Բոլորիս հույս, հավատ, մեր գալիք գործերում / ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ

ՀԳՄ 19-րդ համագումարին ընդառաջ

«Գ.Թ.»-ի հարցերին պատասխանում է
ՀԳՄ նախագահ ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆԸ

«Գ. Թ.» – Պարոն Միլիտոնյան, հաշվետու ժամանակաշրջանում ինչպիսի՞ աշխատանքներ են կատարվել:
Էդ. Միլիտոնյան – Հաշվետու ժամանակաշրջանում ՀԳՄ վարչության և նախագահության, ինչպես նաև ՀԳՄ աշխատակազմի աշխատանքը եղել է ամենօրյա: Այդ ամենը լրատվությամբ, հիմնականում «Գրական թերթում», ներկայացվել է, սակայն բազմաթիվ հանդիպումներ, քննարկումներ, լիանիստեր, շնորհանդեսներ, հոբելյաններ, գիտաժողովներ, ելույթներ, ասուլիսներ, հրապարակումներ չէին կարող ամբողջովին ամփոփվել տեղեկատվության այդ շրջանակում: Ուստի որոշվեց թողարկել թերթի հատուկ համար, որտեղ ցանկով կներկայացվի, թե հաշվետու շրջանում ինչ ուղղություններով են աշխատանքներ տարվել: Ստեղծագործական միությունը նախ և առաջ պետք է կարողանա ապահովել գրական մթնոլորտ, ստեղծագործական ընթացք կազմակերպել ոչ միայն Երևանում, այլև ողջ Հայաստանում, Սփյուռքում, արտերկրում, ինչպես նաև լուծել գրողների սոցիալ-տնտեսական հարցերը: Պետք է անպայման հաշվի առնել, թե այդ ժամանակաշրջանում ՀԳՄ ստեղծագործական տների, Գրողների միության շենքային պայմանների ինչպիսի հավելումներ են գրանցվել, գրողների իրավունքը պաշտպանելու, դասական ու ժամանակակից գրողներին թարգմանելու և հանրահռչակելու, գրական գործերը մրցանակների տեսքով գնահատելու, դրանք տպագրելու, դրանց շուրջ գրականագիտական, քննադատական աշխատանք ձևավորելու ուղղությամբ ինչ գործեր են արվել: Չպետք է մոռանալ նաև Սփյուռք-Հայաստան առնչությամբ կատարված գործերի մասին, քանզի Սփյուռքի մեր գրողները լիարժեք ՀԳՄ անդամ են, և այս հաշվետու շրջանում աշխատանքներ ենք ծավալել՝ կազմակերպելով սփյուռքահայ մեր գրողների հետ հանդիպումներ, քննարկումներ, շնորհանդեսներ, հոբելյաններ, դրա մեջ ներառելով նաև արևմտահայ գրողների և սփյուռքահայ գրողների հոբելյանները: Այս ամենը մանրամասն կներկայացվի հատուկ թողարկման մեջ՝ մատենագիտական ցանկով, և ամբողջական պատկերը, կարծում եմ, տեսանելի կդառնա:

«Գ. Թ.» – Հրատարակչական աշխատանքները, բնականաբար, մեր գրողներին ամենաշատն են հուզում:
Էդ. Մ. – Մինչև 2017 թ. ՀՀ մշակույթի նախարարության պետական աջակցության ծրագրով հրատարակվում էին ժամանակակից գրողների գրքերը, և առանձնապես որևէ խոչընդոտ չկար: Չկա մի լավ գիրք, որ ներկայացվել է ու չի տպագրվել: Իսկ ինչ վերաբերում է այն կարծիքին, թե նաև թույլ գրքեր են տպագրվել, ապա այդ թույլ կամ ուժեղ գրքերը պիտի գրականագետները, քննադատները մեկնաբանեին, վերլուծեին, գնահատեին: Այդ ամենը որակելու դերակատարումը նրանց է պատկանում, քանի որ հնարավորություն է եղել տարբեր հարթակներում գնահատելու այդ գրքերի որակը: Ի դեպ, նշենք, որ ՀԳՄ Մեծ դահլիճում և Կլոր սրահում մշտապես եղել են քննարկումներ, շնորհանդեսներ, հանդիպումներ գրողների հետ, գործել է բանավեճի ակումբը: 2017 թվականից դժվարություն առաջացավ ՀՀ մշակույթի նախարարության կողմից ժամանակակից գրողներին տպագրելու խնդրում: Անցկացվեց գրահրատարակչական խնդիրների արծարծման լիանիստ, որտեղ մեր գրողներն ու հրատարակիչներն իրենց կարծիքները հայտնեցին, որը ներկայացվեց Մշակույթի նախարարությանը: ՀՀ մշակույթի նախարարությունն իր ծրագրերում ներառեց տպագրել երիտասարդ, սփյուռքահայ և ազգային փոքրամասնությունների գրողների գրքերը: Իհարկե, ժամանակակից գրողի տպագրման հարցը որոշակիորեն դժվարացավ, և ՀԳՄ-ն, ՀՀ մշակույթի նախարարության հետ համագործակցելով, տարբեր ծրագրեր իրագործեց: Մենք փորձեցինք մեր միջոցներով հրատարակել ժամանակակից գրողների գրքերը: ՀԳՄ հրատարակչությունը հատկապես կարևորում է ժամանակակից գրողների «21-րդ դար. հայ արձակ» և «21-րդ դար. հայ պոեզիա» մատենաշարի հրատարակումը: Արդեն 11 գիրք տպագրվել է, շնորհանդեսով ներկայացվել, ինչը շարունակական բնույթ է կրելու: Թե՛ ՀԳՄ-ի, թե՛ Հայաստանի գրական հիմնադրամի միջոցներով պետք է անպայմանորեն շարունակենք այդ մատենաշարի լույսընծայումը: Տպագրվել են նաև մատենաշարից դուրս գրքեր: Ի դեպ, ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի գլխավորությամբ, քննարկվել են ժամանակակից գրողների հրատարակման խնդիրները, և, կարծում եմ, առաջիկայում դրական լուծումներ կլինեն:
Ստեղծագործական հարցերի մասով ուզում եմ նշել մի հանգամանք. հաշվետու ժամանակաշրջանում, վերջին 25 տարում երևի առաջին անգամ, կազմակերպվեցին լիանիստեր տարբեր գրական ժանրերի՝ արձակի, պոեզիայի գծով, ինչպես նաև թարգմանական գործի, հրատարակչական խնդիրների, երիտասարդական գրականության հարցերի վերաբերյալ: Ստեղծագործական հարցերը լայնորեն քննարկվել են այդ լիանիստերում, և այդ ձևը, կարծում եմ, կշարունակվի ապագայում ևս: Հավելենք՝ եղել են գիտաժողովներ դասական ու ժամանակակից գրականության ու գրականագիտական կարևոր հարցերի վերաբերյալ:

«Գ. Թ.» – Մեր օրերում առավել առաջնային են երիտասարդների հետ տարվող աշխատանքները: Ի՞նչ է արվել և արվում այս ուղղությամբ:
Էդ. Մ. – Ամեն տարի հունիսին Գրողների Ծաղկաձորի ստեղծագործական տանը տեղի է ունենում երիտասարդ գրողների համաժողով, որտեղ քննարկվում են երիտասարդական գրականության հարցեր: Ընդգծեմ, որ երիտասարդ ստեղծագործողների հետ աշխատանքը Ծաղկաձորյան համաժողովով չի ավարտվում: Անցյալ տարի ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի հետ համատեղ կազմակերպեցինք երիտասարդ գրականագետների նիստ, քննարկվեցին տարբեր հարցեր, ՀԳՄ-ն և Գրականության ինստիտուտը որոշեցին ժամանակակից գրականության վերաբերյալ երիտասարդ քննադատների համար մրցանակաբաշխություն կազմակերպել: 2018 թ. դեկտեմբերին կամփոփվի այդ մրցանակաբաշխությունը: Ունենք հատուկ մրցանակաբաշխություններ երիտասարդների համար՝ Իրինա Գյուլնազարյանի, Լևոն Անանյանի անվան մրցանակաբաշխություններ, Արա Աբրահամյանի մրցանակաբաշխության մեջ հատուկ անվանակարգ առանձնացվեց, ՀՀ նախագահը ևս հատուկ մրցանակ է սահմանել երիտասարդ գրողների համար: Մեր մրցանակաբաշխությունների մյուս անվանակարգերում նույնպես ներկայանում են երիտասարդ գրողներ և հաճախ արժանանում մրցանակների: Օրինակ, վերջերս ամփոփվեց Ռուբեն Հովսեփյանի անվան մրցանակաբաշխությունը՝ պատմվածքի ժանրում, և մրցանակը ստացավ երիտասարդ արձակագիր Արմինե Բոյաջյանը: Հատուկ երիտասարդների համար սահմանված մրցանակ է Արարատ Մկրտումյանի մրցանակաբաշխությունը, որը մի տարի տեղի է ունենում Շիրակի, մյուս տարի՝ Լոռու մարզում: Մեր թերթերը, հանդեսները տարբերություն չեն դնում երիտասարդ և ավագ գրողների միջև: Լավ գործերը տպագրվում են: «Նորք» հանդեսի վերջին երկու համարներում հրապարակվեցին հիմնականում երիտասարդ գրողների ստեղծագործություններ, տպագրված երիտասարդ գրողների հետ առանձին հանդիպում կազմակերպեցինք ՀԳՄ-ում և զրուցեցինք երիտասարդների գրականության հարցերի շուրջ: Մեր օժանդակությամբ բազմաթիվ երիտասարդ գրողներ հրատարակվել են արտասահմանյան թերթերում, ամսագրերում: Որոշակի մասնակցություն եմ ունեցել «Գարուն» ամսագրի (խմբ.՝ Աշոտ Գաբրիելյան) խմբագրի նշանակման և ընդհատված աշխատանքը նորացնելու գործում: Գրողների միության «Ցոլքեր» մանկապատանեկան պարբերականը և գրական խմբակը գնահատելի ավանդ ունեն պատանի և երիտասարդ ստեղծագործողների ճաշակի ձևավորման, նրանց գրական ընթացքին սատարելու գործում: Այստեղ վարպետության դասեր են անցկացնում անվանի գրողներ Արտեմ Հարությունյանը, Հռիփսիմէն: «Գրեթերթը» ամբողջովին երիտասարդական գրականության հարթակ է, այստեղ իրենց նորամուտն են ունեցել բազմաթիվ երիտասարդ, այժմ ճանաչված անուններ: ՀԳՄ հրատարակչությունը իր հիմնական խնդիրներից է համարում նաև նոր անունների և երիտասարդ գրողների հրատարակումը: Իմիջիայլոց, որևէ շնորհքով երիտասարդ գրող, եթե դիմել է՝ ընդունվելու ՀԳՄ շարքերը, աջակցվել է:
Ի դեպ, որոշ գրական ամսագրերի և թերթերի խմբագիրները նշանակվել են երիտասարդ գրողներ և գրականագետներ:
Առաջիկայում ծրագրում ենք երիտասարդական գրականության, երիտասարդության միջավայրում գրականությունը տարածելու ասպարեզում առանձնահատուկ աշխատանք կազմակերպել՝ ներգրավելով երիտասարդ գրողների, քննադատների, գրականագետների:
Առաջիկայում մշակութային դաշտի երիտասարդական տարբեր թևերը միմյանց ճանաչելի դարձնելու նպատակով, ՀԳՄ-ի նախաձեռնությամբ, տարբեր ստեղծագործական միություններում կազմակերպվելու են հանդիպումներ: Քանի որ երիտասարդ բանաստեղծ Էդուարդ Հարենցը լայն կապեր ունի այդ ասպարեզում, ուստի նա է համակարգելու այդ աշխատանքը:

«Գ. Թ.» – ՀԳՄ գրական մամուլի մասին կարծիքները բազմաբնույթ են: Դուք ինչպե՞ս կբնորոշեք նրանց աշխատանքը:
Էդ. Մ. – Գրական մամուլը գնահատելիս ուզում եմ անպայմանորեն նշել, որ այն բովանդակային, ինչպես նաև արտաքին տեսքով հագեցած է եղել. հատկապես «Լիտերատուրնայա Արմենիա» (խմբ.՝ Ալբերտ Նալբանդյան), «Նորք» (խմբ.՝ Լիլիթ Հովսեփյան), «Արտասահմանյան գրականություն» (խմբ.՝ Վահե Արսեն), «Ցոլքեր» (խմբ.՝ Հռիփսիմէ) հանդեսները գունավոր ներդիրներով, նոր շապիկներով են ներկայացել ընթերցողներին: Անպայման պիտի առանձնացնենք «Գրական թերթի» (խմբ.՝ Կարինե Խոդիկյան) դերը, որը ոչ միայն գեղարվեստական գրականության, այլև մշակութային խնդիրներ է արծարծել, գրողների, լրագրողների նյութերով մեր հանրապետության առջև ծառացած հասարակական, քաղաքական, բնապահպանական բազմաթիվ խնդիրների, հոգսերի մասին է բարձրաձայնել: «Գրեթերթը» (տնօրեն՝ Գուրգեն Խանջյան, խմբագիրներ՝ Արքմենիկ Նիկողոսյան, Նառա Վարդանյան) իր առջև դրված խնդիրը կարողացել է արժանապատվորեն իրականացնել. այն է՝ ապահովել նոր երիտասարդ գրողների տպագրվելու և գրական դաշտում կայանալու հնարավորությունը:
Այս ամենին հավելենք նաև մարզերում հրատարակվող թերթերը՝ «Երկունքը» (խմբ.՝ Մանվել Միկոյան, Լոռու մարզ), «Եղեգան փող» (խմբ.՝ Ռոզա Հովհաննիսյան, Շիրակի մարզ), «Ոգու կանչ» (խմբ.՝ Հակոբ Հարություն, Կոտայքի մարզ): Այս թերթերը մարզերում ստեղծել են մի միջավայր, որտեղ և՛ նոր անուններ են հայտնվել, և՛ մեր բազմափորձ գրողներն են հրատարակվել, ինչպես նաև թարգմանական էջեր են ներկայացվել: «Լիտերատուրնայա Արմենիան» ոչ միայն տպագրել է ժամանակակից գրողների ստեղծագործությունները, ապահովել թարգմանական որակ, այլև մեր գրողների միջազգայնացման ասպարեզում հսկայական գործ է արել՝ տրամադրելով մեր գրողների թարգմանական նյութերը, հաճախ տողացիներ, նպաստելով մեր գրողների ստեղծագործությունները տարբեր երկրներում հրատարակմանը: «Լիտերատուրնայա Արմենիան» նաև տարբեր երկրների հետ փոխանակային համարներ է կազմակերպել: «Արտասահմանյան գրականություն» ամսագիրը նորովի՝ և՛ արտաքնապես, և՛ ներքին բովանդակային առումով փորձել է ընդլայնել թարգմանվող գրողների քարտեզը, հետևել թարգմանության որակին:
Առանձին, հատուկ թողարկման մեջ ներկայացվելու են մեր պարբերականներն ու թերթերը, և այդտեղ ավելի պարզորոշ կերևա, թե ով ինչ ծավալի աշխատանք է կատարել:

«Գ. Թ.» – Կուզեինք ներկայացնեք նաև ՀԳՄ ժանրային բաժանմունքների աշխատանքները:
Էդ. Մ. – ՀԳՄ ժանրային բաժանմունքները հաշվետու շրջանում կազմակերպել են բազմաթիվ միջոցառումներ, քննարկումներ, ինչպես նաև հանդիպումներ ընթերցողական լայն շրջանակների հետ: Մասնավորապես՝ ակտիվորեն մասնակցել են Գիրք նվիրելու օրվա միջոցառումներին, Մանկական գրքի շաբաթին, որոնք վերածվել են հանրապետական լայն ընդգրկում ունեցող տոների: Հայ դասականների օրերի առիթով կազմակերպել են գրական ընթերցումներ, քննարկումներ Հայաստանում և Հայաստանից դուրս: Պոեզիայի ցերեկույթներ են անցկացվել ՀԳՄ-ի հարակից տարածքում՝ Պոեզիայի պուրակում: Անպայման նշենք, որ հարյուրից ավելի գրող մասնակցեց «Մայիսյան հաղթանակներ» փառատոնին՝ հյուրընկալվելով Սարդարապատում, Ապարանում և Վանաձորում: Կարող ենք նաև հավելել Սայաթ-Նովային նվիրված Վարդատոնը Թբիլիսիում, որտեղ ներկա էին տասնյակ գրողներ ու բազմաթիվ ընթերցողներ, մասնակիցներ: Կարելի է ասել, որ որոշ բաժանմունքների, հատկապես պոեզիայի բաժանմունքի (ղեկավար՝ Արևշատ Ավագյան) աշխատանքներն ամենօրյա են: Զգալի են աշխատանքները արձակի (Ալիս Հովհաննիսյան), մանկապատանեկան գրականության (Անուշ Վարդանյան), թարգմանության (Շանթ Մկրտչյան), քննադատության (Սուրեն Աբրահամյան), ռուսագիրների (Սերգեյ Մուրադյան) բաժանմունքներում:
Բոլոր տասը մասնաճյուղերում ծավալվել են հիշատակելի գործեր և՛ մարզային գրական կյանքի տեսակետից, և՛ ընդհանուր: Մարզերում տարբեր հանդիպումներ են կազմակերպվել տեղի գրողների, քննադատների հետ: Տարբեր մարզերում նշվում են իրենց տարածքում ծնված դասականների հոբելյանները, գրական տոները: Նշենք նաև, որ ՀԳՄ Մեծ դահլիճում տեղի են ունեցել հանդիպումներ Շիրակի, Լոռու, Արագածոտնի, Կոտայքի մարզային գրողների հետ: Մարզային մասնաճյուղերը նաև կազմակերպել են մասնաճյուղերի անդամ գրողների գրքերի տպագրության, քննարկումների, շնորհանդեսների աշխատանքներ: Հատկապես ուզում ենք առանձնացնել Շիրակի և Լոռու մասնաճյուղերի գործունեությունը, որոնք զգալի ներդրում ունեցան նաև 2017 թ. կազմակերպված գրական մարաթոնին: Մնացյալը կներկայացվի հաշվետվությամբ:

«Գ. Թ.» – Ինչպիսի՞ն է Արցախի և Սփյուռքի գրողների մասնակցությունը ՀԳՄ աշխատանքներին:
Էդ. Մ. – Առանձնահատուկ ներկայացնեմ Արցախի գրողների միության հետ տարված աշխատանքները: Հիշատակելի են Պոեզիայի միջազգային փառատոնի կազմակերպումը Ստեփանակերտում, Մուրացանյան օրերը, հանդիպումները ժամանակակից հայ անվանի գրողների հետ, հոբելյանների նշումը, Արցախի Հանրապետության երիտասարդ գրողների հետ տարվող աշխատանքը, գրական մամուլի լույսընծայումը: Նշենք, որ Երևանում, ՀԳՄ Մեծ դահլիճում կազմակերպվեց Արցախի գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանի ծննդյան 70-ամյակին նվիրված հոբելյանական երեկո: Արցախի գրողների ստեղծագործությունները ՀԳՄ-ի գրական մամուլում մշտապես տեղ ունեն, ներկայացվում են հրատարակվելու այլ երկրների պարբերականներում, անթոլոգիաներում: Արցախի գրողները ՀԳՄ մրցանակաբաշխություններում ստանում են տարբեր մրցանակներ, նրանց գրքերի շնորհանդեսներ, քննարկումներ են կազմակերպվում Երևանում, ՀԳՄ-ում, գրադարաններում: Համատեղ աշխատանքով համալրվել են ՀԳՄ նոր անդամներ:
Սփյուռքի գրողների զգալի մասը ՀԳՄ անդամներ են: Բայց պետք է ասենք, որ աշխատել ենք ոչ Միության անդամների հետ ևս: ՀԳՄ Մեծ դահլիճում և Կլոր սրահում կազմակերպվել են սփյուռքահայ գրողների շնորհանդեսներ, քննարկումներ, հանդիպումներ, հոբելյաններ: Սփյուռքահայ գրողները ևս տպագրվել են ՀԳՄ մամուլում՝ առանց ուղղագրությունը փոխելու: ՀԳՄ միջնորդությամբ նրանց ստեղծագործությունները տպագրվել են Մշակույթի նախարարության աջակցության ծրագրով: Ոմանք հրավիրվել են մասնակցելու «Գրական տապան» միջազգային ծրագրին: Տարեկան մոտավորապես քսան սփյուռքահայ գրողի հետ հանդիպում և շնորհանդես է կազմակերպվում ՀԳՄ-ում: 2015 թ. չորս լեզվով հրատարակվեց եղեռնազոհ գրողների ստեղծագործությունների անթոլոգիան, որն աննախադեպ էր: Գերմանիայում տպագրվեց գերմաներեն, և Մագդեբուրգ, Հալլե ու Վիեննա քաղաքներում տեղի ունեցավ այդ ժողովածուի ներկայացումը: Մագդեբուրգում մասնակցում էին Գերմանիայի ՊԷՆ ակումբի անդամները: 2017 թ. աշնանը կազմակերպեցինք Սփյուռքի օտարագիր և հայագիր գրողների համաժողով Ծաղկաձորում, որին մասնակցեց 46 սփյուռքահայ գրող: Չորս օր շարունակ տեղի ունեցան քննարկումներ, ընթերցումներ: 2018 թ. հրատարակվեց «Դեպի ակունքը լույսի» խորագրով ժողովածուն, որտեղ ընդգրկվել են ոչ միայն համաժողովի զեկուցումներն ու ելույթները, այլև մասնակիցների ստեղծագործությունները: Ի դեպ, ՀՀ Սփյուռքի նախարարի հետ հանդիպման ժամանակ առաջարկեցինք սփյուռքահայ երիտասարդ արվեստագետների հետ հանդիպման ծրագիր, որն ընթացքի մեջ է:

«Գ. Թ.» – Հայտնի, որ ՀԳՄ-ն կարևորում է համագործակցությունը ՀՀ տարբեր կազմակերպությունների հետ՝ իրականացնելով համատեղ գրական միջոցառումներ:
Էդ. Մ. – Ստեղծագործական խնդիրների լուծման ուղղությամբ համագործակցել ենք ՀՀ Մշակույթի, Սփյուռքի, Գիտության և կրթության, Պաշտպանության նախարարությունների և ուսումնական հաստատությունների, գրադարանների, թանգարանների հետ: Հատկապես ուզում եմ նշել Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական, Ազգային, Խնկո-Ապոր ազգային մանկական գրադարանների, Եղիշե Չարենցի, Ավ. Իսահակյանի և Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանների արժանահիշատակ դերը մեր համատեղ աշխատանքում:
Հաշվետու ժամանակում բոլոր հանդիպումների, միջոցառումների թիվը մոտավորապես յոթ հարյուր է:
ՀԳՄ աշխատանքները լուսաբանվել են ոչ միայն գրական մամուլում, այլև «Հայաստանի Հանրապետություն», «Իրատես», «Հայ զինվոր» թերթերում, հեռուստառադիոընկերություններում: Շնորհակալ ենք Հանրաին ռադիոյին, «Հ1», «Հ2», «Շանթ», «Երկիր մեդիա», «Շողակաթ», «Արմենիա», «Կենտրոն» և մյուս հեռուստաընկերություններին և նրանց լրագրողներին, որոնց ամեն տարի պատվոգրեր ենք հանձնում: Հատկապես ընդգծեմ «Հ2»-ին, որը կազմակերպեց մեր գրական մարաթոնը:

«Գ. Թ.» – ՀԳՄ գործունեության կարևոր մաս են սոցիալական և տնտեսական խնդիրները:
Էդ. Մ. – Շարունակվում է գրողների անվճար հանգստի ապահովումը: Աշխարհում, որքան գիտեմ, սա եզակի երևույթ է: Կազմակերպվել է ՀԳՄ անդամ-գրողների բժշկական օժանդակությունը: Տասնյակ գրողներ անվճար բուժօգնություն են ստացել: «Մեդլայն» բժշկական հաստատությունը մեզ հետ կնքած պայմանագրի շրջանակում բուժծառայություններ է մատուցել ՀԳՄ անդամ-գրողներին: Հիշենք նաև ՀԳՄ պոլիկլինիկայի գործունեությունը: «Մեդլայնի» հետ կնքվելու է աչքերի բուժման պայմանագիր, ըստ որի՝ այն անվճար ծառայություններ է մատուցելու, այդ թվում նաև վիրահատություններ:
Հաշվետու ժամանակաշրջանում 95 գրող ֆինանսական աջակցություն է ստացել: Կազմակերպվել են գործուղումներ Հայաստանում (43 գրող): Նաև այլ հարցերում աջակցել ենք գրողների ընտանիքներին: Գրողների իրավունքները պաշտպանելու, սոցիալական խնդիրները լուծելու ուղղությամբ մշտապես իր մասնակցությունն է ունեցել ՀԳՄ-ն:
Տնտեսական առումով, կարող եմ ասել, որ երբ ընտրվել եմ նախագահ, ՀԳՄ-ն ունեցել է գույքահարկի և եկամտահարկի մասով 8 մլն 700 հազար պարտք: Բյուջեում ունեցել է 63 000 դրամ, 1 մլն էլ ունեցել է գրական հիմնադրամը: 2018 թ. հուլիսի 1-ի դրությամբ՝ ՀԳՄ-ի հաշվեհամարին ունենք 5 մլն 200 հազար դրամ, իսկ գրական հիմնադրամում՝ 4 մլն-ից ավելի գումար: Սա ես ասում եմ ի գիտություն նրանց, ովքեր կարող են մտածել, թե ՀԳՄ-ն մեծ ժառանգություն է ստացել: Սրանով ես չեմ թերագնահատում իմ նախորդին, որը դժվար աշխատանքով ապահովել է ՀԳՄ-ի գործունեությունը, մանավանդ, որ մինչև նախագահ դառնալը գրեթե տասը տարի աշխատել եմ որպես Գրողների միության քարտուղար և գրական հիմնադրամի տնօրեն՝ հասարակական կարգով (իմիջիայլոց, որպես նախագահ, աշխատավարձ ստացել եմ 2016 թվականին, վարորդը՝ նույնպես):
Տնտեսական իրավիճակի բարելավմանը նպաստել է տարբեր ծրագրերի ներգրավումը որոշ բարերարների օժանդակությամբ, որոնց մի մասի անունները գրված են ՀԳՄ պատվո տախտակի վրա: Գրական հիմնադրամի մարաթոնի ընկերական, բարեկամական կապերը նույնպես օգնեցին, որպեսզի հիմնադրամը ունենա որոշակի մուտքեր: Մուտքերի ավելացմանը նպաստել է նաև Գրողների միության համակարգի մեջ մտնող Ծաղկաձորի ստեղծագործական տունը, որը իր սենյակները նորոգելով, միջավայրը բարելավելով որոշակիորեն մուտքեր է ունեցել, որոնք հիմնականում ծախսվել են Ստեղծագործական տան շենքը պահպանելու և գրողների հանգիստը կազմակերպելու համար: Ինչ վերաբերում է Սևանի ստեղծագործական տանը, մեջբերեմ ՀԳՄ նախկին նախագահ Լևոն Անանյանի խոսքը համագումարյան զեկուցումից. «Վերջապես կարողացանք լուծել Սևանի ստեղծագործական տան թնջուկը, որը յուրատեսակ պատուհաս էր դարձել ՀԳՄ նախագահության համար: Օրերս այցելեցի Սևան և կարող եմ հավատալ, որ վերջապես գտնվել է հուսալի վարձակալը, ով լուրջ ներդրումով փորձում է փրկել տունը ավերումից և ապահովել մարդավայել սպասարկում», և այդ վերոնշյալ վարձակալները իմ որդիներն են եղել, որոնց անունները հիշատակված չէ այդտեղ: Նրանց ամենամյա ներդրումներով Սևանի հանգստյան տունը վերոնշյալ ծանր վիճակից հասել է գործելու և գրողներին սպասարկելու վիճակի: Նաև պիտի ասեմ, որ ճարտարապետական լուրջ աշխատանք է արվել տնօրինության և ճարտարապետների կողմից Պոլ Գետի հիմնադրամի հետ գործակցության շրջանակում: Ծրագիրը հասնում է ավարտական փուլին և կներկայացվի հանրությանը: Հուլիսի վերջին տեղի կունենա ճարտարապետական ողջ աշխատանքների շնորհանդեսը Ճարտարապետների միությունում: Դա Ճարտարապետների միության, տարբեր մասնագիտական ինստիտուտների, Սևանի ստեղծագործական տան տնօրինության և ճարտարապետ Ռուբեն Արևշատյանի առաջարկն էր, և գործընթացին մեր մասնակցությունն ունենք:
Անդրադառնամ նաև Գրողների միության շենքին: Առաջին հարկը և ՀԳՄ Մեծ դահլիճը նորոգվել են, դահլիճը հագեցել է ժամանակակից թանկարժեք տեխնիկայով և վարձակալության տրվել թատրոնին: Դա ևս որոշակիորեն բարելավել է մեր ֆինանսական վիճակը: Ամբողջովին վերափոխվել է հարակից տարածքը, ժամանակին չորացող այգին պահպանվում է, ստանում ստորգետնյա ոռոգում, և այդտեղ հաճախ կազմակերպում ենք բացօթյա հանդիպումներ, ցերեկույթներ: Շենքի գույքահարկը, եկամտահարկը վճարվում է ժամանակին, և այսօր որևէ մեկի պարտք չենք: Մեր տնտեսությունը բարելավվել է և աշխատանքային պայմաններ են ստեղծվել խմբագրությունների, ՀԳՄ աշխատակազմի համար: Շենքի մեծ մասը զբաղեցնում են խմբագրություններն ու ՀԳՄ աշխատակազմը: Մյուս հատվածը տրվել է վարձակալության, ինչպես եղել է նախկին նախագահների օրոք: Վերջին 27 տարում առաջին անգամ ջեռուցվում է շենքը (2016-2017-ից սկսյալ):
Անցյալ տարի Թբիլիսիում բացեցինք Հովհաննես Թումանյանի տունը, որը նախաձեռնել էր Լևոն Անանյանը, և նորոգումը շարունակեցինք մենք՝ Վրաստանի Հայոց թեմի աջակցությամբ:
Մեր տնտեսական վիճակից ելնելով՝ ավելացրել ենք մրցանակաբաշխությունները: Ամենամյա մրցանակների շարքում ավելացել են Հովհաննես Թումանյանի, Հովհաննես Մասեհյանի մրցանակները, մրցանակ են սահմանել նաև Ծաղկաձորի և Սևանի ստեղծագործական տները: Լևոն Անանյանի անվան երիտասարդական մրցանակ՝ Նաթելլա Լալաբեկյանի հովանավորությամբ, գումարվել է նաև ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ մրցանակաբաշխությունը, ինչպես նաև երիտասարդ քննադատների մրցանակաբաշխությունը:

«Գ. Թ.» – Այսօր մշակույթը, մասնավորապես՝ գրականությունը չի կարող անմասն լինել համաշխարհային զարգացումներից:
Էդ. Մ. – Ընդլայնվել է ՀԳՄ-ի հետ համագործակցող երկրների քարտեզը: Մեզ հետ ավանդաբար աշխատող Ռուսաստանի, Իրանի, Վրաստանի, Սերբիայի, Սլովակիայի, Ռումինիայի, Գերմանիայի թվին գումարվել է Չինաստանը, Վիետնամը, Լեհաստանը, Բելառուսը, Լիտվան, Ղազախստանը, Կիրգիզիան: Իրանի հետ ունենք աշխատանքային լուրջ կենսագրություն: Այնտեղ «Աֆրազ» հրատարակչությունը շարունակում է հրատարակել ժամանակակից հայ բանաստեղծների գրքերը: Նաև դրամատուրգների փոխայցելություններ է եղել Հայաստանից Իրան, Իրանից Հայաստան: Իրանում հրատարակվել է հայ դրամատուրգների անթոլոգիա, Հայաստանում էլ՝ Իրանի: Այդ երկրներում հրատարակվել են ու պատրաստվում են հրատարակության ժամանակակից գրողների անթոլոգիաներ: Ռուսաստանի «Լիտերատուրնայա գազետա» թերթը պարբերաբար, առանձին հավելվածով, ներկայացրել է ժամանակակից բազմաթիվ հայ գրողների: Նույնը՝ Վրաստանում: Գերմանիայի հետ աշխատանքային հարաբերությունները շարունակվել են, իրագործման ընթացքում է մի ծրագիր՝ Նարեկացու «Մատյան ողբերգության» ստեղծագործությունը գերմաներեն թարգմանելու և Գերմանիայում հրատարակելու ուղղությամբ: Թարգմանիչ Վիլհելմ Բարչը իր կնոջ՝ Ֆրաու Օտտոյի հետ այս ամսին հյուրընկալվեց Հայաստանում, և զբաղվեցին գրքի թարգմանությամբ ու ձևավորման աշխատանքներով: Եկող տարվա սկզբին գիրքը տպագրվելու է Գերմանիայում:
Հաշվետու ժամանակաշրջանում հրապարակել ենք ցանկեր, թե 2012-2016 թթ. ժամանակակից հայ գրողը որ երկրում ինչ հրատարակություն է ունեցել: Դա ընդարձակ ցանկ է: Եվ հատուկ թողարկման մեջ օրերս տպագրվելու է 2016-2018 թթ. ցանկը: Այս ցանկի ի հայտ գալը խոսում է այն մասին, որ եթե Սովետական Միության օրոք միայն ռուսերենի միջոցով էինք աշխարհ դուրս գալիս, ապա այսօր անմիջական գրական կապերով, հնարավոր միջոցներով տարածում ենք դասական և ժամանակակից հայ գրականությունը: Այստեղ պետք է հաշվի առնել նաև գրողների անձնական կապերը, որոնք հաճախ օգտակար են լինում ընդհանուր գրականությանը: Ժամանակակից հայ գրողները հրավիրվում են մասնակցելու տարբեր երկրների գրական փառատոներին, հանդիպումներին, և այդ հարցերում որոշակիորեն աջակցել ենք նրանց:
Հաշվետու ժամանակաշրջանում 18 արտասահմանցի գրողի հրավիրել ենք Հայաստան, որոնք մասնակցել են «Գրական տապան» ծրագրին և մեր հանդիպումներին, որոնք կազմակերպվել են ՀԳՄ Մեծ դահլիճում և ՀԳՄ Կլոր սրահում, նաև տարբեր գրադարաններում ու գրախանութներում:
Այս ընթացքում, կարծում եմ, պատշաճ մակարդակով անցկացրեցինք ՀԳՄ-ի
80-ամյակի տոնակատարությունը, որի ընթացքում բազմաթիվ գրողներ արժանացան կոչումների, մեդալների, հրատարակվեց 80-ամյակին նվիրված գիրք:
Իրավական հարցերով՝ դատարանում քննարկվել է Հայ գրողների միության՝ մեր դեմ ներկայացրած հայցը, և մենք շահել ենք դատը: Նաև առանձին գրողների հարցերով հնարավորինս փորձել ենք պաշտպանել նրանց հեղինակային և այլ իրավունքները:
2014 թ. վերականգնեցինք Գրողների միության կայքի աշխատանքը: Ռուսերեն և անգլերեն թարգմանվեցին ու տեղադրվեցին գրողների տվյալները: Ֆեյսբուք սոցիալական ցանցում Գրողների միությունն ունի իր էջը: Վերջերս հիմնել ենք http://grakan.am կայքէջը (խմբագիր՝ Արմեն Ավանեսյան), որը բացառապես անդրադառնալու է ժամանակակից գրականությանը, գրական նորություններին:
Կազմակերպվում են գրողների հանդիպումներ տարբեր լսարաններում, որոնց իրագործման համար իր ջանքն է ներդնում Տիգրան Նիկողոսյանը: Շարունակվում են ՀԳՄ սրահներում Երևանի հայ գրականության ուսուցիչների հանդիպումները գրողների հետ:
ՀԳՄ նախկին նախագահ Լևոն Անանյանի՝ ապագա անելիքների ծրագիրը, կարող ենք հավաստել, ամբողջովին իրագործվել է: «Ընդլայնել արդի գրականության թարգմանական շրջանակները, խորացնել ՀԳՄ-ի միջազգային կապերը, փորձում ենք ստեղծել գրական մամուլի հոնորարային հիմնադրամ, պետք է նորոգել ՀԳՄ կայքը, եղած նյութերի հիման վրա կարելի է բերել թարգմանական բանկ, գրական ծրագրերով մասնակցել Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին, 2014 թ. շուքով նշվի ՀԳՄ 80-ամյակը»: ՀՀ մշակույթի նախարարությունում քննարկվել է գրական մամուլին աջակցելու հարցը: Նախարար Լիլիթ Մակունցի հրավիրած նիստում քննարկվել է հոնորարներ տրամադրելու ծրագիրը: Այս ամենին գումարվել են այն աշխատանքները, որոնք թվարկվեցին վերևում: Իմ նախընտրական ծրագիրը, որ տպագրել էի «ԳԹ»-ում, ամբողջապես իրագործվել է:

«Գ. Թ.» – Այժմ՝ համառոտ ապագա ծրագրերի մասին:
Էդ. Մ. – Նախ շարունակելու ենք լավագույն ավանդույթները: Ծրագրել ենք կազմակերպել ամենամյա միջազգային գրական փառատոն, որին կհրավիրվեն մեր գրականությանը բարեկամ թարգմանիչներ ու գրողներ: Պատշաճ նշել ՀԳՄ-ի 85-ամյակը: Կազմակերպել գրական մարաթոն՝ հիմնականում արտերկրում, ստեղծել տարբեր լեզուներով տողացիներ ապահովող խումբ, ընդլայնել գրական կապերի քարտեզը, առավել ընդլայնել սոցիալական հարցերի լուծման շրջանակը, երիտասարդ գրողների ուղղությամբ տարվող աշխատանքը՝ նրանց ներգրավելու գրական-կազմակերպական աշխատանքում: Կարիքն ունենք յուրաքանչյուրի թարմ շնչի, առաջարկություններն իրագործելու ամեն մեկի զորակցության: Բոլոր հարցերը կարող են քննարկվել նորընտիր նախագահությունում, վարչությունում, իսկ նախկինների աշխատանքի համար, ի դեպ, իմ շնորհակալությունն եմ հայտնում, և իմ շնորհակալությունը՝ բոլոր այն գրողներին, ովքեր հաշվետու շրջանում իրենց ժամանակն ու ջանքն են ներդրել:
Սա իմ իններորդ հաշվետվությունն է, ամեն կիսամյակ ներկայացրել եմ մեր աշխատանքները, և ինչ հասցրել ենք անել, Ձեր աչքի առջև է, ինչ չենք հասցրել՝ ներող եղեք: Այսքանը՝ համառոտ: Բոլորիս հույս, հավատ, սեր մեր գալիք գործերում:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.