Խնդիրը տաղանդն է / Թադևոս ՏՈՆՈՅԱՆ

– Այսօր քչերն են անդրադառնում մանկապատանեկան գրականությանը, ինչո՞ւ, եթե պահանջարկը չի նվազել:
– Երբ 1984 թ. աշխատանքի էի անցնում մանկապատանեկան «Պիոներ» (այժմ`«Աղբյուր») ամսագրում, գլխավոր խմբագիր Անահիտ Սահինյանը հարցրեց` արդյո՞ք երեխաների համար գրում եմ, ու շեշտեց, որ առանց դրա մանկապատանեկան ամսագրի խմբագրությունում հնարավոր չէ աշխատել, ու լավ գրողը նա է, ով կարողանում է գրել նաև երեխաների համար:
Երեխաների համար գրականությունը, ցավոք, շատերը շփոթում են թույլ գրականության հետ: Կարծում եմ` այդ կարծրատիպը մինչև օրս էլ կոտրված չէ, քանի որ այսօր էլ «Աղբյուր» են բերում այնպիսի գործեր, որոնք մեծերի համար լույս տեսնող պարբերականներում մերժվել են, ու դրանց հեղինակներին թվացել է, թե գոնե մանկական ամսագրում կամ թերթում կկարողանան տպագրել: «Աղբյուրում» աշխատելու տարիներին ինձ համար ամենավիրավորականը դա է եղել:
Ինձ համար կա մի բանաձև. եթե երեխաների համար գրել չեն կարողանում, ուրեմն այնքան էլ տաղանդավոր չեն:
Հիշում եմ` Անահիտ Սահինյանը պատմում էր, թե ինչպես է Հրանտ Մաթևոսյանին համոզել, որ «Պիոների» համար գրի: Ու երևի քչերը գիտեն, որ մեծ գրողի «Կանաչ դաշտը» պատմվածքների ժողովածուի համար մի քիչ էլ Անահիտ Սահինյանին ենք պարտական, քանի որ կարողացել է վերոհիշյալ ձևով «սադրել» մեծ գրողին ու նրանից պատմվածքներ «պոկել» «Պիոների» համար: Ու հենց այդ պատմվածքներն էին, որոնք հետո դարձան «Կանաչ դաշտը» ժողովածուն: Դա այն ժամանակաշրջանն էր, երբ մանուկների համար գրում էին այնպիսի հեղինակություններ, ինչպիսիք են արվեստաբան Լևոն Հախվերդյանը` «Զրույցներ լեզվի մասին», ճարտարապետ Վարազդատ Հարությունյանը` հայ ճարտարապետությանը նվիրված հոդվածաշար, պատմաբաններ Հայկ Խաչատրյանը` «Բառը չզորացրվող զինվոր», «Տեղանունը հուշարձան է», Հայկազ Պողոսյանը` 19-20-րդ դարերի ֆիդայիներին ներկայացնող զրուցաշար, լեզվաբան Ռաֆայել Իշխանյանը` «Պատկերազարդ պատմություն հայոց», այլք: Մեծ արվեստագետներն ու գիտնականները այդպես կարևորում էին փոքրերի համար գրելը, կարևորում էին, որովհետև հստակ գիտեին, որ մանուկների կրթությունն ու դաստիարակությունը ընդհանրապես ազգի սերնդափոխության, ազգային արժեհամակարգի, հանրության առաջընթացի նախապայմանն են: Ու պատահական չէ, որ մեր ամսագրում նրանց տպագրած զրուցաշարերը քիչ անց տպագրվում էին նաև առանձին գրքերով:
«Աղբյուրում» հիշյալ անուններին փոխարինեց գրողների ու գիտնականների հաջորդ սերունդը. այսօր ճանաչված երգչուհի Հասմիկ Հարությունյանը գրեց «Բարի լուսո աստղ էրեվաց» հայ տոհմիկ երգին նվիրված զրուցաշար, ազգագրագետ Սերգեյ Վարդանյանը գրեց ու ամսագրի յուրաքանչյուր համարում ներկայացրեց հայոց մայրաքաղաքներից հերթականը, Արմինե Հալաջյանը համար առ համար պատանի ընթերցողներին ներկայացրեց Կիլիկիայի հայոց բերդերն ու քաղաքները, ճանաչված երգիչ ու մաթեմատիկայի ուսուցիչ, այն ժամանակ Պ. Յավորովի անվան դպրոցի տնօրեն Գրիգոր Սաֆարյանը հոդված առ հոդված ներկայացրեց մաթեմատիկայի հետաքրքրաշարժ գաղտնիքները, Արա Թադևոսյանը հոդվածաշարով պատմեց հայոց խորհրդանիշների` զինանշանների, դրոշների մասին, և այլն: Իսկ գեղարվեստական գրականության ոլորտում մանկապատանեկան մամուլում «Պիոներ» (այժմ` «Աղբյուր»), «Ծիծեռնակ», «Պիոներ կանչ» (այժմ`«Կանչ») հանդես էր գալիս մանկագիրների մի ողջ աստղաբույլ` Յուրի Սահակյան, Երվանդ Պետրոսյան, Լիպարիտ Սարգսյան, Աշխեն Աբազյան, Հրաչյա Մաթևոսյան, Վարուժան Նալբանդյան, Լյուդվիգ Կարապետյան, Էդվարդ Միլիտոնյան, Ղուկաս Սիրունյան, Վարուժան Այվազյան, Հովիկ Վարդումյան, Սամվել Կոսյան, Մաքսիմ Ոսկանյան… բոլորին չես թվարկի:
Այսօր մանկապատանեկան գրականություն շատ քիչ է ստեղծվում, ինչը բացատրում եմ մեծատաղանդների սակավությամբ: Սա էլ է օբյեկտիվ ընթացք. մեծատաղանդները ամեն օր չէ, որ ծնվում են: Բայց կա նաև մեկ ուրիշ կարևոր հանգամանք. դա այն գիտատեխնիկական առաջընթացն է, որ համացանցի միջոցով խուժել է մեր կյանք, ու դրա ամենաակտիվ ազդեցության տակ են մանուկներն ու պատանիները. նրանց այլևս չես զարմացնի միայն բնության գեղեցիկ պատկերներով, կախարդների մասին պատմություններով կամ տիեզերանավով: Մանկապատանեկան գրականությունն այսօր ետ է մնում մանուկների աշխարհից, աշխարհ, որտեղ տիրում են նոր տեխնոլոգիաները, տարածության ու ժամանակի ընկալման այլ չափանիշներ, տիեզերական այլ չափումների փնտրտուքներ… Գրականությունը կորցնում է իր հետաքրքրականությունը, բայց կա հավերժականը` մարդկայինը, որի կարիքը նվազում, և, ընդհակառակը, այն կորցնելու վտանգը աստիճանաբար ահեղանում է… Ու ժամանակակից մանկագրությունը պետք է կարողանա տեղ գտնել մարդուն ճնշող, ոչ բոլորին մատչելի ու մարսելի վիթխարի տեխնիկական առաջընթացի բերած ամենօրյա նորությունների ու մարդկայնության կորստի ահագնացող վտանգի արանքում:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.