ԱՊԱԶԳԱՅԻՆ Է ԳԻՐՔԸ ԴՈՒՐՍ ՄՂԵԼ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ / Արմեն Ավանեսյան

– Որո՞նք են արդի հրատարակչական ոլորտի զարգացմանը խոչընդոտող խնդիրները:
– Հայաստանի անկախացումից հետո ինչպես մի շարք ոլորտներ, այնպես էլ հրատարակչական ոլորտը, կարելի է ասել, կաթվածահար եղավ: Այնուհանդերձ, 2000 թվականից հետո որոշակի ակտիվություն առաջացավ, որը հատկապես պայմանավորված էր պետական քաղաքականությամբ: Կարելի է ասել, որ այսօրվա առկա գրահրատարակչական դաշտի բազմազանությունը ձևավորվել է վերջին 15 տարիներին կատարված աշխատանքների շնորհիվ:
Հատկապես աշխուժացավ ժամանակակից գրականությունը, և բազմաթիվ հայ գրողների գրքեր հրատարակվեցին պետական աջակցության ծրագրով: Սա նախ հնարավորություն ընձեռեց, որպեսզի արդի գրական ընթացքը կայանա, մյուս կողմից՝ անվճար բաշխման շնորհիվ գրքերը համալրեցին գրադարաններն ու դպրոցները:
2017 թվականին ՀՀ մշակույթի նախարարության, ինչպես նաև մի քանի բիզնես շահեր հետապնդող կազմակերպությունների ջանքերով ի չիք դարձավ գրահրատարակման պետական աջակցության ծրագիրը: Արտաքուստ պատճառը նշվում էր, իբր՝ ում գրքերն ասես հրատարակվում են, սակայն իրական պատճառը բիզնես շահեր հետապնդող կազմակերպությունների գայլեղեն ախորժակն էր, ինչպես նաև փոքր ու միջին հրատարակչություններին հարվածելը, դաշտում թելադրող դառնալու մոլուցքն ու ժամանակակից գրողին կախյալ վիճակում պահելու միտումը:
Անշուշտ, պետական աջակցության ծրագրում ևս եղել են թերացումներ. մի շարք հրատարակիչներ խնայել են միջոցները որակի հաշվին, մի շարք գրողներ շտապել են ու կիսավարտ գրքեր են հրատարակել, սակայն սա որակական ու քանակական ցածր տոկոս ուներ: Մյուս կողմից՝ Լևոն Խեչոյանի, Հրաչյա Թամրազյանի, Ներսես Աթաբեկյանի, Գագիկ Դավթյանի, Հուսիկ Արայի, Կարինե Խոդիկյանի, Հովհաննես Երանյանի, Գուրգեն Խանջյանի, Սուսաննա Հարությունյանի, Արտաշես Արամի, Շանթ Մկրտչյանի, և այլոց, ինչպես նաև մի շարք երիտասարդների հրաշալի գրքեր են հրատարակվել, որոնց մեծ մասը գուցե այսօր չլինեին ու մրցանակների չարժանանային, եթե չլիներ պետական աջակցության ծրագիրը: Իսկ միջակությունները, որոնց մի փոքր հատված կարողանում էր ներխուժել ծրագիր, այսօր էլ կարողանում են աներեսության, պնդաճակատության և համառության շնորհիվ գտնել միջոցներ և հրատարակել իրենց գրությունները` գրքի տեսքով:
Ի՞նչ տեղի ունեցավ. պետական աջակցության ծրագրի փակման հետևանքով մի շարք լուրջ գրողներ (ովքեր համեստ են, իրենց չեն պարտադրում, ծնծղաներ չեն զարկում և դրոշակներ չեն թափահարում) զրկվեցին պետության աջակցության շնորհիվ գրքեր հրատարակելու հնարավորությունից, իսկ նրանք, ովքեր այստեղ-այնտեղ խցկվելու վարպետությունն ունեն, կարողանում են արտաքնապես ուշադրություն գրավել, աճպարարական հնարքներով և ոչ ադեկվատ վարքով առաջատարներ են, այսօր էլ հրատարակվում են, և դարձյալ խաթարվում են երկար տարիների կատարված աշխատանքի շնորհիվ հազիվ կարծես խելքի եկած արժեքները:
Թվում է՝ ետ ենք գնում 1990-ականներ, այնինչ ցանկալի կլիներ ունեցածը ուսումնասիրելով նոր մոդելներ առաջարկվեր ժամանակակից գրողի գրքի հրատարակման պետական աջակցության համար: Թող փոխվի նախորդ ծրագիրը, թող մասնագետները հավաքվեն և կառուցողական մոտենան հարցին, սակայն գիրքը դուրս մղել պետական քաղաքականությունից, մեղմ ասած` ապազգային է:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.