Քաջերն են գնում գնդակին ընդառաջ

Samvel-ShahmuradyanՀունիսի 5-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ հիշատակի ցերեկույթ՝ նվիրված հասարակական-քաղաքական գործիչ, գրող, լրագրող, Արցախյան պատերազմի մասնակից Սամվել Շահմուրադյանին:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, հիշելով, որ «Литературная Армения» ամսագրի խմբագրություն ընդունվելիս Սամվել Շահմուրադյանը շատ երիտասարդ էր և գրական շրջանակներում անծանոթ անուն, նկատեց. «Մեկ-երկու տարում իր թարգմանությունները, գրական կյանքին մասնակցությունն ու լուրջ, կարևոր հարցերում խորամուխ լինելը ապացուցեցին, որ գրական միջավայր է եկել իսկապես նպատակասլաց, ազնիվ և հրաշալի երիտասարդ»: Նրա հավաստմամբ՝ 1988 թ. սումգայիթյան իրադարձություններից հետո Ս. Շահմուրադյանը ձեռնամուխ եղավ բացահայտելու, գտնելու և դատապարտելու այդ ոճիրը իրագործողներին՝ Հայաստանում և Մոսկվայում մասնակցելով դատավարություններին և այդ մասին հոդվածներ գրելով: Ինչպես նշեց Էդ. Միլիտոնյանը, ՀԳՄ-ի սենյակներից մեկը, որ կրում է Ս. Շահմուրադյանի անունը, դարձել էր սումգայիթյան ոճրագործության նյութերի հավաքման աշխատատեղ: «Նա այդ խնդրի արծարծման դրոշակակիրն էր: Այստեղ էին գալիս սումգայիթյան ոճիրից մազապուրծ Հայաստան եկածները՝ Գրողների միությունում մխիթարություն և հույս գտնելու»,- ամփոփեց Էդ. Միլիտոնյանը:
Գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը, բնորոշելով Ս. Շահմուրադյանին որպես կատարյալ հրապարակախոսի ու գրողի, նշեց. «Սամվելը բազմաթիվ ձեռնարկումների հեղինակ էր թե՛ Ղարաբաղյան շարժման յուրաքանչյուր մարդու կենսա­գրությունը գրելու, թե՛ այդ շարժումը ճիշտ հունով և վստահելի ճանապարհով տանելու գործում: Նա ոչ միայն հրաշալի տիրապետում էր իրադրությանը և գիտեր այն ճանապարհները, որոնցով պետք է անցնեինք, այլև օրինակ էր բոլորիս համար՝ որպես Ազգային ժողովի պատգամավոր»:
Ըստ ՀԳՄ քարտուղար Պետրոս Դեմիրճյանի՝ Ս. Շահմուրադյանը լուսավոր, երիտասարդ գործիչներից էր՝ և՛ որպես գրող, և՛ որպես հրապարակախոս, և՛ որպես ազատամարտիկ: «Իր խոսքով, իր վերաբերմունքով ու խառնվածքով զրուցակցին անմիջապես գրավելու ունակություն ուներ, անպայման փորձում էր մատը դնել որևէ խնդրի վրա և անմիջապես լուծում գտնել»,- ասաց նա:
«Այն, ինչ հասել է նրանից մեր ազգին, սովորական օրագիր չէ, այլ պատերազմի օբյեկտիվ տարեգրություն, որ սկիզբ է առնում 1988 թ. փետրվարից և անսպառ նյութ է տալու նրանց, ովքեր զբաղվելու են Արցախի ազատագրության համար մղված պատերազմի պատմությամբ»,- ասաց «Առաքելություն Հայաստան» գրական խմբակի ղեկավար Վալյա Մարգարյանը:
Ելույթ ունեցան նաև Տեր Թովմա քահանան (Վահան Անդրեասյան), Գոհար Մարտիկյանը, Ս. Շահմուրադյանի որդին՝ Դավիթ Շահմուրադյանը և ուրիշներ:
«Առաքելություն Հայաստան» հասարակական կազմակերպության գրական խմբակի անդամներ Օֆելյա Ասատրյանն ու Կորյուն Մուրադյանը ընթերցեցին հատվածներ Ս. Շահմուրադյանի էսսեներից: Հնչեցին երգեր՝ նվիրված ազատամարտիկներին ու Սամվել Շահմուրադյանին:
Միջոցառումը կազմակերպվել էր «Առաքելություն Հայաստան» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ և ՀԳՄ աջակցությամբ:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.