ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ

ՀԳՄ վարչությունը
շնորհավորում է դրամատուրգ, դերասան
ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆԻՆ
ծննդյան 70-ամյակի առթիվ

«Գրական թերթը»
միանում է շնորհավորանքին

Հարգարժան Արմեն Սանթրոսյան.
Հայաստանի գրողների միության բոլոր անդամների անունից շնորհավորում եմ Ձեզ՝ ծննդյան 70-ամյակի կապակցությամբ:
Ծնված լինելով վաստակաշատ դերասան Պարույր Սանթրոսյանի ընտանիքում՝ Դուք դեռ մանուկ հասակից ապրել ու մեծացել եք թատերական աշխարհի առինքնող մթնոլորտում, հայ թատրոնի մեծերից ժառանգել կերպավորման արվեստի լավագույն ավանդույթները: Հմտություններ, որոնք Դուք լավագույնս մարմնավորել եք անցած տասնամյակների ընթացքում Ձեր խաղացած բազմաթիվ դերերում և Ձեր հեղինակած շուրջ մեկ տասնյակ պիեսներում: Այդ ամենի համար արժանացել եք ՀՀ ժողովրդական արտիստի կոչման և մի շարք բարձրագույն պարգևների:
Մեկ անգամ ևս շնորհավորելով հոբելյանի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, անսպառ եռանդ և ստեղծագործական նոր հաջողություններ:
Էդվարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ

Իմ կենսագրությունը գալիս է շատ հեռուներից, այնքան հեռուներից, որ հասցրել եմ բեմ դուրս գալ Սանթրոսյան ազգանունների մեջ ամենակարևորի՝ Պարույր Սանթրոսյանի հետ: Ավելին ասեմ, դրանից հետո և՛ իմ բեմադրություններում, և՛ թատրոնում, և՛ ռադիոյում անպակաս է եղել Սանթրոսյան ազգանունը. առաջինը՝ հոբելյարի հետ արդեն 70-ամյա, արդեն ժողովրդական Արմեն Սանթրոսյանի հետ, նրա քրոջ և, դժբախտաբար, նրա վաղամեռիկ քրոջ հետ եղել եմ բեմում: Ափսոս Անահիտին, ափսո՜ս: Այսօր Սանթրոսյան ազգանունը մի շարք թատրոններում պատվով է պահում այդ ազգանունը: Արմենը իմ բեմադրություններում գրեթե միշտ զբաղված է եղել, և շատ, շատ դեպքերում վճռորոշ է եղել նրա ներկայությունը: Ուզում եմ հատկապես հիշել Սալտիկով-Շչեդրինի «Մի քաղաքի պատմությունը»: Այդ ներկայացումը ունեցավ մեծ հաջողություն ոչ միայն Երևանում, այլև Մոսկվայում, որտեղ պատիվ ունեցանք երկու անգամ ներկայացնել: Վերջին անգամ բեմ բարձրացավ Սովետական Միության ժողովրդական դերասանուհի Ի. Նոֆոնտովան, որը գրկեց ինձ, համբուրեց, բայց այդ ընթացքում ես ներկայացրի Արմենին: Նա Արմենին համբուրեց երկու անգամ, և ես հումորով, իհարկե, ասացի. «Նկատի ունեցեք՝ ես խանդոտ եմ»: Հիմա, վստահ եմ, որ բոլոր պրեմիերաներից հետո Արմենին համբուրում են երկու, երեք և ավելի անգամներ: Հաջողություն եմ ցանկանում Արմենին՝ պրոֆեսիոնալ, լուրջ, պարկեշտ մի դերասանի, ով իմ կենսագրության կարևոր մասն է կազմում:

Երվանդ ՂԱԶԱՆՉՅԱՆ

Կարծում եմ՝ Արմեն Սանթրոսյան-դերասանի և Արմեն Սանթրոսյան-դրամատուրգի համար երջանկություն է 70-ամյա հոբելյանը դիմավորել ծանրակշիռ վաստակով: Տոհմիկ դերասանի գեներով ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Սանթրոսյանն արդարացրեց հոր՝ Պարույր Սանթրոսյանի հույսերը, և «հայ բեմից չպակասեց Սանթրոսյան ազգանունը»:

Մեծարգո Վարպետ
Ձեր ստեղծագործական ուղին սեփական մասնագիտությանը նվիրվածության վառ օրինակ է: Ձեր բեմական կենսագրությունը հարազատ թատրոնի պատմության անբաժանելի մասն է: Ձեր արտիստական տաղանդով արժանացել եք հանդիսատեսի սիրուն ու հարգանքին: Ձեր մարմնավորած բազմաթիվ կերպարները «Հեյ, քեզ հետ եմ, բարև», «Սկապենի արարքները», «Պատվի համար», «Հացի խնդիր», «Համլետ», «Ոչնչից մեծ աղմուկ», «Քաջ Նազար», «Ամպեր» ներկայացումներից հավերժ կմնան արվեստի բազմահազար երկրպագուների հիշողության մեջ: Հայ կինոն ևս պատիվ է ունեցել իր տարեգրության մեջ հավերժացնելու Ձեր անունը «Հեղկոմի նախագահը», «Երկնագույն առյուծ», «Մեր պապերի քայլերգը», «Կապիտան Առաքելը», «Հեծյալը, որին սպասում էին» ֆիլմերով:
Այս ուրախալի օրը ցանկանում եմ, որ Ձեր բոլոր երազներն իրականություն դառնան և բարիք բերեն Ձեզ:
Երջանիկ եղեք Ձեր մասնագիտության մեջ և անձնական կյանքում:
Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի կոլեկտիվի անունից շնորհավորում եմ Ձեզ Ձեր 70-ամյակի առթիվ, մաղթում կուռ առողջություն և ստեղծագործական նոր վերելքներ:

Վիգեն ՉԱԼԴՐԱՆՅԱՆ

Պատվոգիր
Տրվում է ՀՀ ժողովրդական արտիստ, դրամատուրգ, դերասան Արմեն Սանթրոսյանին
«Իրավունք» թերթի կողմից Հայաստանի Հանրապետությունում մշակույթի լավագույն գործիչ ճանաչվելու կապակցությամբ, ծննդյան 70-ամյակի և կինոյում ու թատրոնում ներդրած զգալի ավանդի համար:

Գլխավոր խմբագիր` Հովհաննես ԳԱԼԱՋՅԱՆ
Մշակույթի բաժնի վարիչ` Լիլիթ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Երևանի Քաղաքապետարանի Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրինությունը պարգևատրում է ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Սանթրոսյանին՝ թատրոնի 90-ամյակի հոբելյանական ոսկե մեդալով՝ ծննդյան 70 և ստեղծագործական 50-ամյակների կապակցությամբ:

Տնօրեն` Հայկ ԽԵՐԱՆՅԱՆ

Թատրոնի անհոգնում նվիրյալ և անմնացորդ ծառայող է Արմեն Սանթրոսյանը: Անընդհատ պրպտացող, թատրոնի հոգսերով ապրող, նրանով երջանկացող և միևնույն ժամանակ նրանով տառապող անհանգիստ մի հոգի է: Նրա կեսդարյա բեմական հարուստ կյանքն անընդհատ սնվել է այն մեծագույն սիրուց, որ կոչվում է թատրոն: Սնվել և ամեն անգամ այդ սերը վերադարձրել է հանդիսատեսին՝ ձեռք բերելով մի նոր բան, մի նոր փորձառություն: Ինքնաքննադատ, երբեմն էլ խռով ու խիստ է: Այդ պահանջկոտ հայացքից դժվար են թաքնվում թափթփվածությունը, ալարկոտությունը, արվեստի հանդեպ հաճախ հանդիպող իմիջիայլոց, մակերեսային մոտեցումները: Դերից դեր, ներկայացումից ներկայացում ընկած ճանապարհը նա անցնում է ակնառու նախանձախնդրությամբ և էնտուզիազմով: Դա թատրոն է, դա վիճակ է, մի մեծ կյանք է, հույզեր են, ժամանակ է, դա Արմեն Սանթրոսյանն է:
Դավիթ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.