» նշանակում է «բոզի տղա»: Իսկ այստեղ «պարզապես»  բառը գերմաներեն չի թարգմանվել:

Անշուշտ կարելի է անվերջ նման օրինակներ բերել: Բայց սահմանփակվենք այսքանով և անցնենք թարգմանության մյուս թերի խնդիրներին:

Անթոլոգիայում զետեղված համարյա բոլոր բանաստեղծությունների թարգմանության ժամանակ անտեսվել են պոեզիայի բառանձնահատկությունները: Բանաստեղծությունները ամբողջովին օտարացվել են իրենց բնական աղբյուրի, այսինքն` հայերենի լիրիկական ոգուց և շնչից:

Բանաստեղծությունների գերմաներեն թարգմանությունն ընթերցելիս, աչքերիդ առջև մեկը մյուսին հետևում են բառեր և կապակցություններ, որոնք հաճախ՝ սխալ, անհասկանալի կամ աղավաղված են: Եվ չգիտես, արդյոք զարմանա՞ս, թե՞ տխրես այդչափ ոչ գրագետ թարգմանության համար…

Տողերի թարգմանությունն արվել է կամայականորեն, ինչպես «որ պատահի»: Այսինքն՝ գերմաներեն բանաստեղծության տողը չի համապատասխանում հայերենի տողին: Թարգմանչուհին կամայականորեն հայերենի երկու տողը գերմաներենում դարձրել է մեկ տող, կամ՝ հակառակը: Եվ բանաստեղծական զգացողության, ռիթմի և պատկերների մասին խոսելն այստեղ նույնպես ավելնորդ է դառնում:

Թարգմանության մեջ թույլ է տրված ևս մեկ անթույլատրելի սխալ:

Եթե հայերեն բանաստեղծության մեջ կարդում ենք՝ «բիբներս չռված«, այսինքն գոյականը դրված է առաջին տեղում, ապա գերմաներենում դարձել է «չռված բիբներս« (… mit starren Pupillen) կամ «եղունգներս կրծած«

դարձել է «կրծած եղունգներով« (mit zerkauten Fingernägeln):

Ապրել Գերմանիայում, թեկուզ թեկուզ մի քանի տասնամյակ, բոլորովին էլ չի նշանակում տիրապետել գերմաներենին այնքան

-6-

չափով, որը թույլ կտա ստանձնել նման բարձր պատասխանատվություն:

Երբեմն էլ  կամայականորեն հավելվել կամ էլ կրճատվել են հայերեն բանաստեղծության տողերը կամ բառերը, կամ էլ մեկ ամբողջ տող ուղղակի չի թարգմանվել:

Անցնենք կոնկրետ օրինակների:

Արթուր Մեսրոպյանի «մենք երիտասարդ ենք ու ապերջանիկ« տողով սկսվող բանաստեղծության մեջ կան տողերի անհամապատասխանություն: Այսպես՝ գրքի  73-րդ էջում  անտեսվել է բանաստեղծի տողերի կառուցվածքը և հերթականությունը:

  1. «…անտեսանելի ու ազատ դարձած
  2. մինչև ժամը տասնմեկը, մինչև մութը
  3. կոխելը»

Հայերենում այս երեք տողը գերմաներեն թարգմանվել  և դարձել է երկու տող:

  1. «…wir sind unsichtbar und frei bis elf
  2. bis es dunkel wird»   

Կամ՝

  1. «շշմած ճակատներով, բիբներս չռված,
  2. եղունգներս կրծած»

երկու տողը գերմաներենում դարձել է երեք տող

  1. «mit benebelter Stirn
  2. mit starren Pupillen
  3. mit zerkauten Fingernägeln»:

Արտակ Վարդանյանի «Քո գնալուց հետո« տողով սկսվող բանաստեղծության մեջ կարդում ենք․

  1. « Քո գնալուց հետո

                                                     -7- 

  1. Մի խավար –խավար գիշեր իջավ                                
  2.   Տխուր պատերով իմ սենյակում,
  3. Սրտիս մեջ
  4. Լույսի մի շող մնաց
  5. Քո պայծառ- պայծառ հայացքից »:

Ուշադրություն դարձնենք գերմաներենի տողերի հերթականությանը․

  1. «Die düstere Nacht begann
  2. In meinem Zimmer mit traurigen Wänden
  3. Nachdem du gegangen warst,
  4. Dein warmer Blick
  5. Hinterließ einen Lichtstrahl
  6. In meinem Herzen».

Եվս մեկ օրինակ.

Էդուարդ Հարենցի «Այսօր« բառով սկսվող բանաստեղծության մեջ կարդում ենք՝

1.« ավելի քան երբևէ,

  1. ես հետզեհետե սկսում եմ հավատալ
  2. այն սուրբ լեգենդին,
  3. որ նրա որդին »

Գերմաներեն թարգմանությունը՝

1․      «…Mehr als jemals zuvor,

2./3.  beginne ich an die heilige Legende zu glauben,

  1. nach der sein Sohn… »

Փաստորեն հայերենի երկրորդ և երրորդ տողերը գերմաներենում        դարձել են մեկ տող:

 

-8-

Իհարկե, թարգմանիչն ազատ է իր աշխատանքում, որը բառերի սոսկ թարգմանությունը չէ, այլ ստեղծագործական մտքի լուրջ արդյունք է: Սակայն այս դեպքում անթույլատրելի է ոտնահարել ինչպես լեզվական- քերականական -ոճական սահմանները, այնպես էլ՝ քնարերգության գրված և չգրված օրենքները:

Գերմաներեն չեն թարգմանվել հայերեն բանաստեղծությունների  բազում  «և, իսկ, բայց»  շաղկապները:  Սույն գրքում զետեղված գերմաներեն թարգմանված բանաստեղծությունները ընթերցելիս, չգիտեմ ինչու ակամայից հիշեցի Թումանյանի «Կռնատ աղջիկը»  հեքիաթը: Ցավոք, վերոհիշյալ անթոլոգիայում զետեղված բանաստեղծությունների գերակշռող մասին նույնպես վիճակվել է «Կռնատ աղջկա»  ճակատագիրը: Բայց, եթե Թումանյանի հեքիաթն ունի բարի վերջ, և «Կռնատ աղջիկը»  կրկին վերստանում է իր կորցրած թևերը, ցավոք սույն գրքում բանաստեղծությունները  հավերժ դատապարտված են գոյելու առանց իրենց  «և, իսկ, բայց» -երի: Շատ ափսոս!

Այսպես՝ «Կերպարանափոխություն»  բանաստեղծության մեջ կարդում ենք․

«…և հասունացնում էր անհայտ մի մանուկ…,

«…և որին կորցրել եմ երեք հազար տարի առաջ»

Գերմաներեն թարգմանությունը՝

«…ein unbekanntes Kind ausbrütete…»,

«…das ich vor dreitausend Jahren verloren hatte…»

Մեկ այլ տողում կարդում ենք․

«…Իսկ դրսի ծառերը ինձ նկատելով… »:

Գերմաներեն թարգմանվել է առանց «իսկ»- ի:

«…die Bäume bemerken mich und…»

 

-9-

Անահիտ Հայրապետյանի «Ֆրանկֆուրտ Մայնի վրա»  բանաստեղծության մեջ կարդում ենք.

«…իսկ երկիրս հեռվում մնաց… »,

«…իսկ երկիրս անտեր մնաց… »:

Թարգմանվել է առանց «իսկ»- երի

«…meine Heimat ist in der Ferne geblieben…»,

«…meine Heimat ist herrenlos geblieben…»:

Կարծում եմ այստեղ նույնպես հարկ չկա քննարկել քնարերգության մեջ «իսկ, և, բայց, սակայն» շաղկապների կարևորությունը:

Այժմ անցնենք թարգմանության հաջորդ թերությանը․ խեղաթյուրված է հայերեն բանաստեղծություններում «քնարական անձի»  թարգմանությունը գերմաներեն:

Սլավիկ Ավիկ Հարությունյանի «Անքնություն»  բանաստեղծության մեջ կարդում ենք.

«…հեռուստատեսությամբ երեկոյան

հերոսների անուններն են կարդում

ու քո անունը չի հնչում

ուրախանում- հպարտանում ես

քանզի մանուկներին

հերոսներ շատ են պետք

և տխրում ես որ քիչ հետո

պիտի կարդան զոհվածների

անունները և – քո

անունը

այնտեղ էլ չի լինելու

հաշտված

-10-

հեռանում ես… »:

Ահավասիկ գերմաներեն թարգմանությունը․

«…abends im Fernsehen

listet man die Namen der Helden auf

meinen Namen aber nicht

ich freue mich und bin einfach stolz

weil die Kinder Helden brauchen

traurig bin ich

wenn etwas später

die Namen der Gefallenen aufgesagt werden

denn mein Name wird

auch dann nicht erwähnt,

ich akzeptiere es

gehe weg…»

Պարզվում է, որ հայերեն բանաստեղծության մեջ

«քո անունը»  գերմաներենում դարձել է «իմ անունը»,

«հպարտանում ես» -ը դարձել է «ուրախանում եմ»,

«տխրում ես» դարձել է «տխրում եմ»,

«քո անունը»  դարձել է «իմ անունը»

«հեռանում ես»-ը դարձել է «գնում եմ, հեռանում եմ»

Եվ այսպես շարունակ:

Այժմ անցնենք հաջորդ թերությանը:

Շատ հաճախ գերմաներեն բանաստեղծության մեջ քերականական ժամանակը չի համապատասխանում հայերեն բանաստեղծության

 

-11-

քերականական ժամանակին, այսինքն այս դեպքում էլ կատարվել  է  ոչ ճիշտ թարգմանություն:

Բերենք օրինակ.

Սոնա Վանի  բանաստեղծության մեջ, էջ 52,  կարդում ենք.

«…ես այդ վայրկյանին

աշխույժ թռչում եմ

գիրկը տատիկիս

չսպասված

շորե գնդակի նման

ու հարցնում կամաց… »

Թարգմանվել է․

«genau dann

sprang ich ihr lebhaft

in die Arme

unerwartet

wie ein Ball aus Stoff

und fragte sie leise…»

Հայերեն «թռչում եմ»-ը գերմաներենում դարձել է «թռա» (sprang),

իսկ «ու հարցնում» -ը դարձել է «ու հարցրեցի» (und fragte):

Նույն բանաստեղծության մեջ մեկ այլ տեղ կարդում ենք.

«աթեիստ քեռիս

ամբողջ ընթացքում

գլուխը ռիթմիկ

տմտմբացնելով

ուսուցչի նման

-12-

կարմիր մատիտով

ինչ որ բաներ է

լրջորեն ուղղում

Ավետարանում

ու

ծիծաղելի

կորացնում է իր

անհավատ հոնքը

հարցականի պես»:

Գերմաներեն թարգմանությունը.

«mein Onkel der Atheist

der die ganze Zeit

den Kopf rhythmisch bewegte

korrigierte streng

wie ein Lehrer

mit dem roten Stift

im Evangelium

und

hob ungläubig

die Augenbraue

wie ein Fragezeichen…»:

Այսպիսով, հայերենում «տմտմբացնելով»  բայը գերմաներենում դարձել է «տմտմբացրեց»  (bewegte), բայց ճիշտ է՝ «bewegend» -ը: Հավելեմ նաև, որ «տմտմբացնել»  բայը չի նշանակում «bewegen», վերջինս նշանակում է «շարժել»: Սրանք տարբեր ոճական հարթակներում են գտնվում:

-13-

Բանաստեզծության մեջ «ինչ որ բաներ է ուղղում»   գերմաներենում դարձել է «ինչ որ բաներ էր ուղղում», իսկ «կորացնում է» բառը  դարձել է՝ «կորացրեց»:

Ասեմ նաև, որ այստեղ բառերի թարգմանությունը ոչ միշտ է, որ համարժեք է հայերենին: Բայց դրա մասին արդեն խոսել ենք:

Թարգմանչուհին նույնպիսի հաջողությամբ անտեսել է հայերեն բանաստեղծությունների կետադրական նշանները՝ բազմակետ, փակագիծ, չակերտ և այլն:

Սկսեմ բազմակետից․

Ռուզան Հովասապյանի բանաստեղծության մեջ (էջ 159) չորս անգամ անտեսվել է բազմակետը, Արտակ Վարդանյանի «Այս ինչ գարուն էր»  տողով սկսվող բանաստեղծության մեջ՝ երկու անգամ, Հրաչյա Թամրազյանի «Հնարավոր է օրերի խորքում նշմարել մարդուն»  տողով սկսվող բանաստեղծության մեջ՝  5 անգամ, այսինքն՝ յուրաքանչյուր քառյակից հետո, իսկ Սոնա վանի «ես եկել եմ․․․»  տողով սկսվող բանաստեղծության մեջ՝ 13 անգամ:

Եվ այսպես շարունակ:

Անտեսվել է նաև փակագիծը․ Սոնա Վանի բանաստեղծության մեջ կարդում ենք «Ես եկել եմ…

ավելի ճիշտ…բերել են ինձ

(գուցե դատարկ չերևալու համար միայն) »:

Գերմաներենում փակագիծն  անտեսվել է:

«ich bin gekommen

oder hat man mich eher

hierher gebracht

vielleicht nur um die Leere auszufüllen

Գերմաներենում պետք է լինի. (vielleicht nur um die Leere auszufüllen):

Կարինե Աշուղյանի «Հոլանդերենի դասեր. ողջույն, քույր իմ, Թրոյ»

-14-

բանաստեղծության մեջ կարդում ենք.

«…ես Կոռտեմարկում և Լանգեմարկում

(Կարճ շուկայում և Երկար շուկայում)

այցելում էի ամենշաբաթյա

տոնավաճառներ… »:

Գերմաներեն թարգմանվել է.

«ich besuchte jedes Wochenende die Jahrmärkte

den Kortemarkt und den Langemarkt…»

Ճիշտ է՝ (den Kortemarkt und den Langemarkt).

Նույն բանաստեղծության մեջ կարդում ենք.

  1. «․․․զարմանալով հայերենն էր սովորում
  2. (նրա զարմանքը՝ ամայ)
  3. ինչպես կարող է գետնատանձը
  4. (հոլանդերեն aardpeer)
  5. կոչվել գետնախնձոր,
  6. իսկ գետնախնձորը (հոլանդերեն aardappel)
  7. կարտոֆիլ կոչվել»:

Գերմաներեն թարգմանվել է.

  1. «․․․dabei lernte sie oft erstaunt Armenisch
  2. ihr Staunen klang:“Amei!“
  3. wie kann eine Erdbirne „aardpeer“ Erdapfel
  4. und der Erdapfel „aardappel“ Kartoffel
  5. heißen? »:

 

-15-

Այստեղ հայերենի 2-րդ,  4-րդ և  6-րդ տողերի փակագիծը գերմաներենում չկա: Բացի դա էլ, գերմաներենում տողերը պարզապես միացվել են միմյանց: Դա ևս անթույլատրելի է:

Անցնենք գրքի մեկ այլ թերությանը․ մի քանի տեղանունների գերմաներեն տառադարձությունը  ճիշտ չէ:

«Արցախ» -ը  դարձել է «Artsakh» , սակայն գերմաներեն ճիշտ և ընդունված է «Arzach»-ը, «Նախիջևան» -ը դարձել է «Nakhichevan», մինչդեռ ճիշտ է «Nachidschewan» -ը:

Եվս մեկ նշում. էջ 189-ում կարդում ենք.

«Ein Nachwort

von Vanuhi Vahanyan»

և հայերեն թարգմանությունը՝ «Վանուհի Վահանյանի նախաբանը»:

Գերմաներեն «Nachwort»-ը հայերեն նշանակում է «վերջաբան»:

Կցանկանայի նաև իմանալ, թե ի՞նչ  գործ ունի Մանե Գրիգորյանի «Գնա ու հետ մի նայիր»  պատմվածքը վերոհիշյալ քնարերգության ժողովածուի մեջ:

Իսկ վերջում թույլ տվեք մեջբերել հեղինակների՝ անթոլոգիայի շապիկին զետեղված տեքստը. «Արդյոք կա՞ն այսօր շրջադարձեր, որոնք երկիր են հեղաբեկում, բնաշխարհ կամ գրական ասպարեզ: Այս` իր տեսակի մեջ յուրահատուկ երկլեզու անթոլոգիան նախ և առաջ հենց այդ տեղաշարժն է ոգեկոչում»:

Սույն հոդվածի հեղինակը, համակարծիք լինելով այդ տողերին, իրավունք է վերապահում ավելացնել միայն, որ, այո՝ իր տեսակի մեջ յուրահատուկ այս անթոլոգիան ոչ միայն յուրատեսակ է, այլև աննախադեպ՝ թարգմանչական իր բազում թերություններով…

 

Ագապի Մկրտչյան՝

Վաստակավոր գրող և թարգմանչուհի

 

-16-

Ք․ Վիսբադեն, Գերմանիա

ՀԳ

Ես նամակով դիմեցի անթոլոգիայի «Edition Art Science հրատարակչությանը: Նամակիս մեջ նշելով սույն հոդվածի՝ ընթերցողին արդեն հայտնի թերությունները, ցանկացա միաժամանակ պարզաբանել ևս մեկ հարց, այն է՝ թե ինչպե՞ս կարող է իրեն լուրջ համարող հրատարակչությունը  տպագրել գիրք, որը ոչ միայն պախարակում է իմ հայրենիք Հայաստանի գրական արժեքները, այլև հենց իրեն՝ հրատարակչությանը: Արդյոք կարդացե՞լ են նրանք                                                  գերմաներեն բանաստեղծությունները: Կարծիք կազմելու համար բոլորովին էլ պարտադիր չէ հայերեն իմանալ: Քանզի բավական է միայն բացել  և աչքի անցկացնել անթոլոգիան, և արդեն գերմաներեն լեզվի կրողին, այս դեպքում՝ պարոն Ռայմունդ Բահրին, չեն կարող թերություններն անմիջապես աչքի չզարնել:

Իմ նամակին պատասխանեց անձամբ հրատարակչության տնօրենը` պարոն Ռայմունդ Բահրը (Raimund Bahr): Նա իր նամակում հայտնեց, որ սույն անթոլոգիայի պատասխանատվությունը ամբողջովին կրում են գրքի հեղինակները:

Իսի իմ քննադատական խոսքերի մասին արտահայտվելիս պարոն Բահրը հայտնեց իր շնորհակալությունը, գրքի իմ «գովազդի« համար, ավելացնելով, որ չի լինում վատ քննադատություն, քանզի վատ քննադատությունը ևս լավ գովազդ համարվում:

Մեկ մեկնաբանություն

  1. Դժբախտաբար ես գերմաներեն չգիտեմ,բայց դատելով այս վերլուծությունից-իմ “Անքնությունը” թարգմանչուհին համարժեք է թարգմանել:”ես”-ը դառնում է “քո” մեկ այլ անգամ,ինչը հենց “ես”-ն է,այլ ոչ “ուրիշը”:Երկրորդ-թարգմանություն չի նշանակում բառացի փոխադրում.հնարավոր է նաեւ,որ տողեր կրճատվեն,հնարավոր է եւ “շան տղան” դառնա “բոզի տղա”:Եթե ամեն տողը բառացի թարգմանվի հայերենի “տնաշենի տղան” ռուսերենում կդառնա “сын домостроителя”.հաջորդ -Անահիտ Հայրապետյանի բանաստեղծությունների թարգմանության հետ Վանուհի Վահանյանը ընդհանրապես կապ չունի.Անահիտի բանաստեղծությունները այլ թարգմանիչ է թարգմանել։
    Յուրաքանչյուր թարգմանիչ միաժամանակ նաեւ ինչ-որ տեղ համահեղինակ է.դրա համար էլ նույն տեքստի տարբեր թարգմանություններն էլ տարբեր են.դրա համար էլ հայերենում ունենք նույն Շեքսպիրի նույն տեքստերի տարբեր տարբերակները…ու փառք Աստծու,որ այդպես է:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.