ԿՈՏՐՎԱԾ ՁԱՅՆԱՊՆԱԿԸ / Հրաչ ԲԵԳԼԱՐՅԱՆ

Ձայնապնակի բեկորն ընկած էր ձյան մեջ: Նոր եկած ձյունն սպիտակ էր, բեկորը` սև, բայց դա նրանց զրույցին չէր խանգարում: Կողքից անցնող ոտքերն անտարբեր-միամիտ էին, երբեմն էլ` հոգնած, հոգսի մեջ խրված, և ձայնապնակի բեկորը չէին տեսնում: Թե մարդկային տրամաբանությամբ նայելու լինես` ոտքերը չէին կարող նկատել ձայնապնակի բեկորը, քանի որ աչքեր չունեին: Բայց բեկորն այլ կարծիք ուներ աշխարհի, մարդկանց և նրանց զգայարանների մասին: Արդեն մի շաբաթ պառկած էր ձյան մեջ և ուղիղ այդքան ժամանակ էլ փորձում էր ձյունին սովորեցնել իր վրա եղած մեղեդու կտորը: Ոչ ոք չգիտեր, որ հիմա նրա վրա մի ժամանակ եղած երգից ընդամենը երեք բառ է մնացել և մեղեդու տափակ մի բեկոր: Իսկ ձյունը չէր սովորում: Մի օր արև էր լինում, մի օր` սառնամանիք, և ձյունը մոլոր տարուբերվում էր ջրի ու սառույցի մեջտեղում:
Իսկ ջրի ու սառույցի արանքում ո՛չ երգի, ո՛չ էլ երգելու տրամադրություն էր մնում: Ձայնապնակի բեկորը դրանից չէր նեղվում: Աշխատում էր հարմարվել հալվող ձյունին, պնդացող սառույցին էր փորձում հարմարվել և հաճախ ստիպված էր լինում բավարարվել իր տաք հիշողության մի պատառիկով: Իսկ այդ պատառիկն ամփոփված էր ընդամենը երեք բառի մեջ. «Ես սիրում եմ…»: Թե ում էր սիրում կամ ում էր երազում ու ցանկանում երգիչը, ձայնապնակի բեկորը չի հիշում: Միայն գիտե, որ ինքը մի ժամանակ նոր ու փայլուն էր, և հաճելի ու հուզիչ էր երգը, բայց այդ երեք բառից զատ ուրիշ ոչինչ չի հիշում: Ով գիտե, գուցե պատճառն այն էր, ու խուլն էլ էր միայն այդ երեք բառը հասկանում: Ձայնապնակը դնում էր ձայնարկիչի վրա և ուշադիր նայում էր, թե ձայնարկիչի թևն ինչպես է պարում սկավառակի ակոսների մեջ: Նայում էր երազկոտ աչքերով և մտքի մեջ ինչ-որ բան ասում: Նրա շուրթերը բառեր էին փնտրում, նրա երևակայությունը ձայներ էր հանում իր իսկ ներսից: Ոչ ոք չէր կարող ասել` խուլի երգը հենց ա՞յն էր, որ երգում էր ձայնապնակը, թե՞ ուրիշ մի բան: Խուլը հաճախ մատները կպցնում էր ձայնախոսի մեմբրանին և նրա թրթիռով փորձում էր համապատասխանեցնել իր ներսի և երգի մեղեդիները: Դա մեկ-մեկ հաջողվում էր, և այդպիսի պահերին սիրտը բաց էր լինում: Թվում էր` ուր որ է փլվելու է լռության ահավոր պատը, և ձայները մեկեն խուժելու են նրա ներսը: Թվում էր, թե լռության այդ կապարը նաև իր ներքին ձայնն է խլացրել, և ինքը մտածել, սիրել, ինքն իր հետ խոսել չի կարող: Ձայնապնակը պտտվում էր, մեմբրանը` թրթռում, իսկ խուլի մատները փորձում էին որսալ այդ թրթիռները:
Հիմա ձյունի մեջ ընկած ձայնասկավառակի բեկորը փորձում էր իր մեջ վերակենդանացնել խուլի մատների ջերմությունը, նրա հայացքի բոցը և դրանցով տաքանալ: Նրա երգող սիրտն այդպես էլ ձյան մեջ չէր սառչում և օրնիբուն փորձում էր ձյունին իր պահած երեք բառանոց երգը սովորեցնել. «Ես սիրո՜ւմ եմ»…
Խուլն աղջկան տեսել էր պատահաբար: Աչքերը ճչացել էին, մարմինը դող էր պատել, և աշխարհը մի պահ անիրական էր թվացել: Կարծել էր` սավառնում է օդի մեջ, ասես մարմինն անկշիռ ու թեթև էր, և սիրտը նրա համար էր, որ ականջների մեջ տրոփի խելահեղ: Նրա խուլ ականջները ոչ մի անգամ կարգին չէին զգացել սեփական սրտի զարկերը: Դրա համար էլ աղջկա տեսքից հիմա շփոթված էին և՛ սիրտը, և՛ ականջները, և՛ մարմինը: Քանի՞ վայրկյան տևեց այդ երանելի անկշռությունը, խուլը չգիտե, բայց աչքերը նախ վառվեցին, հետո թախիծ հագան և զարմացած նայեցին իր աշխարհի համար այդքան անսովոր ու զարմանալի այդ էակին: Նա առաջ էլ էր աղջիկների հանդիպել. թե՛ ձայնով խոսող, թե՛ ձեռքերով, բայց նրանք իր վրա այն տպավորությունը չէին թողել: Մի պահ նայել էր հետաքրքրությամբ, մի քիչ զարմացել էր, ու լռությունը եկել, փակել էր նրան: Ոչ ոք չգիտեր, որ խուլը լուռ է միայն աշխարհի համար, իսկ իր ներսում ձայներն այլ երանգ ու այլ համ ունեն: Խուլը լավ գիտեր լռության բույրը: Իսկ աշխարհը չգիտեր:
Աղջկան տեսնելուց հետո միանգամից փոխվեց ամեն ինչ: Ինքը քաղաքից մի քանի օրով հյուր էր եկել իրենց տուն: Հյուր էր եկել, քանի որ դեռ մանուկ հասակից նրան տարել, պահ էին տվել պետական հատուկ դպրոցին: Մեծացել էր դպրոցի պատերի մեջ, շնչել էր այնտեղի օդը, ուրախացել էր դպրոցի տված մի պատառ ավել հացով, տխրել էր, երբ ուսուցիչը զայրացած կամ չար էր նայել իրեն: Հիմա մի քանի օրով եկել էր գյուղ: Եկել էր մանուկ տարիներին իր լսած ձայներն իր մեջ վերակենդանացնելու: Եկել էր արդեն աշխատավոր ու մեծ մարդ` իր եսը ծնողներին ցույց տալու:
Աղջկան ավտոբուսի մեջ տեսավ: Չգիտեր ով է, բայց ենթադրեց, որ գյուղ եկած հյուր պիտի լինի: Հետո ընկերը բացատրեց, որ աղջիկն ուսուցչուհի է, դպրոցի նորանշանակ ուսուցչուհի, և երազն եկավ, փաթաթվեց նրա աչքերին:
Հաջորդ օրը գնաց, ծանոթացավ ուսուցչուհու հետ: Հատուկ դպրոցում սովորեցրած երկարացված ու տարօրինակ խոսքով բացատրեց իր ով լինելը, ասաց, որ կարողանում է դիմացինի շուրթերին նայելով հասկանալ նրա խոսքը և նաև` որ իր սիրտ ունենալն զգացել է նրան տեսնելուց հետո: Ուսուցչուհին ժպտաց, ուսուցչուհին սեթևեթեց, ուսուցչուհին փորձեց ինքն իր մեջ պատասխան գտնել այդ տարօրինակ առաջարկին ու չկարողացավ:
Հետո երկար դասամիջոցին կանգնել էին դպրոցի բակում, պտտաձողի մոտ:
– Արև արա, Անդո,- ծիծաղում էր ընկերը:
Եվ խուլը գյուղի երեխաների համար չլսված-չտեսնված հնարքներ էր կատարում: Սեպտեմբերյան արևը, սպիտակ վերնաշապիկներով ու կարմիր վզկապներով աշակերտները, դպրոցի այգին, հարևան Քոթոյի կարմիր տանիքը, ճանապարհից այն կողմ` կոլտնտեսության կալերն ու դիզանոցը մինչև այդ նման բան չէին տեսել:
Մինչ այդ նրանց տեսած ամենաճարպիկ մարդը Վատոյի կյաժ Հեներն էր եղել, որ, չնայած իր կարճ հասակին, մի ցատկով կախվում էր պտտաձողից, ճարպկորեն «ոտք» գցում, բարձրանում, նստում էր պտտաձողի վրա ու իր բարձունքից հպարտ նայում էր աշխարհին:
Բայց հիմա հայտնվել է իրենց գյուղացի ինչ-որ խուլ Անդո և ամբողջ հասակով պտտվում է պտտաձողից կախված և այդ հնարքին «արև» անունն է տալիս: Հեների կարծիքով, խուլի աշխարհը ոչ թե իրենց գյուղն էր ու իրենց դպրոցի բակը, այլ հեռու-հեռավոր ու շոգ քաղաքը, ուր բազում ցայտաղբյուրներ ու շատ պաղպաղակ կա:
Սակայն խուլը Հեներին չէր ճանաչում, նրա ուշադրության կենտրոնում ուսուցչուհին էր, որ ուսուցչանոցի լուսամուտից նայում էր նրա հնարքներին և ոչ մի կերպ չէր կարողանում տեսնել նրա սիրտը: Չէր կարողանում խոսք հասկացնել իր սրտին, որ սիրի այդ տաք, ճարպիկ ու խելացի սրտի տիրոջը, որ աշխարհին այլ աչքերով է նայում և ավելի շատ իր ներսի ձայներն է լսում, քան` դրսի: Որ ձայներն ամբարում է իր մեջ, որ ավելի շատ լռում է, քան` խոսում, իսկ երբ խոսել է փորձում, ավելի շատ ճչում են աչքերը:
Ձայնապնակն այդ ժամանակ այս ամենը չգիտեր դեռևս: Գուցե հիմա էլ կարգին չի հիշում, որ այդ երեկո նրա հոգին հանեցին: Նա ուսուցչուհու միակն էր և սիրածը, դրա համար էլ աշխատում էր չխռպոտվել, և որքան հին նվագարկիչի հնարավորությունը ներում էր, ձայնում էր տաք, տղամարդու կրքոտ ձայնով.
– Ես իմ հեռվից ամեն օր,
Քո ջինջ աչքերն եմ սիրո՜ւմ…
– Րո՜ւմ,- պարի ռիթմի հետ ձգում էին սիրող զույգերը: Ուսուցչուհին պարում էր խուլի հետ և չէր զգում իր համար տրոփող նրա սրտի զարկը: Այդ երեկոն ոչ մի առանձնահատուկ բան չուներ նրա համար: Այն պարզապես գյուղի առօրյայի տաղտուկը կոտրելու մի փորձ էր: Ջահել ուսուցիչներով հավաքվել էին իր սենյակում, ու նրանց հետ էր նաև խուլը:
Հիմա ձյունի մեջ խրված ձայնասկավառակի բեկորը մեկ-մեկ տաք թախիծ է հագնում, երբ հիշում է, թե իրեն որքան ցավ էր տալիս հին նվագարկիչի նույնքան հին ասեղը, երբ նրանից խուլի սրտի զարկերին համահունչ նվագ էր քամում: Ձայնապնակն այդ ժամանակ ամաչում էր իր մի քիչ խռպոտ երգելու համար, իսկ հիմա ձյունից չի ամաչում արդեն: Նրա` ասեղից բզիկ-բզիկ եղած մարմնի մեջ հիմա որձի նույնքան բզկտված հիշողությունն է, որ խուլի մարմնից գալիս, պարուրում էր ուսուցչուհուն, պարող մյուս զույգերին: Այդ տաք խլրտումից նույնիսկ ձայնապնակն էր վեր-վեր թռչում, և մեկ-մեկ շունչը կտրվածի պես երգն սկսում էր նույն տեղից:
Աղջկա իրանը ցավում էր խուլի ձեռքերի սեղմումից, աղջկա աչքերը ծակում էին նրա հայացքից ճառագող տաք լույսից, աղջկա մարմնի ամեն մի բջիջ և՛ վախենում, և՛ ցավում էր նրա մարմնից ժայթքող սիրուց ու կրքից: Աղջիկը փորձեց մեղմորեն ազատվել խուլի գրկից, բայց չկարողացավ, փորձեց ժպիտ փաթաթել նրա մատներին, աչքերին, բայց խուլն անմիջապես զգում էր ամեն մի կեղծիք: Աղջիկը փորձեց հասկացնել, թե հոգնած է, բայց խուլն ամեն ինչ մոռացել էր: Նրա մարմինը արբում, ինքնամոռաց, բջիջ առ բջիջ փաթաթվում էր աղջկան: Այս անգամ էլ ձայնապնակը հասավ վերջին, և աղջիկն ուզեց ազատվել, բայց խուլն իր ներսի ձայների հետ էր: Նրա համար երգն իր միջից էր ելնում, դրա համար էլ մի պահ զարմացավ, երբ տեսավ, որ մյուսները չեն պարում: Աղջիկը նրա ձեռքերի միջից մի կերպ ազատեց իրանը և թեթևացած շունչ քաշեց: Հետո բոլորը մեկ-մեկ հեռացան: Իսկ խուլը չէր գնում: Նրան ասես հազար կիլոգրամանոց մի կշռաքար սեղմած պահում էր աղջկա սենյակի բազմոցին:
– Գնա՜,- ճչաց աղջիկը: Նրան թվում էր, որ եթե բարձր գոռա, խուլն անպայման կլսի:
– Գնա՜,- ճչում էր աղջիկն, ու տղան չէր հասկանում, թե նա ինչու է զայրացած ու տագնապած: Նա զարմանում էր, որ աղջիկն իր սիրուն զայրույթով է պատասխանում: Դրա համար էլ ցանկացավ գրկել ու հանգստացնել նրան, բայց աղջիկը, սարսափահար եղած, ճչալով դուրս նետվեց:
Տղան մի քիչ էլ նստեց բազմոցի վրա, ծանրութեթև արեց աղջկա արարքը և զարմանքով հայտնաբերեց, որ լսողները խենթ են: Հետո վեր կացավ, դանդաղ գլխին քաշեց բաժակի մեջ մնացած օղին և մտքի մեջ միայն իրեն հայտնի երգ մրմնջալով՝ գնաց տուն:
…Առավոտյան վեր թռավ մեջքին իջած հարվածից: Քնի մեջ կարծեց` դարձյալ գիշերօթիկում է և ընկերներից մեկն ինչ-որ բանից դժգոհ է մնացել: Վեր թռավ և զարմացած տեսավ, որ խփողը հայրն է: Ինչո՞ւ… Ինչո՞ւ… Ո՞վ է այս մարդը: Հետո ի՞նչ, որ իր հայրն է: Ինքն ի՞նչ է արել: Թե այս մարդն իրեն այդքան սիրում էր, ինչո՞ւ դեռ մի մատ երեխա` տարավ գիշերօթիկ գցեց: Ի՞նչ անենք` խուլ էր: Հետո ի՞նչ, որ խուլ էր: Հիմա ինչո՞ւ է խփում: Առաջին բանը, որ եկավ գլուխը, հարվածին հարվածով պատասխանելն էր, բայց չհասկացավ, թե ինչն արգելք հանդիսացավ, ու նա կիսատկլոր դուրս փախավ: Ժամանակ էր պետք՝ հասկանալու համար, որ ջահել ուսուցչուհին եկել, բողոքել է դպրոցի տնօրենին, տնօրենն էլ` հորը: Տնօրենն ի՞նչ գործ ունի, հայրն ի՞նչ գործ ունի: Ինքն աղջկան սիրում է, միայն փորձել է գրկել նրան: Մի՞թե դրա մեջ վատ բան կա:
Խուլի ներսում հիմա նվում, ցավում է մի խենթ ու հիվանդ երակ: Նրա ներսում վիրավորանքը ծալք-ծալք նստվածք էր տալիս ու գալիս, դեմ էր առնում ծանր լեզվին, թանձր ականջներին, սիրող սրտին: Նա հոգոց էր հանում մի տեսակ խոր արտաշնչելով և չէր զգում, որ այդ հոգոցի հետ անհոդաբաշխ հնչյունների մի ահագին խումբ է ժայթքում: Նրան լավ ճանաչողները գիտեին, որ նա այդպես է շնչում, երբ խիստ հուսահատ է ու ջարդված: Բայց մայրը միայն մայրական սրտով էր ճանաչում նրան և միայն այդքանը: Տասնհինգ տարի առաջ, երբ մի մատ երեխա` գնացել, գլուխը մտցրել էր ձնհալի սառը ջրերի մեջ և հավերժորեն գերի էր դարձել խլությանը, մայրը ողբացել էր սրտի մեջ և ցանկացել էր, որ կա՛մ ինքը մեռնի, կա՛մ տղան: Բայց ո՛չ ինքն էր մեռել, ո՛չ տղան, և ապրում էին, տղան` գիշերօթիկում, իսկ ինքը` գյուղում: Հիմա մի կարգին խոսել չէր կարողանում հետը: Տղան միայն շուրթերի շարժումից էր գլխի ընկնում դիմացինի ասելիքը, իսկ մայրն ինչպես հարկն է հասկացնել չէր կարողանում: Շարունակ լաց էր լինում, հազիվ զսպում էր արցունքը, մի կերպ կուլ տալիս այն ու հարցնում էր տղային.
– Ինչո՞ւ ես աղջկան քաշքշել:
Տղան չէր հասկանում վերջին բառն ու զարմացած նայում էր մորը: Մայրը գլխի չէր ընկնում, որ այդ բառը փոխեր, իսկ տղան չէր հասկանում ու հուսահատված հարցնում էր իր անհավասար խոսքով.
– Ի՞նչ ես ուզում, մա՛յր:
Մայրը չէր կարողանում պատմել, որ աղջիկը սպառնացել է ոստիկանություն դիմել: Տնօրենը մի կերպ համոզել է նման բան չանել, հիմա հայրը գնացել է աղջկան խնդրելու, որ արդեն Աստծու կողմից պատժվածին ոստիկանների ձեռքը չգցի: Տղան անգիտակ էր անցուդարձին: Նրա ողջ էությունը բռնել էր աղջկա բույրը, տաք խոտի՞, փշատի՞, թե՞ ծիրանի բույրը:
Տղայի մեջ ձայնապնակի նվագից անկախ ուրիշ մեղեդի էր տրոփում: Տրոփում էր խենթությամբ: Թե նույնիսկ հազար անգամ լսած լինես ձայնապնակը, միևնույն է, չես հասկանա, որ նրա նվագը նման է խուլի ներսում տրոփող մեղեդուն, որ ցավեցնելու չափ տաք ու հարազատ է ամեն մարդու համար:
…Իրիկնադեմին տուն եկավ հայրը: Խռոված ու զայրացած էր երևում: Տղային հասկացրեց, որ աղջկան մի կերպ համոզել է, որ չբողոքի: Դրսում սեպտեմբերյան երկինքն ամպել ու թոնթորում էր: Տղան դուրս նայեց, խոր հոգոց հանեց ու դուրս եկավ:
– Ո՜ւր,- հետևից ձայն տվեց մայրը, բայց նրա ձայնը դիպավ տղայի թիկունքին ու ընկավ անձրևաջրի մեջ:
Տունը, որտեղ վարձով էր մնում աղջիկը, գեղեցիկ պատշգամբով էր, բարձր ցանկապատով: Ցանկապատի վրայից դեպի փողոց էին աճել վարդի թփերը: Աճել էին խիտ, աշխարհին սիրահարվածի մոլուցքով: Այնքան խիտ էին, որ մի տեսակ կենդանի անձրևանոց էին դարձել: Տղան կանգնեց վարդերի տակ, նայեց նրանց: Այնպես լավ էր այնտեղ: Անձրև չէր թափվում վրան, և վարդերը ոչ մի կշտամբանք չունեին իր համար պահած: Հոտ քաշեց և հասկացավ, որ անձրևոտ վարդի հոտը նման է աղջկա բույրին: Ցանկացավ մի վարդ պոկել ու տանել աղջկան, բայց մեղքը եկավ ժամանակից շուտ թառամող վարդին ու միտքը փոխեց: Թող թփին մնա:
Դարձյալ իրար խառնվեց ամեն ինչ: Նա պարզապես չէր հասկանում, որ աղջիկը կարող է իրենից վախենալ, և զարմանում էր, որ իր տաք, կրքոտ սիրուն աղջիկն այդպես է պատասխանում: Նրա մեջ դարձյալ սկիզբ առավ նույն մեղեդին, և աղջկան տեսնելու անդիմադրելի ցանկությունը փոթոթեց հոգին: Ինչ էլ որ լինի, պետք է մի անգամ էլ շնչի նրա բույրը:
Աղջիկը բացեց դուռը, սարսափած ու նվաղած նայեց նրան ու ոչինչ չկարողացավ ասել: Տղան նայեց, ժպտաց, վեր բարձրացրեց ձեռքերն ու շշնջաց.
– Դու լավն ես, դու մի՛ վախենա…
Հազիվ հերիքեցին բառերը: Աղջիկը նորից զարմացած նայեց ու նրա հետևից ներս մտավ: Տղան կանգնեց սենյակի մեջտեղում, նայեց շուրջը, հետո հանկարծակի մոտեցավ աղջկան ու հոտ քաշեց նրանից: Աղջիկը դարձյալ լաց եղավ ու ճչաց.
– Գի՜ժ, ի՞նչ ես ուզում ինձանից…
Տղան տեսավ նրա զայրացած ու սարսափած աչքերը, դարձյալ ոչինչ չհասկացավ: Ուզեց գրկել, կրծքին սեղմել նրան, բայց վախեցավ` վշտացնի: Մի երկվայրկյան քարացավ` անելիքը չիմանալով, հետո միանգամից գրկեց նրան, սեղմեց կրծքին ու տաք շուրթերով համբուրեց պարանոցը: Եվ ուշադրություն չդարձնելով նրա բողոքի ճիչին՝ նվագարկիչի միջից վերցրեց ձայնապնակն ու գլխից վեր պահելով հեռացավ:
Անձրևը կտրվել էր: Երկնքին նայեց ու հասկացավ, որ այդ աղջկան երջանիկ դարձնել չի կարող: Գիտեր, որ այս աշխարհում իր սրտի միակ ուզածն այդ աղջիկն է, բայց իր խուլ ականջները խանգարում են, իր թանձր լեզուն խանգարում է, որպեսզի իր սիրտը ցույց տա նրան, այնպես սիրի, որ նա իր սիրուց չվախենա:
Ողջ գիշեր չքնեց, իսկ առավոտյան դարձյալ դպրոցի բակում էր: Տեսավ, որ դասարանի լուսամուտից աղջիկը շունչը պահած հետևում է իրեն: Հանեց բաճկոնը, թռավ, կախվեց պտտաձողից: Նա իր կյանքում ոչ մի անգամ այդքան ճարպիկ ու այդպես համարձակ չէր եղել: Աշխարհի ոչ մի մարզիկ պտտաձողի վրա այդքան կատարյալ չէր եղել, ինչպես Անդոն այդ պահին: Պտտվեց, «արև» արեց, թռավ ձողից հեռու, օդի մեջ գլուխկոնծի տվեց, դարձյալ բռնեց ձողը: Հետո գեղեցիկ ցատկով իջավ գետնին: Կանգնեց մի պահ, թափ տվեց ձեռքերը, գլուխ տվեց աղջկան, կռացավ, գետնից վերցրեց բաճկոնը և դանդաղ, առանց հետ նայելու հեռացավ:
Նրան այլևս ոչ ոք չտեսավ գյուղում: Ուսուցչուհին, որ վերջապես տեսել էր նրա սիրտը, երկար փնտրեց նրան ու չգտավ: Ողջ կյանքում սպասեց նրա տաք ու սիրող աչքերին, բայց տղան այդպես էլ չեկավ:
…Վերջերս արդեն ծերացած մի ձեռք պատուհանից դուրս նետեց ժամանակից, հուսահատությունից ու անգործ մնալուց կոտրված ձայնապնակի այս բեկորը: Ծերացած մատները մի պահ ցավեցին: Խուլի սրտից մեղեդին հոսեց և կպավ ձայնապնակին: Մատներն այդ չիմացան, ծերացած ձեռքը չզգաց: Այդ մասին իմացան միայն սիրտն ու ձայնապնակը:
Բեկորը ձյան մեջ ընկած մնաց մի քանի շաբաթ, մինչև որ աղբահավաքի անտարբեր ու անհույզ բահն այն շպրտեց մեքենայի թափքի մեջ:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.