ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՍԵՐՈՒՆԴ

Սագօ-ԱրեանՊատմութիւնը, պարոնա՛յք… դասագիրքերուն մէջ չէ

Սագօ ԱՐԵԱՆ
Բանաստեղծ

Մեր մանկութեան օրերուն թղթերի վրայ գրուած բառը հայրենիքի մասին էր: Մեր գրասեղաններուն կային պատկերներ զօրավարների ու զինվորների: Պատկերներ փրկուած չգիտես որտեղից: Նկարների մէջ կար սարսափ ու սպասում: Կը յիշեմ, լաւ կը յիշեմ այդ տարիներուն ամէն ինչ պատկերուած թուղթէ կտորներուն վրայ: Պատմութիւնը թուղթ էր նախ եւ առաջ: Պատմութիւնը մեր դասագիրքերէն մկրատներով կտրտուած, մկրատներով բաժնուած պատկերներուն ամբողջ հանրագումարն էր:
Բոլոր պատկերներուն վրայ կար պատմութեան սպիտակ ոգին, շունչը, ուխտի երգը Սուրբ լեռան դիմաց: Զարմանալի չէր այս ամէն ինչը: Մենք նոյնիսկ փառայեղ անցեալի մը փշուրները չունեցանք: Ուզեցին որ մեր օրհասին բոլոր բառերը տանինք մեր երակներուն: Ուզեցին որ մենք վերադառնանք ամէն մայիսի որպէսզի վէրքէն ու ցաւէն ետք, որպէսզի չկայացած ողբէն անդին ապրինք հպարտութեան մը շունչը: Պատմութեան թելը կտրուած էր: Պատմութեան անիւը կանգ էր Մայիս Քսանութի օրհասին առջեւ որմէ ետք կար մեծ լռութիւն մը: Պատմութեան սլաքները կանգ առած էին այդ թուականին առջեւ: Չկար նոր հանդիպում:
Կ’ուզէին կոճել պատմութիւնը ու բնակիլ անոր նեխանքին մէջ: Կար աղօտ Հայաստան մը որուն սամաններուն մասին խօսիլը արգիլ­ուած երգ էր: Ոչ մէկ տող այդ Հայաստանին մասին:
Աւելին կար հայութեան մը իմաստը որ ինկած էր Լիբանանի քաղաքացիական պատերազմի ամէնէն սեւ ու արիւնոտ էջերուն մէջ: Կարծես աղէտն էր որ կար մեր բջիջներուն մէջ:
Ու պատկերներէն անդին, պատկերներէն հեռու կար լուր ու երկար պարապութիւն մը: Իրական Հայաստանը այդ պարապութիւնէն դուրս գալու պահն էր: Հիմա ինչքան անիմաստ ու անհեթեթ պիտի ըլլար Մայիս Քսանութի իմաստը առանց իրական հողին: Ինչքան անիմաստ պիտի ըլլար այս ամէնը, եթէ Դաւթաշէնի մութնուլոյսին տակ քայլող որդիներուս բերաններուն մէջ չմտնէր ապրող տեղանքին իրական բառը, իրական հայերէնը իրական կեանքը ի վերջոյ: Ճշմարիտին համար եղող, ճշարիտին համար մաքառող, ճշմարիտին համար արիւն տուող ճանապարհները ուր ալ տանին, պիտի տանին զիս էութեան իրական ակունքներուն որոնց իրական արմատը Արեւ­­մտեան Հայաստանն է: Պատմութիւը, պարոնա՛յք, պատկերներու, իրերու, թերթերէ ու հին գիրքերէ հաւաքուած այդ ժառանգութեան փուջը չէ միայն: Մեզմէ առաջ եղողները թերեւս գլխահակ ու վիրաւոր քալեցին, իսկ մենք՝ աւելի ճակատագրապաշտ, աւելի ձիգ ու աւելի էական բառով: Իսկ անոնք որ դեռ Սփիւռքի չորս ծայրերուն զբաղած են հին անցած խաղով, զբաղած են մեր պատմութեան դասագիրքերէն պատկերներ կտրատելով, զբաղած են գեղեցիկ ու լուսաշող սրահները շփացածօրէն զարդարելու ախտով, կը սխալին:
Կը սխալին բոլոր անցողիկ պարոնները, կը սխալին գիրի մուրազով, տառապանքի կեղծ քողին տակ պահուած ու պահուըտած բոլոր երեսները: Չարաչար կը սխալին: Թող մտնեն անոնք պատմութեան իրական դռնէն ներս, այլապէս պիտի որ մսին: Թող դուռը բանան ու ներս մտնեն… Ուշ չէ:

 

Քրիստինե-Հովհաննիսյան

Քրիստինե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Գրականագետ

Անկախությունը, ինչպես ցանկացած արժեք, նախ և առաջ հոգևոր կենսակերպ է, գոյություն պիտի ունենա նախ մտքի մեջ և ապա կերպարանք ու դրսևորում ստանա արտաքին նշաններով: Ինձ համար անկախությունը արժանապատվություն է, մտքի, հոգու մեջ եղած արժանապատվություն: Ես այսօր իմ հայրենիքում որևէ սերնդի ներկայացուցչի հոգում և դեմքին չեմ տեսնում այդ արժանապատվության կնիքը, ստվերը… Ես չեմ կարծում, որ այսօր անկախու­­­թյան ձեռքբերումների մասին կամ մեր հայրենիքի մասին խոսելիս ընդհանրապես որևէ մտավորական կարող է և իրավունք ունի միայն իր ոլորտի «նվաճումները» արձանագրել: Մինչև քաղաքական անկախությունը գրականությունը իր համար բացել էր ազատության դուռը, և այդ ազատու­թյունը այս կամ այն ձևով իրեն գտնելու էր գեղարվեստական մտածողու­թյան մեջ: Առանձին գրքերով կամ մշակութային գործերով չէ, որ անկախությունը դառնում է ազգային մշակույթի կամ ինքնության հիմք: Անկախությունը պիտի դառնար յուրաքանչյուր «սովորական» հայի գիտակցության ատաղձը. իսկ այդ գիտակցու­թյունը ձևավորող կրթական համակարգը ո՛չ արժեքային համակարգով, ո՛չ բովանդակությամբ չեմ կարծում, որ գոյու­­թյուն ունի իբրև անկախ Հայաստանի կրթական համակարգ, ազգային գիտակցության նավավար: Ես չեմ կարող այսօր նայել սահմռկեցնող արագությամբ դատարկվող իմ հայրենիքին և խոսել անկախ Հայաստանում իմ կամ իմ սերնդի որևէ նվաճման մասին: Սա բոլորիս պարտությունն է, բոլորիս ցավն է: Այդ ե՞րբ է մեր նավը այսքան անղեկ, այսքան անհույս մատնված եղել տարերային ընթացքին, և ե՞րբ է հայի դեմքը այսքան հուսահատ եղել իր անկախ հայրենիքում: Պահանջատեր լինելուց առաջ պիտի նայել՝ դու ինչ ես տվել քո անկախ երկրին, քո երկրի անկախությանը: Իմ սերնդի, և ոչ միայն իմ սերնդի ուսանողների ու գրականագետների շատ էջեր չգրվեցին ու չեն գրվում… Ստացվում է, որ մենք մեր երկրի անկախությանը ոչ այդ անկախության պարտադրանքով նվիրեցինք մեր ամենաթանկը` երազանքը, գրելու, գրի մասին գրելու երազանքը, արժանապատիվ ապրելու երազանքը…

 

Հայգ

Հայկական սուրճ ՝ Բրազիլիայի պլանտացիաներից

ՀԱՅԳ
Բանաստեղծ

Ես ի՞նչ գրեմ ազատության, հայրենիքի և պետության մասին գիշերվա ժամը երեքին, երբ մի ժամ առաջ եմ եկել Օպերայի կողքի «Շոկոլադնիցա» սրճարանից, ուր վայելում էի տաք ամերիկանո ռուսաստաններից Հայաստան ժամանած քեռուս տղու հետ, ում կինը Ղազախստանում մեծացած ռուս է: Նա հետաքրքրվում էր, թե ինչպես կարող է 3-5 օրում վարորդական իրավունք ձեռք բերել, քանի որ անձնագիրը ստանալուց հետո մոտ այդքան ժամանակ է Հայաստանում մնալու, բողոքում էր Ռոստովում գտնվող հյուպատոսարանից, որտեղ 1000 դոլարից ավելի փող էին կլպել, ինքնաթիռի տոմսի գնից. այդ գումարով կարող էր Անթալիա կամ Եգիպտոս 15 օր գնալ (ուտելու և հյուրանոցի հաշիվը մեջը), նեղվում էր, որ Ռուսաստանի հարցմանը Հայաստանից պատասխանել են, թե ինքը ՀՀ քաղաքացի չէ, չի գրանցված ՀՀ-ում, բայց, դրանով հանդերձ, քանի որ Հայաստանում է ծնվել, ՀՀ-ն չի հրաժարվում իրենից՝ լավ իմանալով, որ երեսուն տարեկան տղան ռեալ 5000 դոլար է պետ­բյուջե: Այսօր առաջին անգամ երկար կանգնեցի հրապարակի երգող շատրվանների կողքին, Յուլիան հիացած նայում էր, իսկ ես նկարում էի նրան ու եղբորս, երաժշտությունն էլ Ազնավուրի Լա Մաման էր. էդ պահին հիշեցի երեկ, արդեն երեկ չէ առաջի օրը, առավոտյան կաթով սուրճ վայելելու ընթացքում՝ մայրս ու հայրս արդեն ութ տարի է ԱՄՆ-ում են ապրում, խոսում էին իմ քաղաքի մասին որպես մեծ Բանգլադեշի «բազառ», որտեղ վահանակները աչքդ են մտնում, իսկ մարդիկ՝ բերանդ, հիշեցի ու ժպտացի, չէ՞ որ Ազնավուր երգող շատրվաններ մեկ էլ Փարիզում կլինեն, իսկ Փարիզը հաստատ Բանգլադեշի «բազառ» չի: Ախր, ազատության, հայրենիքի և պետության մասին գրելը հանաք մասխարություն չի, էն էլ մեկի համար, ով արդեն 8 տարի է՝ երկընտրանքի մեջ է, մեկի, ով մի ամիս է ընտանիք է վերգտել ու մի շաբաթից էլի ճամփու է դնելու Գլենդել, ախր, հայրենիքի մասին էնքան են գրել ու սիրել, որ պետություն հայհոյելը ամեն առավոտվա բարի լույսի հետ ասվող սրտհովան է դառել, այ, այսպիսի ազատություն:

Քեռիս անցած տարի մահացավ, թաղեցինք հայրենիքում, ըստ կարգի, ինքը գետաշենցի էր, Ղարաբաղում կռվել էր, մահացավ Ռուսաստանում, ու հիմա մտածում եմ. ազատությունը սեփական պետության մեջ ապրելու ընթացքում հայտնվող զգացողություն է, հայրենիքում թաղվելը կա ու կա… չգիտեմ:

 

ԼիլիթԼիլիթ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Արձակագիր

Անկախությունն իմ բնավորությունն է: Ես ծնվել եմ անկախության մեջ: Անգնահատելի առա­- վելություն ավագ սերնդի նկատմամբ և, այնուամենայնիվ, մի փաստ, որը չկարողացա գնահատել առ այսօր: Ժամանակակից պետությունը «խեղդում» է քաղաքացուն կամ մարդուն, ով չի ուզում զբաղվել քաղաքականությամբ: Ամեն դեպքում, չակերտների մեջ գրված բառերն ավելի դիպուկ են, քան այդ տարածքից դուրս գտնվողները: Բոլոր անցողիկ տոներից Մայիսի 28-ը հերոսականության հիշողությունն արթնացնելու ազդակ է: Եթե հերոսությունը տոն է դարձել, ուրեմն՝ իսպառ բացակայում է մեզանում, որի մասին խոսում ենք անցյալով: Մայսիսի 26, 27, 28, 29: Իրար ետևից գլորվող օրեր են` ոչինչ չասող ու չպարտա­դրող: Իսկ հետո կհնչեն նույն խնդիրները, որ կարկուտը ոչնչացրել է բերքը, գազի գինը բարձրացել է, և ի՞նչ են այս մասին մտածում մեր գրողները:

 

Գոհարիկ-ԱքելյանԳոհարիկ ԱՔԵԼՅԱՆ
Գրականագետ
– Պետականությունն ու անկախու­թյունը նույն բաները չեն:
– Ազատությունն ու պետականու­թյունը նույն բաները չեն:
– Ազատության պատրանքն ու ազատությունը նույն բաները չեն:
– Ֆիզիկական ազատությունն ու մշակութային ազատ գոյավիճակը նույն բաները չեն:
Շատ էլ որ ազատ մտածողությունն իրական ազատությունն է:
Ազատության մասին ցանկացած խոսք հայերիս ազատության պես ծեծված ու չարչրկված է: Ձևակերպումն արդեն իսկ անազատություն է: Մենք ձևակերպել ենք մեր ազատու­թյունը որոշակի տարածու­թյան մեջ, որովհետև ենթագիտակցորեն հիշում ենք, որ պետության ազատությունը տարածվելու, թանձրանալու բնավորություն ուներ: Ծիսակարգի մյուս կարևոր բաղա­դրիչները գենոֆոնդի կորուսյալ հարստություններն են: Հիմա պիտի պեղել կորցրածը, ազատվել ճնշող «ազատությունից», մնացյալը՝ ըստ կարգի… ամեն բան ինքնահամակարգման մեխանիզմով կընթանա: Լիահույս լինենք, տոնենք անկախացման ձևերի որոնումների պաշտոնական օրերը. սրանք ևս կարևորագույն փուլեր են: Առհասարակ, բոլոր էական ձեռքբերումները հանրագումարային են: Ես իմ տեղում պիտի փորձեմ չվրիպել և ճիշտ գումարվել:
Շնորհավոր:

 

Ռուզաննա-ՈսկանյանՌուզաննա ՈՍԿԱՆՅԱՆ
Բանաստեղծ
Անկախությունը քայլ առ քայլ ձեռք բերվող հարստություն է: Այստեղ դե ֆակտո և դե յուրե կամ այլ կերպ ասած՝ ֆիզիկական և հոգեկան անկախու­թյունների հակադրության մասին է խոսքը: Ինչպես երեխան է տոտիկ-տոտիկ մոտենում նախանշված մարդ տեսակին ու վերջում հասնում կամ չի հասնում, այնպես էլ պետությունը, որ ծնվելիս նախանշվել է անկախ: Երևի այսպես բարձրագոչ չխոսեի, եթե ինձ անկախ պետությունը բաժին չընկներ, եթե արտերկրում «որտեղի՞ց ես» հարցին հպարտությամբ «Հայաստանից» չկարողանայի պատասխանել: Հիմա, ունենալով փաստացի անկախություն, հոգեկան կապանքներից, 20-րդ դարի կարծրատիպերից` կենսակերպի, վերաբերմունքի, կառավարման, արվեստի ընկալման ու մատուցման, ազատվել է պետք: Անկախությունն իր հետ բերեց ջղաձիգ ցնցումներ` իր ներկայությունը փաստելու համար: Գրականության մեջ դրա ապացույցը անտիպոեզիան է: Անտի-ի նախնական փուլը որպես այդպիսին թեև հաղթահարվել է այսօր, բայց անտի-ների շարքը պիտի շարունակվի, և լավ է, որ շարունակվի: Անկախու­թյունն ինձ համար ինքնահաստատվելու, դիմագիծը հստակեցնելու համար տարբեր ասպարեզներում, մասնավորապես, արվեստում պարբերաբար, անընդհատ իրականացվող «վիրահատություններն» են, հպարտությամբ ամենուր բարձրաձայնվող պետությանդ անունը, քո վաղվա օրվան տեր լինելու գուցեև միամիտ վստահու­թյունը… Շնորհավոր բոլորիս Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա կապակցությամբ:

 

ՄանեՄանե ԳՐԻԳՈՐՅԱՆ
Բանաստեղծ
Ամենաառաջինը, որ մտքովս անցավ անկախության մասին խոսելիս՝ ասելն է, որ մինչև ոտքերիդ ծայրը ցեխի մեջ թաթախված լինելով, դժվար թե նկատես կոշիկներիդ անմաքրությունը: Ինձ թվաց՝ անկախության մասին որպես դրա կրող ու դրա մեջ ներ­ծծված մեկը, չեմ կարող խոսել, հետո գրեցի-ջնջեցի, զգացի՝ միտքը ոնց որ հարևանի շունը լինի, ու ինչ-որ բան այն չէ: Անկախությունը իր հետ չմաքրեց այն, ինչը մնացել էր սովետական տարիներից. մենք հայտնվեցինք մի ազատ շրջանակում, ու էդ շրջանակը էն միջավայրն է, որը ժառանգել ենք, ու որ ամեն դեպքում հոսող ջուր չի, որ էդպես շուտ անցնի, գնա, մաքրվի: Մենք ուզում ենք փախչել տնից, մեզ թվում է՝ մեր ծնողները մեզ չեն հասկանում, ու ստացվում է՝ մեր անկախությունը խիստ հարաբերական է: Ես՝ որպես անկախության սերնդի ներկայացուցիչ, դժբախտությունն ունեմ ապրելու այլ արժեհամակարգ ունեցող ընտանիքում, սովորել բուհում, որտեղ դասավանդում են այլ արժեհամակարգ ունեցող մարդիկ:
Իմ անկախ հայրենիքը մինչ ընտրությունները արդեն իսկ ընտրված նախագահին ազատություն ու ուժ տվեց ասելու, որ ինքը կխփի էնքան, ինչքան ուզում է: Ու էստեղ արդեն խփելու գործոնը երկրորդ պլան է մղվում, առաջին պլանում այն է, որ նա դա բացահայտ կարող է ասել ու անել, իսկ անկախ ԶԼՄ-ները կարող են տեսանկարահանել ու առանց խոչընդոտների տարածել նախագահի անկեղծությունը հավաստող հոլովակը: Կարծես քո անկախության դրսևորումները երեխայի հայհոյանքներ լինեն, որը շարժում է ոչ քո ցանկությամբ ընտված ծնողների ժպիտը:

Պատրաստեց՝ Նառա Վարդանյանը

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.