ՌՈՒԶԱՆ ԱՍԱՏՐՅԱՆ / ԹԱՎՇՅԱ ՀԵՂԱՇՐՋՄԱՆ ԱՐՄԱՏՆԵՐԸ…

Ռուզան ԱսատրյանՀԳՄ վարչությունը
շնորհավորում է բանաստեղծ, արձակագիր, հրապարակախոս
ՌՈՒԶԱՆ ԱՍԱՏՐՅԱՆԻՆ
ծննդյան 70-ամյակի առթիվ

«Գրական թերթը»
միանում է շնորհավորանքին

ՁՈՆ ԵՐԵՎԱՆԻՆ
(Երևանը վեց հազար տարեկան է)
Ռուզան ԱՍԱՏՐՅԱՆ
Երևան, դարերի քաղաք,
Հայոց քերթության օազիս-ամրոց,
Վարդագույն երազ որոնումների,
Ձոնն այս ընդունիր ի սրտի խորոց:
Քո վերապրումի մարգարիտը թանկ,
Որ տիեզերքի ափսեից առել
Ու մեկնել ես մեզ, որպես թալիսման,
Սիրով դարձել է մեր սրտերի մեջ՝
Հայ վերապրումի հույժ նախապայման…
Ու մենք պահում ենք երակդ արթուն՝
Որպես հավերժի գիր ու պատմություն:
Դու այն հավերժն ես ժամանակի մեջ
Եվ նոր ես այնքան, որ դարերն այսօր
Ծնկի են եկել քո փառքի առաջ….
Դու Արարատի լուսակիր մատյան,
Գոյիդ արձագանքն հեռվից է գալիս՝
Դու որքան անցյալ, այնքան էլ՝ ներկա…
Ու քեզ տարեկից քաղաքներն այն մեծ՝
Նինվե, Բաբելոն ու Պերսեպոլիս,
Ձեռագիր հուշ են, գրքերը վկա,
Ու թե ոսոխդ մշտարթուն է հար,
Փառքիդ ճամփեքի նահանջը չկա:
Սելջուկ ու թաթար, պարսիկ ու արաբ,
Մոնղոլներ, թուրքեր… ովքե՞ր չեն պղծել
Քո երազների ոգին կենսաբեր…
Քարագիր մատյան, տուն ու հանգրվան,
Թշնամին անգամ քարերդ է գերել,
Ոչ միայն գերել, այլև գրերդ
քարերից քերել,
Որ հայոց գենի լույս ճամփան փակեն,
Որ գեհենի մեջ վայրագ ցեղերի
Հայոց այրերը նախնյաց
լույսի դեմ էլ չխնկարկեն….

Սարդարի բերդը դեռ մինչև այսօր
Վկան է դարի անցյալ մեղքերի:
Դու միշտ եղել ես, քաղաք ոգեղեն՝
Հաղթության խորհուրդ,
զորավիգ ազգի,
Ձեռքդ չես մեկնել ուրիշի փառքին,
Եղել ես տերը քո զորեղ բազկի:
Հայոց սուրբ ոստան,
մեր քաղաքամայր,
Աշնան գունառատ գորգերի վրա
Սերունդները քո տոնն են սաղմոսում:
Սա է մեր ոգու շապիկն արծաթե,
Որ բարության մեջ մեր լուսաշաղախ,
Օտար խաբկանքով երբեք չգայթենք…
Ահա թե ինչու Արգիշտի արքան
Համառ ու ըմբոստ, բարեհոգի այր,
Իր կամքով ոգեց բերդն արիական,
Բերդի պատերին դրոշմեց գրքեր,
Ուր պատմությունը այսպես էր գրված՝
Խալդի զորությամբ՝ արքային տրված,
782-ին, Քրիստոսից առաջ,
Արքայից արքա Արգիշտին հայոց,
Իր կամքին հզոր ելավ ընդառաջ,
Մայր հողին սերմեց Արինբերդ ամրոց…
Ի հզորություն՝ Բիայնա երկրի
Եվ ի սարսափ՝ թշնամիների…
Իմաստուն արքան ամրոցն
անվանեց բերդ Էրեբունի:
Արարումն էր ճոխ և օրը՝ բարի,
Պայծառ էր գագաթն Արարատների,
Փառքով իր հպարտ արքայից արքան,
Խալդի աստծու զորության հանգույն,
Բերդն ամրացրեց բլրի վրա,
շեներ կառուցեց,
Այգիներ հիմնեց իր ազգի համար
Եվ հավերժ մնաց ազգին ուխտավոր…
Փա՜ռք հայոց ազգին,
փա՜ռք արքային հզոր Բիայնա,
Որ անջրդի անապատում հիմնեց
դրախտն այս հազարամյա:
Արգիշտի արքա, քո
երազանքի քաղաքն այսօր
Ծաղկել է, ինչպես գարնան մեղեդի:
Հին ճամփաներից նեղլիկ պատերի
Ու տնակներից խղճուկ ու խոնավ
Նոր երակներ է քաղաքը բացել,
Դու բաց թանգարան՝
աշխարհում անբավ:
Կամուրջներ, տներ,
թատրոններ անթիվ,
Լայն ճանապարհներ՝ մայթերին իջած
Երազներ պայծառ…
Մեր մայր Երևան՝ կենդանի վկա
մեծ կորուստների,
Դու իմաստնության օրորոց նախնյաց՝
Աշխարհի անհայտ
պատմության առաջ:
Դու հանճարների ձեռագիր մատյան,
Հոգևոր խորան՝ հայ իմաստության.
Խաչատրյանին ասեմ գերհզոր՝
Սուսերով պարը աշխարհի
հզոր բեմերն է տիրել,
Հոգու արևը վրձնին տված
Սարյանին մեր մեծ
Թե վաղամեռիկ Չարենցին գովեմ՝
մեր ոգու քնար,
Նրանք ամեն տեղ գանձ են հոգևոր,
զի հողդ բերրի,
Պտուղդ քաղցր ու աստվածային
շունչ է մեզ համար:

Մենք ճշմարտության
սերուցքն ենք քամել
Մեր հիշողության մագաղաթներում
Եվ շենգավիթյան մեր պեղումներում՝
Ոսկե գոյության քո ցոլքերի տակ,
Վեցհազարամյա քո
մասունքները փայլատակեցին
Կեղծիքի առաջ վեցհազարամյա:
Մայր հողը բացեց սիրտը մեր առաջ,
Որ դու ավելի հին ես աշխարհում,
Հներից նորը, նորով՝ աննահանջ…

Մայր իմաստնության, արևի քաղաք,
Ճառագիր լույսով քո անեզրական,
ՀԱՅՔԻ զորությամբ
բռունցքվիր հավերժ,
Դու անմար ճրագ համայն հայության:
Դու հույսի մեծ դուռ ու մեր Վեհամայր,
Մեր նոր Երևան, մեր քաղաքամայր:

2018 թ. փետրվար

ԹԱՎՇՅԱ  ՀԵՂԱՇՐՋՄԱՆ   ԱՐՄԱՏՆԵՐԸ…

Հիշո՞ւմ եք Աղավնու «Շիրակ» վեպը. Առաջին Հանրապետության մասին էր և շրջադարձային փոփոխությունների, ուր կարմիր թելի նման կրկնվում էր երեք տող. «Անկախ Հայաստան, Խմբապետ Կոստան, Նիկոլի բոստան»: Հարյուր տարեկան վեպ է, դժվար թե հիշեք, բայց այն, ինչ ապրեցինք վերջին 30 տարվա ընթացքում, հար և նման է 100 տարվա հայի կենսագրությանը, ուր ցեցերին, տանուտերերին ու քյոխվաներին փոխարինելու էին եկել երկրաշարժի ու պատերազմի մեջ արյունաքամ ազգի «բիրդան աղա» դարձած ուրիշ «մաուզերիստներ», որոնց համար մեկ էր՝ իրենց արյունակիցը պատերազմի դաշտո՞ւմ կմեռնի, թե՞ ազգային խորհրդարանի դահլիճում: Պատմությունը կրկնվում է, այո՛, հին օրերի լուսավորություն տարածող Նիկոլին փոխարինեց մեկ այլ Նիկոլ… Սակայն առաջ նայելու համար ետ պետք է նայես, որ թիկունքից հարված չստանաս: Անկեղծ լինենք իրար նկատմամբ և խոստովանենք, որ Սերժ Սարգսյանի հեռանալը, ղարաբաղյան կլանից պոկվելը անհնարին էր, և ոչ մեկս չէր հավատում, բայց ժողովուրդը միշտ է իմաստուն՝ «գյուղ կանգնի, գերան կկոտրի»… Այլևս անհնարին էր այսպես գետնաքարշ ապրելը, երբ հայերենի այբուբենը չիմացող հաստավիզ ու հաստափոր տականքը արհամարհանքով էր խոսում գիտնականի, բժշկի, բանաստեղծի հետ, որովհետև գրպանում ու բանկերում ժողովրդից կողոպտած հարստություն ուներ:
1990 թվականին Հայաստանի բնակչությունը երեք միլիոնից անցել էր, պատերազմը ծանր հարված հասցրեց հայոց գենին: Օգտվելով ժողովրդի հուսահատ, զավակների կորստյան ցավի մեջ մոլորյալ նրանց անելանելի, հոգեբանական անկողմնորոշելի վիճակից՝ իշխանության եկած անձինք սկսեցին անխնա ոչնչացնել ազգային ունեցվածքը՝ գործարանները թշնամաբար վերածեցին մետաղի ջարդոնի, հացը՝ կտրոնով, լույսն ու ջուրը՝ հովհարաձև, իսկ քաղաքի դարպասների մոտ՝ հաղթանակի հրաշամարտիկների «Եռաբլուրով» վերջնականորեն մեր ներսում կողպեցին հույսի ու ժպիտի դռները, որին հաջորդեց քոչարյանական «գույք պարտքի դիմացն» ու անորոշ սպանությունների շարքը՝ Հոկտեմբեր 27-ից մինչև Մարտի 1… Ողբերգությունների այս աղետալի շքերթի շարունակականությունը, հողերի ամայացումը, հանքավայրերի կողոպուտն ու անօրինական շահագործումը, դրսից ներկրվող թունավոր ու հակագենային սննդամթերքը, բանակային գողական բանսարկություններն ու չբացահայտված սպանությունները և այլ ու այլ հակապետական ու հակաազգային երևույթներ ծնեցին ոչ միայն «Սասանա Ծռերին», այլև ոտքի հանեցին հայ ժողովրդին, որի արդյունքը համաժողովրդական այս նոր ըմբոստացումն էր, որը ցնցեց ողջ աշխարհը:
Այսօր արդեն պարզ հայտարարվում է, որ երկրից արտագաղթել է գրեթե մեկ և կես միլիոն մարդ: Այս հակիրճ թվարկություններն անգամ խոսում են ինքնիշխանության ու թողտվության բազում երևույթների մասին, որոնց պատճառով իրականացավ Թավշյա հեղափոխություն, այն է՝ հեղաշրջում: Դանակը ոսկորին էր հասել, և ազգը միանգամից փողոց դուրս ելավ, ելավ իր կորցրած զավակների, իր հոգևոր ու նյութական արժեքների, իր սոցիալական ծանր վիճակի այլևս անհաշտ համատեղությունից: Թվածս բոլոր անցուդարձերի ականատեսս այսօր էլ չի կարողանում հավատալ, որ Աստվածաշնչի և Սահմանադրության վրա երդվող երկրի պատասխանատու անձը Սահմանադրությունը կդարձնի անձնական պաշտոնավարման ու հարստությունների կուտակման միջոց, իսկ երկիրը կողողվի զանազան աղանդներով և ոչ աստվածահաճո գործերով: Ահա Թավշյա հեղաշրջման ակունքների հենքը…
Իսկ հեղափոխությունը, որի ահռելի թափը շփոթեցրել էր անգամ աշխարհի խոշոր տերություններին և լրատվություններին, ուներ մեկ ուրիշ խնդիր իր խորքերում, որի մասին ուզում եմ անպայման հիշատակել:
Հայ ժողովուրդը պատմականորեն միշտ պայքարել է արտաքին թշնամիների դեմ: Ինչպես յուրաքանչյուր անհատ, այնպես էլ ազգերը ունեն իրենց բնավորությունները: Հայոց պատմության մեջ, պավլիկյան և թոնդրակյան շարժումները չհաշված, հայերս երբեք սեփական պետության, իշխանության դեմ ոտքի չենք ելել, այդ խռովությունները նախանցյալ դարերում համարվել են ազգադավություն և դաժանորեն պատժվել են: Մենք միայն մեկ թշնամի ենք ունեցել՝ արտաքին թշնամին, որի դեմ խմբվել ենք՝ «կա՛մ մահ, կա՛մ ազատություն» կարգախոսով, ինչպես Վարդանանց պատերազմի, ինչպես 1915-ի ֆիդայական շարժումների, ինչպես ղարաբաղյան ազատագրական և ապրիլի 2-ի կայծակնային պատերազմի օրերին: Հայ իրականությունը առաջին անգամ 2018 թ. գլուխ բարձրացրեց սոցիալական աղետի դեմ: Ժողովուրդը ոտքի ելավ իր ծանր սոցիալական վիճակի պատճառով: Ցավոք, պաշտոնից հեռացողներից և չհեռացողներից ոչ մեկը խղճի խայթ չունեցավ՝ ասելու, որ ժողովրդի այսօրվա վիճակի համար, այո՛, իրենք մեղավոր են: Ուզում եմ մեջ բերել ռուս գործարար Միխայիլ Բերեզովսկու խոսքերը, նա սրտի կաթվածով մահացավ: Երբ չարաշահումների և կոռուպցիայի համար մեղադրում են, նա ասում է. «Հարուստ ու հսկայածավալ Ռուսաստանում ես կարող էի այդ գումարները ձեռք բերել, իսկ հարցրե՞լ եք աղքատ ու փոքրիկ Հայաստանի նախագահին, թե Հայաստանում ինչպե՞ս է կարողացել միլիարդներ կուտակել»: Տեսնես երբևէ կպարզվի՞ այն հանցագործների անունները, որոնք երկրից 10 միլիարդ են դուրս հանել, և որքան է օֆշորներում թաքցրած նրանց գումարները, երբ երկրի արտաքին պարտքը հասցրել են 6,5 միլիարդի, երբ սոված երեխաներին կերակրող մորը վեց հազար դրամ վերցնելու համար դատում են, կամ բանակում որքան պետք է վատ սնվի զինվորը, որ ձու գողանա և պատժվի… Ինչ խոսք, նշածներս այն սոցիալական ծանր երակների մեջ են, որոնք ոչ միայն մեզ ամոթից գլխահակ են պահում, այլև սիրտ ցավեցնելու աստիճան խռովքի մեջ գցում՝ բաքոսյան ամենօրյա ճոխությամբ ու միլիոնավոր դոլարների հարսանիքների շքեղությունը տեսնելուց: Այո՛, Նիկոլը տարիներ շարունակ ուսումնասիրելով ժողովրդական շարժման փորձն ու իմաստությունը, ձեռքը պահեց ժողովրդի սոցիալական զարկերակի վրա, որը հասու չէր արքայական պալատների «էլիտարներին», իսկ երբ ժողովուրդը մտնում է սոցիալական դաշտ, իմ կարծիքով, դա վտանգավոր է այն առումով, որ կարող է այդ պայմաններում հայրենասիրությունը նահանջել:
Եվ չզարմանաք, որ վաղը, մյուս օրը ժողովրդական այս մեծ հանրահավաքի այն մասնակիցները, ովքեր ժամերով վանկարկում էին՝ «Մենք բոլորս Նիկոլ ենք», հանկարծ վեր հանեն այն բոլոր սխալները, կողոպուտը, սպանությունները, կաշառակերությունն ու հաշվեհարդարները, որոնք եղել են նախորդ իշխանության օրոք: Աստված մի՛ արասցե, երկիրը վերածվի քրեական դատաստանի թատերաբեմի: Վերջին օրերի հավաքներն ու ճանապարհներ փակելը, Բաղրամյան 26-ը կրկին շրջափակելը ճիշտ այդ կասկածներիս իրականությունն էին: Թե՛ նոր վարչապետը և թե՛ նոր նախարարները պետք է քաջ գիտակցեն, որ ժողովուրդը վարչապետ է ընտրել իր ցավերին դարման անելու համար, մի բուռ համակիր ունենալը այլ խնդիր է, բայց երբ ժողովուրդն է ընտրում, ով էլ լինես, դու նրա չլուծված խնդիրների բանախոսն ու դարմանողն ես: Ասում են՝ ավելի հեշտ է հեղափոխություն անել, քան հետհեղափոխական շրջանը կառավարել: Ես ականատես եմ եղել ժողովրդի կողմից ձեռքերի վրա տարվող նախագահի ընտրությանը ու նաև նրա հրաժարականի պահանջով ամենավերջին լուտանքներին:
Ժողովուրդը հայելի է. եթե դու կոտրում ես այդ հայելին, մնում ես ճեղքերի արանքում: Այսօր մեզ համար դուռ է բացվել, արդյոք կկարողանա՞նք այդ դռնով իրականացնել մեր երազները, դա նաև քեզանից է կախված, սիրելի՛ ժողովուրդ, մի ձեռքը ծափ չի տա:
Երկիրը սիրել է պետք, սեփական արժեքները վերագնահատել ու սերունդներին պատգամել է պետք, աթոռներին նստելուց՝ սեփական ժողովրդին հիշել է պետք, սիրել է պետք սեփական ժողովրդին, նրա արժանապատվությունը պահել է պետք, հարգելի՛ նորընտիրներ: Այս հրաշք հողը ծաղկեցրեք, վերադարձրեք նախորդների պատճառով կորած ձեր հայրենակիցներին, այլապես դուք էլ կդառնաք նախորդներ…

One thought on “ՌՈՒԶԱՆ ԱՍԱՏՐՅԱՆ / ԹԱՎՇՅԱ ՀԵՂԱՇՐՋՄԱՆ ԱՐՄԱՏՆԵՐԸ…

  1. Այն ինչ գրված է երիցս ճշմարտություն է թե ինչ հակահայաստանեան, հակահայկական, հակաազգային և հակաժողովրդական արարաքներ են կատարել նախնի իշխանաւորները, պետք է նրանց խստագույնս դատել, որ դաս դառնա հետագա իշխաւորներին: Ջերմ հույսերով գոդեպնդված թավշեա հեղափոխության դերակատարների բարեբեր և սրտցավ գործունեությամբ կառուցվի երկիրը Սփյուռք-Հայաստան միատեղ Արցախյան ոգին անմար ազատագրված տարածքներով :

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.