Գրական-գեղարվեստական մտքի դեսպաններ

 

 

Հուլիսի 16-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ հանդիպում սփյուռքահայ ուսուցիչների հետ:

ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, ողջունելով ուսուցիչներին, նշեց, որ ուսուցիչը ներկա սերնդին գրականությանը և գրքին կապող անմիջական օղակն է, և հավելեց. «Ինչքան էլ կարևոր է մեր դասականներին ճանաչելն ու գնահատելը, այնուհանդերձ, մենք պարտավոր ենք խորապես ճանաչել այսօր, մեր ժամանակի հևքի մեջ ստեղծվող գրականությունն ու գրողներին»:

Գրականագետ, Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի տնօրեն Սուրեն Դանիելյանը, ով նաև սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման դասընթացները համակարգողն է, ներկայացնելով 16 երկրներից ժամանած հյուրերին, արժևորեց ուսուցչի գործը գրամշակութային կյանքում: «Դուք դեսպաններն եք դարեր ի վեր կուտակված մեր գրական-գեղարվեստական մտքի»,- ասաց նա և ընդգծեց, որ հանդիպումը նախ և առաջ երկու գրամշակութային համակարգերը կողք կողքի բերելու, այն ավելի սերտացնելու, միասնական դարձնելու հանձնառությունն ունի:

«Դուք եք մեր հույսն ու ապավենը Սփյուռքում, դուք եք նոր սերնդի մեջ վառ պահում Հայաստանի կարոտն ու վսեմագույն կերպարը»,- նկատեց մանկագիր Սուրեն Մուրադյանը և կարդաց իր «Մայրենի լեզու» բանաստեղծությունը:

Կարինե Խոդիկյանի հավաստմամբ՝ բացի հայրենիքի, երկիրը, լեզուն անմահ պահելու բարձր գաղափարներից, սփյուռքահայ ուսուցիչները նաև գրողների ընթերցողներն են և հայ գրականությունը հաջորդ սերնդին փոխանցողները:

Գրականագետ Սամվել Մուրադյանը, ողջունելով սփյուռքահայ ուսուցիչներին, նշեց, որ սրտի թրթիռով է նրանց ընդունում այս հարկի տակ, որը նաև նրանցից յուրաքանչյուրի տունն է: «Մեր ուսուցիչները հայապահպանության ջահակիրներ են, օտար երկնքի տակ ծնված երեխաներին ամեն օր հայության ոգի ու արյուն ներարկողները: Վստահ եմ, որ մայր հայրենիքից ավելի քաջալերված կշարունակեն իրենց ազգապահ ու հայրենանվեր գործը»,- ամփոփեց նա:

Գրականագետ Ազատ Եղիազարյանն առաջարկեց այս հանդիպումների ձևաչափը փոխել և զրուցել երկուստեք հուզող հարցերի շուրջ, մասնավորապես՝ ինչ է կատարվում հայկական գաղթօջախներում այսօր, ինչպես են սովորեցնում իրենց աշակերտներին, որ վերջիններս զգան մեր մեկ միասնություն, մեկ ժողովուրդ լինելը, սփյուռքահայ դպրոցներում ինչպես են ուսուցանվում արևելահայ դասականնները:

Ըստ թարգմանիչ Արա Առաքելյանի՝ թեև տարբեր աշխարհներում ենք ապրում, տարբեր հոգեկերտվածք ունենք, բայց մենք միասնական ենք, որովհետև ծառայում ենք հայոց լեզվին, հայ մշակույթին, հայկական ինքնությանը: Ապա խոսելով թարգմանական գրականության բացթողումների մասին՝ նա նշեց, որ տարբեր երկրներում ապրող ուսուցիչները ևս կարող են զբաղվել թարգմանական գրականությամբ, օտար երկրներում ճանաչելի դարձնել մեր տաղանդավոր գրողներին:

Ուսուցչուհի Սալբի Գասպարյանը, խոսելով Սփյուռքում առկա կրթական խնդրահարույց հիմնահարցերի մասին, հատկապես ընդգծեց ուսուցման միասնական համակարգ ստեղծելու անհրաժեշտությունը, քանի որ գրական լեզուն իր երկու ճյուղավորումներով պետք է հավասարապես յուրացվի, իսկ աշակերտները խորապես տիրապետեն գրական և մշակութային հարուստ ժառանգությանը:

Ելույթ ունեցան նաև Արևշատ Ավագյանը, Նոնա Պողոսյանը, Ռուբեն Մարուխյանը, Թադևոս Տոնոյանը, Աշոտ Գաբրիելյանը, վիրահայ ուսուցչուհի Մանանա Կարապետյանը, արձակագիր Գևորգ Պետիկյանը և ուրիշներ:

 

Շաքե ԵՐԻՑՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.